38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՀ նախագահի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
02.09.2019 | 11:53

Սիրելիներս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
1902-ի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ անց թռիչքը դեպի Լուսին դարձավ իրականություն, որովհետև ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը, ինչպես պետք է երազել և հավատալ երազանքին:
Սիրելի երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դա անել՝ թե՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատություն՝ հանդիպեցին հին ընկերների, և թե՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկյուղած մտել են դպրոց ու հայտնվել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռևս անորոշության աշխարհում: Երկու դեպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին եք: Ձեզնից ոմանք արդեն անցել են որոշակի հատված, մյուսները դեռ առաջին քայլն են անում, ոմանք արդեն մասնագիտական կողմնորոշման որոնումների մեջ են, ոմանք էլ գրեթե մասնագետ են:
Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: Հավատացեք, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում, որովհետև մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից և ունեցած գիտելիքից: Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, և որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը: Կհզորանանք բոլորս միասին՝ յուրաքանչյուրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նվիրումի միջոցով, նրանց շնորհիվ, ովքեր աշակերտ և ուսանող են, ովքեր մանկավարժ են՝ հավատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, գիտելիքի ուժը:
Մաղթում եմ ձեզ հաջողություն և ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում:

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