Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Առաջին և երկրորդ նախագահները լսելու ցանկություն չունեին»

«Առաջին և երկրորդ նախագահները լսելու ցանկություն չունեին»
27.06.2008 | 00:00

...և ոչ միայն մշակույթի մասին
«ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՑԱՎՆ Է»
«ԼԵՎՈՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ Է ԵՎ ՈՉ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑԸ»
-Պարոն Զեյթունցյան, հարցս այսպես ձևակերպեմ. «Երեկ, այսօր և վաղը հանրահավաքի մասնակից մարդկանց խոշոր մի հատված գնացել, գնում է և կգնա Տեր-Պետրոսյանի հետևից իր բողոքն ու ընդվզումն արտահայտելու ընդդեմ Քոչարյանի և քոչարյանիզմի։ Ներկա իշխանությունները, այսպիսով, բարձրագույն խնդրի առջև են հանգրվանել` թույլ չտալ մի նոր համաժողովրդական բողոքի 9-րդ ալիք։ Սակայն ինչպե՞ս»:
-Ճշմարիտ է, Լևոնի հետևից գնացողների գերակշիռ մասն իշխանությունների դեմ է և ոչ նրա կողմնակիցը։ Նոր իշխանությունները մեծ անելիքներ ունեն, սակայն դեռ նոր-նոր են ճանապարհ հարթում, և շատ չենք շտապում նրանց հեռացումը պահանջելով։ Որոշ բաներ, բարեփոխումների իմաստով, արդեն արվում են։ Եթե սա էլ անտեսենք, գոնե ցանկությունն ինչ-որ մի բան փոխելու և շտկելու` առկա է։
-Ցանկությունը, սակայն, քաղաքական գործոն չէ։
-Եկեք չմոռանանք. նախկինում այդ ցանկությունն էլ չկար։ Քիչ սպասենք, ի վերջո, 18 տարի սպասել ու համբերել ենք, մի 18 ամիս էլ սպասենք։
-Բարի։ Բայց, ըստ Ձեր դիտարկումների, կյանքի բովում թրծված մարդու և գրող-դրամատուրգի, ի՞նչ պետք է նախ ձեռնարկեն երրորդ հանրապետության երրորդ նախագահն ու նրա համախոհները։ Ի՞նչը պետք է գլխիվայր շրջել և շտկել ու «բարեփոխումների գնացքը» գցել ռելսերի վրա։
-Անշուշտ, սպառիչ պատասխան տալ չեմ հավակնում։ Սակայն նախ պետք է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ինչպե՞ս։ Օրենքի գերակայությամբ։ Այս 18 տարիներին օրենքը գերիշխանություն չի ունեցել։ Բայց օրենքն ու բարոյականությունը խստորեն կապված են միմյանց։ Եվ մարդը պետք է կախված լինի օրենքից, ոչ թե օրենքը` մարդուց։ Մեր իրականությունում շատ հաճախ օրենքն է մարդուն ենթակա։ Մարդն այսօր անպաշտպան է։ Հիմա, երբ Հանրային խորհրդի ձևավորման աշխատանքներն են ընթանում, հարյուրավոր դիմումներով խնդրում են աջակցել այն հարցերին, որոնք անպատասխան են մնացել պետական ատյաններում։

«ՍԱՆԴՈՒՂՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ՎԵՐԵՎԻՑ»
-Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ինչպես երբևէ, գեղեցիկ ու փքուն արտահայտություններ էին հնչում պետական լրատվամիջոցներով առ բարգավաճում, կայունություն և տնտեսական աճ։ Սակայն նույն պայմանավիճակներում օրենքի գերակայությունը, ըստ էության, էապես կախված էր քոչարյանական վերնախավի կողմից ու քմայքից։ Ըստ էության, գործում էր երկրորդ նախագահի հանրահայտ կարգախոսն իր բուն նշանակությամբ. «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»։ Այսինքն, օլիգարխիկ համակարգը, վարչական նվիրյալ-քծնողների զորախումբը և այլն։ Եվ ժողովրդական խոսքը հիշենք. «Ձուկը նեխում է գլխից..., սակայն մաքրում են պոչից»։
-Իսահակյանը մի բանաստեղծություն ունի, որ ասում է` սանդուղքի աստիճանները պետք է մաքրել վերևից։ Օրենքը գերակայություն պիտի ստանա վերևում։ Ներքևում սպասում են վերևների կամքին։
-Հասարակական խորհուրդը նախապատրաստական փուլում է և հայտնվել է ամենատարբեր կարծիքների կիզակետում։ Ի՞նչ է այն։
-Մինչև մեր հարցազրույցի լույսընծայումը երկրի նախագահի մոտ այդ հարցով հրավեր է, որին պատիվ ունեմ մասնակցելու։ Սակայն հստակ չեն այս կառուցի լիազորությունները, առհասարակ շատ բան է անհայտ։
-Նախնական այս փուլում Հասարակական խորհրդում իրո՞ք անկախ մարդիկ են։
-Իմ տպավորությամբ` այո։ Եվ անկախ կլինի անկախ մարդկանց ձայնը։ Տպավորիչ է, որ երկրի նախագահը մեզ լսել է ուզում։ Մինչ այդ մեր ձայնը փորձում էինք լսելի դարձնել մամուլի միջոցով, հնարավորության դեպքում։ Առաջին և երկրորդ նախագահները լսելու ցանկություն չունեին։ Ներկան ունի։ Տեսնենք...
