Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ո՞վ խարույկ կվառի Չինական մեծ պարսպի մոտ»

«Ո՞վ խարույկ կվառի  Չինական մեծ պարսպի մոտ»
26.11.2013 | 01:31

Եվ այսպես, ինչպես արդեն գրել ենք, «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» (ԱԹԻՇ), որն անվանում են նաև «Արևելյան Թուրքեստանի իսլամական կուսակցություն», «Ալլահի կուսակցություն», հանդես է գալիս Չինական Ժողովրդական Հանրապետության ՈՒյղուրական ինքնավար շրջանի՝ Սինցզյանի տարածքում, այսպես կոչված, Արևելյան Թուրքեստանի պետության ստեղծման օգտին։ Ի դեպ, բացի այն, որ նրանք ուզում են Չինաստանի տարածքից պոկել միասին վերցրած երկու Ֆրանսիայի ու Գերմանիայի չափ հողատարածք, այսինքն, առայժմ հայտարարում են միայն ավելի քան 1,7 մլն քառ. կմ տարածության նկատմամբ իրենց իրավունքների մասին, նրանց ախորժակը տարածվում է նաև Կենտրոնական Ասիայի զգալի մասի վրա։ Բացի այդ, կազմակերպության նպատակն է Չինաստանի բնակչությանը իսլամականացնել և ստեղծել շարիաթական անկախ պետություն։ Առաջադրված նպատակների իրականացումը հիմնվում է «անհավատների» դեմ ահաբեկչական ակտերի կատարման միջոցով զինված ջիհադի (սրբազան պայքար) գաղափարի վրա։ Խիստ կարևոր է նաև այն, որ, ինչպես նշում են փորձագետները, դեռ 2001 թ. հայտարարվել էր ԱԹԻՇ-ի վերակազմավորման մասին, որը պետք է միավորեր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի և Սինցզյանի բոլոր ծայրահեղական խմբավորումները։ ՈՒ թեև դա ավելի շատ վարկանիշային ակտի էր նման, քան լուրջ միավորման, վերջին երկու տարում նկատելի է դարձել կազմակերպությունների մերձեցումը, տարածքային շահերի շրջանակի ընդլայնումը և տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող նոր կողմնակիցներին իրենց շարքերում ներգրավելու փորձը։ Նշվում է, նվազագույնը, բնակչության համակրանքը «գաղափարական մարտիկների» նկատմամբ և, առավելագույնը, նրանց շարքերը մտնելու ցանկությունը։ Հասկանալի է, որ նման միավորված ահաբեկչական կազմակերպությունը լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև նրա սահմաններից հեռու ընկած աշխարհի համար։ Հատկանշական է, որ շարժման ամենաքիչը մի քանի տասնյակ անդամներ հակակառավարական ուժերի կազմում մասնակցում են սիրիական հակամարտությանը։ Նրանք պատրաստություն են անցել Աֆղանստանի ու Պակիստանի սահմանամերձ ճամբարներում, որից հետո Թուրքիայով թափանցել են Սիրիա և, ամենայն հավանականությամբ, կռվում են Հալեպի շրջանում։
Այդ միտումները հաշվարկելիս վտանգ կա, ճիշտ է, առայժմ ենթադրական, որ և՛ ույղուրական հարցը, և՛ «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» ակտիվորեն կմիավորվեն «իսլամական ինտերնացիոնալի» մեջ և գլխացավանք կդառնան ոչ միայն Պեկինի համար։ Ավելին, վերջին ժամանակներս կարծիքներ են հնչում, թե Կենտրոնասիական տարածաշրջանն ավելի պայթյունավտանգ է, քան Մերձավոր Արևելքը, և որ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների