ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)

Աշխարհի  նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)
03.11.2013 | 13:30

(սկիզբը` այստեղ)

ԳՅՈՒԼԵՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայում «Գյուլենի գործոնի» ահագնանալու մասին կառավարության հսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների պնդումները, երևում է, հաստատվում են։ Եվ մնում է միայն գուշակել, թե արդյոք դրա հետևանքները կանդրադառնա՞ն թուրքական քաղաքական վերնախավի վրա։ Եվ ոչ միայն «քաղաքական վերնախավի», այլև տարածաշրջանի, հաշվի առնելով Գյուլենի գլխավորած «Նուրջուլար» աղանդի սերտ կապերը ամերիկյան ԿՀՎ-ի հետ։ Գյուլենի դպրոցների նպատակն է մահմեդական վերնախավը վերակողմնորոշել դեպի Թուրքիա և ԱՄՆ, իսկ ավելի լայն առումով` կառուցել խալիֆայություն, թող որ բանական ու ազատական, բայց որտեղ ոչ մահմեդականները ունենան ստորացուցիչ փոքրամասնության դեր։ Տարածաշրջանի երկրների իշխանությունները վաղուց են հասկացել, որ գործ ունեն խորամանկ գաղափարական հակառակորդի հետ։ Օրինակ, Գյուլենն Ադրբեջանում իր դպրոցների միջոցով արդեն աճեցրել է մի երիտասարդ խավ, որն աստիճանաբար թափանցում է երկրի ղեկավար ոլորտ։ Եվ դա արևմտամետ, ամերիկամետ խավ է։ Գյուլենն ակտիվորեն աշխատում է նաև Ռուսաստանի ադրբեջանական սփյուռքի հետ։ Եվ կա մահացու վտանգ, որ ռուսաստանյան մահմեդականները հինգերորդ շարասյուն դառնան սեփական երկրում։
Ոչ այնքան վաղուց Թուրքիայի կառավարությունը ստեց, Օբամային ասելով, թե Սիրիայի հակամարտությունը կարելի է հարթել մի երկու շաբաթվա, լավ, ամսվա ընթացքում։ Թուրքերը ամերիկացիներին ներկայացրին մի կեղծ սցենար, ուր գլխավոր հիմնավորումն այն փաստն էր, թե Սիրիայի բնակչության մեծ մասը սուննիադավան է։ Հակաասադյան ուժերի հաղթանակը միանգամայն հավանական էր թվում։ Օբաման Էրդողանին ասել էր` օքեյ։ Դու ուզում ես, որ Թուրքիան դառնա տարածաշրջանային գլխավոր տերությունը Մերձավոր Արևելքում ու խոստանում ես հարթե՞լ այդ հակամարտությունը։ Առա՛ջ։ Մենք կաջակցենք քեզ, ինչով կարող ենք, բայց միայն ոչ ռազմական եղանակով... Փաստորեն ԱՄՆ-ը Թուրքիային վստահության քարտ էր տվել։ Ապստամբների համար նախատեսված ամբողջ սպառազինությունը Թուրքիայի վրայով էր գնում։
Սալաֆական (վահաբական) խմբավորումները փաստորեն հողին հավասարեցրին Սիրիայի ալավիաբնակ քաղաքները։ Որ Սիրիան ավերակների է վերածվել, թուրքական քաղաքականության հետևանքն է։ Իսկ ընդամենը մի երկու ամիս առաջ Օբաման հարցրել էր Էրդողանին. «Դու ինձ խոստացար վերջ տալ Ասադին, և ո՞ւր է արդյունքը»։ Իսկ ինչո՞ւ է Էրդողանն այդքան համառորեն հանդես գալիս Ասադի տապալման օգտին, թեև Թուրքիայի բնակչության 68 տոկոսը դեմ է սիրիական հակամարտությանը իր երկրի մասնակցությանը։ Նախ, Թուրքիան հսկայական օգուտ կքաղեր Սիրիայի ավերմունքից, որովհետև, համաձայն ծրագրի, հենց նրան պետք է հասնեին այդ երկրի վերականգնման հիմնական պայմանագրերը։ Ճիշտ և ճիշտ Իրաքի նման. ամերիկացիները դեռ ռմբակոծում էին Բաղդադը, իսկ խոշոր շինարարական կազմակերպություններն արդեն պատվերներ էին ստանում։ Երկրորդ, Դամասկոսում գտնվելը քաղաքական