2020 թվի հունիսի 24-ը հակասական զգացմունքներով հարուստ օր ստացվեց ինձ համար: Մի կողմից հպարտություն զգացմունք կար՝ կապված ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած պատմական հաղթանակի 75-ամյակի և դրան նվիրված զորահանդեսի հետ: Պետք է ընդունել, որ այդ փառահեղ հաղթանակը, առաջին հերթին, մերն էր, այն պետք էր հայ ժողովրդին՝ հետագա գոյությունը պահպանելու համար, և դա մենք ունեցանք: Պետք է հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքից ենք փրկվել, ինչ կլիներ, եթե այդ հաղթանակը չլիներ. կլինե՞ին արդյոք Հայաստանը և հայ ժողովուրդը, դա հայ զինվորների կյանքի ու արյան գնով ձեռք բերված ընդհանուր հաղթանակ էր, որը մեծ շուքով պետք է նշվեր նաև Երևանում՝ Մինսկի օրինակով, բայց դա չարվեց: Ավելին, մեր իշխանություններն արեցին ամեն ինչ (ավելի ճիշտ՝ ոչինչ չարեցին), որ հայ ժողովուրդը զրկվի իր տարած փառահեղ հաղթանակը մեծ շուքով նշելու հնարավորությունից՝ հիշելով ու հարգելով պատերազմում զոհված 300 հազար հայ զինվորների հիշատակը: Պատերազմին մասնակցած 600 հազար հայերից տուն վերադարձան ընդամենը 300 հազարը՝ մեծ մասը պատերազմի հաշմանդամ դարձած:
Առանձնակի հետաքրքրությամբ և հպարտությամբ էի հետևում Կարմիր հրապարակում ընթացող զորահանդեսին: Հետաքրքրությունս ավելի շատ մասնագիտական էր: Իմ կարծիքով Պուտինը շատ մեծ ռիսկի գնաց, երբ ասպարեզ հանեց մեծ թվով ցամաքային և օդային ռազմական տեխնիկա։ Կհաջողվի՞ արդյոք համայն աշխարհին ցուցադրել ռուսական տեխնիկայի բարձր հուսալիությունը, ինչ կլիներ, եթե ինչ-ինչ պատճառներով վթարներ տեղի ունենային, օրինակ, գերձայնային ինքնաթիռները բախվեին Մոսկվայի երկնքում կամ 80 տարվա վաղեմության Տ-34 տանկերից մեկի շարժիչը կանգ առներ: Նման թվաքանակի տեխնիկայի միաժամանակյա ցուցադրման դեպքում դա բացառված չէ: Իմ մասնագիտական գնահատականը այսպիսին է. Պուտինը դիմեց արդարացված ռիսկի, նրան հաջողվեց աշխարհին ցույց տալ Ռուսաստանի գիտության ու արդյունաբերության պոտենցիալը և հսկայական ձեռքբերումները, ստեղծած ռազմական տեխնիկայի մակարդակը, նաև որակի ու հուսալիության տեսակետից: Այդ ձեռքբերումները միայն Ռուսաստանինը չեն, դրանք Խորհրդային Միության ռազմական արդյունաբերության, մեր նախկին ընդհանուր երկրի գիտնականների, ինժեներների ու բանվորների համատեղ աշխատանքի օրգանական ամբողջականության շարունակությունն են, որ այսօր ներկայացվում են Ռուսաստանի անունից:
Ռուսական տեխնիկայի մեջ օգտագործվել և շարունակում են օգտագործվել նաև մեր հայ գիտնականների մշակումները և գյուտերը: Օրինակ, գերձայնային ինքնաթիռների սինքրոն թռիչքը ապահովելու համար, ամենայն հավանակությամբ, կարող էր օգտագործվել իմ և տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանի գերբարձր ճշտության և ռադիացիայի նկատմամբ կայուն անալոգ-թիվ ու թիվ-անալոգ ձևափոխիչների գյուտը (ԸՉՑՏՐրՍՏպ րՉՌՊպ-ՑպսՖրՑՉՏ հհհՀ 970595, 01/06/1982), որը 4 կարգով բարձրացնում է անալոգային չափումների ճշտությունը՝ գերճշգրիտ հետադարձ կապի միջոցով անհրաժեշտ հեռավորություններ հաստատելով գերձայնային արագությամբ թռչող ռազմական ինքնաթիռների միջև: Միայն պատկերացնել է պետք, թե ինչ ասել է մինչև 20-25 Մախ (մեկ Մախը ձայնի արագությունն է օդում) արագություն զարգացնող ինքնաթիռների միջև 18 մետր հեռավորության պահպանելը, դա դժվարին տեխնիկական խնդիր է, որը լուծել են Ռուսաստանի մասնագետները, և որի ականատեսը դարձանք՝ հետևելով գերձայնային կործանիչների