38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սպիտակ տան և Կրեմլի «սերն» ու «ատելությունը»

Սպիտակ տան և Կրեմլի «սերն» ու «ատելությունը»
17.05.2013 | 00:24

Ինչ-ինչ, բայց համառության պակաս ԱՄՆ-ի նախագահը, երևում է, չունի։ Օվկիանոսի երկու ափերի փորձագետները վաղուց արդեն «խաչ են քաշել» նրա հոգեզավակ «վերաբեռնման» վրա, քաղգործիչներն արդեն արձանագրում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» վերսկսումը, բնակչությունը փոխադարձ անվստահության ու անբարեհաճության կայուն կարծրատիպի նշաններ է ցույց տալիս, իսկ անդուլ Օբաման ոգևորությամբ Վաշինգտոնի ու Մոսկվայի փոխհարաբերությունների նոր փուլ է ձեռնարկել։ Ընդ որում, եթե նախագահների անձնական հանդիպումները հազվադեպ են, փոխարենը նրանց հեռախոսային խոսակցությունները վերջին ժամանակներս նկատելիորեն ավելի հաճախակի են դարձել։

Որոշ դեպքերում էլ զանգերն սկսել են կրել առանձնահատուկ, բավական խորհրդանշական բնույթ։ Լրատվամիջոցներն ասում են, որ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսային շփումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին։ Երկու պետությունների ղեկավարները քննության են առել ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության հարցերը, Սիրիայի իրադրությունը և մի շարք այլ թեմաներ, օրինակ, Սոչիի օլիմպիադայի թեման։ Դա Բոստոնի ահաբեկչությունից հետո նախագահների արդեն երկրորդ զրույցն է։ Սպիտակ տան մամուլի ամփոփագրում նշված է, որ «նախագահները համաձայնության են եկել շարունակելու շփումները և պետքարտուղար Քերիին ու արտգործնախարար Լավրովին հրահանգել են շարունակել Սիրիայի հարցի քննարկումները»։ Զրույցից երկու օր հետո հաղորդումներ երևացին այն մասին, թե մոտ ժամանակներս Մոսկվա կայցելի պետքարտուղար Ջոն Քերրին։ Մարտի սկզբին էլ Օբաման ու Պուտինը քննարկել էին իրանական միջուկային ծրագիրը, դարձյալ Սիրիայում տիրող իրադրությունը, համաշխարհային տնտեսության և երկկողմ առևտրի վիճակը։ Ավելի վաղ նրանք հեռախոսով միմյանց շնորհավորել էին ընտրություններում տարած հաղթանակների ու պաշտոնակալության առթիվ, զուգահեռաբար քննարկելով երկկողմ օրակարգային հարցեր։ Այնպես որ, «հեռախոսային դիվանագիտությունը» բավական թեժ է, և Սպիտակ տան ու Կրեմլի փոքր-ինչ տարօրինակ հարաբերությունները, «սեր-ատելություն» առումով, ավելի ու ավելի են համաշխարհային արտքաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչ դառնում։
Այս կապակցությամբ հետաքրքիր և ուսանելի կլիներ ծանոթանալ երկու նախագահների զրույցի վերաբերյալ ֆրանսիացի բլոգեր Ալեն Ժյուլիի հրապարակած «արտահոսքին»։ «Երեկ օգտագործվեց, այսպես կոչված, կարմիր հեռախոսը»։ Հիշեցման կարգով ասենք, որ Կարիբյան ճգնաժամից հետո, որը պատերազմի եզրին կանգնեցրեց Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը, Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեցին ստեղծել կապի հատուկ «թեժ գիծ», որը կարող էին օգտագործել երկու պետությունների ղեկավարները կարծիքների ու տեղեկությունների օպերատիվ փոխանակման համար։ Գիծն ստեղծվեց 1963 թվին։ Ընդունված է համարել, թեև մասնագետները դա բազմիցս հերքել են, որ երկու պետությունների նախագահները երկար ժամանակ շփվել են հենց կարմիր հեռախոսներով։ 2010-ի