Թուրքական տանկերը փախան:
Կեսգիշեր էր: Մենք վերադառնում էինք դարաններից, երբ խավարի միջից հայտնվեց վիթխարի հասակով մի կին հսկա:
Նրա մի ձեռքին փոցխն էր, մյուս ձեռքին՝ թուրը: Կնոջ հետևից գնում էին եղաններով զինված չորս-հինգ կանայք:
Նրանք քայլում էին անխոս, հայացքները հառած առջևից գնացող կին հսկային:
Ո՛չ ձայն, ո՛չ շշուկ, ո՛չ աջ կամ ձախ նայել:
Կին հսկան քայլում էր գլուխը բարձր, առանց նայելու աջ և ձախ:
Քիչ հետո սկսեցին հայտնվել նորանոր կանայք:
Նրանք իջնում էին ծառերից, տների տանիքներից, բարձրանում էին թփերի միջից, հայտնվում էին այգիների մութ հատվածներից, ցանկապատերի տակից: Նույնիսկ այնտեղ, որտեղ թաքստոց չկար, կանայք կային: Նրանք պառկած էին գետնին:
Նրանք քսան-քսանհինգ տերեկանից մինչև հիսուն տարեկան էին: Չամուսնացած աղջիկներ չկային:
Կանայք զինված էին:
Մեկի ձեռքին դաշույն էր, մեկի ձեռքին՝ կացին, մեկի ձեռքին՝ ցաքատ կոչվող մետրանոց դանակ, մեկի ձեռքին՝ մահակ, մեկի ձեռքին՝ գերանդի, մեկի ձեռքին՝ շամփուր: Իրենց զանազան զենքերի հետ մեկտեղ նրանք կրում էին աշխարհի սարսափը՝ «Մոլոտովի կոկտեյլները»:
Այդ սարսափելի զենքի մի հարվածը մի տանկ է ոչնչացնում:
Մեր աչքի առաջ կանանց զորագունդ էր, թվով քառասուն-հիսուն հոգի: Նրանք անցնում էին մեր կողքով, քարացած դեմքերով, առանց նայելու շուրջը:
Ո՛չ ձայն, ո՛չ շշուկ:
Համակ լռություն էր:
Նրանց դեմքները ահեղ տեսք ունեին, այնպիսի տեսք, ինչպիսի տեսք ունենում է զինված մայրը, երբ տեսնում է թշնամին ուզում է սպանել իր զավակին:
Նրանք Մաճկալաշենի մայրերն էին ու կռիվը նրանց տուն էր հասել:
Զորագունդն անցավ, իսկ մենք կարկամած կանգած նրանց էինք նայում:
Կին հսկան անցավ գետը, ու սկսեց բարձրանալ դիմացի բլուրը:
Նրա հետևից շարվեշարան բարձրանում էին մյուս կանայք: Ինձ թվում էր թե նրանք բարձրանալու են բլրի գագաթը, հետո գնալու են ավելի վեր, հասնելու են լեռների կատարներին, սուզվելու են ամպերի մեջ, հասնելու են երկնքին և դառնալու են մի մեծ աստղաբույլ:
Կանգնել ու մտածում էի:
Ինձ թվում էր անցել են շատ հազարամյակներ, մարդիկ նայում են աստղաբույլին ու հարցնում.
-Այս ի՞նչ ասղտղաբույլ է:
ՈՒ ես հպարտ պատասխանում եմ.
-Մաճկալաշենի հարսներն են: Նրանք երկինք են բարձրացել ու դարձել են հրեղեն աստղեր:
Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