առումով խիստ կարևոր է։ Հենց այնտեղ է «Մերձավոր Արևելքի բանալին»։ Եվ բացի այդ, չէ՞ որ Լիբանանը պատմական և քաղաքական առումով մեծ Սիրիայի մասն է միայն։ Լինել Դամասկոսում նշանակում է ազդեցություն ունենալ պաղեստինյան հարցի, հետևաբար և` Իսրայելի վրա, դա նշանակում է վերահսկողություն ունենալ Լիբանանի և «Հըզբոլլահի» նկատմամբ, ինչպես նաև ազդեցություն Իրանի և Իրաքի վրա։ Չէ՞ որ հենց այդ է Էրդողանի մեծ երազանքը։ Մեծ Թուրքիայի իդեալական սցենար Օսմանյան կայսրության սահմաններում։ Խոսքը, իհարկե, ոչ թե տարածքային սահմանների, այլ ազդեցության` քաղաքական և տնտեսական ազդեցության սահմանների մասին է։
Սուննիադավանների և շիադավանների միջև կրոնական պատերազմն այսօր արդեն Մերձավոր Արևելքի «անձնական գործը» չէ։ Սուննիական գոտին ներառում է Սաուդյան Արաբիան, Քաթարը, Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան, Թուրքիան և, որքան էլ տարօրինակ լինի` հեռանկարային առումով շիական արևմտամետ Ադրբեջանը (որին Իրանի հետ պատերազմի դեպքում խոստացել են իրանական տարածքի մի «յուղոտ պատառ», ուր բնիկ ադրբեջանցիներ են ապրում)։ Գլխավոր հովանավորը Միացյալ Նահանգներն է։ Շիական աղեղը ներկայացնում են հիմնականում Իրանը, Լիբանանը, Իրաքը (մեծ մասը շիադավան է) և Սիրիան (որտեղ իշխանության գլուխ առայժմ շիադավաններն են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս, քանի որ հիանալի հասկանում են, որ պարտության դեպքում իրենց բոլորին ուղղակի «սրի կքաշեն»)։ Եվ այստեղ գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է (քանի որ հենց սուննիականներն էին հրահրել ու ֆինանսավորել ահաբեկչությունն ու Կովկասի «վահաբականացումը», նրանք էլ ուսուցանում էին արմատական իսլամիստների ջոկատներին, որոնք հիմա քարոզչություն են անում Ռուսաստանի մզկիթներում)։ Ըստ էության, Մերձավոր Արևելքում տաք պատերազմը նորից կվերաճի երկու տերությունների (ԱՄՆ և Ռուսաստան) միջև սառը պատերազմի։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՇԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Որովհետև շիական աղեղը լիովին թշնամական է ԱՄՆ-ի ազդեցության հանդեպ։ ԱՄՆ-ը Թուրքիան և կրոնական քարոզիչ Գյուլենի գաղտնի կայսրությունն օգտագործում է իրանական ազդեցության դեմ։ Սաուդյան Արաբիան և Քաթարը, որոնք ժամանակավորապես միավորվել են Իրանի դեմ, հսկայական փողեր են ներդնում Թուրքիայում որպես դաշնակիցներ։ Իսկ Էրդողանին հիմա «վզանց» փող է պետք Պարսից ծոցից, քանի որ գլխավոր առևտրական գործընկերը` ի դեմս Եվրամիության, խիստ տուժել է ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Սուննիական մահիկի գլխավոր նպատակը Իրանի դեմն առնելն է։ Սուննիականներն արդեն կորցրել են Իրաքը, որտեղ տիրություն են անում շիականները, և ուզում են դա հատուցել Սիրիայի հաշվին։ Բայց ի՞նչ ստացավ Թուրքիան, խառնվելով սիրիական գործերին։ Ոչինչ, բացի գլխացավանքից։ Էրդողանի` աշխարհով մեկ թնդացրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վերածվել է «զրո հարևան, միայն թշնամիներ» քաղաքականության։ Իրաքի գործերը դժվար են առաջ գնում, Իրանի հետ ևս խիստ բարդացել է, էլ չենք խոսում Սիրիայի մասին։
