Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ղրիմահայերը` ազգի մոռացված մա՞ս

Ղրիմահայերը` ազգի  մոռացված մա՞ս
15.04.2014 | 10:48

(սկիզբը` նախորդ համարում)

2. 2002 թ. ապրիլի 6-ին Սիմֆերոպոլում տեղի ունեցավ ղրիմահայերի հերթական, 7-րդ համագումարը, որի աշխատանքին մասնակցում էին Ղրիմի տարբեր տարածաշրջանների 330 պատգամավորներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր՝ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը, ՂԻՀ-ում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանը։ Փոփոխություններ կատարվեցին կանոնադրության մեջ, ընտրվեց ազգային խորհրդի նոր կազմ։ ՂՀԸ նախագահ ընտրվեց Տավրիկյան ազգային համալսարանի պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը։ 2006 թ. մայիսի 28-ին տեղի ունեցավ Ղրիմի հայկական ընկերության հերթական համագումարը, որտեղ նա ՂՀԸ նախագահ ընտրվեց երկրորդ ժամկետով։ Նախագահն առաջարկեց ՂՀԸ զարգացման լայն ծրագիր, որը սահմանում էր հայ համայնքի խնդիրները կազմակերպական աշխատանքի, տնտեսության, քաղաքականության, մշակույթի ու կրթության բնագավառներում` 2006-10 թթ. ընդգրկող ժամանակամիջոցում։ Կազմավորվեց գործադիր կոմիտե` համապատասխան կառույցներով. լրատվության, կրթության, սոցիալական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև հայ կանանց լիգա։ Ստեղծվեցին հայկական դպրոցի հոգաբարձուների խորհուրդ, ավագանի։ 2003-07 թթ. հայերի կրոնական համայնքի տնօրինությանը վերադարձվեց Սիմֆերոպոլի եկեղեցապատկան տունը։ Եկեղեցուն առընթեր տուն կառուցվեց Յալթայում` հովանավորությամբ Յալթայի հայ համայնքի նախագահ Հակոբ Մելքոնյանի, վարչության անդամներ Մարտուն Ամիրջանյանի, Լարիսա Երիցյանի, Սրապ Կուզիկյանի, Յուրի Նազարեթյանի, Սերգեյ Սարգսյանի։ Յալթայի Սբ. Հռիփսիմեի եկեղեցում Սերգեյ Սարգսյանի աջակցությամբ տեղադրվեցին զանգեր և այլն։ Սևաստոպոլում, քաղաքի հայ համայնքի միջնորդությամբ, հող հատկացվեց եկեղեցու կառուցման համար (նախագահ՝ Խաչիկ Տոնոյան, վարչության անդամներ և այդ նախագծի իրացման ակտիվ մասնակիցներ՝ Հայկազ Խաչատրյան, Զոյա Մերկելովա)։
2003 թ. Սևաստոպոլի հայ համայնքի ուժերով լիովին վերականգնվեց 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի ռազմիկների հուշարձանը, որոնք մասնակցել են Ղրիմի ազատագրման մարտերին։ Կերչի հայ համայնքին վերադարձվեց եկեղեցին։ Համայնքի նախագահ Գագիկ Զուրաբյանի ղեկավարությամբ սկսվեց նրա վերականգնումը։ 2002 թ. հոկտեմբերին ՈՒկրաինայի գրողների միության անդամ Վլադիմիր Վարդանյանի նախաձեռնությամբ ՂՀԸ-ին առընթեր ստեղծվեց Ղրիմի հայ գրողների միավորում։ Համայնքի ջանքերով հայկական ավանում սկսեցին հողեր հատկացնել ոչ միայն տեղահանված հայերին, այլև համայնքի անդամ բոլոր ցանկացողներին։ Ինչպես այն ժամանակ նշվեց մամուլում, «Ավանը դառնում է հայերի համահավաք բնակության միակ վայրը ՈՒկրաինայում»։ Հաղթանակի 60-ամյակի առթիվ Գլազևկա գյուղում, Կերչից ոչ հեռու, տեղադրվեց Ղրիմի ազատագրման մարտերում ընկած հայ զինվորների հուշարձանը։ Կիչկին գյուղում Սեմյոն Բեսարաբի նախաձեռնությամբ հուշատախտակներ փակցվեցին ի հիշատակ պատերազմում զոհված հայերի։ Սիմֆերոպոլի այն տան պատին, ուր ապրել է Սովետական Միության հերոս, գեներալ Անդրանիկ Ղազարյանը, ՂՀԸ-ի ջանքերով հուշատախտակ փակցվեց։
