Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Վրացիները գլխացավի հարցը լուծեցին գիլիոտինով»

«Վրացիները գլխացավի  հարցը լուծեցին գիլիոտինով»
23.10.2012 | 12:56

«Իսկ հիմա ասեք, ովքե՞ր են շահում այդ ճգնաժամերից,- հարցրել է նախագահն ու ինքն էլ պատասխանել իր հռետորական հարցին։- Ո՛չ բանվորը, ո՛չ ներդրողը, ո՛չ հարստությունների իսկական արտադրողը: Շահում են արժույթի վերավաճառողները» (ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոն, 15 օգոստոսի, 1971 թ.):

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները որոշակիորեն ալեկոծեցին նախկին Միության վերջին շրջանի միանգամայն խաղաղ «անցուդարձը»: ՈՒ թեև որոշ քաղգործիչների ու փորձագետների բնութագրումները, թե դա «նախկին խորհրդային տարածքում վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենանշանակալի քաղաքական իրադարձությունն է», փոքր-ինչ չափազանցված են, այդուամենայնիվ, Վրաստանի դասերը շատ ուսանելի են ու կարևոր: Իրոք, երկրի անկախության ամբողջ ժամանակաընթացքում այստեղ դեռ ոչ մի անգամ բարձրագույն իշխանությունը չի փոխանցվել խաղաղ և սահմանադրական ուղիով: Ավելին, իշխանական կուսակցության և երկրի ղեկավարի կողմից իրենց պարտության ընդունումը, ընդդիմություն դառնալու նրանց հայտը ոչ միայն հազվադեպ են, այլև հիանալի հնարավորություն են ընձեռում ստեղծելու կայուն երկկուսակցական սխեմա, սահմանակարգայնացնելու քաղաքական երկրորդ բևեռը` ի դեմս «Վրացական երազանքի», և գցում պետականության կարևորագույն ավանդույթի` մեկ բարձրաստիճան պաշտոնատար անձից մյուսին խաղաղ անցման հիմքերը: Այսինքն, ինչ էլ ասելու լինեն Սաակաշվիլու հակառակորդները, երկրի ժողովրդավարացման և եվրոպականացման ուղղությամբ նրա «թափած քրտինքը», կարծես, պսակվել է հաջողությամբ, իսկ «բռնապետն» ու «ֆեոդալը», ինչպես նրան սիրում են անվանել երդվյալ թշնամիները Ռուսաստանում, սեփական շահի փոխարեն նախընտրում էր երկրի հավասարակշիռ զարգացումը: ՈՒ դա ոչ միայն այն պատճառով, որ նրան այդ բանը շատ խստորեն հրամայել էին Վաշինգտոնի «տերերը», ու առավել ևս ոչ այն պատճառով, որ այս անգամ իշխանությանը ձեռնոց նետեց Բիձինա Իվանիշվիլին իր «Վրացական երազանքով», մի մարդ, որն ունի «նյութատեխնիկական բազա», ուստի և ավելի քիչ կախում ունի տխրահռչակ վարչական ռեսուրսից: Հասկանալի է, որ Սաակաշվիլին ցանկության դեպքում կարող էր «գործի դնել» ուժայիններին, որոնք, թեև մի քիչ «թոշնել» էին կալանավորների հետ կապված վերջին իրադարձություններից հետո, սակայն դեռ մնացել են հավատարիմ և դեռ ուժեղ են: Արևմուտքն էլ, կարծես, ամենևին չի շտապում, ինչպես ոմանք են պնդում, «հանձնել» իր խնամարկյալին: Այլապես դժվար է բացատրել, թե ինչու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը, ինչպես պնդում են ռուսական լրատվամիջոցները, իբր բավարարել Սաակաշվիլու խնդրանքը և սեպտեմբերյան զորախաղերից հետո «ՆԱՏՕ-ի 1000 զինվոր թողել «Յալգուջայում» մինչև հոկտեմբերի 2-ը»: Ռուսներն անմիջապես հաշվել են, որ նատօյական երկու մարտական գումարտակը, արտակարգ դրություն մտցնելուց հետո, հեշտորեն կարող է հսկողության տակ առնել առնվազն Թբիլիսին կամ Քութայիսը, և, բացի այդ, Բաթումում գտնվում է ԱՄՆ-ի ծովային հետևակի երեք վաշտ, որոնք «պատրաստ են Սաակաշվիլուն դուրս բերելու երկրից նրա պարտության դեպքում»:
