Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Շնորհակալություն, որ ինձ ջերմությամբ ընդունեցիր

Շնորհակալություն, որ ինձ  ջերմությամբ ընդունեցիր
29.07.2013 | 23:51

Սիրելի «Իրատես de facto», շնորհավոր հնգամյակդ: Ես էլ այսօր քո ընտանիքի անդամն եմ: Շնորհակալություն, որ ինձ ջերմությամբ ընդունեցիր:
«Իրատես de facto»-ի հետ ծանոթացա մեկ տարի առաջ, երբ ամառային արձակուրդներին այցելել էի Երևան: Ծանոթությունս պատահական էր. թերթի մասին ինձ պատմեց թարգմանիչը` Ֆելիքս Ենգիբարյանը: Այս պատահական հանդիպումից և օգտակար զրույցից հետո գնացի թերթի խմբագրություն: Խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը ողջունեց Աբու Դաբիում թղթակցային կետ բացելու գաղափարը, և դրանով սկսվեց մեր համագործակցությունը: Այս մեկ տարվա ընթացքում, հարգելի ընթերցողներ, դուք պարբերաբար կարդում էիք ԱՄԷ-ի կյանքի հայտնի և համեմատաբար անուշադրության մատնված կողմերի մասին: Տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄԷ կապերը գնալով ավելի են սերտանում, և փոխադարձ այցելություններն էլ շատ են: Այս հրապարակումների նպատակն է նաև ձեզ հնարավորինս օգտակար լինել ԱՄԷ այցելելիս, որոշ մանրամասներ հուշել. օրինակ, որ ԱՄԷ ասելով չպետք է հասկանալ միայն Դուբայը: Փորձում ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել նաև երկրի վարչական, գիտակրթական կենտրոն հանդիսացող մայրաքաղաք Աբու Դաբիի վրա: Այս քաղաքը կարևոր է հատկապես հայերիս համար նրանով, որ այստեղ է գտնվում ՀՀ դեսպանությունը: ԱՄԷ-ի մասին պատմող հոդվածներով մենք կարողացանք գրավել ոչ միայն Հայաստանի ընթերցողների, այլև ԱՄԷ-ի հայ համայնքի ուշադրությունը: Շնորհակալություն համայնքին թղթակցային կետի գործունեությանն աջակցելու և կատարվող աշխատանքը գնահատելու համար: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում հայ համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվ կլինի և թղթակցային կետը նրանց համար կդառնա վստահելի ուղեկից և բարեկամ: Համայնքը բազմաշերտ է, բազմերանգ, առանձնահատուկ նրանով, որ այստեղ սփյուռքի տարբեր գաղթօջախներից և Հայաստանից եկած հայեր կան: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր գաղթօջախ իր բնավորությունը, սովորությունները, գույներն ունի։ Հայաստանից եկածներն էլ իրենց յուրահատկությունն ունեն: Մենք հետագայում ավելի մոտիկից կկարողանանք ճանաչել, հասկանալ համայնքը: Որքան լավ ճանաչենք, այնքան դիպուկ և ճիշտ կներկայացնենք ձեզ, սիրելի ընթերցողներ: Պետք է ապրել նրանց մեջ և փորձել ճանաչել նրանց, հասկանալ այն, ինչը գուցե անսովոր է: Ի դեպ, հայ գաղթօջախներին քիչ թե շատ ծանոթացել էի դեռ Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրում աշխատած տարիներին: Այս հաղորդաշարը ամեն օր բացահայտում և ներկայացնում է Սփյուռքը, սա մի կետ է, ուր «խաչվում են Սփյուռքն ու հայրենիքը»: Հանրային ռադիոյում աշխատանքը օգտակար փորձառություն էր իմ այժմյան աշխատանքի համար: Հանրային ռադիոն ինձ համար յուրահատուկ դեր ունի: Այստեղից են տասներեք տարի առաջ սկսվել դեպի լրագրություն տանող իմ առաջին քայլերը: Մի քանի տարի նրանից հեռու