38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դիվանագիտությունների դիվանագիտությունը. Ֆրանսիա

Դիվանագիտությունների դիվանագիտությունը. Ֆրանսիա
07.06.2013 | 14:27

Լա Մանշը բաժանում է Ֆրանսիան Անգլիայից: Ոչ միայն աշխարհագրական առումով: Այդ երկու քաղաքակիրթ, գերզարգացած, ռազմաքաղաքական և հասարակական-մշակութային միևնույն համակարգին պատկանող երկրները դարեր շարունակ յուրատեսակ հակամարտության ու մրցակցության մեջ են, որը տարածվում է բարձրակարգ մատերիայի և փիլիսոփայական կատեգորիաների, ինչպես նաև ամենահասարակ ու առօրեական խնդիրների, ասենք՝ հումորի, հագուստի մոդայի կամ խոհանոցի վրա:


Այս բոլորով հանդերձ, Ալբիոնի հոյակապ դիվանագիտական դպրոցի պրոֆեսիոնալներն անկեղծորեն խոստովանում են. «Այն (ֆրանսիական դիվանագիտությունը- Ա.Ն.) կարելի է ատել, բայց չհիանալ նրանով, անհնար է»:
Իրոք, չհիանալ ֆրանսիական դիվանագիտությամբ դժվար է, դիվանագիտություն, որը ժամանակակից դիվանագիտության հիմնադիրն է կամ, ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունների դիվանագիտությունն է:
Ֆրանսիական դիվանագիտության քաղաքական նշանակությունը, նրա ազգային արժեքն առաջին հերթին այն է, որ իր ստեղծման պահից` X դարից, երբ իշխանության եկավ Կապետինգների դինաստիան, մինչև օրս նա իր գերագույն նպատակն է համարում Ֆրանսիայի հզորացումը և միջազգային դիրքերի ամրապնդումը:
Մի՞թե կարելի է պատկերացնել ավելի վեհ և սուրբ առաքելություն, քան այսկերպ հայրենիքին ծառայելը…
Ֆրանսիական դիվանագիտությունը չի ներփակվել ինքն իր մեջ, չի թաքցրել իր «գաղտնիքներն» աշխարհից: Մենք պետք է Ֆրանսիային երախտապարտ լինենք առաջին հերթին կարդինալ Արման Ռիշելյե-երևույթի համար: Այդ նա էր, որ ստեղծեց արտաքին գերատեսչության կառույցը և ապացուցեց, որ դեսպանությունները պետք է կառավարվեն մի կենտրոնից և անպայման պրոֆեսիոնալների կողմից: Այս աքսիոմատիկ ճշմարտությունն այսօր հաճախ է խախտվում: Ռիշելյեի ամենամեծ ավանդը, սակայն, բանակցային արվեստում նրա նորարարությունն է, համաձայն որի, պետությունները պարտավոր են բանակցել, եթե անգամ պատերազմական իրավիճակում են: (Սա մենք կարող ենք որպես քաղաքական պատգամ ընկալել մեր` հայկական դիվանագիտության համար, երբ «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգը կամա թե ակամա տարածում ենք արտաքին քաղաքականության վրա):
Ֆրանսիական դիվանագետների հոյակապ կոհորտում իր հատուկ տեղն ունի Լյուդովկոս XIV-ի դեսպան Ֆրանսուա Կալյերը, որը գրեթե չորս հարյուր տարի առաջ պատասխանեց միջնադարում սկիզբ առնող և այսօր էլ միջազգային հարաբերություններում չարչրկվող սակրամենտալ (ավանդական) հարցին` «ստել, թե չստել»: Մեծ վերափոխիչն ապացուցում է, որ դեսպանի սուտը գործնականում ավելի վնաս է հասցնում, քան օգուտ բերում: «Եթե սուտն այսօր հաջողություն է խոստանում, ապա վաղն այն ստեղծում է կասկածի մթնոլորտ, որն անհնար է դարձնում հետագա հաջողությունը»,- ասում է Կալյերը: Նա գրել է մի աշխատություն, որտեղ համոզիչ կերպով թվարկում է այն հատկանիշները, որոնք պետք է ունենան դիվանագետները («On the Manner of Negotiating with Princes»): Սա, որը վարքի իսկական կոդեքս է, անտեսվում էր խորհրդային դիվանագիտության կողմից, մինչդեռ, իմ կարծիքով, պետք է սեղանի գիրք դառնա դիվանագետներ պատրաստող հայկական բուհերի համար: Այն ոչ միայն չի կորցրել իր այժմեականությունը, այլև պարունակում է այնպիսի նրբություններ, որոնք անտեսված կամ անծանոթ են մեր դիվանագիտական պրակտիկայում:
Այդ ժամանակ Ֆրանսիայում սկիզբ է առնում և կյանքի ուժ ստանում այն գաղափարը, որ դիվանագիտությունը չպետք է լինի «ընդհատակյա», ինչպես մինչ այդ էր, այլ պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության վրա:
Ֆրանսիական դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ նրա ձևավորման և զարգացման գործընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել ազգի լավագույն ուղեղները` քաղաքական գործիչներ, անվանի գիտնականներ, գրողներ ու պոետներ:

Մեծանուն գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Բլեզ Պասկալը, օրինակ, ասես լրացնելով Կալյերին, թվարկում է այնպիսի հատկանիշներ` ազնվություն, քաջություն, կենսախնդություն, հավասարակշռություն, չափի զգացողություն, նուրբ դիտողականություն, շրջահայացություն, ճկունություն, որոնք պատիվ կարող են բերել ոչ միայն ֆրանսիացի դիվանագետներին, այլև նրանց այլազգի գործընկերներին:

Ֆրանսիական դիվանագիտությունն ունեցել է նաև իր «սկանդալային հերոսը»` Շառլ Մորիս Թալեյրանը, որն աչքի էր ընկնում առասպելական ագահությամբ, կաշառակերությամբ, ինտրիգներ սարքելու վարպետությամբ և քաղաքական անհավատարմությամբ: Սակայն այդ բոլոր արատներն ասես խամրում են այն տաղանդների ֆոնին, որոնք այդ բարդ հոգեկերտվածք ունեցող գործչին դասում են աշխարհի խոշորագույն դիվանագետների շարքը: Արտակարգ ճկունություն, ապագան գուշակելու անկրկնելի տաղանդ, ակնթարթային ռեակցիա, երևույթների մանրամասները մեկ ամբողջության մեջ ամփոփելու ունակություն. սա ամենևին ամբողջական ցանկ չէ այն հատկանիշների, որոնք իր մեջ ամփոփում էր այդ անսովոր դիվանագետը, և որոնք բոլոր ժամանակներում դիվանագիտական կարիերայի ոգին ու պատիվն են:

Թալեյրանի դիվանագիտական գործունեության գագաթնակետը դարձավ Վիեննայի 1815 թվականի համաժողովը, որտեղ նա, պարտված նապոլեոնական Ֆրանսիայի ներկայացուցիչը, կարողացավ հավասարի իրավունքով բանակցել հաղթանակած երկրների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պրուսիայի և Ավստրիայի ներկայացուցիչների հետ և իր երկիրն անկորուստ դուրս բերել այդ գոտեմարտից: Դա դիվանագիտական արվեստի բարձրակարգ պիլոտաժ էր, որը քիչ է հանդիպում պատմության էջերում: (Ղարաբաղյան բանակցություններում մեզ պակասում է հայ Թալեյրանը):

Այսպիսով, ի սկզբանե ֆրանսիական դիվանագիտական ծառայությունը հետևողաբար կարևորել է կազմակերպչական սկզբունքների կատարելագործումը, դիվանագիտական արվեստի հղկումը, կադրային քաղաքականության ձևավորումը, դիվանագետների որակավորման բարձրացումը:

