38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հիշի՛ր և ապրի՛ր, հիշի՛ր և արարի՛ր

Հիշի՛ր և ապրի՛ր, հիշի՛ր և արարի՛ր
26.04.2019 | 00:56

Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին։ Եվ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկության հավատարիմ ուղեկիցներն են եղել իմաստությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը։ Անանուն մի բաբելոնացի հորինել է սքանչելի ավանդություն այն մասին, թե ինչպես վայրենաբարո Էնկիդուն, կին ճանաչելով, դառնում է մարդ... Ինչպես է Գիլգամեշը ձգտել, որ մահը չիշխի մարդկանց վրա, իսկ ասորի տիրակալները, ըմբոշխնելով իրենց կոպիտ ուժը, հրամայել են քարերին փորագրել մարդու արյունը երակներում պաղեցնող պատմությունը ժողովուրդներին ոչնչացնելու մասին՝ իբրև սերունդներին մշտնջենապես ավանդվող մի խրատ։
Հավատաքննության զնդաններ...


Բարդուղիմեոսյան գիշեր... Հակաբարենորոգչականների խարույկներ... Մարդկությունը, հիրավի, անթիվ-անհամար սարսափներ է ապրել։ Բայց արդեն անցյալ դարի ավարտին սկսում էր այնպես թվալ, թե այդ ամենի երկար սպասված ավարտը մոտենում է, թե գալիս է եթե ոչ համընդհանուր երջանկության, ապա գոնե համընդհանուր խաղաղության դարաշրջանը։
Բայց դա մոլորություն էր։ Երկիր մոլորակի համար սահմռկեցուցիչ մի դաս եղավ Առաջին համաշխարհային պատերազմը, և հենց նույն այդ ժամանակ էլ ծայր առավ մի ողբերգություն, որպիսին մինչ այդ չէր տեսել աշխարհը՝ անզեն մարդկանց, կանանց, երեխաների և ծերունիների սառնարյուն, հետևողական, բարբարոս դաժանությամբ աներևակայելի մի ջարդ։ Ոչ թե կույր կատաղության վայրենի մի բռնկում... Ո՛չ... այլ պաղ գլխով կատարված հաշիվ՝ մինչև վերջին մարդը ոչնչացնել աշխատավոր, տաղանդավոր, իմաստուն մի ժողովրդի։
Սասունից մինչև Տեր-Զորի անապատները և Միջագետքի գաղջ ու հոտած ճահճուտները ձգվող վիթխարի տարածքի վրա ծայր առած ողբերգությունը աղերսում էր աշխարհի խիղճը... Բայց շատ քչերին հասավ այդ աղեկտուր ձայնը։


Ի դեպ, դա մեկ ուրիշ ողբերգության չարագուշակ նախազգուշացումն էր, և 20 տարի անց Եվրոպան ինքն ապրեց այդ ողբերգությունը։
Գերմանական ֆաշիստները մարդկության դեմ իրենց հանցագործությունը նախապատրաստելիս հստակորեն գիտակցում էին իրենց գաղափարական (եթե հարմար է այդ բառը տվյալ դեպքում) հոգեհարազատությունը երիտթուրքերի հետ, որոնք 1915 թվականին սկսել էին յոթ տարի շարունակվող մի վայրենաբարո կոտորած` առանց հաշվի առնելու զոհերի տարիքն ու սեռը և իհարկե, թքելով հասարակական կարծիքի վրա` նրանց լպիրշորեն ոգևորում էր պատմական փաստը. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ջարդը»։
Ինչպես մյուս հարցերում, ֆյուրերը սխալվում էր նաև այս դեպքում։ Մարդկության խիղճն ու հիշողությունն այնքան էլ տեղի տվող չեն, ինչպես թվում էր նրան։ 1915 թվականի ապրիլի 24-ի օրը բոլոր ազնիվ մարդկանց սրտերը առհավետ երիզված են սգո շրջանակով։