Բայց գլխավորն այն է, որ սկսել են փչանալ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները։ Եվ այն, որ ԱՄՆ-ը պաշտպանեց Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցերը, հետո էլ դրան միացրեց, այսպես կոչված, «մահմեդական Սորոսին»` Գյուլեն անունով, դա իր սիրիական քաղաքականությունը ձախողելու և նոր սուլթան դառնալու փորձերի համար Էրդողանին պատժելու եղանակ էր։ Սուլթանի կոչումը չէ՞ որ դեռ վաստակել է պետք։
Սակայն ամերիկացիները չէին էլ պատրաստվում մեջտեղից հանելու Էրդողանին։ Նրան հարկավոր էր ուղղակի տեղը դնել։ ՈՒ դրա համար նրանք օգտագործեցին մի շատ հարուստ ռեսուրս, որ հենց իրենց կողքին էր` «փենսիլվանիացի» Գյուլեն էֆենդու ցանցը։ Ինչո՞վ է այդքան հետաքրքիր այդ նորահայտ աղանդը։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ

ԽՍՀՄ փլուզումից հետո միանգամից ԱՊՀ-ին վրա ընկան արտասահմանյան տարբեր կազմակերպությունների մի քանի հարյուր ներկայացուցիչներ։ Մի քանիսը բավական անմեղ բնույթ էին կրում, փոխարենը մնացածները բարյացակամ մտադրություններով աչքի չէին ընկնում։ Այդ կազմակերպություններից մեկն էլ թուրքական «Նուրջուլար» աղանդն էր։ Տիրող քաղաքական անկայունության պատճառով «նուրականները» հեշտորեն կարողացան «կիսալեգալ» բջիջների ցանց ստեղծել ամբողջ նախկին խորհրդային տարածությունում։ Չեչնիայում բույն դրած մի այդպիսի ոչ մեծ բջիջ կարողացավ ազատորեն ամրանալ, ճյուղավորվել և բազմամյա ռազմական հակամարտություն հրահրել Հյուսիսային Կովկասում։ Չեչնիան, Դաղստանը, Ինգուշիան, Կաբարդա-Բալկարիան ամեն օր հաղորդում են «Նուրջուլարի» աղանդավորների արյունալի «ակտերի» մասին։ Բնական է, որ գերագույն դատարանն արդեն վաղուց արգելանք է դրել ՌԴ-ի տարածքում կազմակերպության գործունեության վրա։ Ինչի՞ են ուզում հասնել աղանդավորները։ Նրանց գլխավոր նպատակն է ստեղծել ¥այդ թվում` ռուսական հողերում¤ Կովկասյան Էմիրությունների անկախ պետություն։ Նպատակի իրականացման գործիք է դառնում տեղային ռազմական բախումների կամ ահաբեկչական գործողությունների բռնկումներով տեղի բնակչությանն անընդհատ վախի մթնոլորտում պահելը։ Աղանդավորները մինչև օրս էլ իրենց հետևորդներին համառորեն սովորեցնում են մահվան դրական ընկալում և հանուն ուսմունքի ինքնազոհաբերման պատրաստակամություն։ Նուրականները մշակված սխեմաներով ազատորեն թափանցում են երկրի իշխանության մարմիններ, կրթական հաստատություններ, ռազմավարական կարևոր օբյեկտներ։ Էրդողանի կառավարության նոր հրահանգի համաձայն, թուրք հայտնի աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի խնամակալությամբ գործող արտասահմանյան դպրոցների աշակերտներն իրավունք են ստանում բուհ ընդունվելու Թուրքիայում` առանց ընդունելության քննությունների։ Եվ նոր հրահանգից օգտվել է արդեն Ադրբեջանի տարածքում գործող 12 դպրոց, հաղորդում է ադրբեջանական նորությունների haqqin.az կայքը։ Նյութում նշվում է, որ Գյուլենի շարժումը, որն Ադրբեջանում հայտնի է նաև որպես «Նուրջուլար» (նուրականներ), լայն ճանաչում ունի երկրում իր կրթական ծրագրերով։ Երբ 1990-ականների սկզբին շարժումը նոր սկսում էր իր գործունեությունը