38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կրճատումներ հանուն տնտեսական աճի՞, թե՞ ծանոթ-բարեկամների

Կրճատումներ հանուն տնտեսական աճի՞, թե՞ ծանոթ-բարեկամների
01.11.2012 | 15:53

Հանրապետության վարչապետի հորդորական խոսքից հետո այլևս տարակուսելի չէր. կգտնվեն ու գտնվեցին պետական կառույցներ, կազմակերպություններ, որոնց ղեկավարները Տիգրան Սարգսյանի բարեփոխումների մասին լսելով, աչք չթարթած, գործի անցան: Ոչ ոք չէր կասկածում, որ տնտեսական աճ ապահովելու կամ աշխատավարձերը բարձրացնելու համար մեր իրարամերժ օրերում այլընտրանք չկա. դրա ամենապարզ և ուղիղ ճանապարհը մարդկային ռեզերվը «մաղի միջով» անցկացնելն է:

Հայրենի կառավարության հանդեպ տածած հավատարմությունը մեկ անգամ ևս հիմնավորելու և այն ժամ առաջ հրապարակայնորեն տեղ հասցնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ՀՀ տարածքով մեկ մրցավազք է սկսվել: Այսօր արդեն պարզ է. մարզերից առաջատարը Լոռին է, և տեղական առաջնության աղյուսակը գլխավորում է առողջապահության ոլորտը` ի դեմս «Առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ի, որտեղ մեկ օրում փորձառու 30 բուժաշխատողներ ճերմակ խալաթները ոչ իրենց կամքով կախել են մեխից ու հեռացել: Բայց հասարակական հնչեղությունից հետո և վերադասի ժամանակավորապես սթափեցնող զանգին հաջորդել է Հիպոկրատի «անառակ» որդիների վերադարձը բուժհիմնարկ. հեռացվածներն աշխատելու հրավեր են ստացել 3 ամսով, 6 ամսով... Սա, իհարկե, խնդրի լուծում չէ, և ոչ էլ կա դրա անհրաժեշտությունը: Կարևորն այստեղ վարչապետի խոսքը գետնով չտալն է, թեկուզ թեթևակի աղմուկ հանելով, քանի որ դրանում իրենց մասին հիշեցնելու տարրեր կան:
Իսկ ինչո՞ւ հենց Լոռին և առողջապահական համակարգը: Բանն այն է, որ չափից ավելի զգուշավոր մարզպետին փոխարինած «դուխը» տեղը Արթուր Նալբանդյանին առաջինը շատ բան ունեն ապացուցելու հատկապես նրանք, ովքեր մինչև հիմա հանգիստ խղճով պաշտոնավորում են, այդ թվում և` Սամվել Լամբարյանը, որը առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ է նշանակվել Արամ Քոչարյանի օրոք:
Քաղաքամայր Երևանում պատկերը փոքր-ինչ այլ է: Տարածական է, բայց առայժմ ոչ շիկացած: Խմորն այստեղ նոր է հունցվում, ընդ որում, կրթության և գիտության «փռում»: Սա էլ իր հիմնավորումն ունի. բացատրվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախարար Արմեն Աշոտյանի քաղաքական դաշտից դուրս ունեցած ընդհանրություններով` ասենք երաժշտության ասպարեզում: Եվ թող պատահական չթվա, որ բարեփոխիչների թիկնոցն առաջինն այստեղ իրենց հագով համարեցին կոմիտասցիները. կոնսերվատորիայի աշխատատեղերը կորցրած դասախոսներից մի քանիսը ռեկտորի հրամանը համարում են «ֆալշ», մյուսներն անիմաստ են համարում մեխի սուր ծայրին բռունցքով հարվածելը:
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում «եղանակը» նույնպես խառնված է: Սպասվում է «քամու» ուժգնացում ռեկտորի և միայն կուլտուրայի ֆակուլտետում աշխատանքից ազատված 30 մանկավարժների միջև, որոնց թվում կան հեղինակավոր դոցենտներ, պրոֆեսորներ, ոլորտում հայտնի դեմքեր, ինչպիսին, օրինակ, Անտոն Աղայանցն է: Կենսաթոշակային տարիքի ձգող և չձգող դասախոսները նոր կարգավիճակի հետ հաշտվելու մտադրություն չունեն, անցել են համապատասխան «ինստանցիաներով», բայց անարդյունք, և այսօր ճիշտ չեն համարում իրենց առաջիկա անելիքների մասին բարձրաձայնելը: Ավելին, կարծում են, որ բուհում աշխատանքի արդյունավետության բարձրացումը կադրային ջարդով պայմանավորելը սխալ է: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատրվակով «եղեռնահարված» դասախոսներից մեկի դիտարկումն այն մասին, թե «կրճատումները ոչ թե տնտեսական աճ են հետապնդում, այլ մեր հաշվին իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորելու խնդիր են լուծում», հարցականների տեղիք տվեց: Այցելեցի բուհ:
