ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեփսիուս Յոհաննես

Լեփսիուս Յոհաննես
23.04.2023 | 22:33

Հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, բայց բարեկամների պակաս էլ չի զգացել: Այդ բարեկամներից է գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի վկայությունները հայության ցեղասպանության մասին այսօր մեծ արժեք են ներկայացնում հայոց դատի հետապնդման համար:

Նա դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները: Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ

վայրերում Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն:

Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: 1896 թ-ի գարնանը՝ աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով: Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը (18 հոդված), որը դարձել է «Հայաստանը և Եվրոպան...» (1896 թ.) աշխատության հիմքը: Վերջինս 2 տարում հրատարակվել է 7 անգամ և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն:

Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ սուլթանի գլխավորությամբ: Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական շրջանակների հակազդեցությանը:

XIX դարի վերջին Լեփսիուսը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար: Արևմտահայերին օգնելու նպատակով 1914 թ-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև մահը:

Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու համար, համագործակցել է Կոստանդնուպոլսի հայերի, Պողոս Նուբարի (Պողոս փաշա Նուբարյան) հետ:

1915 թ-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն: 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը:

1916 թ-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին: 1919 թ-ին այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայերեն՝ «Հայաստանի ջարդերը», 1919 թ.):

«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ: Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը:

Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.): Այդ ժողովածուն Ավետիք Իսահակյանի միջոցով ուղարկել է Վերսալյան հաշտության խորհրդաժողովին մասնակցող հայկական պատվիրակությանը: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան:

1921 թ-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային:

Շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախըստականներին, Խորհրդային Հայաստան է ուղարկել Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը:

Յո. Լեփսիուսի անունով Երևանում կոչվել է փողոց: Մեծ եղեռնի հուշահամալիրի Հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփված է Լեփսիուսի գերեզմանից բերված հողով սափորը:

«Եթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է»:

Յոհաննես Լեփսիուս

«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է. դա Յոհաննես Լեփսիուսն է»:

Հենրի Մորգենթաու,

ԱՄՆ պետական գործիչ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