38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Տնտեսական արգելոց` առանց որոշակի հեռանկարի»

«Տնտեսական արգելոց`  առանց որոշակի հեռանկարի»
23.04.2013 | 01:39

Վերջին տասը տարում Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումը, դրանցում կոմունիստական, հետկոմունիստական, ազատական, ռումինամետ և աջ քաղաքական խմբերի խաղացած դերը հնարավորություն են տալիս որոշակի վարկած առաջ քաշելու կոմունիստների քաղաքականության առնչությամբ, որոնք թեև 2009 թ. հեռացել են իշխանությունից, սակայն դեռևս զգալի ազդեցություն ունեն երկրում։
Մոլդովայում, այսինքն` Բեսարաբիայում, միշտ էլ ռումինամետ և «անկախ» հասարակական խմբեր են եղել։ Հատկանշական է, որ «անկախականները» կայսրություն են համարել ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Ռումինիան։ Մոլդովայի կոմունիստական վարչախմբում, հատկապես կենտկոմի առաջին քարտուղար Բոդյուլի օրոք, կային մի քանի խմբեր, որոնք տարբեր կերպ էին վերաբերվում անկախության խնդրին։ Ընդհանուր առմամբ, Բեսարաբիա-Մոլդովայի ինքնուրույն գոյության գաղափարը հաղթեց, քանի որ Քիշնևի վերնախավը հասկանում էր, որ Ռումինիայի կազմում կկորցնի իր քաղաքական, վարչական ու տնտեսական ինքնուրույնությունը և կդառնա գավառական երկրամաս։ Քիշնևյան վերնախավի քաղաքական հավակնություններն առայժմ Մոլդովայի ինքնուրույն գոյության հիմքն են, իսկ, ընդհանուր առմամբ, Ռումինիայի հետ վերամիավորման գաղափարը խիստ ընդունված է ժողովրդական զանգվածների շրջանում։ 1940-ին, Բեսարաբիան Խորհրդային Միությանը միացվելուց հետո, մոլդովական տարածաշրջանը առավել հետամնաց հանրապետություններից մեկն էր ԽՍՀՄ արևմտյան մասում։ Ի տարբերություն բալթյան հանրապետությունների, ՈՒկրաինայի, Հարավային Կովկասի, մոլդովական ազգային հասարակությունը ձևավորվեց միայն 70-80-ականների սահմանագծին, ուստի ազգայնական գաղափարներն ու տրամադրությունները ևս ձևավորվում և իրականացվում էին կոմունիստական ապարատի շրջանակներում։ Ըստ էության, դա տարբեր չափով բնորոշ էր ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններին, բայց Մոլդովայի համար դարձավ գերիշխող հասարակական երևույթ։ Այս կապակցությամբ, 2001 թ. իշխանության եկած Մոլդովայի կոմկուսը ավելի շուտ ազգային կոմունիստական շարժում է համարվում, որի պարագլուխների աշխարհաքաղաքական հայացքները Ռուսաստանի հետ սերտ քաղաքական-տնտեսական հարաբերություններ էին ենթադրում։
Տնտեսության մեջ և մերձդնեստրյան հիմնախնդրի առումով Մոլդովային էական օգնություն ցուցաբերելու Ռումինիայի անկարողությունը մեծ դեր խաղաց աջ կոռումպացված վարչակազմի հեռացման և դեպի Ռուսաստան ժողովրդի հակման գործում։ Այդուամենայնիվ, կոմունիստական կառավարությունը չէր կարող, չէր էլ պատրաստվում հրաժարվելու մի շարք գերակա ազգային խնդիրների լուծումից։ Այդ վարչակազմը չէր կարող չհամագործակցել Արևմտյան ընկերակցության հետ` մի շարք պատճառներով։ Նախ, դա սկզբունքորեն անկարելի է եվրոպական քրիստոնեական երկրի համար, որը սերտ ազգակցական ու մշակութային հարաբերություններ ունի Ռումինիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի հետ, որոնք միտք ունեն խնամակալի դեր ստանձնելու Ռումինիայի հանդեպ։ Երկրորդ, քաղաքական նպատակահարմարության բերումով, Մոլդովան պետք է Ռուսաստանին ցույց տա իր հնարավորությունները Արևմուտքի հետ հարաբերություններում, թեկուզ Մերձդնեստրի խնդրի առնչությամբ։ Երրորդ, Մոլդովան արդեն բավական ինտեգրված է արևմտյան աշխարհին` միջազգային ֆինանսական կազմակերպությունների և Եվրոպայի առաջատար պետությունների հետ երկարատև համագործակցության շնորհիվ։ Դեռևս ձախ կոմունիստական կառավարությունն էր մտադրություն հայտնում չխզելու կապերը ՎՈՒԱՄ-ի և շարունակելու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` առնվազն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։
