ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-6

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-6
28.03.2023 | 22:04

(սկիզբը` այստեղ)

Օրերս ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես РБК-ն և Fontanka.ru-ն, վկայակոչելով ինքնաթիռների թռիչքներին հետևող մասնագիտացած «FlightRadar24» կայքի տվյալները, գրել էին, որ NOBLE61 կանչի նշանով ամերիկյան «B-52Н Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչը մանևր է կատարել Բալթիկ ծովի վրայով, Սանկտ Պետերբուրգից 200 կմ հեռավորության վրա։
Անցյալ շաբաթավերջին հաղորդվեց, որ բրիտանական ռադիոէլեկտրոնային հետախուզության «RC-135W Rivet Joint» ինքնաթիռը մարտի 24-ին պտտվվել է Սև ծովի վրայով, Ղրիմի մոտ։ Լրտեսական ինքնաթիռն ուղեկցվել է թագավորական ռազմաօդային ուժերի երկու «Eurofighter Typhoon» կործանիչներով։
Գերմանիայի կառավարության կողմից խոստացված 18 հատ «Leopard 2» տանկերն արդեն հանձնվել են ՈՒկրաինային։ Այս մասին, ТАСС-ի տեղեկացմամբ, հայտնել է գերմանական «Der Spiegel»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ «Leopard» տանկերն ՈՒկրաինա են առաքվել սպառազինության և պահեստամասերի մեծ խմբաքանակի հետ միասին։ Սակայն սա դեռ ամենը չէ. պատերազմի գոտի են հասցվել նաև մոտ 40 հատ «Marder» հետևակի մարտական մեքենաներ։ Փետրվարի 7-ին Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել ՈՒկրաինա, վերոնշյալ «Leopard 2» տանկերից բացի, 178 հատ «Leopard 1A5» տանկերի մատակարարմանը։ Հունվարի 25-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ թույլտվություն կտրամադրի գերմանական «Leopard» տանկեր ունեցող երկրներին՝ այդ մեքենաներն ՈՒկրաինա վերաարտահանելու համար։
Սլովակիան, ինչպես տեղեկանում ենք Lenta.Ru -ից, ՈՒկրաինային իր խոստացած տասներեք МиГ-29 կործանիչներից 4-ն անցած շաբաթ արդեն փոխանցել է, մնացածը, ինչպես նաև «Կուբ» զենիթահրթիռային համալիրներ, հրթիռներ, սարքավորումների պահեստամասեր փոխանցելու է շատ շուտով:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, իր հերթին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ ՈՒկրաինան մոտ օրերս Վարշավայից կստանա առաջին չորս МиГ-29 կործանիչները: Վերջին տվյալներով՝ Լեհաստանի ռազմաօդային ուժերը զինված են 22 հատ МиГ-29А ինքնաթիռներով և վեց МиГ-29УБ ինքնաթիռներով։ Այժմ հայտնի է միայն, որ վերոնշյալ 4-ից բացի, Լեհաստանն ՈՒկրաինային էլի է МиГ-29 կործանիչներ տալու, թե քանի՞սը, գաղտնի է համարվում, չի նշվում: Բացի վերոնշյալից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «չի բացառում» մարտական ինքնաթիռների մատակարարումն ՈՒկրաինա։
Մոսկվան անցյալ տարվա գարնանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Կիևի իշխանություններին զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՈՒկրաինայի համար ռազմական տեխնիկայով ցանկացած բեռ կդառնա ռուսական բանակի օրինական թիրախ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությունում ոչ միայն զենքի տեղափոխմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում զինվորական կադրերի պատրաստմամբ:
Արևմուտքի կողմից ՈՒկրաինային մատակարարվող զենքերը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին անցած շաբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե ՈՒկրաինային արևմտյան զենքի մատակարարումն արդյոք վտանգ ներկայացնու՞մ է Ռուսաստանի Դաշնության համար, պետության ղեկավարն ասել է,
«Սպառնալիքներ, իհարկե, կան: Երբ զենք է մատակարարվում մի երկրի, որի հետ մենք կոնֆլիկտ ունենք, դա իսկապես սպառնալիք է»:
Պուտինը միաժամանակ խուսափել է փակագծերը բացել, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ սպառնալիքները Ռուսաստանի համար, ինչպես կարելի է դրանք գնահատել, ՈՒկրաինա ահռելի քանակներով արևմտյան սպառազինության շարունակական, անվերջ մատակարարումը Ռուսաստանի՞ համար է վտանգ, թե Ռուսաստանի գոյության, փոխարենն ասել է՝ «իհարկե, մենք տեսնում ենք, լսում, գիտենք մատակարարման այդ ծրագրերի մասին»:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ ՈՒկրաինային մատակարարվող զենքի ծավալները մեծ են։
«Դա շատ պարկեշտ քանակ է,- ասել է նա։- Դա շատ է: Բայց… Այն, ինչը կհետևի այդ «բայց» -ին, դա շատ կարևոր է»:
Այո, իսկապես, հենց դա շատ կարևոր է: Իսկ ինչ թե կհետևի այդ «բայց» -ին, Պուտինը նույնպես չի ասել: Փոխարենը՝ այդ մասին ավելի վաղ, դեռ անցած աշնանն ասել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել, և պարզաբանել էր, որ նման արձագանքը կհետևի Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Մոսկվան միջուկային զենք օգտագործելու իրավունք ունի նաև՝ ի պատասխան երկրի կամ նրա դաշնակիցների նկատմամբ միջուկային զենքի և, ընդհանրապես, զանգվածային բնաջնջման զենքի օգտագործմամբ հարձակման։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում մարտի 22-ին «Աշխարհն առանց ДСНВ-ի (Պայմանագիր ռազմավարական հարձակողական սպառազինությունների,- Ա. Հ.). ի՞նչ է հետագան» քննարկման ժամանակ հայտարարել է, որ միջուկային հակամարտության հավանականությունն այսօր դարձել է ամենաբարձրը վերջին տասնամյակների ընթացքում։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, «Ведомости»-ի փոխանցմամբ, «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ-ի ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները, որոնք Ռուսաստանում գտնվող թիրախներին պայմանական հրթիռային հարվածներ են հասցրել, ասել է.
«Սեփական քարոզչության գերության մեջ գտնվող ամերիկացի քաղաքական գործիչները, չգիտես ինչու, պահպանում են վստահություն, որ Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է, ընդ որում, շատ վտանգավոր»։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «մոռանալով պատմության դասերը, Արևմուտքում ոմանք արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի»։
«Ռուսաստանը համբերատար է և ոչ մեկին չի վախեցնում իր ռազմական առավելությամբ,- ասել է Պատրուշևը:- Բայց նա ունի ժամանակակից եզակի զենքեր, որոնք ունակ են ոչնչացնել ցանկացած թշնամու, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/219788/27/23/30/?fbclid=IwAR2UuZO7yI6jqPlB0tJahYvxdxqvsAd1Y8pZutUCSfOe_CVr066epd93a6w

Դիտվել է՝ 11877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