Մեկ երկու հանդիպումը բավական էր, որպեսզի ավելին պարզվի. մանկավարժական համալսարանում հարգանք վայելող դասախոսներից մեկը, իրոք, փոխարինվել էր անփորձով և հատուկ նրա համար նոր առարկա էր ներմուծվել:
Մեկ ուրիշը, որը նույնպես վրդովված էր և թենիսի գնդակի պես այս ու այնտեղ զարկվելուց հետո անպտուղ պարզաբանումներ էր վարել դեկանի, ամբիոնի վարիչի հետ, այնուհետև փայփայած հույսով առանձնազրույց էր ունեցել ռեկտորի հետ, վերջնականապես հիասթափվել Ռուբեն Միրզախանյանի ազնիվ խոստովանությունից. «Ես ի՞նչ կապ ունեմ կրճատումների հետ, ով քո պայմանագիրը չի երկարացրել, գնա նրա հետ հարցերդ պարզիր»:
Ես, որ գործի բերումով բավարար պատկերացում ունեմ բուհական խոհանոցից, հարցեր պարզելու համար երկար մնացի մանկավարժականի լաբիրինթոսում: Երիտասարդ, բայց մանկավարժական աշխատանքի 22 տարվա փորձ ունեցող Գոհար Հարությունյանի խնդրով զրուցեցի 2 տասնյակ ուսանողների և դասախոսների հետ: Ոչ մի բողոք, առաջարկություն: Ի դեպ, Գ. Հարությունյանը, համարվելով հիմնական դասախոս, 12 տարի անընդմեջ ռեժիսուրա և դերասանի վարպետություն է դասավանդել հենց նույն ՀՊՄՀ-ում: Եվ միայն վերջին 1-2 ուստարվանից է, որ նա, ինչպես մյուսները, աշխատել է պայմանագրային հիմունքներով: Պահպանելով ձևական կողմը, Հարությունյանի հետ ձեռք բերված գրավոր համաձայնություններն առանց խոչընդոտների երկարաձգվել են, բացառությամբ 27.04.2012 թ. պայմանագրի: Տեղին է հիշեցնել, որ նա մշակույթի ոլորտում նույնպես նոր անուն չէ: Նուրբ սեռի սակավաթիվ ռեժիսորներից է և հասցրել է բեմադրությունների իրականացնել պետական կրկեսում, Պարոնյանում, Մհեր Մկրտչյանի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և պատանի հանդիսատեսի թատրոններում, մասսայական հանդիսությունների կազմակերպման գործում թողել ինքնուրույն ձեռագիր: ՈՒ հիմա Գ. Հարությունյանը հայտնվել է «խաղից» դուրս վիճակում, որի համար բուհի ռեկտորից մինչև պահակ, անմեղանում են` ես ի՞նչ կապ ունեմ:
Անտեղյակությունը, անպատասխանատվությունը, միգուցե և կադրային կամայականությունն այստեղ անչափելի, անտանելի են: Առաջին տպավորությունս իրականության արժեք ունեցավ, երբ առնչվեցի անձնակազմի հաշվառման բաժնի, ուսումնական մասի և այլ ստորաբաժանումների հետ: Մի դեպքում` տիկին Շ. Արշակյանը, մյուս դեպքում` Ա. Թորոսյանն իրենց «բարձրության» վրա էին: Մանավանդ վերջինս, որին մեծ դժվարությամբ նախ` կարողացա հասկացնել հաստիքի կրճատման և պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքից ազատվելու տարբերությունը, հետո նոր դրանց հետ կապված, օրենքով նախատեսվող ծանուցագրերի անհրաժեշտությունն ու ժամկետների խնդրի կարևորությունը: Հանուն սեփական «ֆիրմայի» մարտնչող տիկինը «փամփուշտները» վերջնականապես սպառված համարեց, երբ շատ որոնելի և չգտնված ծանուցման փոխարեն բերեց ու փորձեց անցկացնել 27.08.2012 թ. թիվ 1-296-Ա հրամանի քաղվածքը: Գ. Հարությունյանի պնդմամբ, ինքը ոչ ծանուցագիր է ստացել և ոչ էլ ստորագրել: Տեղյակ է` իր իրավունքների վերականգնման համար քայլերը դատարան են տանելու: Կգնա՞, թե՞ ոչ: Որոշողը Գ. Հարությունյանն է: Նա պարտավոր է գնալ այդ ճանապարհով, որովհետև դրանից է կախված հերթական հայ օջախի գոյությունը. գործազուրկ ռեժիսոր-մանկավարժի խնամքի տակ տարեց ծնողներն են։ Աշխատանքից դուրս մնացած մյուս դասախոսները ոչ պակաս վճռական են. պայմանավորվել են պայքարել մինչև վերջ, առանց հաշվի առնելու, որ մեր իրականության մեջ վերջը վերջ չունի: Բայց որ յուրաքանչյուր քայլի հիմքում պարտավոր ենք բարոյական արժեքներ դնել, դա անառարկելի է:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