Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քաղաքականության «տնտեսականացումը» դարձել է համաշխարհային միտում

Քաղաքականության «տնտեսականացումը» դարձել է համաշխարհային միտում
03.07.2012 | 11:44

Ներկայումս տեղի է ունենում Հայաստանում բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը նվիրված մի բանավեճ, ընդ որում, գլխավորապես նկատի են առնվում տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ ՈՒ թեև խոսվում է մի շարք ճյուղերի մասին, սակայն առարկայնորեն քննարկվում է միայն ՏՏ-ն։ Եվ դա հասկանալի է, որովհետև երկրում միայն այդ ճյուղն է բավականաչափ լայն զարգացում ստացել, այդ ոլորտի ներկայացուցիչները խորամուխ են լինում հենց ՏՏ խնդիրներում։ Խոսքը որոշակի մոտեցումների և կառուցվածքների մասին է, որ պետք է հաստատել բարձր տեխնոլոգիաների կառավարման ոլորտում։

Ինչ խոսք, դա կենսական և շատ կարևոր խնդիր է։ Այդ որոշումներից է մեծապես կախված մեր երկրի ապագան։ Դրա հետ մեկտեղ, տպավորություն է ստեղծվում, թե տեղի է ունենում հասկացությունների որոշ նենգափոխություն կամ, ավելի ճիշտ, չիմաստավորված փորձ է արվում «բարձրտեխնոլոգիական» ճյուղերն առանձնացնելու ազգային տնտեսական վիճակի համատեքստից։ Ես առիթ ունեցել եմ լինելու տարբեր երկրներում, ուր միանգամայն տարբեր գործոնների շնորհիվ հաջողվել է հասնել տնտեսական և տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի և արմատապես փոխել սեփական տնտեսական ուղղությունը։ Սակայն այդ երկրների մի մասում տեղի է ունենում ավանդական հասարակության անշեղ բեկում և արագ անցում հետարդյունաբերական կարգավիճակի, իսկ մյուսներում, առանձին ճյուղերի ակնառու նվաճումների կողքին, հասարակությունը, ընդհանուր առմամբ, մնում է ավանդական, նահապետական մակարդակի վրա։ Մի քանի տասնյակ միլիոն բնակչությամբ որոշ երկրներում, իրոք, հարկ եղավ զարգացման սկզբնական փուլում գիտակցաբար առանձնացնել հետարդյունաբերական հասարակությունն ավանդականից, բայց դա միայն հարկադրական միջոց էր, և բարձր տեխնոլոգիաները դարձան ամբողջ տնտեսության և հասարակության շարժիչ ուժը։ Հայաստանը կորցրել է արդյունաբերական երկրի իր կարգավիճակը, և մեր հասարակությունը, ավելի շուտ, դարձել է ագրարային-արհեստագործական, և այնպիսի «առաջանցիկ ոլորտներ», ինչպիսիք են կրթությունն ու տեխնոլոգիական ճյուղերը, սկսել են կողմնորոշվել դեպի արտաքին սպառողն ու եկամուտների արտաքին աղբյուրները։ Հայ հասարակությունը ծայրաստիճան աններդաշնակ է, բաղկացած է թույլ զուգակցված հասարակական շերտերից և հասարակական խմբերից։ Հայաստանում բարձրտեխնոլոգիական զարգացման «գաղափարախոսներն» ու «առաջամարտիկները» խոսում են ՏՏ ոլորտում ծայրաստիճան աննպաստ ակնկալիքների մասին, այն մասին, որ բավական շատ մասնագետներ են հեռանում հայրենիքից։ Շատ հարցերում Հայաստանը կրկնում է Հարավարևելյան Ասիայի պետությունների փորձը, ինչի մասին էլ մենք կփորձենք խոսել։ Մեծ թվով բարձրակարգ մասնագետներ չեն կարող կուտակվել մի երկրում, որը բարձրտեխնոլոգիականների դասին չի դասվում։ Կան նաև կասկածներ կրթության և կադրերի պատրաստման ազգային համակարգի լիարժեքության առնչությամբ։