Յաթաղանների մոլեգնած խրախճանքի` անվերջանալիորեն ձգվող այն օրերին հայերը Եվրոպայի «քաղաքակիրթ» կառավարություններից օգնություն էին խնդրում, բայց այդ օգնությունը այդպես էլ չհասավ... Միայն առանձին մարդիկ արձագանքեցին անսահման ցավով ու զայրույթով։ Դրանք Եվրոպայի լավագույն մարդիկ էին՝ Մաքսիմ Գորկին, Ռոմեն Ռոլանը, Անատոլ Ֆրանսը, Ֆրիտյոֆ Նանսենը։ Իսկ բուրժուական կառավարությունները, որպես ժամանակակից փարիսեցիներ, գերադասեցին միայն կողքից նայել։
Լեռնային կիրճերը լցվեցին դիակներով, և գետերի ջրերը բարձրացան մարդկային արյունից։ Եվ հիմա Տեր-Զորի անապատի ավազը գիշերները կայծկլտում է զարհուրելի մի լույսով։ Ֆոսֆորի լույսն է։ Մարդու ոսկորների մեջ ֆոսֆոր շատ է լինում...


Իսկ թուրքական իշխանությունները, վստահ լինելով, որ պատասխան չեն տալու և չեն պատժվելու, նորանոր հրամաններ էին արձակում հետագա գործողությունների համար։
«Ջարդ-աքսոր-սովահարություն» հարահոսը գործում էր անխափան ու առանց դադարի։ Վերջերս Երևանում հրատարակվեց «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի ռուսերեն ժողովածուն, որն անհնար է կարդալ առանց սոսկումի։ Անհնար է, բայց անհրաժեշտ է կարդալ։ Մենք պարտավոր ենք իմանալ այդ ամենը։ Պարտավոր ենք իմանալ, հիշել ու չներել։
Գրքում զետեղված 267 փաստաթղթերի մեջ կգտնեք թուրք պաշտոնյա Ռիֆաթի՝ 1915 թվականին գրառված պատմությունը՝ ջարդերն սկսելուց առաջ կառավարական գաղտնի խորհրդակցության մասին։ Դոկտոր Նազիմը հայտարարել էր. «Այս անգամ մեր գործողությունները պետք է ունենան հայերի բնաջնջման համատարած բնույթ. պետք է կոտորել բոլորին` մինչև վերջին մարդը»։


Մի՛ կասկածեք, այդ դոկտորը իրեն լիակատար հաշիվ էր տալիս, որ կոտորելու են կանանց, ծերունիներին, ծծկերներին... Եվ հաղորդում էր գործընկերներին. «Խնդրում եմ, պարոնա՛յք, մի եղեք այդքան փափկասիրտ ու գթացող, դրանք շատ վտանգավոր ախտեր են»։ Իսկ ինչո՞վ էր հիմնավորում այդ մտագար դոկտորը ցեղասպանության «բարոյականությունը»։ Երկու դրդապատճառներով, նախ՝ ազգային շահը` «Ես ուզում եմ, որ այս հողերի վրա թուրքը և միայն թուրքը ապրի ու միանձնյա տիրապետի, թող վերանան ոչ թուրք բոլոր տարրերը, որ ազգին էլ նրանք պատկանելիս լինեն», այնուհետև՝ դաժանությունը, որ իբր բնության օրենքն է։ Ինչ ապշեցուցիչ նմանություն ֆաշիստական հրեշավոր տեսություններին։ Եվ նմանության մեկ ուրիշ ահավոր գիծ էլ դրոշմված թուրքաշխարհակալական և գերմանաֆաշիստական ազգայնամոլական բնույթների միջև այն հեռավոր ժամանակներում ցեղասպանություն իրագործելիս։ Պարզվում է, որ թուրք բժիշկները դեռևս 1915 թվականին հայերի համար ստեղծված մահվան ճամբարներում մարդկանց վրա կատարում էին այնպիսի փորձեր, որոնք սովորաբար կատարվում են ճագարների և ծովախոզուկների վրա։