-Լավ, գոնե գործառույթները հստակ չե՞ն։ Գուցե հերթական ծածկադմփոցն է։ Եկան, հավաքվեցին, խոսեցին, խոսքն էլ լսեցին։ Հետո՞...
-Ռուսներն ասում են` «говорильия»։ Կարևորը, որ Խորհուրդը չվերածվի говорильия-ի։
-Գործուն խորհուրդը պիտի ճշմարտությունն ասի, ճշմարտությունը` անկախ և հեղինակավոր մարդկանց շուրթերով։ Թե՞ այն, ինչը կկամենան լսել երկրի բարձր ղեկավարությունն ու նախագահը։
-Շատ բան այսօր, մասնավորապես Խորհրդի աշխատանքում, կախված է նախագահից։ Կկամենա՞ լսել ճշմարտությունը։ Եթե գործուն մի մարմին ձևավորվի, իհարկե, կմասնակցեմ աշխատանքներին, եթե ոչ` ես իմ անելիքներն ունեմ։ Այնուամենայնիվ, հույս ունեմ։ Դե, ո՞նց ապրենք առանց հույսի։

«ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ԿԱՄ ՆՐԱ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ»
-Հինավուրց ժամանակներում հայ թագավորի մոտ գործում էր խորհրդականների յուրօրինակ մի ինստիտուտ։ Նրանցից մեկը հետևում էր, որ արքան հրամաններ չարձակի զայրույթի պահին։ Երկրորդը կանխում էր ցնծության ժամանակ արձակվելիք հրամանը, քանզի երկու դեպքում էլ արքան ոչ հավասարակշիռ վիճակում գտնվելով` կարող էր վրիպել։ Իսկ արքայի վրիպումն էլ կարող էր ճակատագրական լինել թե´ երկրի, թե´ ժողովրդի համար։ Այսպիսով, Խորհրդի անդամները բավականաչափ ազնիվ ու համարձակ կգտնվե՞ն անհրաժեշտության պարագայում կանխելու նախագահին...
-Խորհրդում նաև ընդդիմադիր գործիչներն են` Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը և այլք։ Մյուսները մտավորականներ են ու պարտավոր են ասել հենց այն, ինչ մտածում են։
-Զուգահեռաբար Համաժողովրդական շարժում է ձևավորվում, որը հավակնում է Ազգային կոնգրեսի վերածվել։ Այստեղ Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող Շարժումն է, և արդյոք տեղին չի՞ լինի հանուն համընդհանուր պետական և հանրային շահի միավորվել։
-Այս մասին ունեմ բացասական կարծիք։ Նրանք իրենց վարքագծով թշնամություն են սերմանում, չափազանց ծայրահեղական են և իրենք չեն գնա համագործակցության։ Նրանք անցել են բոլոր սահմանները։ Միաժամանակ նրանք անկախ չեն իրենց գործողություններում և որոշումներում։ Անկախ չէ Տեր-Պետրոսյանը։ Այս ամենում երևութանում է սիոնիստական, մասոնական գործոնը։ Վերջերս Տեր-Պետրոսյանը Ֆրանսիա ուղևորվեց, կարծում եմ, ոչ զբոսանքի կամ հանգստի։ Ի վերջո, մի՞թե պատահական էր հրեական դրոշի ծածանումը նրա հրավիրած և նրա կողմից հստակորեն կառավարվող հանրահավաքում, մի՞թե պատահական էր նրա պարը։ Նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կոպիտ սխալ կլինի, և ես անելիք չունեմ այնտեղ, ուր Տեր-Պետրոսյանն է կամ նրա համախոհները։
-Այս ամենի խորքերում երևի թե պիտի անդրադառնալ մեր անկախ անցյալին։ Մեղքեր են բարդվում Լ. Տեր-Պետրոսյան վրա։ Նա առաջին, ազգընտիր նախագահն էր, նա ղեկավարեց շատ բարդ ու հակասական պատմաքաղաքական պայմաններում և, այո, ունեցավ բազում վրիպումներ ու բացթողումներ։ Որպես արդարացում առաջ է քաշվում նրա` պետական-կառավարական աշխատանքում փորձի բացակայությունը և գործուն թիմ ձևավորելու անընդունակությունը։ Բայց Ռոբերտ Քոչարյանը հաջորդեց Տեր-Պետրոսյանին` մեծ փորձ ունենալով, աչքի առջև անցյալի սխալներն ու հանցանքները։
