Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մի այցի պատմություն

Մի այցի պատմություն
06.12.2013 | 01:15

Սերժ Սարգսյանը չասաց, սակայն Պուտինի այցից, ինչպես և Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է: Աշխարհաքաղաքական, տնտեսական «հետևանքների» մասին շատ գրվեց: Այս տարվա ԱԺ վերջին քառօրյայի ֆոնին անդրադառնանք ներքաղաքականին:
Օրվա հարահոսին տրված մի տեսակ աչքաթող արեցինք ներքին դասավորության ամենակարևոր երկու պահը: Ճիշտ է, արձանագրեցինք, որ Պուտինին դիմավորողների մեջ չէր Հայաստանի երկրորդ դեմքը` ԱԺ նախագահը, ով, բացի պարտադիր պաշտոնական ճաշից, որևէ այլ մասնակցություն չունեցավ, բացի այն, որ ԱԺ-ում, այն էլ հաջորդ օրը բացվող ռուսական գրքերի գրադարանին ուղերձ հղեց: Իսկ գրադարանի դրսի պատը, ի տես ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների, իր ու Մատվիենկոյի, իր ու Նարիշկինի նկարներով զարդարեց, որպեսզի ԱԺ-ում և այլուրեք հանկարծ չմտածեն, թե ինքն «արդեն չկա»: Այնքան «չկա», որ բոլորը դիմավորում են Պուտինին, մանավանդ էն վարչապետը, որին Պուտինը համ էլ ժպտում է, իսկ իրեն` իրեն էլ համբուրում-ժպտում են և՛ Մատվիենկոն, և՛ Նարիշկինը:
Դարդը քամուն տալու համար, լատինական ամերիկաներից նոր վերադարձած, այնտեղ մի լավ պար եկած ԱԺ նախագահը փութով մեկնեց Հնդկաստան: Ո՛չ պարելու (չնայած, եթե անկեղծ, ինքը շատ լավ է պարում), այլ աշխատանքային այցով, հավասարակշռելու պուտինյան այցի և բյուջեի քննարկումների առիթով իր «տարակուսանքները»: Մեղմ ասած:
Իսկ մեղմ ասած, որովհետև իրենից հետո նա ԱԺ-ում թողեց գրեթե «ավերակներ»: Նախ` քննարկման չդրեց կուտակային կենսաթոշակի մասին ընդդիմադիրների նախագիծը, այլ թողեց, որ հաջորդ օրը ևս բուռն զարգացումներ ընթանան, ցեխ շպրտվի կառավարության «անբան» երեսին, դրսում բողոքի ակցիան թափ հավաքի: Հետո, ինչպես միշտ, ԱԺ-ում «նայող» նշանակեց ոչ թե իր առաջին տեղակալ Էդուարդ Շարմազանովին, ինչպես ընդունված է ու կարգն է, այլ Հերմինե Նաղդալյանին: ՈՒ սա վերջը չէ: Այդ «նշանակումը» Նաղդալյանի «քթից եկավ»: Հաջորդ օրը ԱԺ նախագահին «հանդուրժող» բոլորը գրեցին, որ հե՛չ չէր կարողանում Հերմինեն ԱԺ-ն կառավարել, հանաք բան հո չի՞. Արգամիչն ո՜ւր, նա ո՜ւր:
ՈՒ թե սրան էլ գումարում ենք կնամեծար Արգամիչի այս անգամվա գրեթե ասկետական միայնությունը` դեպի հոգևոր Հնդկաստան։ Նա իր հետ տարել էր Լյուդմիլա Սարգսյանին: ՀԱԿ-ից:
Ասացի` ՀԱԿ, հիշեցի: Հնդկաստան մեկնելու հաջորդ օրը ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում կարդաց իր հարցապնդումը` կոռումպացված իշխանական բուրգի մասին (ինչում ինքը հաստատ ճիշտ է) ու հնչեցրեց նաև «հայտարարագրված» չինովնիկների անունները… մոռանալով Արգամիչին: Տխուրն այս ամենում այն էր, որ Արգամիչը չկար, չէր լսում դա, իսկ դահլիճում էլ ընդամենը քսան պատգամավոր էր նստած:
Ասել է` «շոուն» կարծածի չափ տպավորիչ չեղավ:
Հիմա հանգիստ թողնենք Արգամիչին և ներկայացնենք ներքաղաքական հաջորդ դասավորությունը: Նախագահականը Պուտինի պատվին տրված պաշտոնական ճաշին չէր հրավիրել Ռոբերտ Քոչարյանին:
Ի՞նչ է սա նշանակում: ա) Որ թե՛ Արգամիչը, թե՛ երկրորդ նախագահը խաղից դուրս են և որևէ կերպ չեն տեղավորվում, չեն ասոցացվում առաջիկա զարգացումների հետ: բ) Նրանց կարիքը բացարձակապես չկա: Ռուսաստանն այլևս չունի նրանց կարիքը: Եվ չունի անքան, որ Սերժ Սարգսյանը կարող է իրեն «թույլ տալ», որ նրանցից «մեկը» չլինի Պուտինին դիմավորողների շարքում, մյուսը` պաշտոնական ճաշին:
Հետաքրքիր է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