Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մի՛ մտեք մի տեղ, որտեղ դուք չեք տարբերում սևն ու սպիտակը

Մի՛ մտեք մի տեղ, որտեղ դուք չեք տարբերում սևն ու սպիտակը
09.01.2024 | 08:27

Հոլիվուդը, իհարկե, մի առանձին թեմա է, և հայերի ավանդն ամերիկյան կինեմատոգրաֆիայում հսկայական է, սակայն, սիրելի արտատպիչներ, որ փորձում եք կրկնել իմ արածը․ լավ եք անում, բայց ես փորձում եմ մարդկանց մասին խոսելուց հետո վերլուծական ուղղորդում տալ դրան, ոչ թե պաթոսը հանել երկինք ու բոռալ՝ «ուխ, էլի հայերը»։ Մի մտեք մի տեղ, որտեղ դուք չեք տարբերում սևն ու սպիտակը։

Օրինակ, Սթիվեն Զաիլյանի մասին մեծամեծ պաթոս երգելուց զատ, մեկնումեկդ հարցնեիք՝ ինչպե՞ս եղավ, որ հայը գրեց հրեաների «կոտորածի» սցենարը (Շինդլերի ցուցակը) և դրա համար Օսկար ստացավ, սակայն հայկական ոչինչ չստեղծեցին հոլիվուդի մեծամեծ հայերը։ Ասեմ ինչպես եղավ․ որովհետև Հոլիվուդն էլ է հրեական վերահսկողության տակ՝ արդեն շատ վաղուց։ Կամ Ատոմ Էգոյանը՝ Օսվենցիմի մասին ֆիլմեր էր նկարում (Հիշել։ Помнить․ 2015)։

Ահավասիկ, ևս մեկ հայ Հոլիվուդում․ տարբերվող հայ․․․

1915թ-ին անկարայից ոչ հեռու մի ձորում թուրք բաշիբոզուկները տանջամահ արեցին Ատոմ Յարճանյանին՝ Սիամանթոյին։ Սիամանթոյի սպանությունից ու հայկական ջարդերից տասնամյակներ անց ԱՄՆ Կինեմատոգրաֆիայի ակադեմիայի նախագահության անդամ հայտնի պրոդյուսերը կարդում էր Սիամանթո՝ «Ով, մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ․․․»

Հարգարժան հանդիսատեսը հմայված լսում էր ամերիկացի հայտնի պրոդյուսերի խոսքը․ բոհեմյան խրուստալե բաժակն ուղղակի փշուր-փշուր էր լինում նրա խոսքից՝ հիպնոսի պես ազդելով ամերիկյան կինոյի հայտնիների ներաշխարհի վրա, երևի՝ այն պատճառով, որ պրոդյուսերի ընտանիքը ժամանակին հրաշքով էր փրկվել Սեբաստիայի ջարդերից․․․

Եվ այսպես, 1915թ-ին Սեբաստիայի թուրքական ջարդերից հրաշքով փրկվեց Հարություն Չալուկյանի ընտանիքը․ ամիսներ տևած թափառումներից հետո Չալուկյանները հասան Նյու Յորքի Էլիս Այլենդ էմիգրացիոն ծառայություն։

Նույն ընթացքում՝ 1915թ-ին, Սեբաստիայից Հունաստան փախավ և ապա գաղթեց Արգենտինա գեղեցկադեմ Մարին․․․

Այնպես ստացվեց, որ Հարությունը և Մարին հանդիպեցին ու ծանոթացան ջարդերից հետո՝ Նյու Յորքում։ Շուտով նրանք ամուսնացան ու տեղափոխվեցին Դետրոյթ։

1927թ-ի հունիսի 17-ին Դետրոյթում ծնվեց Չալուկյանների որդին և նրանք տեղափոխվեցին Չիկագո։

Չնայած նրան, որ Չիկագո քաղաքը թարգմանաբար նշանակում է «Վայր, որտեղ սոխ է աճում», Չալուկյանների ընտանիքն արդեն սպառել էր իրենց բաժին արցունքը Սեբաստիայի քարքարոտ ճամփեքին․․․