ալիքը շատ շուտով կարող է ծածկել առայժմ համեմատաբար հանգիստ Կենտրոնական Ասիան։ Շատ փորձագետների կարծիքով, ականը տեղադրված է և սպասում է իր ժամին։ Առավել ևս, որ շարժման գաղափարախոսներն արդարացիորեն նշում են, որ իրավիճակի յուրօրինակությունն այն է, որ ույղուրների հետ չինացիների հակամարտությունը հազարամյակների պատմություն ունի, երբ անջատողականներն ահաբեկչական ակտեր չէին անում, շահիդներ (մահապարտներ) չէին օգտագործում և մեծ հույսեր էին կապում «հեղափոխության արտահանման» հետ։ Նրանք շատ մեծ փորձ ունեն տարբեր կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը համատեղելու իրենց ազգային ազատագրական պայքարի հետ։ Այսպես, այն բանից հետո, երբ ույղուրների պետականության վերջակետը դրեց Չինաստանի Ցին դինաստիան, տեղային ապստամբությունները, որոնք կարելի է անվանել «հուզումներ» կամ «խռովություններ», կանոնավոր բնույթ են կրում (1759 թ. խանությունը ջախջախվեց, գեներալ Ցզո Ցզենտունուն այդ հողերը կոչեց Սինցզյան, այսինքն՝ «նոր սահման», ինչը հետագայում պաշտոնապես ձևակերպվեց Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող այլ պետությունների միջև ազդեցության ոլորտների բաժանման վերաբերյալ Պետերբուրգի և Պամիրի միջազգային պայմանագրերով)։ Փաստորեն, ույղուրները միշտ էլ ակտիվ աջակցություն էին ստանում Մոսկվայում։ Ավելին, Իսլամական Հանրապետություն-ՈՒյղուրստանը, որ Քաշղարում ստեղծվեց 1933 թ., և Արևելաթուրքեստանյան Հեղափոխական Հանրապետությունը, որ տարածաշրջանի հյուսիսային մասում գոյատևեց 1945-1949 թթ., ըստ երևույթին, ստեղծվել էին Կրեմլի օգնությամբ։ Երկուսն էլ ընդարձակ քաղաքական ու տնտեսական կապեր ունեին ՍՍՌՄ-ի հետ, վայելում էին սովետական աջակցություն։ Օրինակ, ականատեսները վկայում են, որ Արևելաթուրքեստանյան Հանրապետությունն ուներ սովետական սպառազինությամբ զինված և մոսկովյան հրահանգիչների օգնությամբ վարժեցված բանակ։ Այդ պետությանն անգամ հաջողվեց ստեղծել իշխանության բոլոր անհրաժեշտ խորհրդանիշերը՝ դրոշակ, մաքսատուն, արժույթ և պետական ենթակառուցվածք։ Երևում է, որ այդ կերպ Ստալինը, չվստահելով չին կոմունիստներին կամ առանձին հույսեր չկապելով նրանց հետ, այնտեղ իր հենադաշտն էր ստեղծում։ Ճիշտ է, վերջին հաշվով, անտեսելով ՍՍՌՄ-ի կազմի մեջ մտնելու ույղուրական վերնախավերի ցանկությունը, Ստալինը Սինցզյանը հանձնեց Մաոյին։ Հանրահայտ բան է. այն ժամանակ՝ 1949 թ. օգոստոսի 27-ին, ույղուրական կառավարությունը մեկնեց Ալմա-Աթա «բանակցությունների», բայց շուտով հայտարարվեց, թե ամբողջ կաբինետը զոհվել է ավիացիոն աղետից։ Բայց որոշ տվյալների համաձայն, սովետական հատուկ ծառայություններն ույղուրական ընդհատակի հետ որոշակի կապերի մեջ էին դեռ երկար տարիներ, ծրագրելով օգտագործել այն ՉԺՀ-ի հետ խոշոր բախման դեպքում։ Օրինակ, ույղուրական անջատողականության ակտիվ կողմնակից և գաղափարախոս, հետազոտող Բորիս Մայնաևը հիշում է. «1961 թվականի գարնանային մի