Մոլդովայի, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների ցանկացած ձախ կառավարություն կհայտնվի առավելապես արևմտամետ աջ և ազատական ուժերի հզոր ճնշման ներքո և հարկադրված կլինի հետևելու որոշակի ազգային նպատակների։ Բացի այդ, պարզվում է, որ Ռուսաստանը պատրաստ չէ Մոլդովային առաջարկելու տնտեսական վիճակի արագ շտկման «դեղատոմսեր»։ Պահպանվում են և ավելի կբարդանան էներգետիկայի խնդիրները։ Մոլդովան ստիպված կլինի աջակցություն որոնել Արևմուտքում և կփորձի միանալ էներգամատակարարման նախագծերին։
90-ականներին Մոլդովայի նկատմամբ Վաշինգտոնի միանգամայն անորոշ քաղաքականության շրջանից հետո, 2001-ին Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանության գործունեությունը անբավարար համարվեց։ Մոլդովայում իշխանության եկան ռուսաստանամետ կոմունիստական ուժերը։ Այս կապակցությամբ տեղի ունեցավ դեսպանի չնախատեսված փոփոխություն։ Հարկ է նշել, որ Արևելյան Եվրոպայի երկրներում իրենց լավ դրսևորած ամերիկացի դիվանագետները հաճախ հեռանկարային պաշտոններ էին ստանում Վաշինգտոնում կամ ԱՄՆ-ին հետաքրքրող տարածաշրջաններում։ Եվ Պամելա Հայդ Սմիթի նման փորձառու դիվանագետի նշանակումը Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում կարող է գնահատվել որպես ամերիկյան քաղաքականության համար Մոլդովայի կարևորության ու լրջության ապացույց։ Այդ ժամանակվանից Մոլդովան գտնվում է Պենտագոնի և ԿՀՎ-ի ակնդետ հայացքի ներքո։
Որքան էլ տարօրինակ լինի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կցույթում գտնվող երկիրը միջազգային հանրության ուշադրությանն արժանանում է միայն Մերձդնեստրի խնդրի կապակցությամբ, որը Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատման հանգույցներից է։ Մոլդովական հանրությունը ձգտում է իր նոր սցենարը ներածել արտաքին քաղաքականության մեջ, կարգավորված տեսնել կրոնի, ազգային փոքրամասնությունների հարցերը, ինչպես նաև գոնե որևէ նկատելի դիրք ունենալ ՎՈՒԱՄ-ում, այսինքն, տարածաշրջանային քաղաքականության մի սահմանափակ հատվածում։ Նա նաև ձգտում է իր ոչ այնքան համոզիչ ներկայությունն ունենալ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից լուծվող խնդիրներում։ 2006-2007 թթ. Մոլդովան միջազգային ասպարեզում դիտվում էր միայն իբրև Արևմուտքի հակառուսական խաղի «դամ պահող»` Ռումինիայի և ՈՒկրաինայի մասնակցությամբ։ Այսինքն, Արևմուտքը միանգամայն հստակորեն Մոլդովային վերապահում է Արևելյան Եվրոպայի պետությունների դաշնախմբի տարրի դեր, որի նպատակը Ռուսաստանի շրջափակումը պիտի լինի։ Սակայն դա ամենևին ձեռնտու չէ Մոլդովայի վերնախավին, որը դեռ արտաքին քաղաքականության ավելի լայնածավալ գործողությունների հույս ունի։ Միաժամանակ, «նախաբալկանյան այդ անկյունը», որը ներառում է երկու պետություն` Ռումինիան և Մոլդովան, ընդհանուր առմամբ Արևմուտքի քաղաքականության մեջ «օդում կախված» են մնում, եթե նկատի ունենանք Մոլդովայի ճակատագրի հարցում ԱՄՆ-ի ու Եվրամիության ավարտուն և համերաշխ պատկերացումների բացակայությունը` որպես Ռումինիայի մասի կամ լիովին ինքնուրույն պետության։ Արևմուտքը, այդուամենայնիվ, հակվում է ինքնիշխան Մոլդովայի պահպանման գաղափարին, ինչը թույլ է տալիս քաղաքական խուսավարումներ կատարել տարածաշրջանում։ 2008 թ. ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Մոլդովայի հարցի քննարկում չէր էլ նախատեսված։ Բնակլիմայական հրաշալի պայմաններ ունեցող այդ երկիրն այդպես էլ չկարողացավ տնտեսական զարգացման քիչ թե շատ շոշափելի արդյունքների հասնել։ Մոլդովան մինչև հիմա անգամ չի էլ ուրվագծել իր սոցիալ-տնտեսական հեռանկարները, և հազիվ թե երկրի ղեկավարությունը որևէ պատկերացում ունի տնտեսական ապագայի մասին։ Ներկայումս Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն շարունակում են Մոլդովան համարել «տնտեսական արգելոց` առանց որոշակի հեռանկարի»։ ԱՄՆ-ը երկար ժամանակ Մոլդովայի կոմունիստական կառավարությունը համարում էր քիչ թե շատ ընդունելի իր շահերի տեսանկյունից և որոշ ժամանակ տնտեսական օգնություն էր ցուցաբերում երկրին։ Բայց Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խարխափելու Մոլդովայի քաղաքականությունը իր պաշարը սպառել է, և ԱՄՆ-ը հասկացել է, որ վճռական գործողությունների ժամանակն է։ ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ղեկավարների ուշադրությունը Մոլդովայի նկատմամբ գրեթե միշտ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների տեսանկյունից է դիտվում։ Ինչ վերաբերում է Ռումինիայի հետ հարաբերություններին, ապա վերջինս ամենևին շահագրգռված չէ Եվրատլանտյան կառույցներին Մոլդովայի անդամակցությամբ, նրան համարելով իր մասնատարածք և ժամանակավորապես գոյություն ունեցող պետություն։ Սակայն Մոլդովայի միջազգային դրությունը գլխավորապես կախված է Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերություններից։ Այդուամենայնիվ, թեև Մոլդովայում ակնհայտ են ռումինամետ տրամադրությունները, այստեղ գործում են քաղաքական ազդեցիկ խմբեր, որոնք կողմնորոշված են դեպի ՆԱՏՕ և Արևմտյան ընկերակցություն։ Իսկ հարևան ՈՒկրաինան ձգտում է Մոլդովան մշտապես տեսնել իր քաղաքականության հունում, սակայն ապարդյուն, և այս հանգամանքը իրարից է՛լ ավելի է հեռացնում ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների շահերը։ Ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ իշխանության եկած աջ ուժերի կառավարությունը վճռել է, որ Մոլդովան, իբրև «թույլ քաղաքականացած», արտքաղաքական խուսանավման մարտավարություն որդեգրած պետություն, արտաքին ուշադրության մեծացման հնարավորություններ չի տալիս և նշանակալի տնտեսական օգնության չի հավակնում։
Մոլդովայի քաղաքական ղեկավարության համար ՎՈՒԱՄ-ին անդամակցությունը արևմտամետ կողմնորոշման առանցքային նշանն է։ Երբ Վ. Վորոնինը դարձավ Մոլդովայի նախագահ, նախընտրական խոստումներից բխող պատրանքներ և հույսեր արթնացան, թե երկիրը կկողմնորոշվի դեպի Ռուսաստան և Բելառուս։ ՈՒ եթե Վ. Վորոնինը հրաժարվեր մասնակցելուց ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովին, ապա դա որոշակիորեն կնշանակեր, որ նման հեռանկար կա։ Դրա հետ մեկտեղ, Մոլդովայի համար շատ խորթ են ոչ միայն կովկասյան խնդիրները, այլև ռուս-ուկրաինական առճակատումը, ուստի խնդիր էր առաջացել չընկնել ՈՒկրաինայի տնտեսական և քաղաքական զգալի ազդեցության տակ։ Պետք չէ մոռանալ, որ Քիշնևի քաղաքական և հասարակական շրջանակների համար ՈՒկրաինան վաղուց ընկալվում է իբրև Մերձդնեստրում հակամոլդովական գործողությունների «ծածուկ» մասնակից։ Բացի այդ, վերջին ժամանակներս ռումինա-ուկրաինական հարաբերությունները սրվել են շատ հարցերում, այդ թվում` սահմանային։ Ռուսաստանի հետ մերձենալու և Ռուսաստան-Բելառուս միության մեջ մտնելու մասին Մոլդովայի ղեկավարի նախընտրական հայտարարությունների վրա վաղուց արդեն «խաչ է քաշվել» նրա արտքաղաքական կոնկրետ քայլերով։ Վ. Վորոնինի արտքաղաքական գերակայությունների դասավորության տրամաբանությունը ստիպել է արձանագրել ոչ միայն գործընկերային հարաբերությունների կառուցման մեջ առկա հակասականությունը, այլև խոսել զարգացման գլխավոր միտումի մասին, այն է` կողմնորոշում դեպի Եվրոպա, դեպի Ռումինիա, որը թևակոխել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հերթական փուլ։