էսկադրիլիայի թռիչքին: Հիշեցնեմ, որ Մոսկվայի վրա արգելված է ինքնաթիռների թռիչքը՝ բացառությամբ այս պատմական դեպքից: Մեկ վայրկյանում գերձայնային ինքնաթիռը կարող է անցնել 6 կիլոմետր իսկ 18 մետրը՝ 0,003 վարկյանում: Այդ ժամանակահատվածը անչափ կարճ է օդաչուի ռեակցիան աշխատեցնելու համար, մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները թույլ չեն տալիս նման ժամանակահատվածներում կարգավորել արագությունն ու տարածությունը, ամեն ինչ թողնված է էլեկտրոնային սարքերի ճշգրիտ ու հուսալի աշխատանքի հույսին՝ հավանաբար իմ և Սամվելի գյուտի կիրառմամբ: Իսկ այդ արագությունների տակ տեղի ունեցող վիբրացիանե՜րը, դետալների ռեզոնանսային տատանումնե՜րը։ Ռուս մասնագետները ցամաքային ու օդային հրաշալի տեխնիկա են ստեղծել, որի համահեղինակները ճանաչվելու պատվից հայ գիտնականները զրկվել են ճիշտ այն օրվանից, երբ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզումը, և հայտնվեցինք ազատության ու ամենաթողության այս անհասկանալի ու անհեռանկար իրավիճակում՝ 30 տարի շարունակ, վերջը չի երևում:
Դատելով զորահանդեսի ժամանակ ցուցադրած ռազմական տեխնիկայի բարձր մակարդակից՝ կարող ենք հաստատել, որ Ռուսաստանին հաջողվել է պահպանել ակադեմիական ու ճյուղային ինստիտուտների, արդյունաբերության ռազմական բլոկի գործարանների աշխատանքային վիճակը ու հսկայական քայլերով առաջ է շարժվում... Իսկ մե՞նք, ի՞նչ ենք մենք պահպանել կամ ստեղծել, որով մենք ու մեր սերունդները հպարտանալու բան ունենայինք, որ Տավուշի մարզում տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիային կարողանայինք պատասխանել բացառապես հայկական ծագման ռազմական տեխնիկայով։ Ոչինչ չենք ստեղծել, պետք է մտածենք դրա մասին ու հաջորդ իշխանությունների հետ կարողանանք վերականգնել մեր արդյունաբերական պոտենցիալը, հատկապես ռազմականը, որպեսզի երկիրը դուրս բերենք այս մեռյալ կետից, այլ տարբերակ չունենք, եթե ցանկանում ենք պահել ու պահպանել մեր ազգը և պետությունը: Նման հարցերը լուծելու համար պետք է, առաջին հերթին, միավորել մեր գիտնականների ու ինժեներների ջանքերը՝ համախմբվելով, մասնավորապես, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջը, դա շանս կլինի:
ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության մեջ միշտ էլ կարևոր դերակատարում են ունեցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և ճյուղային ինստիտուտների գիտնականները, ինժեներները և բանվորները: Իսկ ի՞նչ ունենք հիմա, փորձենք հասկանալ ու պատկերացնել, թե ինչ է մնացել Վիկտոր Համբարձումյանի փառահեղ ակադեմիայից, և ինչու՞ այդ գիտական կառույցը՝ իր 3700 աշխատակիցներով, 87 ակադեմիկոսներով, 18 թղթակից անդամներով, 323 գիտության դոկտորներով, 61 պատվավոր դոկտորներով և 1006 գիտության թեկնածուներով մի կողմ է քաշվել ու կողքից, դիտորդի կարգավիճակով, հետևում է, թե ինչպես են շարունակում գահավիժել մեր գիտությունն ու արդյունաբերությունը: ՈՒ՞մ, եթե ոչ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ուժերով է պետք իրականացնել Հայաստանի արդյունաբերության և ընդհանուր տնտեսության վերականգնման, ժամանակի պահանջներին բավարարող արդյունաբերություն ստեղծելու պատվավոր առաքելությունը: Սա դարձել է բոլորիս մտահոգության առարկան:
