38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիան հասկացավ, որ կարող է հայտնվել ավելի խոցելի վիճակում

Թուրքիան հասկացավ, որ կարող է  հայտնվել ավելի խոցելի վիճակում
19.06.2012 | 01:01

Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը շարունակում է խիստ հակասական մնալ, և այդ տևական իրավիճակը ճգնաժամային երևույթներ է առաջ բերում համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մեջ: Թուրքիան ձգտում է դառնալ «Մեծ Մերձավոր Արևելքի» առաջատար պետություն, նշանակալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում, կառուցում է «նոր» տարածաշրջանային քաղաքականություն, բայց շարունակում է կախում ունենալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ հարաբերություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Վերջին տասը տարիները բնութագրվում են սոցիալական, քաղաքական և ազգային քաղաքական բնույթի ներքին լուրջ բախումների հերթագայությամբ: Ավելին, բավական բարձր հարաբերակցություն է նկատվում արտաքին և ներքին խնդիրների միջև, որոնք առաջանում են ու մարում, հիմնականում, զուգահեռաբար: Քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ Թուրքիայի արտաքին և ներքին խնդիրներն ավելի ու ավելի են կառավարելի դառնում ինչպես թուրքական, այնպես էլ արտաքին նախաձեռնողական կենտրոնների կողմից: Այն խնդիրներին զուգընթաց, որոնք կարող են Արևմուտքում դիտարկվել որպես բանավիճելի և հաճույքով քննարկվում են շահագրգիռ պետությունների ու վերազգային կառույցների կողմից, մեծանում է նոր խնդիրների նշանակությունը, որոնք Արևմուտքում բնավ բանավիճելի չեն համարվում: Առաջին հերթին դրանք թուրքական տարածաշրջանային քաղաքականության հարցերն են, Մերձավոր Արևելքի պետությունների, Ռուսաստանի և հատկապես Իրանի հետ հարաբերությունները: Տասնամյակներ ի վեր Թուրքիան ձգտել է խուսավարել Արևմուտքի և Արևելյան կոմունիստական ճամբարի միջև, բայց, հայտնի չափով, հակասություններ են եղել ԱՄՆ-ի ու Եվրամիության, ավելի ճիշտ, Եվրոպայի առաջատար պետությունների միջև` կապված Թուրքիայի նկրտումների և արտքաղաքական հավակնությունների հետ: ԱՄՆ-ը երկար ժամանակ հմտորեն օգտագործել է Թուրքիայի և եվրոպացիների դիրքորոշումները` Եվրամիությանը երկրի անդամակցության առնչությամբ, ինչը նյարդայնացնում էր ոչ միայն եվրոպացիներին, այլև թուրքերին, որոնք հասկանում էին տվյալ պարագայում ամերիկյան քաղաքականության խորամանկ բնույթը:
Թուրքիայի և ԱՄՆ-ի հակասություններն առաջացել են տասնամյակների ընթացքում և իրենց կիզակետին են հասել Ջ. Բուշի վարչակազմի օրոք, ընդ որում եղել են ավելի սկզբունքային պատճառներ, քան Իրաքի պատերազմում Թուրքիայի պատշաճ աջակցության բացակայությունը: Թուրքիան ձգտում է ավելի մեծ ինքնուրույնության ու անկախության, ինչը պայմանավորված է ոչ միայն այն հավակնություններով ու սահմանափակումներով, որ առաջադրում են ԱՄՆ-ը, մասամբ նաև եվրոպական պետությունները: Թուրքիան ստիպված է վարել ավելի կուռ և հետևողական քաղաքականություն` անվտանգության արտաքին «գոտու» ստեղծման նպատակով, ապահովել իր ավելի նախընտրելի տեղը տարածաշրջանային և համաշխարհային աշխարհատնտեսության մեջ, նախ և առաջ, էներգամատակարարման նոր համակարգի կառուցման գործում: Նման խոշոր ու հավակնոտ պետությունն այլևս չի