38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մենք դեռևս ապահովված երկիր չենք, բայց կարող ենք դառնալ»

«Մենք դեռևս ապահովված երկիր չենք, բայց կարող ենք դառնալ»
13.11.2012 | 12:17

Վերջերս աշխարհը նշեց Պարենի միջազգային օրը։ Ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս Երկիր մոլորակի յոթ բնակիչներից մեկը կամ մոտ 852 միլիոն մարդ քաղցած է քնում։ Ընդ որում, նրանց գերակշիռ մասն ապրում է գյուղական բնակավայրերում։ Մեր բախտը բերել է այնքանով, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ անկախության հռչակումից մինչ օրս, Հայաստանի գյուղական և քաղաքային բնակչության հարաբերակցությունը երբեք 50։50 չի եղել, նժարի ծանր կողմը միշտ թեքվել է դեպի քաղաքայինը։ Մենք ուրիշ ենք նաև կուշտ ու սովածի, մեռնող-ապրողի վիճահարույց հարցերում։ Իշխանությունները խոստովանում են, որ «այո՛, մենք դեռ ունենք թերություններ, չլուծված խնդիրներ, որոնցից չենք հրաժարվում և կրում ենք պատասխանատվություն, տեսեք, նվազագույն աշխատավարձը հնարավորության սահմաններում բարձրացրինք 2500 դրամով, հնար ունենայինք, ավելին կանեինք, բայց մինչև 2017 թ. դա կրկնապատկելու ենք...»։ Ընդդիմությունն էլ իրենն է պնդում. «Արտագաղթը հասել է ահագնացող չափերի, կոռուպցիան և կաշառակերությունը ծաղկել են» և այլն, և այլն։
Ինչ էլ ասեն, կամ ընդհանրապես ոչինչ էլ չասեն, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի գիտի, որ մածունը սև չէ, թանն էլ թթու է։ Այդուհանդերձ, որքան էլ մեզ տրամադրենք, որ մենք ուրիշ ենք, և աշխարհի հոգսը չի կարող փաթաթվել մեր վզին, այդպես չէ։ Որքան փոքր, այնքան կախվածությունը մեծ է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։
Պարենի միջազգային օրվա հետ կապված մեզ, անշուշտ, հետաքրքրում է տնտեսական կողմը, ինչի առնչությամբ կարծիքներ փոխանակեցի ԱԺ-ի ՕԵԿ-ական պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, որը նախորդ գումարման ժամանակ ղեկավարում էր գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը, իսկ հիմա սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։
-Պարոն Հարությունյան, թիվ 1 կենսական նշանակություն ունեցող խմելու ջրի և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին արդեն հավասարվել է պարենի պրոբլեմը։ Ի վերջո, ի՞նչ է պահանջվում մարդկությունից։
-Իհարկե շատ բան, որը մի զրույցի ընթացքում չես կարող ջրի երես հանել։ Բայց եթե խոսեմ ընդհանուր դրույթներով, կստացվի հետևյալը։ Իրավիճակը, իրոք, մտահոգիչ է։ Շտկելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է անում կառավարություններին և անհատներին` ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ստեղծել բարենպաստ պայմաններ գյուղացու նորմալ կենսագործունեության համար, բարելավել գյուղական ենթակառուցվածքները, որովհետև, նախ` աշխարհում տարեցտարի նվազում են ոլորտում կատարվող ներդրումները, երկրորդ` աշխարհի բնակչության շարունակական աճի պայմաններում մեծանում է պարենային ապրանքների պահանջարկը և տեղի է ունենում գների շարունակական աճ։
-Մենք ինչպե՞ս ենք արձագանքում ՄԱԿ-ի կոչերին։
-Կարծում եմ` նորմալ, քանի որ այլ կերպ լինել չի կարող։ Ինչպիսին պետք է լինես, որ չընդունես մեզանում կատարվող դրական տեղաշարժերը, մանավանդ վերջին տարիներին։ Անառարկելի փաստ է. տարեցտարի ավելացել և շարունակում են ավելանալ գյուղական համայնքներում կատարվող ներդրումները նաև ենթակառուցվածքների հետ կապված։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է դպրոցաշինությանը, ամբուլատորիաներին, մշակույթի տներին, ճանապարհաշինությանը, գազիֆիկացմանը։ Արդեն երրորդ տարին է, ինչ գյուղացիական տնտեսություններին տրվում են վարկեր 14 %-ով, որից 4-6 %-ը պետությունն իր վրա է վերցնում։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ պետության հոգածության արդյունքում է, որ գյուղացին պարարտանյութը և սերմացուն սկսել է ձեռք բերել շուկայից էժան գներով։ Եվ եթե բերեմ այլ օրինակներ ևս, ինչը, իհարկե, առկա է, միևնույն է, չենք կարող ամրագրել, որ գյուղի կամ գյուղացու վիճակն անհամեմատ լավացել է։ Բայց որ նկատելիորեն թեթևացել է, դա փաստ է։
