Տեղին հակազդեցության չարժանանալով՝ հակառակորդն ավելի է նախահարձակ լինում և լպիրշանում. հերթական ապացույցը՝ Ադրբեջան հորջորջվող բռնապետության ղեկավար Ալիևի ղաչաղաբարո բարբաջանքներն ու հոխորտանքներն են՝ ուղղված Արցախի պետական ինստիտուտներին ու անձերին:
Առանց կրակոցի ստանալով Լաչինը, հարավկովկասյան այդ մեծ ավազակը կրկին ու կրկին, առավել անվանական ու որոշակի, սպառնում է արցախցիներին, Հայաստանին և ողջ հայությանը:
Օրեր են անցել նրա լաչինյան մենաթատրոնից, մինչդեռ հայկական դաշտից համարժեք պատասխան չկա, եթե չհաշվենք առանձին անհատների արձագանքները, որոնք էլ, ավելի շուտ, առանձնանում են բարեկիրթ անհամաձայնության ձևակերպումներով:
Որտե՞ղ են մեր քաղաքական, հասարակական, փորձագիտական, քարոզչական ու այլևայլ կառույցներն ու այն պատասխանատու քաղաքացիները, ովքեր ալիևյան հերթական վայրահաչությանն ի պատասխան, նրան պետք է կապեն շան հետ:
Թե՞ նրանք տարված են միայն ներհայկական թնջուկներով ու պերսոնաներով, որոնց վրա են սևեռվում ամբողջ թափով ու թույնով:
Իսկ թշնամու հետ նրանք գործ չունե՞ն…
Մենք ակնհայտորեն պարտվում ենք նաև տեղեկատվական պատերազմում: Չեմ կարծում, թե այստեղ հիմնական ծանրությունը պիտի կրեն արցախյան աղբյուրները, դա նաև հայաստանյան, ավելին՝ համահայկական առաջնահերթ պարտավորություն է: Արցախը պատասխանում է գրեթե այնքան ու այնպես, որքան թույլ է տալիս նրա ներկայիս կացությունը, թեև ակտիվանալու, առավել համարձակ գործելու տեղ, իրոք, դեռ կա: Տեղեկատվական պատերազմի հիմնական բեռն իր վրա պետք է կրի հայաստանյան հանրությունը, հենց դա է թելադրում իրավիճակը: Ցավոք, տեսնում ենք, որ ՀՀ պետական հաստատությունները թույլ կամ գրեթե զրոյական մակարդակով են հակադրվում ադրեջանական տեղեկատվական ագրեսիային, կարծելով, թե այդպես նոր հակամարտության առիթ չեն տալիս: Լրիվ հակառակը. թշնամին պարզ տեսնում է, որ իր դեմ կանգնած է անկարող ու վախկոտ մի մարմին, և անկախ նրա հաշվարկներից ու պահվածքից, հետևողականորեն ջանում է բացարձակ առավելության հասնել այս գոտեմարտում:
Միայն քաղաքական վերնախավը չէ, այսօր ամբողջ Ադրբեջանն է վայրահաչում հայության դեմ:
Դիմում եմ հայոգի և մեր ոխերիմ թշնամուն արմատապես մերժող բոլոր անհատներին. թքած ունեցեք, թե ինչ է անում կամ ինչ է պարտավոր անել հայկական իշխանությունը ներկա պահին, ձեր կարևոր պարտքը համարեք՝ հակադարձել թշնամական հոխորտանքներին համարժեք ձևով՝ ձեր ճշմարիտ ու խիզախ խոսքով, պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, սուր ու խայթիչ տոնով:
Ալիևը և նրա ձայնակից ոհմակը կզգուշանան և ակամա չափի մեջ կմտնեն՝ բախվելով քարոզչական ուժեղ հակազդեցության:
Գոնե տեղեկատվական մարտադաշտում մենք պետք է հասնենք առավալության՝ ոչ պակաս նախահարձակ ու նպատակային ելույթներով, այդպես հնարավորինս նվազագույնի հասցնելով նոր ռազմական հակամարտության հավանականությունը: Դա հնարավոր է և պետք Է անել: Գուցե հատուկ կենտրոններ ստեղծելու կարիքը կա:
Խաղաղության հասնում են պայքարողները:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)