Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Առկա է բախում «հաշտության» և ընդդիմությանը «մինչև վերջ հուպ տալու» կողմնակիցների միջև

Առկա է բախում «հաշտության» և ընդդիմությանը «մինչև վերջ հուպ տալու» կողմնակիցների միջև
19.12.2008 | 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ «ԻՆՆԵՐՈՐԴ ԱԼԻՔԸ»
Քաղաքականության արվեստին տիրապետելը չի կայանում հոսանքին հակառակ լողալու մեջ, այն ցանկացած հանգամանք քո օգտին վերափոխելու արվեստն է։
ՖՐԻԴՐԻԽ ԵՐԿՐՈՐԴ
Հանուն արդարության պետք է արձանագրել, որ բոլոր ժամանակների ու ժողովուրդների իշխանությունները, հազվադեպ բացառություններով, հաճախ են քողարկվել պետական անհրաժեշտության և հանրային շահերով, սակայն իրականում փորձել են լուծել անձնական բարեկեցության, կարիերայի, իշխանությանն ամբողջությամբ տիրապետելու իրենց անձնական հարցերը։ Նույն այդ անձնական շահախնդրությունից ելնելով էլ նրանք աշխատել են սահմանափակել իշխանությունը տնօրինելու ժողովրդի իրավունքն ու գործընթացների վրա ազդելու նրա ցանկությունը։ Իբրև դրան հակակշիռ, ժողովրդավարական երկրներում ձևավորվել են հասարակական և քաղաքական այնպիսի ինստիտուտներ, որոնք ընդունակ են վերահսկելու իշխանությանը։
Միջազգային քաղաքական էլիտաներն իրենց հերթին հիմնականում զբաղված են ընդհանուր օրենքների և ընթացակարգերի մշակմամբ, որոնց շրջանակում էլ տեղավորվում են մեծամասնության համար ընդունելի խաղի կանոնները։ Ավելին, բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս ընդհանուրի կողմից ընդունված շրջանակից, դառնում են միջազգային քաղաքական միավորումներում անընդունելի, իսկ նրանց կողմից ղեկավարվող երկրները համապատասխանաբար դուրս են մղվում գլոբալ գործընթացներից։ Սակայն հայկական հասարակության հայելապատկերում մեր իշխանությունները հերթական անգամ ոչ միայն չեն կարողանում համապատասխանել հանրային ձգտումներին, այլև ավելի ու ավելի են փորձում տեղափոխվել վիրտուալ իրականություն, որը ներփակված է բացառապես անձնական հավակնություններով ու պրագմատիզմով։ Իսկ քաղաքականության մեջ ով մտածում է միայն իր և այսօրվա մասին, անխուսափելի սխալներ է գործում։ Արդյունքում այսօր Հայաստանը, մարտյան ցավալի դեպքերից հետո, հայտնվել է մի իրավիճակում, երբ միջազգային հանրության պնդմամբ կան տասնյակ քաղկալանավորներ, ինչը հանգեցրել է միջազգային հանրության քաղաքական և տնտեսական կոշտ արձագանքին։ Իսկ իշխանության գործողություններում իրավիճակն ուղղելուն միտված քայլեր անգամ չեն նկատվում։
Եվ այսպես, դեկտեմբերի 17-ին Հայաստանը ոչ մի տեղ չտանող փշոտ ճանապարհով ևս մի քայլ «առաջ գնաց»։ Ինչպես նույն օրը հայտարարեց արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խումբն առաջադրել էր Հայաստանի համար որոշ ոչ նպաստավոր առաջարկություններ։ Միջազգային հարաբերություններում իշխանության համակարգից ամենափորձառու և տեղեկացված մարդու կողմից այսպիսի արձագանքը ոչ միայն որոշակի մտորումների տեղիք է տալիս, այլև վկայում այն մասին, որ իրավիճակն իր մեջ անբարենպաստ զարգացումների լուրջ ներուժ է պարունակում, և դրանք առնչվելու են ինչպես օրվա ղեկավարությանը, այնպես էլ երկրին ընդհանրապես։ Թեկուզև երկրի գլխավոր դիվանագետը փորձեց մեղմել իրավիճակը և հայտարարեց. «Բուն խնդիրը քննարկման կներկայացվի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում։ Մինչ այդ ԵԽԽՎ-ի Հայաստանի գծով զեկուցողներ Ժորժ Կոլումբիեն և Ջոն Պրեսկոտը կայցելեն Հայաստան։ Կարծում եմ, որ հունվարին կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայելու մոնիտորինգի հանձնաժողովի այդ առաջարկությունը և հաստատել, որ Հայաստանը կատարել է ԵԽԽՎ-ի բանաձևերի հիմնական պահանջներն ու առաջարկությունները»։