Տասը տարի առաջ փորձեցի շտկել դրությունը, օգնել, ակադեմիայի ինստիտուտները ներգրավել հելիոֆիկացիայի ծրագրի զարգացման ու ներդրման գործերում, տարբեր ոլորտների գիտնականներին գիտահետազոտական աշխատանքների հետաքրքիր թեմաներ առաջարկել, հիմա էլ եմ համոզված, որ այն կարելի է հաջողությամբ առաջ տանել ու լավ արդյունքների հասնել ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների հետ համատեղ: Այդ հարցով երկու անգամ դիմել եմ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, առաջին պատասխանը ստացա ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանից: «Ձեր խնդիրները լուծեք ինքներդ, դրանք մեզ հետաքրքիր չեն, մենք ավելի կարևոր գործեր ունենք»: Ես համառություն դրսևորեցի ու երկրորդ անգամ դիմեցի ՀՀ ԳԱԱ նախագահին: Ակադեմիայում գիտական քննարկում կազմակերպեցի, մասնագիտական լայն լսարանին ներկայացրի հելիոֆիկացիայի ծրագիրը՝ ցույց տալով դրա կարևորությունը երկրի տնտեսության ու գիտության զարգացման համար, ստացա NO 24-07/192 29/ 03/ 2011թ. պատասխանը. «Հարգելի պարոն Համազասպյան, հայտնում եմ, որ ՀՀ Գիտությունների ազգային Ակադեմիայի Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպված «Հելիոտեխնիկա և հելիոտեխնոլոգիաներ» թեմայով Ձեր զեկույցի քննարկման արդյունքում մենք գտնում ենք, որ քիմիկոսների և քիմիական ինստիտուտների մասնագիտական մակարդակը թույլ է տալիս կազմակերպել լայն հետազոտություններ հելիոտեխնոլոգիաների բնագավառում: Մասնավորապես, մենք կարող ենք կազմակերպել տեսական և էքսպերիմենտալ հետազոտություններ ֆոտոքիմիայի և սննդատեսակների լուսային մշակման նոր տեխնոլոգիայի բնագավառում, որը կարող է ունենալ նաև կիրառական մեծ նշանակություն: Հետազոտությունների արդյունքները թույլ կտան ստեղծել որակական նոր հատկանիշներով օժտված հելիոհամակարգեր՝ գյուղմթերքների վերամշակման և կենցաղում օգտագործելու համար: Մենք պատրաստ ենք, պայմանագրային հիմունքներով, աշխատել Ձեր մասնագետների հետ նշված խնդիրները լուծելու համար: Հետազոտությունների բավարար մակարդակ ապահովելու համար մեզ անհրաժեշտ կլինի ձեռք բերել համապատասխան լաբորատոր տեխնիկա, կազմակերպել համապատասխան մասնագետների վերապատրաստման գործընթացը Հայաստանում և արտերկրում: Նման աշխատանքներ կազմակերպելու համար ՀՀ ԳԱԱ ինստիտուտները լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն: Ֆինանսական խնդիրները Ձեր կողմից լուծելուց հետո մենք պատրաստ ենք քննարկման դնել հետազոտությունների Ձեր ծրագիրը:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, ակադեմիկոս Ա.Հ. Մանթաշյան»։
Շատ հետաքրքիր է ստացվում, տվյալ դեպքում մասնավոր անձիս առաջարկվում է լուծել ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ֆինանսավորման խնդիրներն այն պարագայում, երբ նրանք լավ, թե վատ սնվում են պետական բյուջեից և տարբեր հիմնադրամներից: Ինչ կլիներ, եթե ակադեմիկոս-քարտուղարը ավելի հետևողական գտնվեր ու հանդես գար համատեղ հետազոտությունները սկսելու ավելի կոնստրուկտիվ առաջարկություններով: Ակադեմիայի գիտնականների հետ մենք արդեն կունենայինք սննդատեսակների լուսային մշակման, պտուղ-բանջարեղենի վերամշակման նորագույն, տեսականորեն ու փորձնական եղանակով հիմնավորված տեխնոլոգիաներ, որոնք հաջողությամբ կօգտագործվեին Հայաստանում՝ առողջ սննդի արտադրության մեջ և հնարավորություն կտային թանկարժեք ու բարձրորակ արտադրանքներով դուրս գալ միջազգային շուկաներ, կորոնավիրուսային աշխարհին առաջարկելու կարևոր բան կունենայինք՝ վիտամիններով հարուստ հայկական սննդատեսակների տեսքով: Ի՞նչ կտար դա մեր երկրին ու նրա տնտեսությանը: Վիտամինացված հայկական սննդի արտադրության