հունիսին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Դմիտրի Մեդվեդևին մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման առաջարկեց «դեն նետել այդ կարմիր հեռախոսները», քանի որ երկու նախագահն էլ «Թվիթեր» սոցիալական ցանցում էջ ունեն։ Սակայն, դատելով ըստ ամենայնի, Պուտինն իր նախորդից մի փոքր ավելի պահպանողական է և նախընտրում է հին ձևով աշխատել։ ՈՒրեմն, բլոգերը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգել է իր պաշտոնակցին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Թեև նրանք առհասարակ լավ հարաբերություններ ունեն, բայց այս անգամ նրանց միջև խոր տարաձայնություններ են ծագել։ Բարաք Օբաման քաղաքավարությամբ հարցրել է Պուտինին, թե նա ինչ կարծիքի է իսրայելական ու բրիտանական զեկույցների մասին, որոնցում Սիրիայի բանակը մեղադրվում է քիմիական զենքի գործադրման մեջ։ Այդ խոսակցության մասին մեզ հասած տեղեկատվական արտահոսքի համաձայն, որոշ դադարից հետո Ռուսաստանի նախագահը հարցրել է իր ամերիկացի պաշտոնակցին, թե ինքն այդ առասպելներին հավատո՞ւմ է։ Բարաք Օբաման մի քիչ «խառնվել» է և, չիմանալով, թե ինչպես առարկի, իր անհանգստությունն է արտահայտել այդ առթիվ (եթե, իհարկե, հաստատվի)։ Այսինքն, ասել է. «Իրականում ես չեմ հավատում այդ անմտության և ոչ մի բառին, սակայն Բաշար ալ-Ասադի զինծառայողների կողմից սեփական ժողովրդի դեմ այդ զենքի գործադրման հնարավորությունն անհանգստացնում է ինձ»։ Զգալով, որ զրուցակիցը տատանվում է, նախագահ Պուտինը նրան հարցրել է` իրո՞ք մտածում է այն, ինչ ասում է։ Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն իրականում կռվում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ «բարբարոսական հորդաների» դեմ, որոնց մեծ մասը օտարերկրացի է։ Շարունակելով իր «գրոհը», վերջում Պուտինը փոքր-ինչ կոշտ ասել է, որ ինքը չի ուզում միևնույն բանի մասին խոսել արդեն երկու տարի, առաջարկելով Օբամայի «սաներից» պահանջել վայր դնել զենքը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Թե այս գունեղ պատմության մեջ ինչն է ճիշտ և ինչը վարկանիշային կեղծիք միայն Աստված գիտե ու մեկ էլ բարեկամ նախագահները։ Բացի այդ էլ, ամենևին հասկանալի չէ, թե ինչպես և գլխավորը` որտեղից է հայտնվել այդ անչափ հետաքրքրական «արտահոսքը»։ Թեև հասկանալի է, որ տեղեկությունն ասպարեզ է նետում նա, ում այն ձեռնտու է։ Ինչպես էլ մենք վերաբերվենք դրան, փաստը մնում է փաստ, որ օրերս, ելույթ ունենալով Կոստա Ռիկայում, Օբաման հայտարարել է, որ «չի ենթադրվում այնպիսի սցենար, որը պահանջեր ամերիկյան զորքեր մտցնել Սիրիա», որ «մենք գործողությունների չենք դիմի, մինչև բացարձակ համոզված չլինենք», միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Սիրիայի վրա` այդ երկրի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի հնարավոր գործադրման առթիվ։