կարող հաշտվել նախկին կախյալ վիճակի հետ, երբ հարկադրված էր համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունն ամերիկացիների ու եվրոպացիների հետ: Թուրքիան որոշ ժամանակ աշխատում էր խուսավարել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև, բայց արդյունքում հայտնվեց ավելի բարդ կացության մեջ, երբ ամերիկացիներն ու եվրոպացիները սկսեցին վարել միասնական քաղաքականություն, ինչը, ըստ էության, դավադրություն է Թուրքիայի նկատմամբ: Ջ. Բուշի քաղաքականությանը բնորոշ էր Թուրքիայի դիրքերի ու շահերի լուրջ անտեսումը, ընդ որում, բառացիորեն բոլոր ուղղություններում:
Ռուս ու եվրոպացի որոշ քաղաքագետներ և վերլուծաբաններ նախապես կարծում էին, թե ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ից Թուրքիայի շատ արագ ու սկզբունքային առանձնազատման, նույնիսկ սկսել էին խոսել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին: Ժամանակը ցույց տվեց, որ այդ հետազոտողներն այնքան էլ լավ չեն պատկերացնում Թուրքիայի խնդիրների էությունը և միջազգային ասպարեզում այդ երկրի իրական հնարավորությունները: Թուրքիայի հանդեպ «բուշիզմի» քաղաքականությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը հսկայական քաղաքական, տնտեսական, հետախուզական և ռազմական հնարավորություններ ունի մի այնպիսի խոշոր երկրի նկատմամբ հարկադրանք կիրառելու համար, ինչպիսին Թուրքիան է: Ընդ որում, պատշաճ կերպով չէին գնահատվել այն հնարավորությունները, որոնք ԱՄՆ-ի քաղաքականության համար ապահովում էին որոշակի համաձայնություններ Վաշինգտոնի և առաջատար եվրոպական մայրաքաղաքների միջև: Թուրքիան Արևմուտքում բախվել է միաժամանակ իր շահերի անտեսման հզոր ճակատին, ինչպես նաև այն բացահայտ ամբոխավարությանն ու քարոզչությանը, որոնք սերտորեն կապված էին երկրի իրադրության ապակայունացման արտաքին նախաձեռնությունների հետ: ՈՒժի արևմտյան կենտրոններն ավելի քան շաղկապված են Թուրքիայի ազդեցիկ ուժերի հետ, որոնք «ներքին քաղաքական գործառությունների» եղանակով կարող են երկիրը հասցնել ծայրաստիճան ապակայունացման: Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեության արգելման հարցի դատական լուծումն ամենից լավ է համակցվում Թուրքիայի արտքաղաքական գործողությունների հետ: Ժամանակակից արևմտյան վերլուծական ընկերակցությունն այնքան է տրոհված մասնագիտական խմբերի ու բլոկների, որ ի վիճակի չէ ընկալելու Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում արտաքին ու ներքին գործոնների դերը և չի կարող ամբողջական պատկերացում կազմել երկրում տիրող իրադրության մասին:
Թուրքիայի առնչությամբ Բարաք Օբամայի քաղաքականությունը` կապված 2009 թ. ապրիլին Ստամբուլում արած գրգռիչ հայտարարությունների, ինչպես նաև նրա վարչակազմի անդամների այլ ելույթների հետ, ընկալվեց իբրև այդ երկրի հանդեպ նոր քաղաքականության լուրջ հայտ: Հակաբուշիզմի քաղաքականություն վարելու Բ. Օբամայի ձգտումը նույնպես ընդգծում է նրա մտադրությունը` վերանայելու քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական ու Հարավային Ասիայում, անգամ Չինաստանում: Թուրքիան ևս շտապեցին դասել այն երկրների շարքը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է սրբագրվի: Իրականում, Թուրքիայի հանդեպ Օբամայի հայտարարություններում և հռչակած մտադրություններում