Հայտնի է, որ դիպլոմավոր մասնագետներն ամենևին էլ համարժեք չեն և ստիպված են ստանալ «մասնավոր», լրացուցիչ պատրաստություն։ Առայժմ այնքան էլ հասկանալի չեն նաև այդ ճյուղի հեռանկարները Հայաստանում, որն ամենևին ինքնուրույն չէ սեփականության և կառավարման առումով։ Ի՞նչ կկատարվի, եթե մեր տարածաշրջանում ի հայտ գան մրցակիցներ, իսկ առավելությունները ցածր աշխատավարձի ոլորտում ժամանակի ընթացքում կորսվեն։ Սրանք տափակ հարցեր են, բայց լիովին բնական։ Ներկա փուլում շատ խնդիրներ կան, բայց գլխավորներն են կրթության և կադրերի պատրաստման համակարգը, տնտեսական գործունեության օբյեկտ լինելու հանգամանքը ՏՏ և այլ բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Այսինքն, ճյուղը պետք է դառնա ավելի ինքնուրույն ու ինքնաբավ, ընդունակ լինի ավելի ազատորեն աշխատելու արտաքին շուկաներում։ Հարկ է նշել, որ Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ներկա աշխարհաքաղաքական վիճակում, իսկ պաշտպանունակության ու կայունության գործոնն անվտանգության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառումն է։ Հայաստանը կարող էր կարևոր տեղ գրավել բարձրտեխնոլոգիական զինատեսակների արտադրության ու արտահանման ասպարեզում։ Առանց պաշտպանության ու անվտանգության ապահովման միջոցների արտադրության բարձր տեխնոլոգիաների ճյուղերի ցանկացած համալիր անկատար կլիներ։ Ինչպես նկատել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, այն երկրում, որտեղ բարձր տեխնոլոգիաները սոսկ տարաշխարհիկ բան են, չեն կարող կառուցվել նոր ատոմակայան, նմանատիպ այլ ձեռնարկություններ, որոնք պահանջում են դրանց գործառության ապահովման, արտադրանքի սպառման և հարակից ճյուղերի զարգացման համակարգ։
Ըստ երևույթին, Արևելյան Եվրոպայում դեռ չի ավարտվել տնտեսական գործունեության շուկայական պայմանների թեմայով բանավեճը, ասես շուկայի հարցերն ու խնդիրները դեռևս չեն լուծվել։ Կասկածից վեր է, որ աշխարհի հզոր տնտեսական կենտրոնների համար շատ օգտակար է «շուկայականության մասին» բանավեճը պահել լարված վիճակում։ Այս առումով, Հայաստանն ավելի «առաջանցիկ» երկիր է, քանի որ «շուկայականության» խնդիրը լուծվում է, ինչպես շատերին է թվում, մեկընդմիշտ։ Հեռուստատեսային քաղաքական բանավեճերից մեկի ժամանակ մի ճանաչված քաղաքական գործիչ այն միտքը հայտնեց, որ «պետությունն ամենավատ մենեջերն է»։ Բայց հենց ազգային պետությունները, ավելի ճիշտ, նրանց քաղաքականությունն է դարձել արդյունաբերության, իսկ հետո նաև բարձրտեխնոլոգիական արդյունաբերության առաջացման կարևորագույն գործոնը։ Լավ կլիներ հասկանալ, որ Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերները, ինչպես նաև տնտեսապես գերզարգացած այլ պետությունների ղեկավարներ ոչ միայն լոբբինգ են անում, այլև որպես մենեջերներ են հանդես գալիս պաշտպանական և քաղաքացիական բնույթի արտադրանքը (ռազմանավեր, մարդատար օդանավեր և մարտական ինքնաթիռներ, երկաթուղային լոկոմոտիվներ և ատոմային ու ջերմային էլեկտրակայաններ, միջտարածաշրջանային