Ի՞նչը կարող էր համեմատվել հայ ժողովրդի ցավի ու վշտի հետ, ժողովուրդ, որ կես տարվա ընթացքում ջարդվել, կես էր դարձել... Իսկ մոլեգնած ամբոխի ճիրաններից մազապուրծ փախստականների տառապանքն ու չարչարա՞նքը...
Այնուհանդերձ, հայ ժողովուրդը տոկաց, դիմացավ... Այն ժողովուրդը, որ աշխարհին տվել է ոչ միայն Այա Սոֆիայի գմբեթը վերակառուցող հանճարեղ ճարտարապետ Տրդատին, ոչ միայն խոշոր բանաստեղծների ու մտածողների՝ Գրիգոր Նարեկացուն, Նահապետ Քուչակին, Սայաթ-Նովային, ականավոր մարդասերների ու գրողների՝ Միքայել Նալբանդյանին, Խաչատուր Աբովյանին, Հովհաննես Թումանյանին, այլև իր հզոր գրկում մեծացրել է հմուտ զորավարների՝ Տիգրանին, Վարդանին, Անդրանիկին։ Այդ ամենադժնի տարիներին ընդվզեց հպարտ, ասպետական հայ ժողովրդի դիմադրության ոգին։ Աշխարհը ապշահար էր Վանի ու Մուսա լեռան պաշտպանների հերոսականությամբ։ Պարզ գյուղացին և դարբինը, ելնելով պաշտպանելու... ոչ թե իրենց տունն ու օջախը, այլ կանանց ու աղջիկների կյանքն ու պատիվը, զենքը ձեռքներին արիաբար հետ մղեցին քանակապես հարյուրապատիկ գերակշռող և լավ վարժեցված, լավ կերած, լավ զինված թուրքական բանակների հարձակումները։ Քանզի արդարության համար մարտնչողների արիությունը հազարապատիկ ավելի է, քան անիմաստ ու վայրենի չարությունը։ Կարելի է սպանել հերոսական պաշտպաններին, բայց նրանց ծնկի բերել՝ երբեք։ Մեծն Տիգրանի ոգին այդ օրերին հառնեց գեներալ Անդրանիկի մեջ, Սասնա Դավթի ու Մհերի ոգին՝ ամեն մի հայի, որը դուրս էր եկել մարտնչելու Սարդարապատի արյունոտ ռազմաճակատում։
Զարհուրելի են հայ ժողովրդի կորուստները, բայց և անմահ են նրա փառքն ու խիզախությունը։


Ապրիլի 24-ին, ամեն անգամ նշելով տարելիցը այն ողբերգության, որը ոչ ոք իրավունք չունի մոռանալու, մենք ձեզ հետ ենք, հա՛յ եղբայրներ։ Հայերի սրտերի պես մեր սրտերն էլ է համակում անսահման վիշտը, և ձեզ հետ մենք էլ ենք հպարտորեն բարձրացնում մեր գլուխները` հիշելով, որ սևհարյուրյակային ուժերին չհաջողվեց սպանել հայ ժողովրդի հանճարը, որ ստորությունը, կեղծիքը, նենգությունը, չարությունն ու բարբարոսությունը Սարդարապատում ստացան իրենց արժանի հակահարվածը։


Փառք ու պատիվ մարտիկներին, հավերժ հիշատակ անմեղ զոհերին։ Ծաղկիր, Հայաստա՛ն, խաղող մշակիր, տներ կառուցիր և աստղային մաքուր երկնքին նայիր Բյուրականի զով բարձունքից։ Դեռևս ցավից մխում է քո խոր վերքը՝ զավակներդ սփռված են աշխարհով մեկ։ Բայց հավատում եմ, որ կգա օրը, և այդ ցավից էլ հետք չի մնա, և բոլոր հայերը կհավաքվեն իրենց հարազատ հողի վրա և «սփյուռք» բառը կմնա միայն պատմական բառարաններում։
Հիշողության ցավն անզոր են ջնջելու ոչ միայն 80, այլև 8000 տարիները, քանզի հիշողությունը մարդու ամենամարդկային հատկանիշներից մեկն է։ Բայց մեր աչքերի առջև 80 տարի առաջ տեղի ունեցածն այլևս երբեք չի կրկնվելու։ Հիշիր և ապրիր։ Հիշիր և կառուցիր, ստեղծիր, մեր հարազա՛տ, մեր սիրելի՛ եղբայր, մեր Հայաստա՛ն, հինավո՛ւրց երկիր Նաիրի։


Երբ տասնամյակներ առաջ Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը Երուսաղեմում ծնկի եկավ Լացի պատի մոտ, դրանով ընդգծեց իր ժողովրդի և նրա ոգու բարոյական վսեմությունը։
Իսկ համայն աշխարհով սփռված հայերը ահա արդեն 80 տարի շարունակ սպասել են այն օրվան, թե երբ թուրքական պետությունը գեթ մի բառ կգտնի արտահայտելու իր զղջման ցավը հայերի ցեղասպանության առթիվ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կայացավ Նյուրնբերգի դատավարությունը, և պատերազմի գլխավոր հանցագործները դատապարտվեցին մահվան՝ կախաղանի միջոցով։ Այնինչ հայ ժողովրդի դահիճները հռչակվել էին Թուրքիայի ազգային հերոսներ։
Գերմանիայի մտավորականությունը մեղադրեց նացիզմը, Գերմանիան Իսրայելին 40 միլիարդ մարկ վճարեց` որպես նյութական փոխհատուցում։ Ի վերջո, չնայած Գերմանիան հրեաների հայրենիքը չէ, այնուհանդերձ, ցեղասպանության զոհերը և լեռնափախստականները ստացան իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք։


