Հայ-ռուսական տնտեսական համագործակցության նոր համաձայնագիրն ավելի կարճ կյանք ունի, քան ռուս-թուրքական ռազմավարական գործըկերության համաձայնագիրը։
Հոկտեմբերի 12-ին կառավարության ընդունելության տանը կայացավ հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ի տրանսպորի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Նիստի ընթացքում վավերացվեց մինչև 2020-ի համագործակցության համաձայնագիր։ Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՌԴ-ն Թուրքիայի հետ կնքեց ռազմավարական գործընկերության 95 տարվա համաձայնագիր և հետաքրքրական է, որ գործնականում այն ավելի ակտիվ է աշխատում, քան Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերը։ Մեր այս ենթադրության հիմքում պաշտոնական թվեր են։ Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստում համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, անդրադառնալով վերջին 20 տարվա ներդրումներին, նշեց, որ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ դոլար։ Համաձայնեք, որ սա չնչին գումար է, եթե նկատենք, որ Հայաստանի երկաթգիծը, ֆիքսված կապը, էլեկտրացանցերը, գազը, ինչպես նաև մի ամբողջ փունջ գիտահետազոտական ինստիտուտներ ու ձեռնարկություններ «գույք` պարտքի դիմաց» գործարքով ռուսական են։ Ինչևէ, գուցե սառույցը շարժվել է, քանի որ, ըստ Մաքսիմ Սոկոլովի, 2011-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, իսկ 2012-ի ութ ամիսների կտրվածքով` 800 մլն դոլար։ «Հնարավոր է, որ մինչև 2012-ի վերջը հատենք 1 մլրդ դոլարի սահմանը»,- նշեց ՌԴ-ի տրանսպորտի նախարարը։ Վատ չի լինի, որ ապրանքաշրջանառության հետ մեկտեղ գործնականում ավելանան ռուսական ներդրումները Հայաստանում։ Հուսանք, որ այս նիստում կնքված համագործակցության նոր համաձայնագիրն ավելի արդյունավետ կլինի գործնական իմաստով։
Համենայն դեպս, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներառված են համագործակցության նոր համաձայնագրով» և հավելեց, որ այս ծրագրի վրա երկարատև են աշխատել երկու երկրների կառավարությունները։
Բնականաբար, այս նիստում չէր կարող անդրադարձ չլինել գազի գնի փոփոխության հարցին։ Իհարկե, հարցի շուրջ խոսվեց, սակայն այդպես էլ էական բան չասվեց։ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նշեց միայն, որ բանակցությունները շարունակվում են. «Այս պահին «Գազպրոմը» և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քննարկում են այդ հարցը»։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշվածից ավելի բան չասեց, մի տարբերությամբ. «Այլ երկրների համեմատությամբ, Հայաստանի համար բավականին արտոնյալ գին կսահմանվի»։
Եթե գազի գնի փոփոխության հարցում հստակ բան չասվեց, ապա ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրին կտրականապես դեմ եղավ Հայաստանը։ Ավելին, հստակ ասվեց, և ոչ միայն ասվեց, այլև վավերացվեց, որ Հայաստանը դադարեցնում է այդ ծրագրի հետ համագործակցությունը, իսկ Ռուսաստանն իր հերթին պնդեց և վավերացրեց, որ շարունակելու է ծրագիրը։ Բնականաբար, լրագրողներին հետաքրքրեց, թե ստեղծված իրավիճակում ինչ լուծում կստանա խնդիրը. «Մեր տարածքում ծրագրի գործունեության որոշումը Հայաստանինն է։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է` ծրագիրը չի կարող շարունակվել»,- պարզաբանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը. «Ծրագիրը նպատակահարմար չէ մեր ժողովրդի և մեր երկրի համար։ Այն բացասաբար է ազդում արտագաղթի վրա։ Այդ ծրագրից հեռու մնալու որոշում պետք է ընդունի ժողովուրդը։ Կառավարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում հարցերը կարգավորելու համար»։ Նկատենք, որ խոսելով կառավարության քայլերի` ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը չմանրամասնեց, թե երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, թե ծրագիրը հերքելու ուղղությամբ որոնք են կառավարության քայլերը։ Այն, որ «Հայրենակիցներ» ծրագիրը մեծացնելու է Հայաստանից արտագաղթը, մենք կանխատեսել էինք ծրագրի սկզբից և այն բացասական գնահատել։ Ինչի հետ, որքան էլ զարմանալի է, անցած տարի համաձայն չէին Հայաստանի պետական պաշտոնյաները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