Սակայն այն, որ Կրեմլն ուրախ ձեռքերն է շփում, առավել ևս վստահ է, որ հիմա, երբ «թշնամին ջախջախված է», Վրաստանը կվերադառնա մայր Մոսկվայի կամ առնվազն ԱՊՀ-ի գիրկը, ոչ միայն բացահայտորեն վաղաժամ է, այլև ցնորական: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի հնարավոր կարգավիճակով իր առաջին այցը կկատարի Արևմուտք` Վաշինգտոն (նկատենք, ինչպես ժամանակին ՈՒկրաինայի նախագահ Յանուկովիչը, և դա հատկանշական է): «Ես կմեկնեմ մեր գլխավոր գործընկերոջ ու բարեկամի մոտ»,- ասել է նա: ՈՒշադրություն դարձնենք, չնայած «երազկոտների» պահանջներին, Սաակաշվիլին պաշտոնից մտադիր չէ հեռանալու և հազիվ թե իր թիմով չփորձի իրավիճակը փոխել իր օգտին: Առավել ևս, որ մեկնարկային դիրքերը դրա համար վատ չեն, իշխանության նախկին կուսակցության օգտին քվեարկել է երկրի բնակչության ավելի քան 40 տոկոսը: Իսկ Սաակաշվիլու եռանդը, նպատակասլացությունը, խորամանկ քայլերի հակումը, իրավագիտության լավ իմացությունն ու անկանխատեսելիությունը հազիվ թե նոր իշխանություններին հանգիստ կյանքի հնարավորություն տան: Այսպիսով, քվեարկության արդյունքների ամփոփմամբ ընտրական պատմությունը, հաստատ, չի ավարտվել, և շուտով մեզ սպասում է ոչ պակաս հետաքրքիր երկրորդ փուլը` նախագահի ընտրությունն ու սահմանադրական փոփոխությունների իրագործումը:
Այստեղ էլ կարևոր հանգամանքներ կան, որոնք պետք է ուշադրության առնել: Նախ, դա սահմանադրական բարեփոխություն է, և հիմնական օրենքի ուղղումներն ուժի մեջ կմտնեն ամբողջ ընտրական շրջափուլի ավարտից հետո: Այսինքն, գալիք տարվա աշնանը նախագահական ընտրությունից հետո: Ապա տեղի կունենա իշխանության լիազորությունների վերաբաժանում նախագահի, վարչապետի և խորհրդարանի միջև, և եթե «խուզված» լիազորություններով պետության ղեկավարին ընտրելու է երկրի ամբողջ բնակչությունը, ապա վարչապետին, որը դառնալու է համար մեկ դեմքը պետական հիերարխիայում, կորոշեն ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները: Այստեղից էլ խորհրդարանի քաղաքական նշանակության աճը: Այդ հանգամանքը ենթադրում է, որ ներկա պայքարի ընթացքում, ինչպես նաև հետագայում, սուր մրցակցային պայքար է լինելու ընտրողների ձայների համար: Իսկ առայժմ, ըստ էության, Վրաստանը թևակոխել է երկիշխանության ոչ ամենահանդարտ շրջանը: Զուր չեն ներկա նախագահի կողմնակիցները միանգամայն հանգիստ, բայց, ինչպես ասում են, «պողպատյա ձայնով» հայտարարում, թե կարող են կազմակերպել և՛ խորհրդարանական ճգնաժամ, և՛ նոր ընտրություններ, եթե ներկա գործընթացի հաղթողներն իրենց կառուցողաբար չդրսևորեն: Չէ՞ որ թեև խորհրդարանի դերն աճել է, բայց առայժմ միայն նախագահը վարչապետ առաջադրելու առանձնաշնորհ ունի:
Ոչ պակաս, գուցե ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք: Դա ինքը օլիգարխ և նորաթուխ քաղաքական գործիչ Բիձինա, ինչպես նրան ընդունված է անվանել ռուսական գործարար շրջանակներում` Բորիս Իվանիշվիլին է: Նա Ֆրանսիայի քաղաքացի է (օրերս Սաակաշվիլու որոշմամբ վերականգնվեց նաև Վրաստանի քաղաքացիությունը), դեռ մեկ տարի առաջ 25 համարով և 5,5 մլրդ դոլարով մտնում էր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակի մեջ, ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ կայծակնային արագությամբ վաճառեց իր ռուսական 1,5 մլրդ դոլարի ակտիվները, որ «վրացի քաղաքացիները գույքային հարց չունենան Ռուսաստանում»: Ինչպես պնդում են, դա «անընկալելի վրացերենով, ահավոր ռուսերենով» մի մարդ է, ունի քարոզչական երկու ալիք, առանց առանձնակի ծրագրի կամ անկրկնելի «գիտունների թիմով»: Խիստ կոլորիտային է, թեև ոչ օրիգինալ, նաև նրա շրջապատը` այստեղ կան Վրաստանում շատ ճանաչված մարզիկներ, Սաակաշվիլու ժամանակների նախկին դիվանագետներ (օրինակ, հայտնի Իրակլի Ասաթիանին, ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչը, որն իրեն այնքան էլ լավ չդրսևորեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ), կամ պարզապես հասարակական կարծիքի ճարպիկ ձեռնածուներ: Հիմա, լիովին կոալիցիայի անվանմանը համահունչ, Վրաստանի հասարակ ժողովուրդը երազում է, որ բատոնո Բիձինան, «մեր արքան ու նոր փրկիչը», շուտով բոլորին փող կբաժանի, «ինչպես իր հայրենի գյուղում է արել», ամբողջ երկրում կվերացնի կոմունալ վճարումները և չեղյալ կհայտարարի բանկերին քաղաքացիների ունեցած պարտքերը: Իսկ ինչպես հայտնի է, հասարակ մարդկանց հավատն ու հույսը խորտակելը շատ վտանգավոր բան է: Նոր առաջնորդն առանձնապես աչքի չի ընկնում նաև քաղաքական հմտությամբ: Հիշենք հենց միայն նրա հայտարարությունը վրացահայության մասին և ոչ պակաս անհաջող ուղղումը (հայերին ու հրեաներին, նրանց սփյուռքին օտար միջավայրում գոյատևելու համար կարող է նախանձել կա՛մ խիստ անգրագետ, կա՛մ էլ անչափ ցինիկ մեկը): Ժողովրդավարությունն էլ, շատ հավանական է, նրա ամենաուժեղ կողմերից չէ. իր առաջին ասուլիսում Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ «չի հալածի իր քաղաքական հակառակորդներին», բայց երեք անգամ կրկնել է, որ օրենք խախտած մարդիկ «արժանի պատիժ կկրեն» (նրա որոշ զինակիցներ պահանջում են ցուցադրական դատ սարքել Սաակաշվիլու և նրա կառավարության անդամների դեմ` Նյուրնբերգյան դատավարության նման):
Սակայն շատ ավելի կարևոր ու ահավոր է վրացի հայտնի լուսանկարիչ և բլոգեր Զուրաբ Ջավախաձեի այն պնդումը, որ «Վրացական երազանք» կոալիցիան իրենից ներկայացնում է «քաղաքական անհաջողակների ու «օրենքով գողերի» հետ կապեր ունեցող տարրերի մի խառնակույտ», որ, օրինակ, նոր պատգամավորներից մեկը` Շալվա Խաչապուրիձեն, մի մարդ, որը պաշտպանում է «օրենքով գողերի» շահերը, Ռուսաստան է մեկնել հաշվետու լինելու Ալեքսանդր Էբրալիձեին (ԸսՌՍ-ՐօվՏՍ)`«կատարված աշխատանքի մասին»: Այսինքն, ինչպես նա է պնդում, «Վրաստանը կարող է կրկնել ՈՒկրաինայի սցենարը, ուր ժողովրդավարական ընտրությունների հետևանքով իշխանության եկան քրեական և ավտորիտար մտածողությամբ մարդիկ»: Նրա վարկածի հավանականության ապացույց կարող են ծառայել վրացի քաղգործիչների և քրեական հեղինակությունների` ընտրությունների նախօրեին Ֆրանսիայում կայացած հանդիպումը, երկրում քրեածին իրադրության կտրուկ սրումը (միայն մեկ օրում Թբիլիսիում կատարվել է չորս զինված հարձակում, որոնցից երեքը` բանկերի վրա) և Սաակաշվիլու զգուշացումը, որ «օրենքով գողերը չպետք է մտնեն երկիր»: Ի դեպ, նրանք, ովքեր սիրում են ներկա նախագահին «բռնակալ» անվանել, հապա թող մտածեն, թե այդ ինչպե՞ս է հնարավոր առանց կոշտության հակակոռուպցիոն բարեփոխումներ կատարել: Հիշեցնենք, Սաակաշվիլին բազմիցս պնդել է, որ Ռուսաստանում