Իսկ հայերը ամբողջ 80 տարի թուրքական գրականությունում և մամուլում մի բառ անգամ չգտան 1915 թվականի եղեռնի վերաբերյալ։ Ես արդեն չեմ խոսում նյութական փոխհատուցման մասին, թեև մարդու կյանքը անգնահատելի է։
Եվ, վերջապես, Թուրքիան հնարավոր չհամարեց զոհերի սերունդներին իրավունք ընձեռել վերադառնալու իրենց պատմական հայրենիքը՝ Թուրքիա անվանվող Արևմտյան Հայաստան։ Նույնիսկ հիմա ծայրահեղական տարրերը պղծում են հայկական գերեզմաններ Ստամբուլում և սպառնում նոր դատաստան տեսնել հայերի հետ։ Եվ մի՞թե որպես ժամանակավրիպություն ու պատմական պարադոքս չեն հնչում Հայաստանին պատերազմ հայտարարելու սրբապիղծ սպառնալիքները, որպիսիք կարելի է լսել նույնիսկ կառավարության որոշ հարգարժան անդամների բերանից։ ՈՒ այդ ամենը՝ 1915 թվականի հայերի սահմռկեցուցիչ ցեղասպանության 80-ամյա հիշատակի նախօրեին։ Եվ այդ ամենը՝ ողբերգական այն բոլոր տառապանքներից հետո, որ բազմաչարչար հայ ժողովուրդն ապրեց 20-րդ հարյուրամյակի վերջին տասնամյակներին. ահավոր երկրաշարժը, որի հարուցած վերքերը տակավին չեն սպիացել, արյունոտ իրադարձությունները Ղարաբաղում, արյուն, արցունք և սով վերջին տարիներին։ Այդպես խոսել և նիզակ ճոճել կարող են, ինձ թվում է, միայն այն մարդիկ, ում մեջ տեղի է ունեցել խղճի խավարում։ Բայց այդ ամենը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև այն ժողովրդի համար, որի անունից ծայրահեղականները ագրեսիվորեն սպառնում են պատերազմով։


Սակայն կամենում եմ զգուշացնել` աշխարհի բոլոր ողջամիտ և ազնիվ մարդիկ զորավիգ կլինեն բյուրատանջ հայ ժողովրդին։ Երբ գերմանական Զոլինգեն քաղաքում սափրագլուխ նեոնացիստները ողջ-ողջ այրեցին մի քանի թուրք վտարանդիների, որքան վրդովվեցին Թուրքիայի կառավարիչները։ Իսկ ի՞նչ անեն հայերը, ովքեր այժմյան Թուրքիայում տարագիրներ չեն, այլ տերեր, սակայն դարձյալ ապրում են ահ ու սարսափի մեջ։ Հինավուրց հայկական քաղաքներ Կարսն ու Սարիղամիշը, Էրզրումը և Վանը, Մուշն ու Սասունը մնացել են առանց բնիկների, այստեղ ավերել ու ավերում են հայկական եկեղեցիները։ Եղեռնը Սումգայիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ 1915 թվականի եղեռնի շարունակությունն էր։
Գերության մեջ է նույնիսկ բիբլիական Արարատ լեռը։ Բայց մի՞թե ժամանակը չէ, որ դարձյալ՝ արյան ահավոր հեղեղից, արցունքներից և սարսափի հույզերից հետո, Արարատի վերևում` մով երկնքում, տեսնենք խաղաղության աղավնուն` քնքուշ կտուցին կանաչ ճյուղը՝ կյանքի բանաստեղծական խորհրդանիշը։
Պոեզիան միշտ նրանց հետ է, ովքեր մաքառում են հանուն կյանքի, հանուն ճշմարտության և ազատության։


Լիտվերենից թարգմանեց
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