Սակայն համայնքի առանձնահատուկ նվաճումը եղավ այն, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը ողբերգական տարելիցի 90-ամյակի առթիվ որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին։ Համայնքը երեք տարի շարունակ զանգվածաբար, Սիմֆերոպոլի փողոցներում երթեր ու հանրահավաքներ անցկացնելով նշում էր այդ տարելիցը։ Նման միջոցառումներ կազմակերպվում էին նաև ամբողջ Ղրիմում։ Եվ համայնքի ջանքերը հանգեցրին վերը հիշատակված որոշման ընդունմանը։ Ըստ էության, դա ՂՀԸ անդամների միակ քաղաքական ակցիան է թերակղզու հայերի տարբեր հասարակական կազմակերպությունների գոյության ամբողջ ընթացքում, ինչը չեն թաքցնում նաև իրենք` ղրիմահայերը։
Նրանց երկրորդ ակցիան դարձավ դիմակայությունը ղրիմցի թաթարների հակաակցիային, որը ձեռնարկվել էր ցեղասպանության վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի ընդունած որոշման դեմ։ Պատմությունը փոքր-ինչ ավելի մանրամասն անդրադարձ է պահանջում։ Ղրիմի ԳԽ-ի որոշումը, որի համաձայն ինքնավար հանրապետությունում որպես պաշտոնական սգո տարելից ճանաչվել և մտցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը, ընդունվել էր 2005 թ. մայիսին։ Սակայն անմիջապես էլ դրան դեմ հանդես եկան ղրիմցի թաթարների մի քանի կազմակերպություններ, որոնցից հակահայ դիրքերից առավել ակտիվ հանդես էր գալիս, այսպես կոչված, Ղրիմթաթարական ժողովրդի մեջլիսը (ՂԹԺՄ), որը գլխավոր կապող օղակն էր Թուրքիայի հատուկ ծառայությունների և թերակղզու մնացած ղրիմթաթարական կազմակերպությունների միջև։ Հատկանշական է, որ հենց պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը, որ 2005 թ. մայիսի 19-ին հանդես էր եկել որպես ցեղասպանության վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի որոշման ընդունման նախաձեռնող, հետագայում ընդառաջեց ՂԹԺՄ-ին և ՂԻՀ ԳԽ նախագահության նիստում առաջարկեց ղրիմցի թաթարների պահանջի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վերանվանել Ողբերգության զոհերի հիշատակի օր։ Այդ բանը նա հիմնավորում էր Ղրիմում «ազգամիջյան հաշտությունը պահպանելու» ձգտմամբ (բացահայտ ակնարկ ղրիմթաթարական թուրքամետ կազմակերպությունների դժգոհության), ինչպես նաև Կիևի ճնշմամբ, որն իբր «զգուշանում էր» Թուրքիայի հետ դիվանագիտական բարդացումներից։ Նշենք. ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունումից անմիջապես հետո ՂՀԸ ղեկավարությունն իր որոշումն ընդունեց Ս. Շուվայնիկովին իր «Ոսկե կրծքանշանով» պարգևատրելու մասին` որպես երախտագիտության դրսևորում ՂԻՀ ԳԽ-ում քննարկումների ժամանակ վերջինիս ցուցաբերած նախաձեռնողականության և հետևողականության համար։ Այդուամենայնիվ, ՂԻՀ ԳԽ նախագահությունը 2005 թ. հունիսի 7-ին որոշում ընդունեց խորհրդարանի նստաշրջանի օրակարգից հանել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վերանվանման հարցը։ Հետագայում արդեն Ղրիմում ոչ ոք այդ հարցին չի անդրադարձել։ Ղրիմահայերի լրատվամիջոցները չեն բացահայտել այն մեխանիզմը, որն օգնել է հաղթահարելու թե՛ ղրիմթաթարական հակահայ նախաձեռնությունները, թե՛ պատգամավոր Ս. Շուվայնիկովի «ուխտադրժությունը»։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ ղրիմահայերը այս կամ այն կերպ ծավալուն աշխատանք են կատարել՝ համոզելու ՂԻՀ ԳԽ անդամներին` տեղի չտալ ղրիմցի թաթարներին, փաստորեն, միակ դեպքն էր, որ Ղրիմի հայերն իրենց շահերը հակադրեցին ղրիմցի թաթարների ագրեսիվությանը։ Ղրիմահայերը բացահայտորեն չեն ձգտել այս կամ այն, թեկուզ հրապարակային, ձևով միավորվել թերակղզու մյուս համայնքների հետ, որոնք պարբերաբար ու ակտիվորեն առճակատման մեջ են մտնում ղրիմցի թաթարների հետ։ Միաժամանակ հասկանալի է, որ ինքնըստինքյան, առանց թերակղզու այլ ազգային համայնքների, նախ և առաջ ՂԻՀ ԳԽ-ում տեղերի մեծ մասն ունեցող ռուսների հետ շփումների ու բացատրական աշխատանքի անհնար կլիներ հասնել ցեղասպանության վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի վերոհիշյալ որոշման ընդունմանը։