Մինչդեռ միջազգային ճնշման այս «իններորդ ալիքը» կարող է հեղեղել երկիրը ոչ միայն ներքին, այլև արտաքին ճնշման դրսևորումներով, քանի որ Հայաստանի գծով հիմնական զեկուցող, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը թեկուզ և ներկա չի եղել մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, սակայն, այնուհանդերձ, քննադատել է Հայաստանի իշխանություններին` հատկապես շեշտադրելով մարտի 1-ի գործով նախաքննության ոչ պրոֆեսիոնալ ընթացքը, միաժամանակ կասկած հայտնելով, թե Հայաստանում առհասարակ եղել է իշխանությունը բռնազավթելու փորձ։ Եվ ահա, հաստատված ավանդույթի համաձայն, իշխանական դաշտի բոլոր գործիչները, հավատարիմ հպատակի ձգտումների բուռն ցուցադրումով, սկսեցին հայտարարել, թե Հայաստանը կարիք չունի Եվրոպայի խորհրդի կոշտ գնահատականներից վախենալու` պարտավորությունների չկատարման առումով։ Արդեն կոչեր էին հնչում, որ եթե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պիտի զրկվի ձայնի իրավունքից, ապա թող զրկվի։ Դրանով իբր Հայաստանում ժողովրդավարությունն ավելի չի խորանա։
Այս կարգի տրամադրությունները նապաստակների մասին հայտնի երգի ոգով` «իսկ մեզ համար մեկ է», ոչ միայն ծիծաղելի են և անլուրջ, այլև շատ վտանգավոր` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և ընդհանուր տնտեսական ճգնաժամը նկատի ունենալով։ Անշուշտ, միաժամանակ կարիք չկա, որ ժողովուրդը մատնվի խուճապի, ընդդիմությունն էլ հրճվի իր կասկածելի հաղթանակով, քանի որ այն կարող է վերածվել պյուռոսյան հաղթանակի։ Նման սպառնալիքներ ԵԽԽՎ-ի կողմից հնչել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի վերաբերյալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ եվրոպական շահերը, ի վերջո, իրենց արտահայտությունն են գտնում ոչ թե պատգամավորների զգացմունքային ելույթներով, այլ իրական քաղաքական ու տնտեսական շահերից ելնելով։ Բայց, այնուհանդերձ, վտանգավոր է երկիրն առաջնորդել այն տրամաբանությամբ, թե Եվրոպայի խորհրդում այդքան էլ շատ չեն լինի ԵԽԽՎ-ի բանաձևերին բացարձակ լրջությամբ վերաբերվող պետությունները։ Այսպիսի մոտեցումը դանդաղ գործողության ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել, հենց որ դա բխի ինչ-որ մեկի շահերից։
Հետևաբար, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու որոշակի կոնյունկտուրային խնդիրների լուծումը Հայաստանում ավելի կարևոր է դարձել, քան եվրոպական կառույցների պահանջները, և արդյոք ունի՞ իշխանությունն ամրության ներքին պաշար հնարավոր ճնշումներին դիմակայելու առումով։ Թեկուզև ընդդիմությունը շարունակում է պնդել, թե իշխանությունն ուղղակի վախենում է քաղկալանավորներին ազատ արձակելուց և նախընտրում է վնաս հասցնել պետական շահերին, այսպիսի պնդումները չափազանցված են և ոչ համարժեք։ Այսօր ժողովրդական դժգոհությունների մեծ ալիք բարձրացնելու ներուժ ընդդիմությունը չունի, չկա այդպիսի հասարակական պատվեր, դրան պատրաստ չեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, և մի քանի քաղաքական գործիչների կալանքից ազատելը բոլորովին էլ չի խտացնի «հեղափոխականների» շարքերը։ Ճիշտ հակառակը, իշխանության այդպիսի քայլը կզրկի ընդդիմությանը կարևոր փաստարկներից և համախմբմանը նպաստող հանգամանքներից։ Հավանաբար սրանով է պայմանավորված նաև այն, որ քաղկալանավորների պաշտպանության հարցը վաղուց արդեն վերածվել է նրանց մերձավոր ազգականների ու ընտանիքների անձնական հարցի, իսկ ընդդիմադիր կոնգրեսի ֆունկցիոներները սահմանափակվում են ընդամենը հայտարարություններ հնչեցնելով։