անձրևոտ օր Չինաստանին սահմանամերձ ղազախական տափաստաններում կորած Սառի-Օզեկ երկաթուղային ոչ մեծ կայարանի պահեստային գծերին ապրանքատար գնացքների շարժակազմեր կանգնեցին՝ թխադեմ մարդկանցով։ ՈՒյղուրներ էին։ Կուլտուրական հեղափոխությունը նրանց քշել էր Չինաստանից, իսկ մեր կառավարությունը նրանց այստեղ կոլտնտեսություններ հիմնելու համար հողեր էր տվել։ Այդ տարաբախտ ժողովուրդը հերթական անգամ, ապաստանի փնտրտուքով, հեռացել էր հայրենիքից... Ամբողջ ամառ, նախանձելի ճշգրտությամբ, այդպիսի գնացքներ էին գալիս։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա. ույղուրներն արդեն երրորդ անգամ են վերաբնակեցվում այդ կողմերում։ Մի 80 կամ 100 տարի առաջ նրանք ապստամբել էին չինական իշխանությունների դեմ, բայց տանուլ տվեցին և էլի փախան Ղազախստան ու Կիրգիզիա՝ փնտրելով ռուսական թագի պաշտպանությունը»։ Հիշեցնենք. անցած դարի 60-ականներին խիստ սրվեցին, իսկ հետո էլ ռազմական ընդհարման վերաճեցին Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները։ Մայնաևը պնդում է նաև, որ Խորհրդային Միության փլուզման շեմին ծնունդ առավ Ազատ ՈՒյղուրստանի ստեղծման մի նախագիծ, իսկ վերակառուցման տարիներին մի խումբ խորհրդային ույղուրական մտավորականներ դիմեցին Միխայիլ Գորբաչովին՝ խնդրելով ույղուրական ինքնավարություն ստեղծել Սեմիռեչիեի տարածքում։ Խիստ հատկանշական է, որ հենց այն տարիներին ԽՍՀՄ տարածքում ընդունվեցին ույղուրների հիմնական հռչակագրերը, որոնցում վավերագրված էին և՛ «բնակչության եղեռնը» Չինաստանի կողմից, և՛ այն, որ «հետագա կյանքը չինացիների հետ մեկ պետության կազմում անհնար է»։ Այս կապակցությամբ հետաքրքրական է նույն Մայնաևի դիտարկումը. «Վերջին տասնամյակների քաղաքական շարժումների փորձը վկայում է, որ այս վերջին ձևակերպումը նրանց առաջնորդներին հնարավորություն կտա մարդկանց բռնի ուժով ստիպել զենք վերցնելու և մտնելու դիմադրության ջոկատների մեջ, սահմանելու և ուժով գանձելու հարկեր, որոնցից կուտակված միջոցները կոչված էին սնուցելու հակառակորդի դեմ մղվող պայքարը։ Այդպես են արել պաղեստինցիները»։
Սակայն իրավիճակն այժմ միանգամայն այլ է, և շատ կասկածելի է, թե Կրեմլը և առավել ևս տարածաշրջանի մյուս երկրներն այսօր կաջակցեն ույղուրներին։ Այստեղ առկա սահմանների ցանկացած փոփոխություն, հատկապես նոր պետությունների ծնունդը հղի է Ռուսաստանի հարավային կողմերում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ։ Իսկ այնտեղ առանց այդ էլ ազգային, կրոնական, սոցիալական խնդիրների մի այնպիսի բարդ կծիկ է, որ մատով դիպչես, արյունահեղություն կլինի։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում վերջին ժամանակներս մի շարք փաստաթղթեր են ընդունվել ահաբեկչության և անջատողականության դրսևորումների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։