պարզաբանված էր, թե ԱՄՆ-ը որքան է փափագում մոտ լինել նրա հետ, համատեղել շահերը, բայց միայն այն ձևաչափով, որ կապահովի ԱՄՆ-ի շահերը: ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումներ անելու մի պետության, որը պահանջում է ոչ միայն մարտավարական զիջումներ, այլև ձգտում է ավելի հեղինակավոր տեղ գրավել համաշխարհային քաղաքականության մեջ: Թուրքիայի զսպման քաղաքականությունը դարձել է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հաստատագրված հոդվածներից մեկը և արտահայտում է ամերիկյան քաղաքականության հաջորդափոխությունը: Ներկա ամերիկա-թուրքական և եվրոպա-թուրքական հարաբերությունները ճիշտ հասկանալու համար հարկավոր է ընդունել այն դիտարկումը, որ նախկին հարմարավետ առնչությունները կարող են վերադառնալ Թուրքիայի նախկին ոչ այնքան հանդուգն հավակնությունների պարագայում միայն: Թուրքիան, որպես տարածաշրջանային խոշոր տերություն, 20-րդ և 21-րդ դարերի կցույթում ամենալուրջ մարտահրավերներից մեկն է Արևմուտքի համար: Բայց Արևելքում էլ Թուրքիային արտաքին քաղաքականության նպաստավոր պայմաններ չեն սպասում: Արևելքը, ընդ որում, ինչպես եվրոպական Արևելքը, այսինքն, Ռուսաստանը, այնպես էլ ասիականը, Իրանը և արաբական պետությունները կարիք չունեն շտապելու և ընդունելու Թուրքիայի «նոր» քաղաքականությունը` իբրև ինչ-որ կայացած, կայուն ու անվտանգ բան եվրասիական ու մերձավորարևելյան պետությունների շահերի համար: Ասիական Արևելքն այս պահին հանդես է գալիս ոչ թե Թուրքիայի ակտիվ ու ներդաշնակ գործընկերոջ, այլ «սպասողական բևեռի» դերում, որն արտաքին քաղաքականության ասպարեզում ունի մեծ ազատություն և խուսանավելու հնարավորություն: Առայժմ ասիական արևելքը ջանում է Թուրքիայի հետ հարաբերություններում լուծել առավել վիճելի ու սուր հարցերը (նախ և առաջ Սիրիան, Իրաքը, Իրանը և Հայաստանը), սակայն դեռևս հեռու է փոխվստահության պատշաճ մակարդակից: Ըստ էության, Թուրքիայի հետ իր քաղաքականությունը նույն կերպ է աշխատում կառուցել նաև Ռուսաստանը: Սխալ չէր լինի պնդել, որ բազմավեկտորության սկզբունքներով արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ ճկունություն հանդես բերելու հարցում Թուրքիան չի կարողացել իր համար այդ առավելությունն ապահովել: Նա չի կարողացել նաև Արևելքում քաղաքական ռեսուրսներ ապահովել Արևմուտքի հետ ավելի նախընտրելի երկխոսության համար, և հակառակը:
Թուրքիայի և ԱՄՆ-ի սկզբունքային փոխադարձ շահերի բացակայությունը տարածաշրջանային քաղաքականության ոլորտում պարզ դարձավ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի առիթով: Տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրները, ձգտելով հաղթահարել իրենց փոխհարաբերությունների ոչ այնքան հարմարավետ վիճակը, հույս ունեին, որ ԱՄՆ-ն ավելի վճռականորեն կմասնակցի պետական սահմանի բացման և այլ հարցերի առթիվ պայմանավորվածության հասնելու գործին: Այդ հույսն ուներ ոչ միայն Հայաստանը, որի արտքաղաքական հնարավորությունները շատ ավելի համեստ են, այլև ինքը` Թուրքիան, որը, առաջին հայացքից, քիչ բան ունի սպասելու ԱՄՆ-ի աջակցությունից` իր նպատակին հասնելու համար: Կարգավորման գործընթացի առավել կարևոր փուլում Թուրքիան հասկացավ, որ կարող է հայտնվել ավելի խոցելի վիճակում, քան կարծում էր, քանի որ անտեսվում է իր «արյունակից» գործընկերոջ համար կենսականորեն կարևոր ղարաբաղյան խնդրի լուծումը, ինչը խիստ կվարկաբեկեր Անկարային ամբողջ ընդարձակ տարածաշրջանի աչքում: Թուրքիան հայտնվել էր ոչ թե «նոր» քաղաքականությանը մասնակից լինելու, այլ «նոր» արտքաղաքական կախման մեջ ընկնելու սպառնալիքի առջև, ինչը հակասում է նրա ներկա ռազմավարական կուրսին:
Ամերիկացիների նախագծած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիային բավական ամուր կապում էր պարտավորություններով ու պայմաններով, որոնք նա գնահատում է որպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները կաշկանդող` աշխարհաքաղաքական շատ ավելի լայն ընդգրկմամբ: Ընդ որում, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարդացման հավանականությունը մեծ է, և դա նույնպես աննպաստ վիճակում է դնում Թուրքիան: Սակայն պետք է ուշադրության առնել, որ ԱՄՆ-ն այսուհետև հարկադրված կլինի ջանքեր գործադրելու ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև Թուրքիայի քաղաքականության դեմ: Ընդսմին, եթե Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ունեն նոր պայմանների անցնելու միտում, և կարող են կարևոր պայմանավորվածություններ լինել նրանց միջև տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, ապա ԱՄՆ-ի խնդիրները Թուրքիայի հետ նոր են սկսվում: Ամերիկա-թուրքական հարաբերություններում քիչ չեն միանգամայն կանխատեսելի հարցերն ու ակնկալիքները, քանի որ այդ հարաբերությունների փորձը խիստ բազմազան է և վաղեմի: Բայց կան նաև միանգամայն նոր երևույթներ` կապված Թուրքիայի քաղաքական խավի ու քաղաքական կուսակցությունների կազմում, ընդհանուր առմամբ թուրքական հասարակության շրջանում և անգամ սպայական կորպուսում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Թուրքական ավանդական քաղաքական ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը, շատ թե քիչ կայուն են երկու երկրների զինվորականների հարաբերությունները, բայց պետք է նշել, որ Թուրքիան և՛ առաջ, և՛ հիմա բավականաչափ լավ չի ներկայացված ամերիկյան հասարակության մեջ:
ԱՄՆ-ում դեռևս բավական վատ են ծանոթ Թուրքիայի պատմությանը, մշակույթին, արժեքներին, այնքան էլ հասկանալի չեն երկրի արդի քաղաքական նպատակներն ու գերակայությունները: Ամերիկացի քաղաքագետների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան հայտնվել է համաշխարհային քաղաքականության կիզակետում, նրա հանդեպ ուշադրությունն այսուհետ ևս կմեծանա, ուստի շատ դիտորդներ կարող են այն տպավորությունն ստանալ, թե ԱՄՆ-ի վարչակազմում և առհասարակ ամերիկյան հանրության շրջանում թուրքական ուղղությանը վերաբերվում են իբրև գերակա ուղղության: Ամերիկյան քաղաքագիտության ռահվիրա Էնթոնի Քորդեսմանի գնահատմամբ, կարելի է շատ ժամանակ անցկացնել Ազգային անվտանգության խորհրդում և Մերձավոր Արևելքի հետ կապված բազմաթիվ հարցերի շարքում «Թուրքիա» բառը չլսել: Թերևս, հարկավոր է ավելի իրատեսորեն գնահատել Թուրքիայի նշանակությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գործում, ճիշտ այնպես, ինչպես դա կա իրականում: ԱՄՆ-ն ունի քաղաքական շատ ռեսուրսներ` չեզոքացնելու այս կամ այն միջազգային խնդիրները, առաջարկելու կրկնական ու տարբեր քաղաքական լուծումներ: Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքական ջանքերը շրջափակելու ԱՄՆ-ի քաղաքականությունը (ինչը և դարձավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման վճռական գործոն) գալիս է համոզելու, որ Թուրքիայի զսպման խնդիրը դարձել է այդ երկրի հանդեպ ամերիկյան քաղաքականության հիմքը:
Եվրոպայի առաջատար պետություններ Ֆրանսիան ու Գերմանիան ձևավորել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության վերաբերյալ միանգամայն հասկանալի ու անշրջելի դիրքորոշում: Այդ դիրքորոշումն արժանացել է եվրոպական պետությունների գերակշիռ մասի, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու պաշտպանությանը, իսկ Մեծ Բրիտանիան, որը երկար տարիներ աշխատել է ձեռնածություն անել քաղաքական այդ նյութով, ինչպես որ ԱՄՆ-ը, ներկայումս ի վիճակի չէ կրկին պնդելու դա: Եվրամիության ընդլայնումը չի ավարտվել, բայց դադար է առել, քանի որ անհնար է դարձել այդ գործընթացը շարունակելը: Բայց ԵՄ-ի ընդլայնման հաջորդ փուլը, որը կլինի 7-10 տարի հետո, մեկ անգամ ևս կցուցադրի, որ այդ թեման փակ է Թուրքիայի համար: Եվրամիության զարգացման նոր փուլն աչքի կընկնի նրանով, որ Իսրայելը և ԱՄՆ-ում ու Եվրոպայում նրա բարեկամները Թուրքիային Եվրամիություն խցկելու հարցում ոգևորություն չեն ցուցաբերի: Թուրքական հանրությունը հասկացել է դա, բայց դեռևս պատրաստ չէ համարժեք հետևություններ անելու: Դժգոհություններն ու թշնամանքը ոչինչ չեն տա Թուրքիային և միայն կբարդացնեն նրա հնարավոր իրական մերձեցումը Արևմուտքի հետ` սոցիալ-մշակութային և տնտեսական մակարդակում: Թուրքիան արդեն բացասական ազդանշան է ստացել միջազգային ֆինանսական կազմակերպություններից, որոնք հրաժարվեցին Անկարային բազմամիլիոնանոց վարկ տրամադրելուց, առանց որի նա լուրջ հնարավորություն չունի դուրս գալու ներկա տնտեսական բարդ իրավիճակից: Արևմտյան լրատվամիջոցների կարծիքով, շուտով կարող են խնդիրներ առաջանալ Արևմուտքի պետությունների հետ ռազմական համագործակցության ճանապարհին, նախ և առաջ, ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Ի դեպ, եվրոպացիներն ավելի բացահայտ են մատնանշում այն միակ հնարավոր ձևաչափը, որի շրջանակներում դեռ կարող են զարգանալ Անկարայի հարաբերություններն Արևմուտքի հետ: Թուրքիայի կողմից աշխարհում իր տեղի ու «նոր» դերի որոնումներն ու դեգերումները դեռ երկար կշարունակվեն: Իրենք` թուրքերը հաճախ են ասում, թե Թուրքիան «կամուրջ» է Արևմուտքի և Արևելքի միջև, բայց իրականում նման «կամուրջ» դեռևս չկա: Գուցե հենց այդպիսի «կամրջի» կառուցումն էլ հնարավորություն կընձեռի նորովի իմաստավորելու Արևմուտքի և Արևելքի հետ նրա հարաբերությունների ձևաչափը, ամենևին էլ ո՛չ Թուրքիայի արհեստական խցկում եվրոպականացման մոդել, այլ որոշակի աշխահաքաղաքական և աշխարհատնտեսական գործառույթների իրականացում, այլապես Թուրքիային սպասում է խոր և աղետալի առճակատում տարբեր ուղղություններում: Անատոլիական քաղաքակրթության «կցկտուրությունը», միջքաղաքակրթական փոխանակության անհամարժեքությունը, վարքագծի ու արժեքների ավանդական և ծայրաստիճան արևելականացած կարծրատիպերի մրցակցությունը, ինչպես նաև կասկածելի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական առավելությունները երկիրը կտանեն մասնատման և պատմական հեռանկարների կորստյան:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