Հետևապես, իրականությանն ավելի համապատասխան է այն տարբերակը, որ իշխանության մեջ այս հարցի առնչությամբ միասնական տեսակետ չկա, և, հավանաբար, նույնիսկ առկա է բախում «հաշտության» և ընդդիմությանը «մինչև վերջ հուպ տալու» կողմնակիցների միջև։ Ընդ որում, վերջինները, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ կարոտախտ ունեն կոշտ, բայց իրենց համար կայուն քոչարյանական ժամանակների նկատմամբ։ Կարելի է նշել մի ամբողջ շարք գործիչների, որոնք իրավիճակը թուլացնելու` իշխանության ցանկացած քայլ անմիջապես գնահատում են իբրև նախագահի «թուլություն» և սպառնալիք իրենց անձնական կարգավիճակին։ Այս պարագայում քաղաքական հակառակորդներին ներում շնորհելը, մանավանդ երբ մեծամասնությունը չի ափսոսում իր արածի համար և ներում խնդրելու ցանկություն չունի, կոշտ գծի կողմնակիցների կարծիքով, միայն խորացնելու է հակասություններն իշխանական բուրգում։
Պակաս խնդրահարույց չէ և այն, որ ներկա իրավիճակի հանգուցալուծումը կպահանջի ոչ միայն անմեղների արդարացում, այլև պատիժների կիրառում արյունալի իրադարձությունների իրական մեղավորների նկատմամբ, որ կողմում էլ նրանք գտնվելիս լինեն։ Իսկ դա արդեն կնշանակի մարտի 1-ից հետո ձևավորված արատավոր շրջանից դուրս գալու փորձ, իսկ մի շարք գործիչներ, այդ թվում` որոշիչ դիրքեր զբաղեցնող, բոլորովին էլ ցանկություն չունեն քավության նոխազի դերում հայտնվելու և, անկասկած, կփորձեն սասանել վերանորոգված իշխանական բուրգի կայունությունը։ Թեպետ հանուն արդարության պետք է նկատել, որ իրավապահ մարմինների վերջին հայտարարություններում առկա են որոշակի նոր միտումներ։ Մարտի 1-ի գործը վարող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նախօրեին չբացառեց, որ գործի շրջանակներում կարող են նաև հարցաքննության կանչվել առաջին և երկրորդ նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ ոչ անհայտ գնդապետ Հովհաննես Թամամյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ, տեղեկացնելով, թե ինքն «անհրաժեշտ միջոցառումներ» անցկացնելու համար թույլտվություն է ստացել Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանից։ Թե ով է վերջինիս թույլ տվել անցկացնելու այդ «միջոցառումները», առայժմ չի հայտարարվում։
Միաժամանակ, անհրաժեշտ է չանտեսել և այն իրողությունը, որ վերջերս հանցանշանների անբավարարության հիմնավորմամբ կասեցվեցին մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը, մի շարք դատապարտվածներ, ներման խնդրագրերով դիմելուց հետո, արժանացան հանրապետության նախագահի համարժեք արձագանքին։ Սակայն այս ամենն ակնհայտորեն բավարար չէ. քաղաքական գործիչ հանդիսացող կալանվածների մեծամասնությունը ներման խնդրագիր չի գրի, իսկ պատասխանատվության սահմանափակումը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մակարդակում չի կարող բավարարել հասարակությանը։ Մանավանդ որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը նույնպես անթույլատրելի է գնահատել «մեղադրանքների առաջադրումը և ազատությունից զրկումը քաղաքական պատճառներով»։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն այս հարցին անդրադառնալու է ձմեռային նստաշրջանում` հունվարի 29-ին, և իշխանության համար ընտրություն կատարելու ժամը հասել է, եթե պարզապես դիվանագիտություն չէ արտգործնախարարի հայտնի հայտարարության շարունակությունը. «Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին, և դա մեր որոշումն է։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այն կառույցներին, որոնց անդամակցում ենք և մեզ վրա վերցրած պարտավորությունները կատարում ենք ու շարունակելու ենք կատարել»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3625

Մեկնաբանություններ