Չալուկյանների որդուն Չիկագոյում նեղում էին տեղացիները, թեև տեղացիներ՝ պարզապես իռլանդացի ու իտալացիներ էին, բայց տղան պինդ էր ոգով ու արյամբ։ Սիցիլիացի «մակարոննիկներն» ավելի կոպիտ էին․ իմանալով տղայի՝ թուրքական գավառական ծագման մասին, նրան մականուն էին դրել՝ «ուղտ քշող»։

Հարությունը Չիկագոյում բեռնատարի վարորդ էր աշխատում,

Մարիի առողջական վիճակը սակայն համատեղելի չէր Չիկագոյի ցուրտ կլիմայի հետ և ընտանիքը տեղափոխվեց Կալիֆոռնիային մոտ՝ ագարակում ապրելու։

Կարճ ժամանակ անց Հարությունը աշխատանք գտավ ամերիկյան կինեմատոգրաֆիայի հսկա MGM (Metro-Goldwyn-Mayer) ընկերությունում, որտեղ աշխատեց գրեթե քսանհինգ տարի։

Մարիի կողմը նույնպես կինոյի հետ կապ ուներ․ Սեբաստացի երկու նրա եղբայրներից մեկն աշխատում էր «Columbia Pictures»-ում, մյուսը «Universal Studios»-ում, իսկ նրանց ազգակցական մյուս եղբայրը՝ «20th Century Fox»-ում։

Սեբաստացի Հարությունի և Մարիի ազգականները «գրավել էին» ամերիկյան կինոինդուստրիան, բայց, ընդամենը՝ որպես վարորդներ․․․

Իսկ նրանց պատանի որդին ագարակում ձիանոցների ախոռներն էր մաքրում՝ ընտանիքից թաքուն, ապա նաև՝ ձիեր վարժեցնելու փորձեր սկսեց անել։

Ագարակում, որտեղ պատանին աշխատում էր, իր ձիերն էր պահում քառասունականների հոլիվուդյան հայտնի դերասան Ջոել Մաքքրին։ Մի օր Ջոելը պատահական նկատեց, թե ինպես էր հայ էմիգրանտների պատանի տղան հնազանդեցրել ըմբոստ ձիուն, և այդ օրից, տղան դարձավ նրա ջոկեյը, մինչև որ Մարին իմացավ այդ մասին․․․ու ամեն ինչ ավարտվեց տղայի համար, բայց մնաց կինոյի հանդեպ ձգտումը․․․

Չալուկյանների որդին նախ ավարտեց ավագ դպրոցը՝ զուգահեռաբար սովորելով ոսկերչի մասնագիտության նրբություններին, բայց, վրա հասավ Երկրորդ աշխարհամարտը, ու երիտասարդը զինվորագրվեց ԱՄՆ Ռազմածովային ուժերին։

Պատվով ավարտելով ծառայությունը՝ 1946թ-ին վերադարձավ ոսկերչի իր մասնագիտությանը։

Անցան տարիներ․․․

1958թ-ին տղան ավարտեց Կալիֆոռնիայի համալսարանը։ Նա արդեն ինքն էր ընտանիք կազմել և երկու զավակներ ուներ՝ շարունակելով ոսկերչի իր գործը։

Մի օր այցելեց իր ծանոթներից մեկին, ով աշխատում էր «Rider Sound Service» հնչյունագրման ստուդիայում։

Ոսկերիչ Չալուկյանին շատ դուր եկավ ձայնագրման աշխատանքը ու նա խնդրեց իրեն աշխատանքի տեղավորել ստուդիայում։

Առաջին աշխատանքը որ հանձնարարվեց նրան՝ շեֆերի համար սենդվիչներ պատրաստելն էր․․․հետո՝ զուգարաններն էր մաքրում, բայց միաժամանակ՝ որպես ձայնագրողի ասիստենտ էր աշխատում։

1959թ-ից այդ ձայնագրման ստուդիայում աշխատանքի անցնելով՝ Չալուկյանների որդին շուտով դարձավ ֆիլմերի ձայնագրման գիգանտը՝ իր իսկ ստեղծած եզակի տեխնիկայով․

