ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀԲԸՄ-ն պատրաստ է գործակցելու և վերակառուցելու

ՀԲԸՄ-ն պատրաստ է գործակցելու և վերակառուցելու
11.11.2020 | 15:21

Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը:

Մենք մահին հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։

Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը և քաջալերվենք մեր գոյության, տոկունության և կենսունակության ամենապայծառ օրինակներով։

Քառասունչորս օր շարունակ հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը և լսելի դարձրեց իր ձայնը։ Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ և գործակիցներ դարձան։ Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզ՝ ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբար՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր և մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը։

Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով։ Սա է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքերը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր և դեռևս ապաքինվում են, կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են։

Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը։ Արցախն է կանչում մեզ։ Ավելի քան երբևէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը։

Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասում։

ՀԲԸՄ-ն այստեղ է և պատրաստ է ծառայելու։ Պատրաստ է գործակցելու և վերակառուցելու։ Պատրաստ է աջակցելու պետականության հիմքերի ամրապնդմանը։ Պատրաստ է աջակցելու մեր ժողովրդին, մեր հաստատություններին, մեր կառավարությանն ու մեր եկեղեցուն և առաջնորդելու, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին։

Միությունը զորություն է:

Դիտվել է՝ 4136

Մեկնաբանություններ