38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարճ եզրակացություններ չկայացած ստորագրահավաքից, կամ ինչպես են ցնցում ԱԺ-ն ՀԱԿ-ն ու «ընկերները»

Կարճ եզրակացություններ չկայացած ստորագրահավաքից, կամ ինչպես են ցնցում ԱԺ-ն ՀԱԿ-ն ու «ընկերները»
14.07.2012 | 12:02

Ամենասկզբից հիշեցնեմ ամսաթիվը` 2012 թվականի հուլիսի 14: Ճիշտ է, Աժ պատգամավորների արձակուրդները պաշտոնապես դեռ չեն սկսվել, բայց ակնհայտ է, որ արտահերթ նստաշրջանից հետո պատգամավորական ամառը բոլոր խմբակցությունների համար էլ սկսվել էր: Եվ դա բնական է ու արտառոց ոչինչ չկա, որ պատգամավորը նստաշրջանի ավարտից հետո ամռանը բացակայում է քաղաքից:

Սկզբից ասեմ նաև, որ «Հարսնաքարի» հարցով հանձնաժողով ստեղծելը պարզապես քաղաքական շահարկում էր, այն դեպքը, երբ ստեղծողներն էլ գիտեն, որ ոչինչ չեն ստեղծելու և նպատակը հենց չստեղծման փաստը ակնհայտ դարձնելն է` այդ փաստի տակ տեղավորելու նախապես հավաքված խճանկարը, ոչինչ, որ բոլորովին ուրիշ թեմայով:
Իհարկե, ՀԱԿ-ը ամիսներ առաջ խոստացել էր, որ հենց մտնի խորհրդարան` ցնցելու է բոլորին ու ամեն ինչ: Բայց, փառք Աստծո, առայժմ ցնցումներ չեն գրանցվել Երևանի այդ հատվածում, ոչ էլ նույնիսկ Թատերական հրապարակի տարածքում: Նախանձելի կայունության ժամանակներ են:
Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ 7+5+5+37-ը հավասարվեց 21-ի և չհասավ պահանջված 44-ին, երբ նույնիսկ կարող էր ռեկորդային 54-ին հասնել: Ավելի ճիշտ` 53-ի, որովհետև քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կողմնորոշվել, առաջադրի՞ թեկնածությունը նախագահական ընտրություններում (ուրեմն` չվերցնի պատգամավորական մանդատը), չառաջադրի՞ (ուրեմն գոնե մանդատը վերցնի), գործնականում «Ժառանգությունն» ունի 2 պատգամավոր, ուստի թվաբանությունը 7+4+5+37 շրջագծում էր, որը, միևնույն է, ավելին է պահանջված 44-ից: Այս հավասարման մեջ իրականը 7+4+5-ն է, որը ոչ մի կերպ 44 չէր դառնալու: Իսկ նվիրական 37-ը մնալու էր անառիկ դիրքերում, ինչպես և մնաց: Այս պարագայում խնդիրը բնավ էլ ամառը չէ, արձակուրդները չեն, խնդիրը անգամ հանձնաժողովի ստեղծման նպատակը չէ (որը իդեպ, նույնքան աննպատակ է, որքան եղան հանձնաժողովի ստեղծման փորձերը):
Կարճ այս պատմությունը հերթական ապացույցն էր, որ խորապես սխալվում են բոլոր նրանք, ովքեր ամենատարբեր ակնկալիքներով ԲՀԿ-ին ուզում են ընդդիմություն համարել: ԲՀԿ-ն երբեք չի եղել ու չի լինելու ընդդիմություն, նույնիսկ իր շարքերում ընդդիմադիրներ կամ ընդդիմադիր մղումներ արտահայտողներ ունենալու պարագայում: Մինչև նախագահական ընտրություններ ԲՀԿ-ն պահելու է իր ընդդիմադիրոտ կեցվածքը, որքան հնարավոր է երկար շարունակելու է իր էության ու բովանդակության բացահայտման ինտրիգը ձգձգելը, որը բոլոր առումներով շահեկան է: Սա ԲՀԿ-ի աստեղային ժամն է: ԲՀԿ-ի առեղծվածային պահը: Երբ բոլորը, կարծես թե, ունեն իր կարիքը: Երբ նույնիսկ ինքն ունի իր կարիքը: Մինչև նախագահական ընտրություններ ԲՀԿ-ն անակնկալ ու կանխատեսված բոլոր հարցերում ունենալու է անորոշ կեցվածք` «այո» ասելով` «ոչ» անելու, «ոչ» ասելով «այո» անելու, որովհետև ԲՀԿ-ն կորցնելիք ունի, որովհետև ԲՀԿ-ն ձեռքբերելու հավակնություններ ունի: Որովհետև ԲՀԿ-ն իր որոշումները ինքնուրույն չի կայացնում: ԲՀԿ-ի համար գլխավոր հարցը նույնիսկ այն չէ` կպաշտպանի՞ գործող նախագահի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածուն կունենա` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Գագիկ Ծառուկյան, միստր X տարբերակով: ԲՀԿ-ի գլխավոր խնդիրը քաղաքական կյանքը և նախագահական ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ պահելն է, վերահսկողություն, որ երկրի շահերից չի բխում, ոչ իշխանության, ոչ ընդդիմության: Իշխանության` որովհետև գործնականում օգտագործվում է իբրև դագանակ իր դեմ: Ընդդիմության` որովհետև իրականում վարկաբեկում է ընդդիմության գաղափարը և փոշիացնում ընտրազանգվածը: Իհարկե, այս հարցում մեղավորը ԲՀԿ-ն չէ միայն: ՀԱԿ-ի անվերապահ ու անսահման սերը առ Հայաստանի բարգավաճ տարբերակը մնալու է անպատասխան: Ֆլիրտ լինելու է, իհարկե, փոխադարձ սիրալիրություններ` ևս, գուցե նաև լոկալ դեպքեր բուռն փոխադարձության, որ կարող է արտահայտվել գաղափարականից նյութական սահմաններում: Ու` վերջ: Բայց` կառավարվող նույն կենտրոնից:
Նախագահական ընտրություններից հետո, ակնկալված, թե անակնկալ ընթացք կունենան ընտրությունները, ԲՀԿ-ի պահանջարկը կտրուկ նվազելու է` խաղավարտից հետո խաղացողների գինն ընկնում է, հատկապես այն խաղացողների, ովքեր իրենց չեն արդարացրել և հաջողության չեն հասել: Երկրորդ անգամ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի համար լիովին բավական է ՀՀԿ-ն իր խոստացած ու մտահղացած փոփոխություններն իրականացնելու համար, ոչ միայն հերիք է, այլև շատ` ոմանց անհրաժեշտաբար հարկ կլինի հրաժեշտ տալ: Սեփական թեկնածուով հաջողության հասնելու և լեգիտիմ նախագահ ունենալու հեռանկարը ԲՀԿ-ին չի սպառնում առաջիկա նվազագույնը 10 տարում` դա գիտեն թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այս երկու պատճառի գոյությունը լիովին բավարար է, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում անցնի պահեստային դիրքեր և հոգա ինքնապահպանման մասին, որովհետև լինելը շատ ավելի կարևոր է, քան ունենալը:
Սա է 37-ի ոդիսականը` ինչ ակնկալիքներ էլ ունենա ՀԱԿ-ը: Ինչ ակնկալիքներ էլ ունենա ՀՀԿ-ն: Անգամ ԲՀԿ-ն ավելին չի կարող անել, քան անում է: Իսկ քաղաքական օրեցօր հալվող կապիտալը բարեգործությամբ լրացնելու քաղաքականությանը կարող են չհերիքել ոչ միայն ֆինանսները, այլև բարի կամքը: Այս անգամ` իշխանության:
Պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրություն հայտարարած Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հաշվեհարդարը խորհրդարանում չկայացավ: Ոչ այն պատճառով, որ օլիգարխիկ ԲՀԿ-ն ՀՀԿ-ական օլիգարխի դեմ գնալու իրավական, քաղաքական, տղայական դրդապատճառներ չունի (ցանկության դեպքում պատճառներ լինում են), ոչ այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի շրջապատում ևս համատարած հրեշտակներ չեն, ոչ այն պատճառով, որ 7+5+5+37-ը հավասարվեց 21-ի և չհասավ պահանջված 44-ին (դրանք մանրուքներ են), պարզապես հիմա շուտ է Հայաստանում ջղային շարժումների համար, երբ գա հարմար ժամը, հարմար առիթներ կգտնվեն:
Եվ սա արդեն պետք է հասկանան ոչ միայն ԲՀԿ-ին անփոխադարձ սիրով «ճիշտ ճանապարհի» բերելու ջանքեր գործադրող ՀԱԿ-ականները, այլ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ընկերների հետ հույսեր կապողները:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