-Լևոնականները երբ քննադատում են նախորդ իշխանություններին, միանգամայն ճիշտ են, և ինքս համամիտ եմ նրանց։ Սակայն ծիծաղելին, ցինիզմն այն է, որ մոռանում են, որ կոռուպցիան, կաշառակերությունը, քաղաքական հալածանքներն ու սպանությունները հենց իրենց ժամանակ հիմնավորվեցին։ Քոչարյանի մեղքն այն է, որ քաղաքական գնահատական չտրվեց այդ ամենին։ Եվ ասաց. «Սահմանադրությամբ չի նշվում, թե նախորդին պետք է քաղաքական գնահատական տալ»։ Բայց ո՞ր երկրի Սահմանադրությունն է նման բան արձանագրում։ Նա չփորձեց մաքրել ՀՀՇ-ի ավգյան ախոռները։ Որպես դրական կողմ կարող եմ նշել Արցախի խնդրի և Հայ Դատի ապահովումը, նա տեր կանգնեց դրանց։ Իսկ Լևոնը նահանջողական, հաշտվողական տրամադրություններ է ունեցել միշտ, և պատահական չէ, որ թուրքական ու ազերիական քաղաքագետներն ու մամուլը մեծ գովեստով են խոսել նրա մասին։ Եվ անհամբեր սպասում են նրա գահակալությանը։ Հարց եմ տալիս` ինչո՞ւ...

«ԵԹԵ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԵՐԸ ԿԵՂՏՈՏՎԱԾ ԵՆ, ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԷԼ ՆՐԱՆ ՉԻ ՓՐԿԻ ԿԱՇԱՌՔ ԿՈՐԶԵԼՈՒՑ»
-Չափազանց շատ ենք խոսում կաշառակերությունից ու դրա վերացումից։ Դրա արմատները շա~տ խորն են գնում, հասնում մինչև ռուս չինովնիկներ։ Հետո խորհրդային կայսրության ժամանակ կաշառակերությունն ու կոռուպցիան հասան իրենց գագաթնակետին։ ՀՀՇ-ի օրոք ոչինչ նոր չարվեց։ Այս շրջանի առաջնորդների ճնշող մասն անցել էր խորհրդային կաշառատվության-կաշառակերության դպրոցով։ Հետհհշական շրջափուլում կաշառակերությունն ու կոռուպցիան վերաճեցին պետական համակարգի։ Սա, այսուհանդերձ, չխանգարեց, որ ժամանակի վարչապետը ազգային մեծերի կոհորտայում դասվի։ Հասարակական խորհուրդը, և ահա` այս թնջուկը։
-Դատավորների աշխատավարձի բարձրացումը ոչինչ չտվեց և չէր էլ կարող տալ։ Եթե մարդու ձեռքերը կեղտոտված են, եթե հոգին ապականված է, անգամ ամենաբարձր աշխատավարձը նրան չի փրկի կաշառք կորզելուց։ Սա ամենածանր հարցն է, որն իր կատաղի դրսևորումներն ուներ նախկին պետավտոտեսչության և ունի ներկայումս ավտոճանապարհային ոստիկանության բարքերում։ Սա զուտ արևելյան երևույթ է, այո, համակարգված ռուսական չինովնիկության կողմից։
-Միջնադարյան Թուրքիան միակ պետությունն էր աշխարհում, ուր կաշառակերությունն արվում էր հրապարակավ, պետությունն իր հերթին հարկ էր սահմանել կաշառքի վրա։ Մենք նաև այս քուրայում ենք թրծվել։ Բայց ի՞նչ անել։
-Թուրքիայից մի ծանոթ հայ էր ժամանել ու մի զրույցում ասաց` Թուրքիայում խելքից-մտքից դուրս է, որ մեկը կարող է կաշառքով գնահատական ստանա´լ որևէ ուսումնական հաստատությունում։ Անկեղծ ասեմ, շա~տ ամաչեցի։