գազամուղներ, ավտոհավաքման ձեռնարկություններ և ուրիշ շատ արտադրատեսակներ համաշխարհային շուկաներ մտցնելու օգտին։ Դրա հետ մեկտեղ, դա, իհարկե, տեղի է ունենում քաղաքական և տնտեսական շահերի կցույթում, այսինքն, ձեռնարկատերերի, քաղաքականության և հասարակության շահերի զուգորդման պայմաններում։ Համաշխարհային միտումներից է դարձել քաղաքականության «տնտեսականացումը», և առաջատար քաղգործիչների շարքում ավելի ու ավելի են շատանում մենեջերները, ովքեր հաջողություն ունեն առևտրային ընկերություններում։ Ընդ որում, իհարկե, պետությունը, ավելի ճիշտ կառավարությունը, հանդես գալով մենեջերի դերում, շարունակում է աշխատել շուկայական պայմաններում։ Հայաստանը փոխադրական և հաղորդակցական համակարգերի «պոչից է քայլում», նրա ենթակառուցվածքները զգալի չափով հետ են մնում ամբողջ տնտեսությունից։ Ենթակառուցվածքները, նախ և առաջ` հաղորդակցական, զարգացնելու և պատշաճ մակարդակի հասցնելու համար, անգամ բարենպաստ պայմաններում, առնվազն 15-20 տարի կպահանջվի։ Հայաստանի տնտեսական կարողությունները չեն համապատասխանում այն խնդիրներին, որ անհրաժեշտ է իրականացնել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հայաստանի ձեռնարկատիրական խավը չունի ո՛չ նկարագիր, ո՛չ փորձ, ո՛չ էլ կրթություն` խնդիրները հասկանալու և առաջադրելու համար։ Բերվող ամեն կարգի «օբյեկտիվ» գործոնները, ինչպիսիք են կոռուպցիան, օլիգարխիական և մենաշնորհային պայմանները, իրականում վճռորոշ չեն Հայաստանի տնտեսական հետամնացության հարցում։ «Շրջափակման» պատճառաբանությունը պարզապես մտացածին է, և անգամ դրական դեր է խաղում` կատարելով պաշտպանական գործառույթ։ Այդ ամբողջ բարբաջանքը «շրջափակման» պայմանների շուրջ պարզապես ամբոխավարություն է։ Հարց է առաջանում` ինչո՞ւ հայ ձեռնարկատերերը ներդրումներ չեն անում բարձրտեխնոլոգիական ճյուղերում։ Այդ ճյուղերին բնորոշ են դյուրակիր հումքը, վերջնական արտադրանքը, քիչ էներգատարությունը, շահույթի բավական բարձր նիշը, մասնագետների առկայությունը կամ էլ մասնագիտական բազայի զարգացման հեռանկարները։ Պատասխանը կարող է լինել հետևյալը. հայկական բիզնես միջավայրի կրթվածությունն ու գիտակցությունը դեռևս գտնվում են երրորդ աշխարհի հետնապահ երկրների մակարդակում։
Հայ ձեռնարկատերերի համար գոյություն ունի առարկայական մի ցանկ` կոշիկ, կոնյակ, պահածո, ցեմենտ, քար։ Դա կարելի է ոչ միայն շոշափել, այլև ընկալել։ Ով ուզում է աշխատել, աշխատում է։ Հարկ է նշել, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Պորտուգալիան, Հունաստանը, Իսպանիան, Իռլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Եվրամիության կազմում են, բայց տնտեսական և սոցիալական առումով շատ հետ են Եվրոպայի առաջատար և մյուս երկրներից, քանի որ «պետությունն» ու «ազգը», ըստ Մաքս Վեբերի, «իդեալական կերպարներ» են, և դա պետք չէ մոռանալ համեմատություններ անելով։ Հարցը միայն առանձին ոլորտներում և ճյուղերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը չէ։ Բարձրտեխնոլոգիական պետք լինեն ամբողջ տնտեսությունը, դրա բոլոր ճյուղերը։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է զարգացած շուկաներում սննդի արտադրանքի վաճառահանման հույսեր փայփայել` առանց բարձր տեխնոլոգիաների և նոր նվաճումների կիրառման։ Պետք է հասկանալ, որ Հայաստանում տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումն անհնար է սովորական կամ ոչ արդիական տեխնոլոգիաներով, անօգուտ կլիներ մեծ միջոցներ ծախսել այսօրվա տեխնոլոգիաների ստեղծման համար։