Նրա ստեղծած տեխնիկան լայն տիրույթ ուներ՝ հազիվ լսելի շշուկից մինչև ատոմային ռումբի պայթյուն, իսկ կինոյում ձայնային ռեժիսորը կինոյի հաջողության գրավականն է․․․

Չալուկյանների որդին Հոլիվուդում առաջին անգամ օպտիկական ձայնը մագնիսականով փոխարինելու տեխնիկա ստեղծեց, ու սկսվեց նրա վերելքը․․․

1962թ-ին, արդեն հայտնի ձայնային ռեժիսոր Չալուկյանը ստացավ իր առաջին մրցանակը՝ «Կոռոզիա և ավիացիա» վավերագրական ֆիլմի համար, որտեղ նրան հաջողվել էր ստանալ մետաղի՝ կոռոզիայի ենթարկվելու ձայնը։

Մի օր «Rider Sound Service» -ի սեփականատեր Լորեն Ռայդերը կանչում է Չալուկյանին իր առանձնասենյակ, դարակից մի խուրց փաստաթղթեր է հանում ու ասում՝ «Այսօրվանից, Լեո, դու ես ռայդեր սաունդսի ղեկավարը», և Լեոն՝ Հարություն և Մարի Չալուկյանների որդին՝ Լևոն Չալուկյանը, 1976թ-ին դարձավ հոլիվուդի ամենապահանջված ձայնային ռեժիսորն ու Ռայդեր ընկերության ղեկավարը։ Իսկ 1977թ-ին Չալուկյանն ընտրվեց ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիայի նախագահության անդամ։

1985թ-ին Լևոնը համահիմնադրեց ԱՄՆ հայ կինոգործիչների միությունը։

1986թ-ին Օլիվեր Սթոունի նկարահանած «Դասակ» ֆիլմը դարձավ Օսկարակիր պրոդյուսեր ու ձայնային ռեժիսոր Լեո Չալուկյանի դափնեպսակը․ նրան Օսկար շնորհվեց՝ որպես լավագույն ձայնային ռեժիսոր։

1987թ-ին Լևոնը գնեց Ryder ընկերությունը, որն արդեն արտադրում էր ձայնագրման սարքավորումների լայն տեսականի։

Զարգացնելով ամերիկյան կինոյի հնչյունային ձայնագրման տեխնիկան ու նորացնելով մեթոդները, Լեոն դարձավ ԱՄՆ կինեմատոգրաֆիայի լավագույն ձայնային ռեժիսորներից մեկը, ով ստեղծեց ավելի քան 200 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, արժանացավ բազմաթիվ հեղինակավոր մրցանակերի՝ համաշխարհային կինոակադեմիաների կողմից։

ԱՄՆ հեռուստատեսային ակադեմիայի Էմմի մրցանակի քառակի դափնեկիր է Լեո Չալուկյանը, իսկ նրա ղեկավարության տարիներին «Rider Sound Service» հնչյունագրման ստուդիան 42 Էմմի մրցանակ է ստացել։ Արդեն շուրջ չորս տասնամյակ նա Օսկարի մրցանակաբաշխության ժյուրիի կազմում է։

1989թ-ին Լեո Չալուկյանն ընտրվեց Հեռուստատեսային գիտությունների և արվեստի ամերիկյան ազգային ակադեմիայի նախագահ․․․հետագայում, նա չորս անգամ կվերընտրվի այդ պաշտոնում․․․

Սեբաստացի Հարություն և Մարի Չալուկյանների որդին ձիերի ախոռներ ու զուգարաններ մաքրելուց հասավ ԱՄՆ կինոակադեմիայի ամենաբարձր պաշտոնին և այդ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է այսօր։

Նկարում՝ պրոդյուսեր, «Ռայդեր» ստուդիայի սեփականատեր, ԱՄՆ Հեռուստատեսային գիտությունների և արվեստի ազգային ակադեմիայի նախագահ Լևոն-Լեո Չալուկյան։

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