-Վերջերս գերուռճացած չինովնիկական ապարատի առանց այդ էլ բարձր աշխատավարձը փորձում են կրկնապատկել, երեկ էլ հայտարարեցին, որ «20%-ով բարձրացվելու են մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»։ ՈՒ սա ներկայացվում է որպես բարեփոխում։ Բայց գուցե սա բարեխեղո՞ւմ է։
-Դուք ազնիվ չեք Ձեր հարցում։ Աշխատավարձերի նախորդ բարձրացման, այսինքն` նախորդ բարելավման ժամանակ մշակույթի աշխատողների աշխատավարձը բարձրացավ... 330 դրամով։ Սա մի բան է ասում. մշակույթի դերն ու նշանակությունը, որոնց մասին այսքան ճառում են, երբևէ գերակա չեն եղել ու չեն։ Այսօր խոսում են 20% բարձրացման մասին։ Սա ծաղր է։ Եվ առհասարակ չինովնիկությունը մեր երկրի ցավն է։ Այն որպես հասկացություն առկա է բոլոր երկրներում։ Սակայն մեզ մոտ դա հասարակական շերտ է, դասակարգ։ Արտոնյալ դասակարգ։ Քաղաքակիրթ երկրներում չինովնիկը երկրորդական, երրորդական դիրքերում է, մեզ մոտ գլխավոր դերակատարներից մեկն է։ Այս դասը գործող ուժ է, ունի իր շահերն ու հետաքրքրությունները և օտարված է հասարակությունից։ Սակայն Դուք փորձում եք այս խնդիրն էլ լուծել ՀԽ-ի միջոցով։ Անշուշտ այս հարցն էլ քննարկման կներկայացվի։ Բայց եկեք չմոռանանք` երբ դիմում են մտավորականությանն ու նրա խոսքը խնդրում, ուրեմն` ինչ-որ բան այն չէ։ Մտավորականն այսքան չպետք է խոսի։ Գրողը պիտի գրի, նկարիչը` նկարի, երգահանը` դաշնամուրի առջև նստի։ Երկրի հիվանդությունը զգացվում է այն ժամանակ, երբ մտավորականի կարիքն է զգացվում։ Ֆրանսիայում կամ այլ մի երկրում գրողի կարիքն այսքան չի զգացվում, նա զբաղված է իր գործով, պատմվածք ու վեպ է գրում։
-Տարիներ առաջ անցնում էի ԱԺ ուղեգորգի վրայով։ Եվ... Ձեր դրամատուրգիային մի բան հուշեմ. առանձնասենյակների վրա դաջված էր. «ԱԺ նախագահի խորհրդական», «ԱԺ նախագահի խորհրդականի օգնական»։ Իհարկե, այս օգնականն էլ իր խորհրդականն ուներ։
-Ի վերջո, չինովնիկներն էլ գրագետ են, կրթված, բազում լեզուների են տիրապետում։ Բայց մտավորական չեն, կտրված են հասարակությունից, ապրում են իրենց չինովնիկական աշխարհի օրենքներով։
-Խոսում ենք մտավորականի մասին։ Այսօր ոմանք այս ճամբարում են, մյուսները` այն։ Ոմանք էլ հավերժորեն իշխանության կողքին են, անկախ այն բանից` Տեր-Պետրոսյա՞նն է, Դեմիրճյա՞նը, թե՞ այլ մեկը։ Կարծում եմ, որ եթե... Դեմիրելը լիներ կառավարիչ մեր երկրում, խղճի նույն հանգստությամբ նրա´ կողքին կլինեին։
-Նրանց դժվար է մտավորական անվանել։ Այդ տեսակին հենարան է պետք, գտնում են այդ հենարանն ու հենվում։ Մի բան նրանց մեջ ծուռ է, ու կամենում են շտկել։
-Վերջին հարցը։ Այս օրերը երբևէ կդառնա՞ն վեպի ու թատերգության նյութ։
-Անկասկած։ Սակայն գրողին տարածություն է պետք` գնահատելու և արժևորելու ժամանակը։ Այժմ կուտակումների շրջանն է։ Հետո կգա պայթյունի շրջանը։ ՈՒ կծնվեն վեպն ու պիեսը։
-Այսօր ինչի՞ վրա եք «պարպվում»։
-Մեր ժամանակների մասին մի բան եմ գրում։ Կոչվելու է «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»։ Հերոսը տուն է գալիս.... տունը գոյություն չունի։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4353

Մեկնաբանություններ