Սակայն միայն կառավարության մասնակցությունը չի կարող հանգեցնել արդյունավետ տեխնոլոգիական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Այդ քաղաքականության իրականացման գործում անհրաժեշտ է միաձուլել պետության և մասնավոր ձեռնարկատիրության ջանքերը, այսինքն, ստեղծել խառը տիպի հաստատություններ։ Նման մի բան Իսրայելում էր ստեղծվել 60-ականների վերջին` ամերիկա-իսրայելական հիմնադրամների ձևով, որոնց մասնակցում էին ամերիկյան և իսրայելական կառավարական հիմնարկներ, ինստիտուտներ և լաբորատորիաներ, ընկերություններ ու բանկեր, համալսարաններ ու այլ կրթական հաստատություններ, բարեգործական ու հասարակական կազմակերպություններ։ Նման հիմնադրամներ Իսրայելում ստեղծվել էին տասնյակներով, ինչի շնորհիվ էլ նա դարձավ բարձրտեխնոլոգիական երկիր։ Մինչև 70-ականների սկիզբը Իսրայելի արդյունաբերությունն իրենից ներկայացնում էր դարն ապրած արտադրությունների, թեթև ու սննդի ճյուղերի, որոշ քիմիական և մետաղամշակման ձեռնարկությունների մի հավաքածու։ Հասկանալի էր դարձել, որ դրանք ոչ ոքի պետք չեն, քանի որ վերջիններս արտադրանքը չի կարող մրցակցել արտաքին շուկաներում։ Միայն 10-15 տարի հետո, Իսրայելում տեխնոլոգիական նոր քաղաքականության իրագործման շնորհիվ, ստացվեցին առաջին շոշափելի արդյունքները։ Հիմա չկան արդիական քաղաքականություն վարող այնպիսի պետություններ, որոնք տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող կազմակերպական կառուցվածքներ չունենան։
Ռուսաստանում փորձեր են արվում իրացնելու «Սկոլկովո» բարձրտեխնոլոգիական նախագիծը, որն արժանացել է ակադեմիական գիտնականների խիստ քննադատական գնահատականին։ Այդ նախագիծը Ռուսաստանի պայմանների համար «գաղութատիրական» բնույթ է կրում, զգալիորեն կտրված է ռուսական կրթական համակարգից, գիտության և տեխնիկայի ընդհանուր զարգացումից, չի ընկալվում ռուս ձեռնարկատերերի կողմից։ Կարո՞ղ է ապագա ունենալ նման նախագիծը։
Տեխնոլոգիական քաղաքականությունը մի հասարակական-քաղաքական ուղղահայաց է, որը միավորում է ամբողջ հասարակությունը։ Կարելի է անվերջ լսել ընտրությունների անարդարության, քաղաքացիական հասարակության չկայացածության, հասարակական բազում արատների մասին, բայց ընտրությունները հասարակության զարգացման վերջին փուլն են, որի հիմքը միջին խավն է։ Իսկ շահագրգռվա՞ծ են, արդյոք, ներկայիս «վերևներն» ու «ներքևները» միջին խավի ձևավորմամբ։ Տեխնոլոգիական քաղաքականության առավել կարևոր արդյունքը հենց միջին խավի զարգացումն է` որպես հասարակության օրգանական մասի և երկրի զարգացման երաշխավորի։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