Փորձելով հաշվարկել, թե «ո՞վ խարույկ կվառի Չինական մեծ պարսպի մոտ», որոշ գաղափարախոսներ համարում են, որ «եթե այսօր հետևելու լինենք, թե ինչպես են մահմեդական պետությունները պաշտպան կանգնում Բալկանների, Կովկասի, Կենտրոնական Ասիայի իրենց հավատակիցներին, կարելի է ավելի մեծ վստահությամբ ասել, որ Տիբեթի, Մոնղոլիայի և Արևելյան Թուրքեստանի ազատագրական կազմակերպություններն առանց Արևելքի ֆինանսական օգնության չեն մնա»։ Իսկ նույն Մայնաևը ոգևորությամբ պնդում է. «Էլ չեմ խոսում մոջահեդ կամավորականների մասին, նրանք կլինեն։ Բոսնիայում հակամարտությունը մարել է, Չեչնիայում փխրուն անդորր է..., և բռնկում է ապստամբության հրդեհը ՉԺՀ-ի ծայրագավառներում։ Առավել ևս, որ այսօր դրա կազմակերպման գործում ձգձգումներ չեն լինի»։ Սակայն, ինչպես մեզ թվում է, արաբները հիմա Չինաստանի և իրենց հավատակիցների «հավեսը չունեն»։ Պակիստանն ու Աֆղանստանը խիստ շահագրգռված են բոլոր ուղղություններով աշխատելու Պեկինի հետ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա, բացի այն, որ ույղուրները սուննի մահմեդականներ են, որ խոսում են թյուրք-ալթայական լեզվաընտանիքի լեզվով, Թեհրանը, իհարկե, տեղի չի տա սադրանքին, անկայունության գոտի չի ստեղծի տարածաշրջանում և, անշուշտ, չի նպաստի իրանական նավթից Չինաստանը կտրելու փորձերին։
Մինչև վերջերս «ույղուրական պատումում» առանձնանում էր Թուրքիան։ Այնտեղ ոչ միայն ույղուրներին համարում են իրենց արյունակից եղբայրներ, այլև հանրահավաքներ ու զանազան միջոցառումներ են անցկացնում ի պաշտպանություն անջատողականների։ Հիշեցնենք՝ մի երկու տարի առաջ վարչապետ Էրդողանը ՈՒրումչիում տեղի ունեցած անկարգությունները «ցեղասպանություն» անվանեց ընդդեմ ույղուր ժողովրդի, իսկ Համաշխարհային ույղուրական կոնգրեսի նախագահ Ռաբիա Քադիրն էլ ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ ունեցած հարցազրույցում ասաց. «Մենք՝ ույղուրներս, հավատում ենք, որ Թուրքիան այսուհետև ևս համակողմանիորեն կաջակցի մեզ, և մենք այդ աջակցությունն աննշան չենք համարում։ Թուրքիան մեր մեծ բարեկամն ու եղբայրն է»։ Այնուամենայնիվ, երբ անցած տարի թուրք վարչապետը պաշտոնական այցով եղավ ՉԺՀ-ում և առաջին անգամ այցելեց Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջան, ասաց, որ Թուրքիան քննադատում է ույղուրների շրջանում իսլամական ծայրահեղականության ահագնացումը։ Ավելին, ընդգծվեց, որ վերջին 27 տարում Թուրքիայի ղեկավարի առաջին այցը Չինաստան նպատակ է հետապնդում «ուժեղացնելու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը», և հիմա Անկարայում պնդում են, որ «թուրք-չինական հարաբերությունների զարգացման շնորհիվ ույղուրների դրությունը լավանում է»։ Ճիշտ է, դարձյալ պահպանվում է տարբերությունը երկու կողմերի մոտեցումներում այն հարցում, թե, արդյոք, Արևելյան Թուրքեստանը կամ Սինցզյանը թուրքերի հայրենիքն է, թե ամբողջ պատմության ընթացքում պատկանել է Չինաստանին։ Բայց դա, համաձայնեք, ներկա փուլում ընդամենը քնարերգության ոլորտից է։ Այսպիսով, առայժմ Չինաստանում կարծես ոչ ոք առանձնապես չի ձգտում «բացել ջիհադի դուռը»։ Սա, իհարկե, չի բացառում նաև այն փաստը, որ արդեն այսօր ույղուրների անջատողական պայքարը շարիաթի կողմնակիցների ու չինական պետականության հակառակորդների ներփակ խմբակցություն չէ, այլ արմատական իսլամի հունով ընթացող և արտաքին ներգործության համար լիովին մատչելի հոսանք։
