Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ոմանց ճանապարհը ոմանց փակուղին է դառնում

Ոմանց ճանապարհը ոմանց փակուղին է դառնում
12.10.2012 | 12:45

Նախորդ հրապարակումից հետո ինձ մեղադրեցին երկու մահացու մեղքերի մեջ, որ ուզում եմ հընթացս հերքել. առաջին, որ իրականում ես համոզում եմ հրաժարվել քաղաքական պայքարից, և երկրորդ, որ ես ապատիայի, թե նիրվանայի մեջ եմ և փիլիսոփայությամբ եմ փոխարինել մասնագիտությունս: Երկրորդը, իհարկե, կարելի էր նաև հաճոյախոսություն համարել: Այն, որ ՀԱԿ-ում սպասում են Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, հասկանալի է, որովհետև միայն Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի որոշի, թե ինչ է անելու Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է ԲՀԿ-ի որոշմանը: ԲՀԿ-ն սպասում է ներսի ու դրսի որոշումների համադրմանը և ՀՀԿ-ի որոշմանը, ՀՀԿ-ն սպասում է ընտրությունների օրվան: 

Այս գլոբալ սպասման մեջ քաղաքականություն չկա, կա չպարտվելու, ունեցածը չկորցնելու, չունեցածն ունենալու գլոբալ ձգտում, որը չի կարող հետաքրքրել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև նրան պետք է բուն քաղաքականությունը, որը որոշում է իր ճակատագիրը: Եթե սա քաղաքական պայքարից հրաժարվելու կոչ է, ուրեմն եկեք սահմանենք` ո՞րն է քաղաքականությունը, ո՞րն է պայքարը, և ո՞րն է հրաժարումը: Տրամագծորեն հակառակը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանատու է իր երկրում վարվող քաղաքականության բովանդակության ու որակի համար, և եթե այդ քաղաքականությունը չափազանց հաճախ է փոխարինվում տուրևառով, նաև այդ քաղաքացու մեղքն է: Այս ամենը փակ շրջանակ է: Փակ շրջանակ, որին բոլորը հարմարվել են: Եթե քաղաքականությունը հայկական տարբերակով բոլորի բոլորին սպասելն է, լավ իմանալով հանդերձ, որ որոշումներն ընդունվում են այլ հարթակում, ես իրավունք ունեմ այլ քաղաքականություն ակնկալելու, որովհետև ինձ ոչ ոք հավերժություն չի խոստացել ու չի վերապահել, իմ կյանքի ժամանակը սա է, այս օրվա մեջ իմ չարածը վաղվա օրվա մեջ ես չեմ անելու, որովհետև վաղն անելու եմ վաղվա անելիքը: ՈՒ պարզագույն այս իրողությունը բնավ փիլիսոփայություն չէ, այլ իրոք կոչ է` նվազագույնը մտածելու, առավելագույնը` գործելու:
Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում բոլոր իրադարձությունները փոխշաղկապված են, և ամեն մի դրվագ լրացնում է ընդհանուր խճանկարը, ես ընդունում եմ, որ ոչ միշտ է վերջնական համայնապատկերը տեսանելի առանձին պատկերների մեջ, կան պատկերներ ու կան դրվագներ, որ ոչնչի հետ կապ չունեն, իսկ թվում են համարյա թե գլխավոր ու գերակա: Ոսկու ու ոսկու պես պսպղացող պղնձի հայտնի պատմությունն է` ոսկին մնում է ոսկի, պղինձը ժամանակի մեջ ի հայտ է բերում իր պղինձ լինելը: Մանրամասների մեջ ապրող սատանան մի օր դրսևորում է իր զորությունը և ասում է` սա է փակուղին, ճանապարհը ինքներդ գտեք: Իսկ դուք արդեն վատնել եք ժամանակը, որ տրված էր ճանապարհը գտնելու համար, և ձեզ առավելագույնը մնում է փակուղուն հարմարվելը, որովհետև դուք ժամանակ չունեք այլևս: ՈՒ հենց այդպես Լևոն Տեր-Պետրոսյանին մնում է սպասել Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանին մնում է սպասել Ռոբերտ Քոչարյանի և ընկերության որոշմանը, Ռոբերտ Քոչարյանին և ընկերությանը մնում է առևտուր անել ՀՀԿ-ի հետ` ներկայի ու ապագայի բարեկեցության և քաղաքականության մեջ ծանրակշիռ ներկայության երաշխիքների համար: Զարմանալի չէ, որ ոմանց ճանապարհը ոմանց փակուղին է դառնում: Օրինակ, Վարդան Օսկանյանի պատմությունը` հանուն նրա համաեվրոպական անձեռնմխելիության, իհարկե, ԵԽԽՎ-ի ԲՀԿ-ական պատգամավորները կարող են հրաժարվել պատվիրակության անդամությունից, բայց եթե նույնիսկ Հանթսմանն էլ Վարդան Օսկանյանին մեղադրի իր գումարները յուրացնելու մեջ` նպաստելով նրա համաշխարհային ընդդիմադիրի ու զոհի իմիջի ստեղծմանը, միևնույն է, Վարդան Օսկանյանը չի ձգում նախագահի թեկնածուի, ԲՀԿ-ն էլ չի ձգում ընդդիմության: Չի ձգում ու վերջ: Իսկ իշխանության հարթակում երկիշխանության կարիք առանձնապես չեն զգում, և ԲՀԿ-ական ծեքծեքումները դառնում են ձանձրալի ու տաղտկալի, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի` ծեքծեքումն էլ, ծեքծեքումից հրաժարումն էլ:
Ես լիովին հավատում եմ Գագիկ Ծառուկյանի անկեղծությանը, որ ինքն ամեն ինչ ունի և իշխանության չի ձգտում, որ ինքն իսկապես ուզում է մարդկանց կյանքը թեթևացնել, որ մի հազար անգամ ասել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում: Հավատում եմ, որ նրա բարեգործություններն էլ այդ նպատակն ունեն: Ամենամեծ խնդիրը երկիրը բարգավաճ դարձնելու ԲՀԿ-ի պատկերացումներն են, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կարող է խրվել տնայնագործության ու չարչիության տիղմի մեջ, եթե արդեն չի խեղդվում այդ տիղմում: Հեռանկարը նման է հորիզոնի գծին` որքան մոտենում ես, այնքան հեռանում է: Եվ դա ճիշտ է, որովհետև կատարելության ճանապարհը կանգառներ ունի, բայց վերջնագիծ չունի: ԲՀԿ-ի կատարելությունը բարեկեցիկ կանգառն է, որից այն կողմ ոչինչ չի երևում, որովհետև ուղղակի չկա:

Սա` հընթացս և ի հավելումն նախորդ հրապարակման:
Շաբաթվա ամենամեծ սկանդալը Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությունն էր: Ես չգիտեմ` դիվանագիտական ինչ ճանապարհ է անցել Հայաստանում ՌԴ դեսպանը, բայց ակնհայտ է, որ նրա պահվածքը դիվանագետին բնավ վայել չէ: Վյաչեսլավ Կովալենկոն կարծես մոռացել է, որ ՌԴ նահանգում չէ, որ ԽՍՀՄ-ը վաղուց գոյություն չունի, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության վասալը չէ: Եվ` ընդհանրապես վասալային հարաբերությունները վերացել են վաղուց` նույնիսկ այն երկրների պարագայում, որ հին ու նոր աշխարհներում իրենց դերը տեսնում են կայսերապետական իղձերի կենսագործման մեջ: Վյաչեսլավ Կովալենկոն հավանաբար նաև մոռացել է, թե ինչ իրավիճակ է իր երկրում: Մոռացել է կամ չգիտի Ռուսաստանի Դաշնության ժողովրդագրական վիճակը, ծնելության ու մահացության հարաբերակցության, հարբեցողության ու թմրամոլության վիճակագրությունը, մոռացել է կամ չգիտի չինական ներխուժման դեմ սահմանամերձ տարածքների ու ամբողջ երկրամասի պաշտպանության անհրաժեշտությունը, ՌԴ-ից զանգվածային արտագաղթի իրողությունը: Քաղաքական խնդիրները թողնենք մի կողմ: Առայժմ: Հիշեցնենք, որ ՌԴ-ն փոփոխություններ է կատարել «Հայրենակիցներ» ծրագրում: Ի վերջո, ծրագիրը բոլորովին էլ հայրենակիցներին չի վերաբերում և հանուն բովանդակության հետ ներդաշնակության կարելի էր անվանել «Վերաբնակիչներ» կամ «Հայրենակիցներ ավանսով»: Ծրագրում վերացվել են «բյուրոկրատական որոշ խոչընդոտներ», ընդլայնվել է ընտանիքի անդամների ներգրավվածությունը` պապեր, տատեր, չափահաս եղբայրներ, քույրեր, որդեգրված երեխաներ, այսինքն` գնում ես, գնա, հետ նայելու մարդ մի թող, որ նրան հեռվից հեռու կարոտելու, վերադարձի, ի վերջո պահելու խնդիր ունենաս, այսինքն` հավաքվիր տնով-տեղով, ցեղով գնա ու տրանսֆերտ չուղարկես: ՌԴ տարածքային զարգացման նախարարության ազգամիջյան հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին պարզ ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովելու 300 000 միգրանտների հոսք դեպի Ռուսաստան: Ճիշտ է, հավելել է` առաջին հերթին մերձավոր ու հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին: ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության հայրենակիցների գործերով խորհրդական Դմիտրի Կոսաչևն էլ 90000 հայրենակիցների ՌԴ տեղափոխվելու մասին է ասել: «Հայրենակիցներ» ծրագիրը 2006 թվականին է սկսվել, նախատեսված էր ավարտել 6 տարում` 2012-ին, սկզբում առանց մեծ հաջողության էր գործում, բայց 2010 թ. Ռուսաստան «վերադարձավ» 13000 «հայրենակից», 2011-ին` 32000, 2012-ին արդեն 34000, ևս 50000 ակնկալվում է: Կոնստանտին Կոսաչևը նաև երկրներն է նշել` ՈՒզբեկստան, Ղրղզստան, Մոլդովա, Հայաստան: 2012-ի սեպտեմբերին որոշվեց ծրագիրը դարձնել անժամկետ և տեղափոխվողների համար ավելի շահեկան: 2013 թվականին Ռուսաստանում մեծ կամ փոքր շուքով կնշվի Ռոմանովների արքայատոհմի 400-ամյակը, ճիշտ է` վերջին 100 տարին գահազուրկ: Բայց դա չէ կարևորը, կարևորը, որ Ռուսաստանում լավ հիշում են, թե ովքեր և ինչ պայմաններում են բնակեցրել ու շենացրել իրենց հսկայական տարածքները, կայսրերն ու կայսրուհիները ինչ արտոնություններ են տվել, տարածքներ ու գումարներ, եկեղեցիներ ու դպրոցներ կառուցելու, թերթեր ու գրքեր հրատարակելու: Վյաչեսլավ Կովալենկոն հայրենի երկրի պատմությունը գիտի՞: Թե՞ այդքան խորապես է համոզված, որ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»: Որտե՞ղ: Հանապազօրյա հացի գնի մե՞ջ: «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրո՞ւմ, որ քանի՞ աշխատատեղ էր նախատեսում ու քանի՞սը ստեղծեց, Հայաստանի մեջ պտտվող երկաթուղո՞ւ մեջ, որ կայարանների վերականգնում էր խոստանում, շարժակազմի արդիականացում, բեռների ու ուղևորափոխադրումների բազմապատկում, մնացածի մասին չասեմ: Իսկ ո՞ւր հասանք: Վնասով աշխատելո՞ւն:
Բայց դեսպանը` դեսպան, աշխարհում դեսպանների հետ ինչ ասես չի կատարվում: Ծանր ու վտանգավոր է նրանց աշխատանքը: Ինձ վիրավորում են ոչ թե նրա` դիվանագիտական շրջանակներում չտեղավորվող տոնն ու հայտարարությունները, այլ Հայաստանի պաշտոնական ու հասարակական լռությունը: ՈՒ ոչի՞նչ չունեն դեսպանին ասելու արտաքին գործերի նախարարությունում: Խորհրդարանում: Միշտ հայրենասեր կուսակցությունները: Իշխանության գործունեությունից միշտ դժգոհ ընդդիմությունը: Քաղաքացիական հասարակության բազում-բազում ներկայացուցիչներից որևէ մեկն իրեն վիրավորված չի՞ զգում, թե՞ համապատասխան ակցիայի պատվեր կամ վճար դեռ չի ստացել: Լրատվական դաշտում ինչո՞ւ են լռում, տաբո՞ւ է դրված թեմայի, ավելի ճիշտ` մեկնաբանության: Փաստորեն, բոլորը համաձայն են դեսպանի հետ, բացի վարչապետից, որ անտեղյակ-անտեղյակ մտահոգվում է ՌԴ միգրացիոն ծառայության իրականացրած պետական ծրագրով և անընդունելի է համարում իր ձևով ու ձևաչափով: Իսկ գուցե Տիգրան Սարգսյանը պարզապես հաշվել է` ինչքան ժամանակ է պետք սահմանամերձ Հայաստանը դատարկելու և սահմանամերձ Ռուսաստանում վերաբնակեցնելու համար, և դժգոհ է գործընթացի ձևից ու ձևաչափի՞ց: Այս լռությունը վտանգավոր ու դավադիր է նույնքան, որքան վտանգավոր ու դավադիր է հայաթափման գործիք դարձած ծրագիրը, որի նպատակը Ռուսաստանի շենացումն է, բայց ծառայում է Հայաստանի թուլացմանը: Ի վերջո, դեսպանները գալիս ու գնում են, փոխհարաբերությունների որակը, մակարդակը դեսպանները չեն որոշում, նրանք կատարող են: Խնդիրը մեր մեջ է, որ մեր երկրում թույլ ենք տալիս օտարին մեզ սովորեցնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՄԱԿ-ի ժողովրդագրական տվյալներով` Հայաստանի բնակչությունը մինչև 2025 թվականը կնվազի 25 տոկոսով, Ադրբեջանում կաճի 31 տոկոսով, Թուրքիայում` 43: Քանի՞ երկրում և ի՞նչ պայմաններով պիտի գործի «Գնա տուն» ծրագիրը հայերի համար: ՈՒ նրանք կգտնե՞ն իրենց տան տեղը, թե՞ ընդամենը կքայլեն դեպի բնակատեղի, գուցե նաև երգելով` «Սիրտս նման էն փլած տներ»:

 

Դիտվել է՝ 3676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