Իսկ հիմա քննության առնենք ևս մեկ հետաքրքրական և պերճախոս հանգամանք։ Վերջին ժամանակներս Սպիտակ տունը մեկ անգամ չէ, որ բացահայտ զիջումներ է արել Կրեմլին, ընդ որում, այդ բանն արել է, ավելի հաճախ, դեմ գնալով Կոնգրեսի տրամադրություններին։ Իհարկե, դժվար է ԱՄՆ-ի նախագահին կասկածել թուլամորթության, առավել ևս «վճռական Պուտինից» վախ ունենալու մեջ։ Ամենայն հավանականությամբ, շարունակում է դեր խաղալ Կրեմլին չեզոքացնելու, նրան «ոսկոր նետելու» ցանկությունը, որպեսզի «ոտքի տակ չընկնի»։ Սակայն, ինչ էլ լինի, Մոսկվան դրանից բավական շահում է։ Այսպես, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին օգնելու են Սոչիի օլիմպիադայում անվտանգության ապահովման հարցում, որ Վաշինգտոնն ընդառաջել է ռուսներին ու որոշել է Մոսկվա ուղարկել Սպիտակ տան և ԱՄՆ-ի Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչների` կիբերտարածությունում վստահության միջոցների ձեռնարկման շուրջ բանակցելու համար (և դա այն դեպքում, երբ աշխարհում կարծիք է առաջացել, թե Կրեմլն ուզում է վերահսկել համացանցը)։ Ավելին, ռուսական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Սպիտակ տունը դեմ չէ, որ Ռուսաստանը Եգիպտոսի հետ համագործակցի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ասպարեզում (այն, որ Կահիրեն դիմել է ատոմային էներգետիկայի և նոր ատոմակայանների շինարարության ոլորտում համագործակցության առաջարկով, Մոսկվան դիտարկում է ոչ միայն տնտեսական շահի, այլև Մերձավոր Արևելք Ռուսաստանի վերադարձի տեսանկյունից)։ Այնպիսի սուր ու ցավագին հարցում, ինչպիսին «Մագնիտսկու ցուցակն» էր, Սպիտակ տունը ևս խիստ ընդգծված սահմանազատվեց Կոնգրեսից։ Ընդհանուր տրամադրություններին հակառակ, նա ներկայացրեց անցանկալի անձանց ծայրաստիճան «խուզված» և միանգամայն «անատամ» մի ցուցակ։ Իհարկե, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի վերջին հրապարակեց Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին նոր զեկույց, որտեղ հիմնական ուշադրությունը սևեռված է քաղաքացիների նկատմամբ շարունակվող բռնությունների փաստի վրա։ Իհարկե, ամերիկյան լրատվամիջոցները և շատ քաղգործիչներ խիստ դատապարտում են երկրի նորագույն պատմության մեջ այն աննախադեպ հարձակումը, որ Կրեմլը ծավալել է քաղաքացիական հասարակության վրա, որի բնորոշ առանձնահատկությունը Դումայի և «ուժայինների» օգտագործումն է։ Սակայն Օբամայի վարչակազմը բացահայտորեն «չի ուզում ձեռքերը կեղտոտել»։ Իբր, անհեռատես գործիչներն աղմուկ են սարքում, ճնշում ու ժողովրդավարություն են խաղում, իսկ մենք` «իմաստուն դիվանագետներս» ու ղեկավարներս, այդ ամբոխավարների պատճառով «վերաբեռնումը» չենք փակի և, իհարկե, հանուն «մեծ նպատակի», ընտանիքներով «մտերմություն» կանենք, ինչ էլ որ լինի։ Չէ՞ որ համատեղ լուծման կարոտ գործեր որքան ասես կան` ահաբեկիչ Ցարնաևներից մինչև սպառազինությունների վերահսկողություն, մինչև Սիրիա և Իրան։ Այնպես որ, Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման տրամադրություններն ու ամերիկյան ներկա վարչակազմի կողմից այդ նպատակով գործադրվող ջանքերը հազիվ թե մոտ ժամանակներս արմատապես փոխվեն։
Այս կապակցությամբ ներկայացնենք Միխայիլ Լեոնտևի կարծիքը` հրապարակված Topwar.ru կայքում, առավել ևս, որ ո՛չ լրագրողին, ո՛չ համացանցային հրատարակությանը հնարավոր չէ ԱՄՆ-ի համակիրներ համարել։ Կանխավ ներողամտություն ենք հայցում ծավալուն և անհարթ մեջբերման համար, բայց երգի խոսքերը հո չե՞ս կարող փոխել։ «Երևում է` հիմա ամեն ինչ քիչ թե շատ պարզվել է։ Երևում է` հաստատվում է վարկածը կամ տեղեկությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Մերձավոր Արևելքի ու