Եվ էլի մի հանգամանք։ Ինչպես միշտ, բազմաթիվ ռուս փորձագետներ Պեկինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սկսեցին պնդել, որ «ապակայունացման հետևում կանգնած է ԱՄՆ-ը», որ «ՍՈՒԻՇ-ի արմատականացումը Վաշինգտոնի համար պատրվակ է տարածաշրջանը պահելու զինվորական հսկողության տակ, պահպանելով ռազմական ներկայությունը Միջին Ասիայում և Աֆղանստանում», որ դա նաև «հարմար առիթ է իրավապաշտպան հռետորաբանության համար, քանի որ ՍՈՒԻՇ-ի արմատականացմանը Պեկինը հարկադրված է պատասխանել ուժային եղանակներով», և որ Սինցզյանով է անցնում Շանհայ-Մայնի Ֆրանկֆուրտ միասնական հեռահաղորդակցական գերմայրուղին, իսկ Վաշինգտոնը կտրականապես չի կարող թույլ տալ այդ բանը։ Հասկանալի է, որ երկու գերտերությունների, գերտնտեսությունների մրցակցությունը եղել է, է՛ և դեռ երկար կշարունակվի, ինչպես որ դեռ երկար կպահպանվի փոխադարձ կախվածությունը։ Այնպես որ, միանգամայն արդարացված և օրինաչափ է, որ պաշտոնական Վաշինգտոնն ընդգծված կերպով սահմանազատվում է ույղուրական հարցից և, չնայած ույղուրական կոնգրեսի շարունակական կոչերին, ՈՒրումչիում ԱՄՆ-ի հյուպատոսություն այդպես էլ չի բացվել, իսկ նրա ղեկավարների այն կարծիքին ի պատասխան, թե «Արևելյան Թուրքեստան» շարժումը չինական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, իշխանությունները հայտարարել են, որ այդ կազմակերպության արմատները կապված են «Ալ-Քաիդայի» և միջազգային ահաբեկչության ցանցի հետ։ Ընդհանուր առմամբ, առայժմ ամենևին պարզ չէ, թե ինչու Չինաստանի նկատմամբ ամերիկացիների վաղեմի, դեռ անցյալ դարի կեսերից եկող դիրքորոշումը պիտի վերանայվի և «ույղուրական խաղաքարտը» մեջտեղ հանվի։ Որքան էլ ցանկանան ռուսները, առայժմ ամերիկացի բոլոր փորձագետները, սկսած «հին գայլ» Բժեզինսկուց և վերջացրած ծագող աստղ Պարագ Խաննայով, խոսում են աշխարհակարգի ապագա տարբեր ուրվապատկերների մասին, բայց միշտ Չինաստանի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Եվ շատ քիչ է հավանական, որ Սպիտակ տանը որևէ մեկի խելքին փչի փոխել այդ իրադրությունը։ Համենայն դեպս՝ առայժմ։
Այսպիսով, Չինաստանի «փլուզման» շարունակ քննարկվող հարցը, առավել ևս, դրսից այդ գործընթացներն արագացնելու հնարավորությունն այնքան էլ լուրջ չեն թվում։ Առավել ևս, ակնհայտ է, որ Չինաստանի իրադրության լուրջ ապակայունացմամբ այժմ շահագրգռված չէ աշխարհի առաջատար տերություններից և ոչ մեկը, իսկ իրենք՝ չինական իշխանությունները, այնքան ուժեղ են, որ կարող են երկրի իրադրությունը հսկողության տակ պահել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