խնդրին մոտենանք՝ հաշվի առնելով կոճապղպեղի (իմբիր) հայտնի պատմությունը: Չինական ծագման և մեզ համար այդքան անծանոթ արմտիքը մեծ հետաքրքրություն առաջացրեց, երբ աշխարհով մեկ լուրեր տարածվեցին, թե դա բուժում է կորոնավիրուսը: Երևանում, Մոսկվայում և ամենուր դրանց գները թռիչք ապրեցին, բարձրացան 5-10 անգամ: Միջազգային շուկայում գների թռիչքաձև բարձրացումը իրական կլինի նաև ավանդական հայկական սննդատեսակների դեպքում, եթե դրանք վերամշակվեն հայկական արևային տեխնոլոգիաներով։ Ի՞նչ կտար դա: Դա կտար այն, որ մեր գյուղմթերքները մեծ պահանջարկ կունենային առողջ սննդի միջազգային շուկայի էլիտային հատվածում և առնվազն մեկ կարգով կավելացնեին մեր վերամշակող գործարանների շահութաբերությունը: Ամեն դեպքում, առանց ակադեմիայի մասնագետների մասնակցության, մենք մշակեցինք մեր արևային տեխնոլոգիաները՝ թթի ու խաղողի հյութի վրա հիմնված և «Իմունիտետ» անունը կրող դեղամիջոց-սննդատեսակը արտադրելու համար: «Կորոնավիրուսային» փորձարկումները հիվանդանոցներում ավարտելուց հետո մենք դրանք կարտադրենք մեծ ծավալներով՝ բժշկական անձնակազմի պրոֆիլակտիկայի և բուժվող հիվանդների համար՝ վաճառելով ինքնարժեքից տասնապատիկ թանկ գներով, մեր տնտեսագետները կարող են հաշվել սպասվող եկամուտների չափը և երկրի բյուջետային մուտքերի ծավալները, եթե ընդունենք, որ աշխարհում կա 60-70 միլիոն բուժաշխատող, աճող թվով կորոնավիրուսակիրներ և կորոնավիրուսից վախեցած միլիարդավոր մարդիկ, որոնք ցանկացած գին կվճարեն սեփական իմունիտետը կանխավ բարձր մակարդակի վրա պահելու համար:
Գիտությունների ակադեմիան կարող է միանալ հելիոֆիկացիայի ծրագրի իրականացմանը, երկրի տնտեսությունը կարգի բերելու շատ տարբերակներ մենք չունենք, այս նոր ոլորտում հնարավորություններն անսահման են:
Հիշեցման կարգով ասեմ, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան կազմակերպվել է 1943 թ. նոյեմբերի 25-ին՝ 1935 թվին կազմակերպված ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի բազայի վրա, այն ժամանակ, երբ Կարմիր բանակը կատաղի մարտեր էր մղում գերմանացիների դեմ՝ նաև հայկական յոթ դիվիզիաների մասնակցությամբ, երբ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ լեգենդար Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ, ստացավ Թամանյան դիվիզիա անունը և մարտերով հասավ մինչև Բեռլին: Մոսկվայի զորահանդեսի ժամանակ հայկական զորախումբը հանդես եկավ Թամանյան դիվիզիայի և Հայաստանի պետական դրոշների ներքո, դա կարևոր էր: Չնայած Մոսկվայի զորահանդեսին ադրբեջանցիները մեզանից առաջ էին քայլում, բայց այդպիսի պատվի արժանանալ չէին կարող, որովհետև նրանք մշտապես խուսափել են կռվից և թաքուն երազել Գերմանիայի հաղթանակի մասին՝ հույսով, որ կիրականանա իրենց պանթուրքիզմի ծրագիրը: Ադրբեջանցիները և, ընդհանրապես, խորհրդային մուսուլմանները պատերազմին մասնակցել են ստիպողաբար, հատուկենտ հերոսներ են տվել: Հավանաբար այս իրողությունը հաշվի առնելով էր, որ Ժուկովն իր հիշողություններում հատուկ ընդգծում էր հայերի հերոսական կերպարը: ժուկովը կարող էր նաև չիմանալ, որ հայերն իրենց սեփական հաշիվներն ունեին գերմանացիների, հայերի ցեղասպանության գաղափարի հեղինակների նկատմամբ: Գեներալ Նվեր Սաֆարյանի հարազատ քույրը Սառնաղբյուրում մեր հարևանն էր, նա վանեցի Սաթոն էր, մականունը՝ Վանեցի էր, նա հինգ որդու մայր էր: Նրա որդիներից մեկը՝ Սաքոն, պատմում էր իր գեներալ քեռու հետ ունեցած զրույցի մանրամասները.