-Ըստ որոշ վերլուծաբանների, ժամանակակից պետությունների համար պարենային անվտանգությունն իր կարևորությամբ չի զիջում ռազմական անվտանգությանը, մանավանդ այնպիսի երկրների համար, որոնք ունեն ոչ բարենպաստ կլիմայական պայմաններ կամ սակավահողային են։
-Ասվածը վերաբերում է նաև մեր երկրին։ Հայաստանը, ինչպես գիտեք, համարվում է բնակչության բարձր խտություն ունեցող և սակավահող երկիր, գործոններ, որոնք թույլ չեն տալիս սեփական ռեսուրսների հաշվին լինել ամբողջովին ինքնապահովված։ Նման պայմաններում պարենային խնդիրների հաջող լուծումը մեզ համար մնում է խիստ արդիական։ Այս և մեր երկրի մի շարք առանձնահատկություններից ելնելով էր, որ անցած տարի Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց երկրի պարենային անվտանգության հայեցակարգ, որի պահանջների հետևողական ու հաջող կենսագործման արդյունքում առաջիկա տարիներին պետք է բարձրանա հանրապետության պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակը։
-Ես չգիտեմ` առաջիկա ասելով ի՞նչ պետք է հասկանանք և ինչքա՞ն սպասենք` 5, 6, 8 թե երկնիշ թվերով տարիներ, որպեսզի պարենային անվտանգության մակարդակի աճ գրանցենք, բայց մի բանում անդրդվելի եմ` պարենային ապրանքների գնաճից դժվար թե խուսափենք, քանի դեռ կողմնակից ենք ներկրմանը։
-Ես լավատես եմ և կասկած անգամ չունեմ, որ առաջիկայում 70-80 % պարենային անվտանգության մակարդակ ապահովելու համար կան անհրաժեշտ հիմքեր։ Բայց մի հարցում, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ. պարենամթերքի մոտ 85 %-ը մենք ներկրում ենք հեռու և մոտ երկրներից։ Եվ որպես ներմուծող երկիր, Հայաստանը, բնականաբար, պարենային ապահովության առումով մեծ կախվածություն ունի պարենային միջազգային շուկայից, որտեղ տեղի ունեցող փոփոխություններն էական ազդեցություն են թողնում մեր երկրի պարենային շուկայի վրա։ Դրա վկայություններից մեկը հացահատիկի միջազգային շուկայում տեղի ունեցած վերջին զարգացումներն էին, որոնց հետևանքներն անմիջապես զգացվեցին նաև մեզանում։ Եթե հիշում եք, տարեսկզբին ինչ-որ չափով բարձրացան պարենային ապրանքների գները, սակայն բնակչությանն ավելի շատ անհանգստացրեց հացաբուլկեղենի թանկացումը, սրանց գների աճը, ըստ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, կազմեց 20-30 դրամ։
Որ աշխարհն այսօր անհանգիստ է, դա նկատելի է ամենքիս։ ՈՒկրաինայի նման երկիրն այսօր փակել է իր սահմանները և հացամթերք չի արտահանում։ Տասնյակից ավելի երկրներ կան, որ առաջին հերթին միտված են ներքին խնդիրները լուծելուն, հետո նոր դրսի աշխարհի հետ հարաբերություններ կառուցելուն։ Որովհետև պահանջարկն այսօր գերազանցում է առաջարկը։ Գյուղմթերքների գնաճի վերաբերյալ իմ մոտեցումներն այլ են։ Դա չի կարող կայուն լինել, քանի որ գնային քաղաքականությունն անմիջական կապ ունի բնակլիմայական պայմանների հետ։ Ինչո՞ւ է մի տարի ծիրանն էժան, մի տարի թանկ։ Էժան է, երբ բերքն առատ է լինում, և թանկ` սակավության դեպքում։
-Վեր հանված խնդիրների հաղթահարման ուղղությամբ մեր պետության ձեռնարկումները համարե՞նք արդյունավետ։
-Մենք դեռևս ապահովված երկիր չենք, բայց կարող ենք դառնալ։ Իրավիճակը ստիպում է մեզ լինել ավելի վճռական ու հետևողական, ավելացնել ներդրումների ծավալները գյուղատնտեսության մեջ, իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մեծացնել ուշադրությունը գյուղացու և նրա հոգսերի նկատմամբ, քանի որ թե՛ խաղաղ, և առավել ևս արտակարգ իրավիճակների պայմաններում, հաշվի առնելով հաղորդակցության ուղիների խոցելիությունը, մեր երկրի պարենային ապրանքների խնդիրների լուծումը պետք է փնտրենք մեր գյուղերում։


Զրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