Ադրբեջանում, չինովնիկները բավական ջերմորեն ողջունում էին այն։ Այն ժամանակ այդ երկրի իշխանությունները ձգտում էին շեշտը դնել ազգային քաղաքականության վրա, որը հենվում էր համաթյուրքական մշակութային կապերի վրա, ոչ թե իսլամական միսիոներական գործունեության։ «Չնայած պարբերական անհաջողություններին, Գյուլենի շարժումը կարողացավ ստեղծել մի արդյունավետ ցանց, որի մեջ մտնում են դպրոցների նախկին սաներ, բարեկամաբար տրամադրված պաշտոնյաներ ու շարժումը համակրող գործարարներ։ Նրանց դավանած գաղափարները` համեմատաբար չափավոր իսլամն ու թյուրքական ազգայնականությունը, արձագանք են գտնում Ադրբեջանի ավելի ու ավելի շատ բնակիչների սրտերում, մասնավորապես երիտասարդության, որոնք ի դեմս դրա տեսնում են այլընտրանք ինչպես ալիևյան վարչակազմի աշխարհիկ պետականության, այնպես էլ իրանական կարգի իսլամի նկատմամբ»,- գրում է կայքը։ Սակայն, ինչպես նշվում է նյութում, վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները սկսել են կասկածանքով նայել այդ շարժմանը։

ԳՅՈՒԼԵՆԻ ՇԱՐԺՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Ֆեթուլլահ Գյուլենը բնավ էլ այաթոլլահ Խոմեյնիի թուրքական տարբերակը չէ։ Գյուլենը ձգտում է ստեղծել նոր Օսմանյան կայսրություն, նոր «Մեծ Թուրան», որը ներառի աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջաններ` Բալկանները, Արաբական Արևելքը, Ռուսաստանի Դաշնությունը և Միջին Ասիան, այսինքն` Բալկանյան լեռներից մինչև Չինական մեծ պարիսպ ձգվող տարածքները, դրանով իսկ ձեռք բերելով հսկայական հնարավորություններ։
Այդ ծրագիրն այնքան էլ հեռու չէ իրողությունից և ենթադրում է. եթե իսլամական աշխարհը կարողանա համախմբվել, ապա, «ինչպես և 500 տարի առաջ», նրա գլուխ կկանգնի Թուրքիան։ Մասնավորապես, Գյուլենի աղանդին բնորոշ է այն երևույթը, որը քայքայիչ պաշտամունքներն ուսումնասիրող մասնագետներն անվանում են «ներքին, թաքուն խզում»։ Դրա էությունն այս է. Գյուլենի շարժման անդամներին հավաքագրելիս ¥ինչպես այլ լայնապարփակ աղանդների հավաքագրման պարագայում¤ մարդուն երբեք չեն հաղորդում աղանդի ուսմունքի ճշմարիտ իմաստը, նրա նպատակը և այն, որ աղանդի ներսում հետևորդի անձնական ազատությունը սահմանափակվելու է։ Սա է ավանդական կրոններից քայքայիչ բնույթի կրոնական նոր շարժումների (աղանդների) գլխավոր տարբերությունը։ Համեմատության համար կարելի է բերել հետևյալ օրինակը. քրիստոնեական կամ բուդդայական միաբանություն ընդունվելիս մարդը կանխավ գիտի, որ իր անձնական ազատությունը սահմանափակվելու է և կամովին, գիտակցաբար դիմում է այդ քայլին (ընդունվում է կրոնական միաբանություն)։ Բացի այդ, միաբանություն ընդունվողն արդեն, որպես կանոն, ծանոթ է լինում այն եկեղեցու ուսմունքին, որին պատկանում է միաբանությունը։