Ֆրանսիական մտածելակերպին հատուկ են քննադատական մոտեցումը, դեկարդյան կուռ տրամաբանությունը և մտքի համարձակ թռիչքը: Շնորհիվ այս բաղադրիչների, ֆրանսիական դիվանագիտությունը հեշտությամբ կարողանում է մի կողմ նետել հնացած սխեմաներն ու դրույթները և համարձակորեն փոխարինել դրանք նորերով: Սրանով է պայմանավորված ֆրանսիական դիվանագիտության բարձր մանևրունակությունը, անհրաժեշտության դեպքում՝ կուրսի կտրուկ փոփոխությունը և ներուժի մոբիլիզացման կարողությունը` արտաքին քաղաքականության անհաջողությունը մեղմելու և հաղթանակ ապահովելու համար:
Ֆրանսիացու գործելակերպը հիմնականում վերլուծական է և ռացիոնալ, սակայն նրան խորթ չէ նաև վերացական (աբստրակտ) մտածողությունը: Ես դրանով եմ բացատրում հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» փիլիսոփայությունը, որն այդպես էլ մնաց ուտոպիա, ինչպես ֆրանսիական, այնպես էլ մյուս բոլոր հեղափոխությունների համար:
Ասվածը չի նշանակում, որ ֆրանսիական դիվանագիտությանը ևս հատուկ է իռացիոնալիզմը:

Ըստ իս (որքան որ ես եմ նկատել ֆրանսիացի դիվանագետների հետ իմ շփումների ընթացքում)՝ ֆրանսիացին կենսախինդ է, լավատես, կատակասեր, նուրբ-քաղաքավարի` գալանտ, չափավոր պարծենկոտ (նրանց նախնիները գալլերն են, որոնց նշանաբանը պարծենկոտ աքաղաղն է): Հաշվենկատ է, խորամանկ, հնարամիտ, ճկուն: Հարգում է մյուս ազգերին, սակայն հոգու խորքում նուրբ նացիոնալիստ է:

Հատուկ ուսումնասիրություն է պահանջում ֆրանսիական դիվանագիտության բանակցային արվեստը, որն ունի իր առաձնահատկությունները: Ի տարբերություն մի շարք երկրների դիվանագետների, որոնք բանակցություններն սկսում են չեզոք թեմաներից (նախազրույց), ֆրանսիացիները միանգամից անցնում են բուն թեմային: Նրանք կարող են երկար մտածել իրենց որոշման վրա, սակայն մտադրությունների մասին հայտարարում են անկեղծ և ուղիղ:

Ֆրանսիացիներն ուշադրության կենտրոնում են պահում նախկին պայմանավորվածությունները: Սովորաբար նրանք հարցերը քննարկում են փուլ առ փուլ, իսկ լուծում են մեկ ընդհանուր փաթեթով:
Երբեք չպետք է խաբվել ֆրանսիացու թվացյալ անհոգությունից և բարեհոգությունից: Բանակցության ժամանակ նա խստապահանջ է և ծայրաստիճան նպատակամղված:
Բանակցելիս ֆրանսիացիները գնում են առճակատման՝ առանց պահուստային տարբերակի` հնարավոր համարելով միայն հաղթանակը: Հավանաբար նրանք փորձում են շարունակել Նապոլեոնի բանակցային տակտիկան: (Բոնապարտին մի առիթով հարցնում են, թե որն է մարշալ Բլյուխերի դեմ իր հաղթանակների գաղտնիքը: «Բլյուխերն իր ստրատեգիական պլանները կառուցում է՝ ելնելով տարբեր նախադրյալներից: Ես իմ դիմաց տեսնում եմ միայն Նապոլեոնին, իսկ Նապոլեոնը միշտ հաղթում է»,-լինում է կայսեր պատասխանը):

Ֆրանսիական դիվանագիտությունն ունի մի առանձնատկություն, որը դժվար է գտնել այլ դիվանագիտական դպրոցներում: Ֆրանսիացիները ծայրահեղությունների միջև կարողանում են պահել հակասական հավասարակշռություն: Դա նրանք ցայտուն ցուցադրեցին վերջերս, երբ սեղանին դրված էր Հայոց Մեծ եղեռնի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նախագահ Սարկոզին հոյակապ մանևրեց Երևան-Անկարա-Փարիզ եռանկյունում, և վերջին հաշվով ընդունեց այն որոշումը, որը բխում էր իր պետական շահերից:
Այդ ամենով հանդերձ, ֆրանսիական դիվանագիտական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում, և կարծում եմ, մեծապես օգտաշատ կլիներ այն մանրամասն ուսումնասիրել և ստեղծագործաբար կիրառել մեր արտաքին քաղաքականությունում: Դրա համար կան անհարժեշտ հիմքեր. ա/ Ֆրանսիան բարեկամ երկիր է, բ/ Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/
Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