Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Օ՛, զարմանալի Մուշեղ Գալշոյան

Օ՛, զարմանալի Մուշեղ Գալշոյան
19.12.2008 | 00:00

ՀՈԲԵԼՅԱՆ
Թախծենք, գլուխներս լեռան նման օրորենք, հողի դառնանուշ համն առնենք ու մեր մտքում բարբառենք` առավոտ լուսո մինչ լուսաբացի նման մայրամուտ ունեցող Հայոց պապին, իսկ կեսօրին Արտենի լեռան լանջն ի վեր նայող օրհնաբան հայացքով նայող Մուշեղ Գալշոյանը (էն ժամանակ` Մանուկյան) ի՞նչ էր մտածում կորուսյալ դրախտավայր երկրի և քարուքռա էս հողի մասին, որ նաև ինքն էր քրտինքով հող դարձնում։ Երկրի կարոտն իր ճակատագիրն է, էս քարուքռան` ժառանգությո՞ւն։ Հազար բան էր մտածում նորավարտ գյուղատնտեսը (ավելի ճիշտ` տնտեսը), բայց չէր մտածում, որ էրգրի կարոտով խաչվող ծերունիները, նրանց ժառանգները դառնալու են իր բովտների հերոսները, որ անցնելու են տարիներ, հիսուն տարի հետո իր մարզպետ կրտսեր եղբայրը մե՛ծ, ընտիր ծիրանանոց է հիմնելու, անունը` Մուշեղի ծիրանուտ։
Սասնա էպոսի արմատներն իր մեջ խրած գրողը մնաց 47-ում, բայց այսօր 75 տարեկան է։ Ի՞նչ իմանար էրգրորդին, որ... Ախր, ափսոս էր, շա՛տ էր ափսոս, վիպերգից պոկված ախ-վախերը, ափսոսները հասան Մուշեղին` ափսո՛ս, Մուշեղ։ Մուշեղը նույն բարբառի ծնունդն է, նույն կորուսյալ էրգրի ժառանգը, նույն... Ո՜չ, նա երբեք գաղթականի զավակ չեղավ, թույլ չտվեց, որ Թալինում, Հայաստանում բնավորված գեթ մեկ երկրազուրկ գաղթական կոչվի։ Վերջին հողակտորի վրա հայրենիք է ստեղծվում։ Նա իր տասնյակ ու տասնյակ հերոսներից մեկն է, ուներ միայն մեկ աստվածատուր առավելություն. նաև ճյուղ-ճյուղ պատմողների էր ականջել, ինքն էլ անմշակ իր պատումներն էր նվիրում, բայց ոչ մեկն էդպես էլ չունեցավ նրա գրչի զորությունը։ Ո՛նց էր հարգում իր ընկերոջը` մանկավարժ, բանահավաք, գրող, ուրիշ բան չլինի` «Քելե, լաո» հայտնի երգի, «Ծովասարի կակաչները» գրքի հեղինակ Գևորգ Հակոբյանին։ Այո՜, Մուշեղ Գալշոյանի բոլոր գրքերի մեջ իր հերոսների հետ նաև ձուլված էր իր` ազատ ու ազնիվ ըմբոստ հայի կերպարը։ Նա Մուշեղ է և՜ «Ծաղկած քարերում», և՜ «Մարութա սարի ամպերում», և՜ «Կռունկում», և՜ «Բովտունում», և՜ Մուշեղ է, երբ գարունյան ակնարկներում տագնապում է Զանգեզուրի համար։ Իր հերոսներից, իր ֆիդայիներից, գնդակը համբուրող նրանց ճակատներից, «ով խփվի` դավաճան է» երկնաորոտ խռովքոտ Մուշեղն է, որ հասկացավ մի բան` հո՜ղն է ճիշտ, և հողի գի՜րն է հավերժ։ Նա իր հողը թողեց, հողի պատգամը և հողարմատ գիրը։ Գիր, գրականություն, որ ջերմությամբ ընդունեցին նաև բազմալեզու ընթերցողները։
ՈՒ հիմա նա` անվանի գրողը, մտածողը, փիլիսոփան և՜ հայրենի գյուղում` Կաթնաղբյուրում, և՜ Երևանում ամենուր, և՜ Մարութա սարի ամպերում, 75 տարեկան է։ Այսօր էլ իր հերոսի հոգուց բխած խոսքը Մուշեղի գրով ենք հիշում` զգալով Մուշեղի մեծ սրտի ու խոր հոգու գոլությունը. «Մարդու ուժ հողի մեջ է։ Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին` գերի է... Երկրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛, ու օրերից մի օր կհանդիպին։ Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»։
Հողն ու հողի տերը պիտի հանդիպեն։ Էդ հավատավոր սպասողներից առաջիններից մեկը հենց Մուշեղ Գալշոյանն է։ Սպասում է Կաթնաղբյուրում, հայրական տանը, Հայաստանի ամեն անկյունում, սպասում է մեր մեծ եզերքում` կարոտի էրգրում։ Մի էրգիր էլ Կաթնաղբյուրն է, ուր արդեն 28 տարի ձեռքը խղճին դրած իր, մեր, բոլորի օրվան է սպասում Մուշեղը, սպասում է, ինչպես Արցախում կռվող զինվորի հետ էր սպասում։ Կաթնաղբյուրում արդեն պատրաստ է գալշոյանական համալիրը (գյուղացիները երախտիքով են հիշում նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին)։ Պատրաստ կլինի նաև տուն-թանգարանը։ Տարին կունենա իր գալշոյանական օրը, ինչպես ունեն մեր մեծերից շատերը։
Գալշոյանական մեծարման օրը մեզ նվիրեցին Ավ. Իսահակյանի անվան գրադարանը, «Մետրո» թատրոնը, «Էրգիր» սոցմշակութային միավորումը։ Օրվա համար շնորհակալություն մշակույթի նախարարությանը, Էդվարդ Միլիտոնյանին, Կարո Վարդանյանին` գնահատումի խոսքերի համար։ Շնորհակալություն բոլորին, քեզ, սիրելի Հասմիկ Կարապետյան, ըմբոստ գրողի հայրենակից, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն։ Բայց ամենախոր շնորհակալությունը քեզ, օ՛, անվերջ զարմանալի Մուշեղ Գալշոյան։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17098

Մեկնաբանություններ