Ռուսաստանի և ՈՒկրաինայի տարածքում Գյուլենի աղանդի համար հավաքագրումը հաճախ սկսվում է նրանից, որ քարոզիչներն անվճար դասախոսություն են կարդում, օրինակ, «թուրքական մշակույթի», «կրոնների երկխոսության» կամ, ասենք, «քաղաքակրթությունների երկխոսության» թեմաներով։ Ընդ որում, դիմելով մարդկանց, գյուլականները, որպես կանոն, ասում են, որ իրենք ոչ թե կրոնական, այլ «կրթական» կամ «երիտասարդական-ուսանողական» կազմակերպություն են, կամ էլ թե` «կրոնների ու քաղաքակրթությունների երկխոսության օգտին հանդես եկող հասարակական կազմակերպություններ»։ Ներկա լինելով նման դասախոսության, մարդ սկզբում, իրոք, ոչինչ չի լսում կրոնի մասին` որպես այդպիսին (նա ոչինչ չի լսում ո՛չ իսլամի դավանաբանության, ո՛չ Գյուլենի կազմակերպության դավանաբանության մասին)։ Նա լսում է միայն ընդհանուր մտքեր բազմակրոն հասարակության մեջ հանդուրժողականության հասնելու անհրաժեշտության և բարոյականության համար, «ավանդական արժեքների համար» և «աշխարհի խաղաղության համար» պայքարի անհրաժեշտության մասին։
Երրորդ-չորրորդ դասախոսությանը, ասես պատահաբար, քարոզիչը խոսքի մեջ հիշատակում է, որ «հանդուրժողականության հասնելու» և «քաղաքակրթությունների երկխոսության» գործում հսկայական ավանդ են ներդրել «աշխարհի խաղաղության առաջամարտիկներ» Սայիդ Նուրսին և նրա հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենը։ Հետագա դասախոսություններից մեկում ունկնդիրն իմանում է, որ ինքը հնարավորություն ունի ավելին իմանալու այնպիսի ականավոր մարդկանց մասին, ինչպիսիք են Սայիդ Նուրսին և Ֆեթուլլահ Գյուլենը, ինչպես նաև օգտվելու Թուրքիա անվճար «կրթական» ուղևորություն կատարելու հնարավորությունից։ Բայց դրա համար սկզբում պետք է մասնակցել «քաղաքակրթությունների երկխոսության» կողմնակիցների` թեյի սեղանի շուրջ անցկացվող հավաքին, որը տեղի է ունենալու կամ մասնավոր բնակարանում, կամ էլ մերձքաղաքային առանձնատանը։ Մարդուն նման հավաքի հրավիրող գյուլենականները, որպես կանոն, խոսում են այն մասին, թե իրենք իդեալիստներ են և հավաքվում են, որ խոսեն տարբեր լավ բաների մասին` թե ինչպես կատարելագործեն մեր անկատար աշխարհը, ինչպես օգնեն բոլոր կարիքավորներին և աղքատներին, ինչպես ամրապնդեն բարոյականությունը հասարակության մեջ, ինչպես երիտասարդության շրջանում տարածեն ընտանիքի արժեքները և այլն։
Հավաքների «հրապուրելու» այդ մեթոդիկայում որոշակի նմանություն է նկատվում մունականների տոտալ աղանդի գործելակերպին։ Մարդուն հրապուրելով ներփակ հավաքի, գյուլենականները ջանում են ամեն ինչ անել, որ մարդուն դուր գա և նա ցանկանա հաջորդ հավաքներին էլ մասնակցել, և ամեն ինչ անում են մարդուն կազմակերպության մեջ պահելու համար։
Մարդն աստիճանաբար հասկանում է, որ կրոնական կազմակերպություն է ընկել։ Բայց նրան համոզում են, թե Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքը լիովին համապատասխանում է ավանդական իսլամին։ Օրինակի համար, մարդուն ասում են, թե կազմակերպության ուսմունքը հար և նման է ջադիդիզմին` XIX դարի վերջի-XX դարի սկզբի Ռուսական կայսրության մահմեդական ժողովուրդների շրջանում տարածված հասարակական-քաղաքական և ինտելեկտուալ շարժմանը, ընդ որում, իբր «ջադիդիզմը ավանդական իսլամի առաջադիմական ճյուղն է»։ Ընդ որում, իհարկե, ոչ մի խոսք չի ասվում կայսրապետական Ռուսաստանում ջադիդիզմի ջատագովների հակառուսական գործունեության մասին։ Սակայն գյուլենականների փակ հավաքներում տոն տվող «դաստիարակի» կամ «ուսուցչի» խոսքերում ժամանակի ընթացքում