-Քեռիս մարտերով հասել էր մինչև Բեռլին, գտել ու պայթեցրել էր Վիլհելմ կայզերի գերեզմանը, «քրոջս կասես, որ 1915 թվի եղեռնի մեղավորի գերեզմանն ավերել եմ, մեր հոր ու մոր վրեժն առել, գետնի տակ էլ նա հանգիստ չէր ունենալու»:
1918 թվին մեր Համազասպ պապը Վանից եկած գաղթականի ընտանիքին իր հողամասից տեղ էր հատկացրել՝ տուն կառուցելու համար: Մեր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ «բարեկամ» Թուրքիայի հարցում Հայաստանի իշխանական վերնախավի կողմից տարածվող նոր գաղափարներին ու «ժամանակակից» մեկնաբանություններին: Հաստատված փաստ է, որ Թուրքիայի կողմից հակահայկական քաղաքականությունն ու գործողությունները ելնում էին պանթուրքիզմի գաղափարախոսությունից, որը մշակվել էր Գերմանիայում՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Գերմանական, նաև անգլիական դիվանագիտության մեջ այսպիսի նշանաբան կար՝ «Հայաստանն առանց հայերի», որը մեզանում սխալմամբ վերագրվում է նաև Ռուսաստանին: Դա այդպես չէ, որովհետև Հայաստանը Ռուսաստանին պետք է եղել, միշտ է պետք գալու՝ որպես սեպ Ռուսաստանի մուսուլմանների ու թուրքերի միջև: Ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերից մեկում գրված է «Եթե նրանք (Գերմանիան, Անգլիան, հիմա նաև ԱՄՆ-ը) ձգտում են ոչնչացնել մեր մահմեդականների ու թուրքերի միջև գոյություն ունեցող արգելապատը, ապա Ռուսաստանի խնդիրն է ամեն գնով վերակերտել այդ հայկական սեպ-արգելապատը՝ թուրքերի և մեր թաթարների միջև»:
Արցախի ազատագրումը համահունչ էր Ռուսաստանի ստրատեգիական ծրագրերին, նպատակը մնում է անփոփոխ. ամրապնդել այդ սեպ-արգելապատը: Ավելին, Սումգայիթի ցեղասպանությունը առիթ դարձավ, որ Հայաստանը ամբողջովին մաքրվի թուրքական տարրից, այլապես նրանց աճող ներկայության պայմաններում մենք շատ ավելի ծանր, անելանելի դրության մեջ հայտնված կլինեինք, թող մեր ներկայիս իշխանական-քաղաքական գործիչները հիմարություններ դուրս չտան «այլ պետությունների» (ենթադրում եմ, որ իր հայտնի ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանը) կողմից Հայաստանում իրականացվող վտանգավոր ծրագրերի վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ անելիս: Հայաստանի կայացումը, հզորացումը և ինքնապաշտպանական պոտենցիալի ապահովումը բխում են Ռուսաստանի (նաև Իրանի ու Չինաստանի) տարածաշրջանային շահերից, պետք է մտածել դրա մասին, բայց երբեք դեմոկրատիայի անվան տակ տուրք չտալ կեղծ արժեքների տեղայնացմանը և հարմարեցմանը՝ երկրի անվտանգության աստիճանի նվազեցման հաշվին: Մեր քաղաքական լիդերները թող իրենց ականջներին օղ անեն, որ նրանց այսօրվա հակազգային, հակաժողովրդական քաղաքականությունը չի ներվելու, դրանց համար դեռ պատասխան են տալու:
Հատկանշական էր, որ հունիսի 24-ին ռուսական բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին Կարմիր հրապարակի հաղթանակի շքահանդեսը, շրջում եմ հայկական ալիքները և տհաճության ու հիասթափության մեծ զգացում ապրում: Ոչ մի ակնարկ պատմական հաղթանակի մասին, մերոնք իրենց համար խոսելու հավերժական թեմա են գտել. սահմանադրական դատարան, գույքահարկի ավելացում, դատական հետապնդումներ, սրա-նրա վերաբերյալ հին ու նոր մեղադրանքներ, տարբեր նոր «նախաձեռնություններ» և «գաղափարներ»: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, օրինակ, իրենց մայրամուտին հասած «Կենտրոնի» մտավորական բնակչության համար «լուծելի» տարբերակ է գտել. «թող վաճառեն իրենց բնակարանները և տեղափոխվեն ծայրամասեր», իրենց դարը կենտրոնում ապրած, միջավայրին ու հարևանությանը հարմարված մարդկանց համար դա ստիպողական տեղահանության նման մի բան է, դաժան տարբերակ է: Աշխարհում նման դաժանության մարդկանց «մորթազերծող» են անվանում (ռուս. ՍՏՋպՉվՌՍ, ֆր. Les Ecorcheurs): 1430-1440 թվերին Ֆրանսիայում այդպիսի մականուն էին ստացել քաղաքացիական պատերազմի ավարտից հետո գործազուրկ դարձած վարձկանների խմբերը, ովքեր իրենց գոյությունը պահելու համար ստիպված էին զբաղվել թալանով, ավազակությամբ, շորթողականությամբ: Մորթազերծողների ժամանակները Ֆրանսիայի պատմության մեջ մնացել են որպես մասշտաբային ամայացման երրորդ ժամանակաշրջան: ժամանակակից հայ «մորթազերծողները» հիմնականում սորոսական ծագում ունեն, նրանք են որոշում, թե քաղաքացիները որտեղ ապրեն, որքան տուգանք վճարեն՝ դիմակ չկրելու կամ անձնագրեր չունենալու համար և այլն, և այլն: Մենք ևս ունեցել ենք երկրի ամայացման մեր ժամանակաշրջանները, 30 տարում միայն դա ենք տեսել: Մեր ընթերցողներին եմ թողնում Հայաստանի ամայացման պրոցեսը էտապների բաժանելու և ժամանակաշրջանների թվագրման կարևոր առաջադրանքը, անցած 30 տարում դրանք շատ են եղել՝ մեկը մյուսին հաջորդող: Նորմալ երկրներում դժվարին ժամանակները հաղթահարելու համար կիրառվել են մարդկանց հոգսերի թեթևացման հատուկ քայլեր, որոնք, հոգեբանական կարգավորման տեսակետից, որոշակի դրական նշանակություն են ունեցել մարդկանց համար: Օրինակ, Հայրենական պատերազմից հետո ամեն տարի մարտի 1-ին ԽՍՀՄ-ում կատարվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների գների իջեցում, մարդիկ անհամբեր սպասում էին այդ օրվան՝ մտածելով ու հավատալով, որ պետությունը հոգ է տանում, մտածում է իրենց մասին, որ տարեցտարի հոգսերը միայն թեթևանալու են, գնալով կյանքը լավանալու է, ամեն ինչ իր տեղը կընկնի, ժամանակի հետ դժվարությունները կանցնեն: Այդ տարի մարտի մեկին Խրուշչովը հայտարարեց բամբակե գուլպաների գները 5 կոպեկով իջեցնելու մասին, սա հիասթափեցնող էր, մարդիկ ավելիին էին սպասում, բայց ինչ արած, ոչինչ, սա էլ վատ չէ, մայրս հաշվեց, որ տարվա ընթացքում նույն փողով կարելի է երկու հավելյալ զույգ գուլպա գնել: Էժանացման այդ միջոցառումները ավարտվեցին 1962 թվին, երբ երկրում հայտարարվեց մսի ու կարագի գների 35 տոկոսով բարձրացման մասին, որն ավարտվեց Նովոչերկասկի էլեկտրաքարշերի գործարանի աշխատավորների բողոքի ցույցով ու ցույցի մասնակիցների գնդակահարությամբ։ Մարդկանց դժգոհության պատճառ էր դարձել նաև աշխատանքի վարձաչափերի 30-տոկոսանոց նվազեցումը: Դա ԽՍՀՄ-ի փլուզման առաջին նշաններից էր, իշխանությունները, չկարողանալով լուծումներ գտնել տնտեսական զարգացման համար, իրենց խնդիրները փորձում էին բարդել շարքային քաղաքացիների վրա ճիշտ այնպես, ինչպես դա այսօր փորձում է անել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մարդիկ ուշի ուշով հետևում են, թե որն է լինելու իշխանությունների հաջորդ ստոր քայլը:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