Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արա Այվազյան. Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները չեն կարող համարվել հակամարտության կարգավորում

Արա Այվազյան. Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները չեն կարող համարվել հակամարտության կարգավորում
23.02.2021 | 14:38

Տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը՝ Աժ-ում, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստի ժամանակ, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նա ընդգծել է՝ ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում:

«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը», - ասել է Այվազյանը:

Հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն, ասել է Այվազյանը՝ վկայակոչելով ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը՝ գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։ «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այս ձևաչափը, - ասել է ԱԳնախարարը:- Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»: Նա ասել է, որ Եվրասիական տարածաշրջանի վրա կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:


Այվազյանը հիշեցրել է՝ հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուասատանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ 3 պետությունների փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ: «Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների», - ասել է նախարարը։


Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրներ քաղաքացիների մուտքի արգելքով՝ ասել է ԱԳնախարար Արա Այվազյանը։ Նրա փոխանցմամբ՝ 2020-ի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ. ԱՄՆ դոլար։

Այվազյանն ասել է՝ կանխատեսումներ կան, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3,9 տոկոսով։ Նա ընդգծել է՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ. ԱՄՆ դոլար։ «Անշուշտ, ԵԱՏՄ շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրսբերմանն ուղղված միասնական ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ, և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը։ Տնտեսական կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը, եվրասիական հիմնական դերակատարների սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում», - եզրափակել է նախարարը։

Դիտվել է՝ 28418

Մեկնաբանություններ