մշուշոտ մտքեր են տեղ գտնում այն մասին, թե Սայիդ Նուրսին ամբողջ մարդկության համար պակաս նշանավոր գործիչ չէ, քան իսլամական կրոնի հիմնադիր Մուհամմեդը։ Հաղորդվում է, որ «Ղուրանի սուրահներում և մահմեդական ականավոր աստվածաբանների աշխատություններում մենք տեսնում ենք մարգարեություն Սայիդ Նուրսիի գալստյան մասին»։ Աղանդի «ուսուցիչները», հենվելով Սայիդ Նուրսիի խոսքերի վրա, պնդում են, թե իբր Ղուրանում քողարկված կերպով մատնացույց է արվում Նուրսիի «Ռուսալե-ի Նուր» գիրքը, այդպիսով մահմեդականների համար սրբազան գրքի վարկն օգտագործվում է աղանդի հիմնադրի ստեղծագործությունները գովաբանելու համար։ Բանն այն է, որ Սայիդ Նուրսին Ղուրանի սուրահները մեկնաբանել է ոչ միայն իբրև մարգարեություն հենց իր մասին, այլև իբրև մարգարեություն իր «Ռուսալե-ի Նուր» գրքի մասին։ Աղանդի հիմնադրի այդ պնդումները հակասում են ավանդական իսլամին։ Ղուրանը (իսլամի սկզբունքը) Գյուլենի աղանդում փոխարինվում է Սայիդ Նուրսիի «Ռուսալե-ի Նուր» ժողովածուից վերցված տեքստերով։ Այս աղանդում Ղուրանի ընկալումն ու ըմբռնումը որոշվում են «Ռուսալե-ի Նուր»-ի բովանդակությամբ, որին վերաբերվում են իբրև սրբազան տեքստի, ինչպես նաև հենց իր` Ֆաթուլլահ Գյուլենի երկերով։
Որոշ ժամանակ հետո նորեկին հաղորդում են, թե Ֆեթուլլահ Գյուլենը արժանի շարունակողն է ինչպես Սայիդ Նուրսիի գործի, այնպես էլ իսլամի հիմնադիր Մուհամմեդի։ Ավելին, Գյուլենը, փաստորեն (գյուլենականների կարծիքով), իր արժանիքներով և իր դերով «հավասար է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Մուհամմեդ մարգարեն, Մովսես մարգարեն, Հիսուսը»։ Եթե մարդն ասում է, թե կրոնական առաջնորդների նկատմամբ նման վերաբերմունքը և նրանց մարգարեների օգտագործումը բնորոշ չեն իսլամին, ապա նրան ասում են, թե «անտեղյակները» հաճախ թշնամաբար են վերաբերվում այն ամենին, ինչը նրանց թվում է ոչ ավանդական, քանի որ «սովորական մարդիկ» սովորել են հին արժեքներին և հաճախ առանց մտածելու հետևում են դրանց։ Բայց եթե նայելու լինենք «քաջատեղյակ», «չշաղված» հայացքով, ապա կպարզվի (գյուլենականների կարծիքով), որ Ռուսաստանի ժողովուրդների ավանդական իսլամին հենց դա էլ պակասում է. խոսքը Սայիդ Նուրսիի և Ֆեթուլլահ Գյուլենի «առաջադիմական» հայացքների, ինչպես նաև աշխարհի երեսին ապրող բոլոր մարդկանց երջանկության համար այդ գործիչների դերի նկատմամբ «ճիշտ» հայացքների մասին է։ Ավելի լավ չէ՞ր լինի հրաժարվել «հին նախապաշարմունքներից» և ընդունել «նորը, թարմը, խելամիտը, առաջադիմականը»։ Մարդուն ասվում է, թե Գյուլենը «առաջադիմական բարեփոխիչ» է, որը վերափոխել է «իսլամի մեջ եղած որոշ հին բաներ», որպեսզի «բարեփոխվի ամբողջ աշխարհը»։ Սա էլ հենց «ներքին խզումն» է. մարդուն հրավիրել են մի «կրթական» կազմակերպություն, որը առնչություն չունի կրոնի հետ, բայց նա հայտնվել է միանգամայն այլ կազմակերպությունում` կրոնական, ընդ որում, այդ կազմակերպության անդամները «բարեփոխված» կրոն են դավանում, որն արմատապես տարբերվում է ավանդական իսլամից։


(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 14172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