Մի քանի խոսք Ղրիմում հայերի թվի մասին ¥հիմնականում օգտագործվել են ուկրաինական և ղրիմթաթարական աղբյուրները¤։ 1989-2004 թթ. Ղրիմ է վերադարձել 255 հազար հայրենադարձ, այդ թվում՝ ավելի քան 250 հազար ղրիմցի թաթար և մոտ չորս հազար նախկինում տեղահանված հայեր, բուլղարներ, հույներ և գերմանացիներ։ Թերակղզում, բացի հայրենադարձների խառը բնակեցումից, արդեն կան նրանց կոմպակտ բնակության ավելի քան 300 ավաններ ու զանգվածներ։ Հիմնականում, բնականաբար, ղրիմթաթարական են, իսկ հայկականը մեկն է միայն` վերոհիշյալ Հայկավանը։ 2005 թ. արդեն հետևյալ տվյալներն էին. ՂԻՀ են վերադարձել մոտ 260 հազար ղրիմցի թաթարներ և մոտ 13 հազար հայեր, բուլղարներ, հույներ և գերմանացիներ։ Ընդ որում, ուկրաինական պաշտոնական տվյալների համաձայն, տեղահանված քաղաքացիներից հայրենադարձների թիվը կազմում է. ղրիմցի թաթարներ` 255,5 հազար, հայեր` 5,1 հազար, հույներ` 3,9 հազար, գերմանացիներ` 2,1 հազար, բուլղարներ` 1,3 հազար։ Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Ղրիմի 2,7 մլն բնակչության 60 %-ը ռուս է, մոտ քառորդ մասը՝ էթնիկ ուկրաինացի ու արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց ուկրաինացի համարող անձինք։
Այլ տվյալներ. 1989 թ. մարդահամարի համաձայն, Ղրիմում ապրել է 2794 հայ, իսկ 1994-ին, Ղրիմի ԿՎՎ տվյալներով, հայ բնակչության թիվը հասել էր 4784-ի։ Դրանք հիմնականում քաղաքաբնակներ էին, ինչպես նաև կոմպակտ կերպով Սիմֆերոպոլի շրջանում ապրողներ, ուր Պիոներսկի և Բելի գյուղերում միաժամանակ նաև շինարարություն էր ընթանում։ Բելի գյուղի շրջանում կառուցվող բնակավայրը ստացել է Հայկավան անունը։ Դեռ մինչև 2000 թ. կատարված կանխատեսման համաձայն, 21-րդ դարի սկզբին Ղրիմ պետք է գար 19,5 հազար հայ, կամ 6094 ընտանիք։ Կան դիմումներ Ղրիմից տեղահանված և ԱՊՀ միջինասիական երկրներում, Ռուսաստանում (Պերմի մարզ, Կրասնոդարի երկրամաս) և Հայաստանում ապրող հայերից։ Բացի Սիմֆերոպոլի շրջանից, հայկական բնակավայրեր պիտի կառուցվեին Բելոգորսկի շրջանի Բալանովո գյուղում և Ստարի Կրիմում։ Ընդգծենք, խոսքը հենց վերադարձող ¥կամ վերադառնալ ցանկացող) ղրիմահայերի մասին է և ոչ թե ԽՍՀՄ փլուզումից հետո Ղրիմ տեղափոխված (այդ թվում՝ Հայաստանից¤ բոլոր հայերի։
Ահա այսպես աշխարհը, ու մենք էլ Հայաստանում, հիմնավորապես մոռացել ենք, որ Ղրիմը առաջին և ամենահին հայ գաղթավայրն է։ Ղրիմում հայերը բնակության 10-11 դարի պատմություն ունեն, եթե ոչ ավելի։ Մինչև օրս էլ այնտեղ պահպանվել են հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթի բազում-բազմաթիվ հուշարձաններ։ Դեռ վաղ միջնադարում ղրիմահայերը հսկայական դեր են խաղացել Լեհաստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի` ամբողջ սլավոնական աշխարհի հետ հայ ժողովրդի լավ փոխհարաբերությունների զարգացման գործում։ Ճենովացիների, Ղրիմի խանության ժամանակներում և անգամ թուրքական տիրապետության հաստատումից հետո հայերը մնում էին որպես Ղրիմի բավական ստվարաթիվ և տնտեսական ու մշակութային առումով շատ ազդեցիկ ազգային խումբը։ Վաղեմի