Կա ուրիշ տարբերակ
13.12.2019 | 00:11
Կառավարության ամեն նիստ ունենում է իր փոքրիկ սկանդալիկը: Երեկվանը հավակնում է սկանդալի կարգավիճակի: Որևէ մեկն արդեն չի զարմանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պոպուլիստական, ոչ էքսցենտրիկ, ոչ ալոգիկ հայտարարություններից: Երեկվանը, կարծես, խոստովանության ժանրից էր:
Կառավարության նիստում քննարկվում էր ՊԵԿ-ի 2020-2024-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը: Ջանջուղազյան-Անանյան անհամաձայնությանը արձագանքեց վարչապետը՝ հայտարարելով, որ ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը, որ գնան տուն: «Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել»,- բարկացած ասաց վարչապետը, հետո ավելացրեց՝ «Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»: Ինչ երջանկություն, որ Ֆրանցիսկոսը հայերեն չգիտի, ինչքան կզարմանար պապական կուրիան՝ իմանալով, թե ով է Հռոմի պապը Հայաստանում: Բայց իրականությունը զավեշտի տեղ չի թողնում: «Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր են գալիս, ուզում ես ասել՝ ո՞ր դասարանի երեխա է գրել»: «Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա, և ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք, պտտվենք, պտտվենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իրականում պատճառների պատճառը մթնոլորտն է, որ ասպարեզից դուրս մղեց իրենց գործի պրոֆեսիոնալներին ու ասպարեզ բացեց անփորձ հանճարների առաջ, որ կարծում են՝ իրենցից դուրս ոչ միտք կա, ոչ խիղճ, ոչ ապագա: Պատճառը պետական կառավարման համակարգի քաոտիկ վիճակն է, որ ստեղծել է կառավարման համակարգի նոր կառուցվածքը, որտեղ ամեն ինչ խառնվել է իրար: Իրականում մարդիկ ոչ թե դիմադրում են, այլ ինքնապաշտպանվում: Ոչ մի պարագայում չի կարելի վարկաբեկել պետական կառավարման համակարգը, կամ այդ համակարգի հետ խոսել «ջարդելու» մարտավարությամբ, դա պետության ողնաշարը ջարդել է: Չի կարող որևէ ձեռքբերում լինել ի հեճուկս կառավարման համակարգի՝ թեկուզ դա ասում է Նիկոլ Փաշինյանը: Դա անհասկանալի ինքնամեծարում է, որ հիմք չունի: Առավել ևս, որ ինքն է նշանակել իր կառավարության 12 նախարար-առաքյալներին, ու գուցե հավատում է, որ նրանց թևերը թաքցնում է հագուստը, իսկ լուսապսակը տեսնում են բոլորը: Տեսնում են, բայց ոչ լուսապսակ, այլ մեծամտություն, անհանդուրժողականություն, կառավարման ունակությունների, տարրական գիտելիքների բացակայություն, ու եթե այս պարագայում համակարգը չդիմադրի նման նախարարներին, ֆիասկոն լինելու է պետությանը: Իսկ եթե վարչապետը, կարդալով նախարարություններից ստացված փաստաթղթերը, ինքն իրեն հարցնում է՝ ո՞ր դասարանի երեխա է գրել, թող փոխի իր առաքյալներին: Չի փոխում, որովհետև չունի պահեստայինների նստարան, որովհետև չկան կամիկաձեներ, որ պատրաստ են նախարար դառնալ: ՈՒ բնավ էլ ոչ այն պատճառով, որ մասնավոր հատվածում ստանալու են բազմապատիկ աշխատավարձ: Տասնապատկեք նախարարների աշխատավարձը, մակարդակը նույնն է մնալու: Որովհետև չկա երկրի զգացում, գործի ընկալում ու ծրագիր: Նրանք ունեն մեկ ելակետ՝ հեղափոխություն, սեփական ճշմարտության անխախտ համոզվածություն ու պատրանք, որ բոլորը պիտի իրենց ենթարկվեն: Այդպես չեն աշխատում: Համակարգը ոչ թե կոտրում են, այլ նպատակաուղղում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ահա ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց, ու Հովհաննես Թումանյանն էլ տեսավ ու գրեց մի մուշտիի մասին: Ասում եք՝ Թումանյանը չէր, Նար-Դոսն էր, ինչ կապ ունի՝ ո՞վ էր, կարևորը՝ Նիկոլ Փաշինյանը միշտ ճիշտ է: Բայց այնքան մենակ է: Այնքան մենակ, որ դառնում է Հռոմի պապ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