քրեական հեղինակությունների 90 տոկոսը վրացի է, և որ «մեր գլխավոր արտահանվող արտադրանքը Ռուսաստան ոչ թե գինին է, այլ «օրենքով գողերն» ու քրեական այլ տարրեր»: Ինչ էլ ասեն Վրաստանի նախագահի մասին, նրա պայքարը նախկին խորհրդային երկրներում տարածում գտած երևույթի (քրեական տարրերի թափանցումը քաղաքականություն) դեմ, հնարավոր է, նրա գլխավոր վաստակն է (ի միջի այլոց, ինչպես պնդում են որոշ ռուս փորձագետներ, 1998 թ. ֆինանսական ճգնաժամից հետո հանցավոր աշխարհի պարագլուխներն սկսեցին ավելի համառորեն, զանգվածաբար ներթափանցել քաղաքական կառույցներ, և հիմա հազվադեպ է ընտրարշավ լինում, հատկապես ՌԴ տեղական կառավարման ոլորտում, որ քրեական աշխարհից թեկնածուներ չլինեն): ՈՒ երևի պատահական չեն երկրի ոչ հեռու մաֆիական անցյալի վերածնության երկյուղները (ինչից Վրաստանը, ըստ էության, կարողացել է ազատվել) վրացական հանրության և քաղաքական վերնախավի շրջանում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ, չնայած զանգվածային բարեգործություններին ու վեհապատիվ տեսքին, օլիգարխները, ընդ որում, ամբողջ նախկին խորհրդային տարածքում և, փաստորեն, միշտ «Ռոկֆելլերներից առաջինը չեն, ում զավակները շատ ավելի քաղաքակիրթ կլինեն», և նույնիսկ բանը փողերի քանակը չէ, այլ դրանց ստացման եղանակը:
Իսկ «հետո և հաճախ արյամբ» ձեռք բերված դիրքերը, համաձայնեք, ոչ ոք հենց այնպես չի զիջում: Այստեղ հիշատակենք, մեր կարծիքով, մի հետաքրքիր զուգադիպություն: Ինչպես հայտնի է, ՌԴ Պետդումայում ուզում են պաշտոնյաներին ու քաղգործիչներին զրկել արտասահմանում ունեցած անշարժ գույքից ու փողից: Սակայն խորամանկ պատգամավորները կարծես ելքը գտել են: Նրանք մտադիր են թույլատրել անշարժ գույք տնօրինել նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում: Օրինագծի հեղինակ Վյաչեսլավ Լիսակովը հայտարարել է, թե այդ ուղղումները, ամենայն հավանականությամբ, կմտնեն օրենքի տեքստի մեջ. «Մենք լիովին կարող ենք նախկին խորհրդային տարածությունը դարձնել մի գոտի, որին օրենքը չի առնչվի»: Այսինքն, նահանջի ճանապարհը շատ հաջող գտնված է: Իսկ «բարեբեր Վրաստանը» հիմա արդեն նոր իշխանության գալստյամբ, եթե նկատի առնենք նաև Մոսկվայի հետ հարաբերությունների ակնկալվող բարելավումը, լիովին կարող է դառնալ ոչ վերջինը` «համեղ պատառների» հերթում: ՈՒ էլի մի խիստ զգաստացնող, հանգամանք: Ընտրությունների նախօրեին Իվանիշվիլին ռուսական հեղինակավոր Forbes.ru կայքում հռչակել էր, որ ինքը քաղաքականության մեջ երկար չի մնա, ընդամենը 2-3 տարի, որ հույս ունի այդ ընթացքում հասցնել` «մեկ տարի ընդդիմություն, և մեկ-երկու տարի կառավարություն», իսկ հետո մնալ որպես հասարակության ակտիվ անդամ` «կլինեմ քաղաքականությունից դուրս, բայց քաղաքականությանը մերձ»: Իշխանության մեջ երկու տարի` խոստացված բարեփոխումների կատարման համար, երևի, մեծ ժամկետ չէ: Իսկ այլ ծրագրերի համա՞ր:
Ավարտելով, նորից հիշատակենք վրացի բլոգերների խոսքերը` «Վրացիները գլխացավի հարցը լուծեցին գիլիոտինով: Անցած ընտրությունները, այսպես ասած, հաղթանակ էին երկրի ապագայի նկատմամբ»: Հուսանք, որ նրանք ճիշտ չեն: Առավել ևս, որ նոր ընդդիմությունն ու նրա առաջնորդը, իհարկե, հեշտ կյանք չեն տա իրենց ընդդիմախոսներին:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