աշխատելով` դարձյալ վերադարձա նույն վայրը, այս անգամ հստակ հասկանալով, թե ինչ եմ անում, ինչու եմ անում, և ինչով է իմ կատարած աշխատանքն օգնում մարդկանց: Ռադիոյից հեռու այդ մի քանի տարիներին աշխատեցի «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Հայրենիք» հեռուստաընկերություններում: «Արմենիա» հեռուստաընկերությունը կարևոր է ինձ համար, քանի որ իմ հեռուստատեսային աշխատանքի առաջին փորձն էր, «Երկիր Մեդիայում» առաջին անգամ ներկայանում էի հեղինակային հաղորդումով, իսկ «Հայրենիք» հեռուստաընկերությունում առաջին անգամ հանդես էի գալիս որպես հեռուստահաղորդման սցենարիստ: «Հայրենիք» հեռուստաընկերություն իմ մուտքը համընկավ հեռուստաընկերության հիմնադրմանը, երբ նոր էին կազմավորվում հաղորդաշարերը, աշխատակազմը: Հեռուստաընկերության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ ստեղծվել էր և աշխատում էր միայն մանուկների համար: Հաղորդաշարերի հիմնական հերոսները մանուկներն էին, որոնք փորձում էին հաղորդաշար վարել, սովորում էին աշխատել տեսախցիկի հետ, փորձում էին սցենար յուրացնել։ Դժվար բայց չափազանց հետաքրքիր աշխատանք էր: Բացի դրանից, «Մեր հայրենիքի պատմությունը «հաղորդաշարը» ինձնից` որպես սցենարի հեղինակից, պահանջում էր ամենօրյա աշխատանք, պրպտում, նոր տեղեկությունների հայթայթում: «Հայրենիք» հեռուստաընկերությունում ձեռք բերած հմտությունները հետո ինձ պետք եկան հատկապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդելիս: Աշխատանքային յուրաքանչյուր օրը կարևոր է, քանի որ այն մեկ քայլ առաջ է մասնագիտական ճանապարհին: Ինչպես պնդում են լրագրության ասպարեզում տասնամյակների փորձ ունեցողները, մեր մասնագիտությունը պահանջում է ամենօրյա ինքնակրթություն, աշխատանք, վերապատրաստում: Մենք կարող ենք հետևել կամ չհետևել այս խորհրդին, բայց դրանից միայն մենք կշահենք կամ կտուժենք: Խորհուրդների հետևել իհարկե պետք է, նաև պետք է կարողանալ քննադատություններ լսել: Առավել ևս, եթե խորհուրդ տվողը կամ քննադատողը քո անկեղծ բարեկամն է: Երբեմն այդ մարդիկ են անկախ քեզնից քո մեջ բացահայտում թաքնված կողմեր, ընդգծում այն, ինչը դու կարող ես լավ անել: Պետք է կարողանալ լսել նրանց, քանի որ այդպես քո կատարած աշխատանքը և ծախսած ժամանակն ավելի արդյունավետ կլինեն: Սկսնակ լրագրողները սովորաբար անփորձ են ոչ միայն իրենց աշխատանքում, այլ նաև մարդկային հարաբերություններում: Վերջինս շատ կարևոր է: Շփոթմունքից երբեմն դառնում են ագրեսիվ, բայց լավ կլինի, որ դա լինի ժամանակավոր, անցողիկ, և չդառնա բնավորություն, լրագրողին բնութագրող հատկանիշ, չվերածվի «ամեն պատնեշ ճակատով քանդելու» մղման` ճանապարհին մոռանալով և տրորելով ամեն ինչ: Այս ժամանակ է, որ քեզ պետք է հարազատ մարդկանց չեզոք հայացքը, որով դու ուղղում ես սխալներդ, փորձում հնարավորինս հեռու մնալ վերը նշվածներից: Ինձ համար կարևոր էր Աշոտ Դանիելյանի (լրագրող), Ռուզան Առաքելյանի ¥լրագրող¤, Ադա Աշոտովնայի (Ժողովրդական արվեստի թանգարանի աշխատակից) հետ հանդիպումը: Նրանք հավատացել են իմ ուժերին և միշտ ոգևորել նոր գործ սկսելիս:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