արմատական իսլամականների հանդեպ Օբամայի քաղաքականության մեջ տեղի ունեցող շրջադարձի առնչությամբ։ Երևում է` մենք, այնուամենայնիվ, ալմաստազարդ երկինք կտեսնենք։ Աստված տա»։ Իսկ հետո նա հաղորդում է մի «նորություն, որն արդեն ավելի ու ավելի է հավաստում, որ Օբամայի տղաների հետ, ըստ էության, գործարք կարելի է կնքել, և որ նրանք, իրոք, պատրաստ են դրան։ Վերջին 30 տարում` առաջին անգամ։ Չմեռանք` տեսանք»։ Ահա այսպես, խիստ և, ինչպես նրանք են համարում, արդարացի։ Եվ ինչպես միշտ, իհարկե, այդ «տղաները» պարզապես պարտավոր են խաղալու միայն Մոսկվայի կանոններով։
Սակայն Կրեմլի նրանց «տերը» նման լավատեսություն, համենայն դեպս մարդկանց հարցում, չունի։ Առավել ևս, «Պուտինի դիկտատուրայի» շրջանակներում Ռուսաստանը կջանա մեծացնել ազդեցությունն աշխարհում, միաժամանակ չեզոքացնելով ԱՄՆ-ի ազդեցությունն ամենուրեք և հնարավորինս։ Այսպես, Ռուսաստանը, օրինակ, վերհիշել է «լավ ավանդույթն» ու դատապարտել է Կուբայի շրջափակումը, միաժամանակ Վաշինգտոնից պահանջելով վերացնել «Ազատության կղզու» նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Իսկ իր համար հաճելի այս թեմայով նախապատրաստել է կոնկրետ քայլ, որոշել է զիջել 35 մլրդ դոլարի հին խորհրդային պարտքերը, Կուբային տրամադրել ջերմաէլեկտրակայանների էներգաբլոկներ և մասնակցել այդ երկրի էներգետիկայի արդիականացմանը։ Եվ գլխավորը` հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ի քթի տակ` Հավանայում, կառուցել ու հանդերձավորել օդանավակայան և սկսել համագործակցությունը տիեզերքում։ Առայժմ, իհարկե, խաղաղ։ «Գոռոզ ամերիկացիների» համար նախապատրաստված մյուս բոլոր անակնկալները նկարագրելու համար շատ ժամանակ կպահանջվեր։ Առավել ևս, որ Կրեմլի հնարած կենցաղային հակաամերիկականությունը շատ հեռու է գաղափարախոսությունից, խիստ գործնական է, ծայրաստիճան օգտակար կառավարման համար և մեծ հաջողությամբ լուծում է ներքին հարցերը։ Թե՛ ռուսական իշխանության, թե՛ հասարակության դարավոր ավանդույթները, այսինքն, գերսաստիկ կասկածամտությունն ու լրտեսամոլությունը, գաղտնագործունեությունը նորից հաջողությամբ հանգեցրել են այն հաստատ համոզմանը, որ հենց ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում (այդ թվում` նախագահ Օբամայի վարչակազմը) մոլորակում առկա բոլոր մեղքերի համար։ Եվ Վաշինգտոնի ոչ մի սեթևեթանք ու զիջում ի վիճակի չեն փոխելու այդ համոզմունքը։
Մինչդեռ հակառակորդի «թույլ կողմերից» օգտվելը, երևի, մեղք բան չէ։ Այնպես որ, ի հաճույս Կրեմլի, ներկայումս կիրառության մեջ մտած կանոններն այստեղ աշխատում են հնարավորինս երկար ձգել։ Առավել ևս, որ, ախորժակն ուտելիս է բացվում։ Որքա՞ն կհերիքեն Օբամայի ուժերն ու ճկունությունն այս ամենի համար։ Կոնգրեսը որքա՞ն կհանդուրժի իր նախագահի նոր նախաձեռնությունը։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերելքների ու անկումների բազմամյա փորձը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի փոխհարաբերություններում եղանակը խիստ փոփոխական է ու քմահաճ։ Եվ այն օրը, երբ «կարմիր հեռախոսը», իրոք, «կկարմրի» փոխադարձ հանդիմանությունների ու սպառնալիքների տարափից, կարող է գալ ուզած պահի։ Չէ՞ որ այդպես շատ է եղել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