Մոլդովայի չափազանց մեծ կախումը արևմտյան ֆինանսական մարմիններից օրինաչափ կնիք է դնում ռազմավարական որոշումների կայացման վրա։ ՈՒստի կարելի է ենթադրել, որ Մոլդովայի արտքաղաքական կուրսի ձևավորման տևական, ցավագին և վտանգավոր գործընթացն ավարտված է և ստիպում է արձանագրել, որ Մոլդովայի ազգային կոմունիստական ղեկավարությունը ընտրել էր մի ուղի, որը կտրուկ հակադրված է Ռուսաստանին։ Բայց դա կոմունիստական վարչակարգը չփրկեց կործանումից, ինչը կապված էր ոչ միայն գաղափարախոսության, որ վաղուց գոյություն չունի, այլև հստակ ու հասկանալի քաղաքական կուրս ընտրելու վարչախմբի անընդունակության հետ։ 2009 թ. արևմտամետ ուժերի իշխանության գալը արդյունք էր ոչ միայն «դժգոհ» քվեարկության, այլև Ռումինիայի և ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքական հզոր գործողության։ Իրենցից ինչ-որ կորպորացիա ներկայացնող կոմունիստներին քիչ հնարավորություն չէր տրվել արտքաղաքական կողմնորոշման ընտրության հարցում։ Ժամանակի պաշարը սպառվեց, ու եկավ փոփոխությունների և Արևմուտքի համար ավելի որոշակի իրավիճակի ժամանակը։ Ներկայումս Մոլդովան վերստին ճգնաժամ է ապրում, որը դեռ կշարունակվի և չի կարող հաղթահարվել Ռումինիայի ու Մոլդովայի բաժան-բաժան գոյության պայմաններում։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի օգնությամբ և արագորեն Մերձդնեստրի խնդիրը լուծելու հույսը կորցնելուց հետո, մոլդովական վերնախավը լիովին գիտակցել է, որ այդ խնդրի լուծումը ¥թեկուզ և մասնակի¤ հնարավոր է Մոլդովայում ռուսական զորքերի պահպանման և անգամ ռուսական ռազմական ներկայության մեծացման պայմաններում միայն։ Բալկաններում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի խաղաղարար գործունեությունը Մոլդովային ¥ինչպես` Վրաստանին և Ադրբեջանին¤ հանգեցնում է այն մտքին, որ ամերիկացիները ձգտում են հաստատել «ինքնավարությունների խորհրդային մոդելը» և հակամարտության օջախներից յուրաքանչյուրում ստեղծել ազգային ինքնավարություն` տարածաշրջանների ու պետությունների համակարգված կառավարման համար։
Առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ «նարնջագույն հեղափոխությունը» Մոլդովայում ինչ խնդրի հետ ասես կապված էր, միայն` ոչ Մերձդնեստրի։ Մոլդովան շատ խանդոտ է գնահատում ՎՈՒԱՄ-ի անդամ մյուս երկրների հետ Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք բառացիորեն շրջանցվում են Արևմուտքի կողմից, մինչդեռ Մոլդովան մնում է տնտեսական և քաղաքական հետնապահ։ Նախկինում Մերձդնեստրյան խնդրի առնչությամբ կոմունիստներին «քաղաքական վարկ» էր տրվում, մինչդեռ այժմ դժվար է ասել, թե Մերձդնեստրը հրատապ խնդիր է մոլդովական հասարակության համար։ Այսպիսով, Մոլդովան ցայտուն օրինակ է այն բանի, որ Արևելյան Եվրոպայի ոչ մեծ պետությունները որոշակիորեն կողմնորոշված չեն և այնքան էլ հստակ որոշումներ չեն ընդունում, իսկ արևելասլավոնական աշխարհը հակասություններից ուղղակի բզկտված է։ Այդպես եղել է հեռու անցյալում, այդպես է նաև այսօր։
Մոլդովայի քաղաքական ապագան կախված է մոլդովական հասարակության ազգային գերակայություններից և այն բանի հետևողական գիտակցումից, որ առանց Ռումինիայի հետ սերտ պետական կապի անհնար է Մոլդովայի քաղաքական և տնտեսական խնդիրների լուծում սպասել։ Ռումինիան և Մոլդովան, վաղ թե ուշ, միավորվելու են միասնական պետության մեջ։ Արևմտյան ընկերակցությունը, իհարկե, կնախընտրեր իրադարձությունների այլ զարգացում, այսինքն, այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական բազմազանության պաշտպանություն և դրանով իսկ` որոշակի խաղ, ինչն էլ հիմա տեղի է ունենում։ Բայց խոսքը ոչ թե ռումին ժողովրդի աշխարհաքաղաքական հավակնությունների մասին է, այլ նրա երկու մասերի ազգային զգացմունքների և փոխադարձ ձգտման։


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