ժամանակներից սերտորեն կապված լինելով Արևմուտքի ու Արևելքի հետ, նրանք Ղրիմում ևս յուրօրինակ միջնորդների դեր էին խաղում ազգամիջյան քաղաքակիրթ հարաբերություններում։ Նրանք այդ դերը չկորցրին Ռուսական կայսրությանը թերակղզու միացումից հետո։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ևս ղրիմահայերը Ղրիմի առավել հաշտակյաց ազգային փոքրամասնություններից էին, միատեսակ լավ հարաբերությունների մեջ էին ռուսների, ուկրաինացիների, ղրիմցի թաթարների, հույների, գերմանացիների, բուլղարների ու բնակչության մյուս ազգային խմբերի հետ։
Ժամանակին տարածված էին ղրիմահայերի ազգային խորհրդի անդամներից մեկի՝ Ղրիմի հասարակական հետազոտությունների կենտրոնի արևելագիտության բաժնի վարիչ Վ. Գրիգորյանցի հետազոտության տվյալները, որոնք վերաբերում էին նախկինում տեղահանված ժողովուրդների հայրենադարձության և թերակղզում նրանց վերաբնակության հարցերին։ Եվ նա, մասնավորապես, նշել է, որ տեղահանված և վերադարձած հայերին օգնության պետական ծրագիրը ¥այն ժամանակ, բնականաբար, ՈՒկրաինայի իշխանությունների¤ անգամ ազգային մշակութային պահանջմունքի առումով, ընդունակ չէ բավարարելու համայնքի գոնե նվազագույն պահանջարկը։
Այո, հիմա մեր եղբայրների ու քույրերի թիվը Ղրիմում այնքան էլ մեծ չէ։ ՈՒկրաինական պետությունը, ըստ էության, ձգձգում էր տեղահանված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի, թերակղզի վերադառնալու գործը։ Ղրիմահայերը իրենց սակավաթվության բերումով ի վիճակի չէին պահանջելու, որ ՈՒկրաինայի իշխանությունները ¥որպես ֆինանսավորող կողմի¤ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները հայերի այն քանակի հայրենադարձության վերաբերյալ, որ ենթադրվում էր դեռ մինչև 2000 թ. (այսինքն` 19,5 հազար մարդ)։ Անկեղծ լինենք, 2007 թ. Երևանում կային շրջանակներ, որոնք Հայաստանի իշխանություններին առաջարկում էին լրջորեն հետաքրքրվել ղրիմահայերի խնդրով։ Եվ հույսեր կային, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգա հայ հնագույն համայնքներից մեկի հետ հայրենիքի փոխգործակցության հստակ ծրագիր։ Բայց, ավաղ, 2008-ից հետո այդ պլանների վրա մի մեծ խաչ քաշվեց։
Եվ վերջում ահա թե ինչ կուզեի, որ անպայման իմանային Հայաստանի քաղաքացիները։ Երբ կատաղի վեճեր էին ընթանում Ղրիմի Հանրապետության իշխանությունների և Կիևը զավթած ֆաշիստների միջև, կամա-ակամա տարաձայնություններ եղան նաև հայերի շրջանում։ ՈՒկրաինայի հայերի միությունը, բնականաբար, չհամարձակվեց հանդես գալ հստակ դիրքորոշմամբ. նա պարզապես հավանություն տվեց հերթական «իշխանությանը», ձևացնելով, թե ամենևին տարբերություն չի տեսնում ՈՒկրաինայի իշխանության օրինական և ոչ օրինական ձևերի միջև։ Իսկ ահա ղրիմահայերը չքծնեցին ու սուսուփուս մի կողմ չքաշվեցին։ Ղրիմի հայ համայնքի Ազգային խորհուրդը ընդունեց մի բանաձև, որով կոչ էր արվում «մասնակցել առաջիկա կիրակի (հիշեցնենք` 2014 թ. մարտի 16-ին) կայանալիք հանրաքվեին և քվեարկել Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը որպես Դաշնության սուբյեկտ միանալու կետի օգտին»։ Բանաձևը հրապարակեց անձամբ Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը։ Երևի Հայաստանի բոլոր քաղաքացիները, սկսած մեր երկրի իշխանություններից, պետք է հետագայում միշտ նկատի ունենան, թե ինչ են ցանկացել և ցանկանում ղրիմահայերը։ Եվ հիշեն, որ նրանք մեր ազգի բաղկացուցիչ մասն են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