38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ձևավորել ֆիլտր աղետի և արկածախնդրության դեմ

Ձևավորել ֆիլտր աղետի և արկածախնդրության դեմ
07.09.2023 | 13:35

Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։

1. Թույլ չտալ պատերազմ

2. Թույլ չտալ հայրենազրկում (Արցախի կորուստ)

Սա չափազանց բարդ գործ է, որը սակայն, հնարավոր է։ Ստեղծված իրավիճակում սա է հաջորդ իշխանության իմաստը, պատմական առաքելությունը։ Կարող է լինել հազար այլ կարծիք՝ հաջորդ իշխանության բովանդակության մասին, և հետևաբար՝ հնարավոր հազար կոնֆիգուրացիա, բայց դա իրականությունը ճիշտ չհասկանալու արդյունք է։ Կոպիտ ասած, ու՞մ է պետք հաջորդ իշխանությունը, եթե այն կրկին թույլ է տալու պատերազմ, նոր եռաբլուր կամ Արցախի կորուստ։

Հայաստանի հաջորդ իշխանությունն անշեղորեն պետք է շարունակի բանակցությունները՝ չափազանց զգույշ, չափազանց սահուն շտկելով բանակցության բովանդակությունը՝ միջնորդների համար հասկանալի և Ադրբեջանի համար դժվար մերժելի ձևակերպումներով։ Սրա զուգահեռ պրոցեսը դաշնակիցների համակարգ ձևավորելն է. շատ բարդ է լինելու, շատ բան է քանդվել, բայց հնարավոր է։ Երրորդ զուգահեռ պրոցեսը Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման դաշտից հանելն է, ինչը թույլ կտա երկուսի հետ իրական օրակարգով աշխատել։

Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել

Ալիևի համար այս իշխանությունը պատմական նվեր է, բայց նույնքան նվեր է «պոստնիկոլ» հնարավոր արկածախնդիր իշխանությունը։ «Մերկապարանոց հայրենասիրությունը» տեղ չպետք է ունենա ոչ միայն հաջորդ իշխանության բովանդակության մեջ, այլև՝ այդ իշխանության ձևավորման ճանապարհին։ Սոլիդ ընդդիմությունից սոլիդ իշխանությունը անցումը վատագույնից խուսափելու պարտադիր պայմանն է։

Հիմա սառը, զգույշ բառերի, կշռադատված կես տոնի ժամանակն է։ Սխալվեցինք, ոգևորվեցինք՝ լինելու է աղետ։ Պետք է այսօրվանից ձևավորվի լուրջ ֆիլտր՝ արկածախնդրության դեմ։

Ի՞նչ պետք է անել

Եթե ընդունում ենք, որ հաջորդ իշխանության առաքելությունն է՝ թույլ չտալ նոր պատերազմ և հայրենազրկում, ապա այս հստակ ձևակերպումներով պետք է սկսել խոսել հայ ժողովրդի հետ։ Ստեղծել խոսելու համակարգ, խոսողների շարքեր, անվանացանկ, մեխանիզմներ, ձևաչափեր, թիմեր։ Սա այն է, ինչը կոչվում է համազգային շարժում, կազմակերպված ճիշտ մենեջմենթ, միասնական տեղեկատվական աշխատանք։ Մի խոսքով՝ համազգային շարժման ենթակառուցվածքներ։ Սա հենց այն է, ինչը հաջողության կբերեր նոյեմբերի 9-ից հետո, բայց պարզվեց, որ «չկային դրա համար անհրաժեշտ ռեսուրսները»։ Իսկ դատախազությունը մեզ հիմա պարբերաբար ասում է, որ ռեսուրսները կային, պարզապես չդրվեցին պայքարի համար։

Հիմա նման հարց չպիտի ծագի։ Եթե կա կարիք, պետք է կազմակերպել «ժողովրդական կոպեկների» դրամահավաք։ Մենք մեր հացի կեսը պետք է դնենք դրա մեջ. ով կափսոսա իր միլիարդները՝ պատմությունը հետո կգնահատի։

Սոված երեխան ձեռքին՝ Աղդամի հացից հրաժարվող արցախցին բոլորիս ավելի լավը դառնալու ուղերձ է տալիս։

Պետք է խոսել բոլորի հետ.

- Հեռավոր գյուղացի կնոջ, որը Նիկոլին ասում է՝ քեզնից լավը չկա,

- Ավինյանի համար ձայն հավաքող թաղային համակարգերի,

- Կիսակրիմինալ հեղինակությունների, որոնք ինչպես միշտ, այնպես էլ հիմա իշխանությանն են ծառայում

- Անձայն ապրող երևանյան քաղքենու («մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» շերտի)

- Բուհերի, գիտակրթական համակարգերի

- Պետական համակարգի

- ՔՊ-ի, նրանց համակիրների

- Մարզային էլիտաների, մեծ ընտանիքների, գյուղապետերի

- Բոլորի հետ

Ամեն մեկի հետ իր խոսողը կա՝ իր ձևով, իր տոնայնությամբ, իր բառապաշարով, իր շեշտադրումներով, բայց բոլորի հետ նույն բովանդակությունը պիտի խոսվի՝ որ պետք է թույլ չտալ նոր պատերազմ ու հայրենիքի կորուստ։ Իսկ պրոցեսը տանում է դրան։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