Երբ Կարինե Խոդիկյանը Վազգեն Սարգսյանին հարցրել է, թե ի վերջո ե՞րբ է կրկին որևէ բան գրելու, նա պատասխանել է. «Այնքան բանի միջով եմ անցել, այնքան արյան, ճակատագրերի միջոցով եմ անցել, ինչքան պիտի մաքրվեմ, որ նստեմ ճերմակ թղթի առաջ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, նշել է նաև, որ Վազգեն Սարգսյանը կարոտում էր «Գարունը», գրականությունը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հավելել է, որ հենց առաջին պատմվածքներից երևացել է նրա տաղանդը, ինքնուրույն ձեռագիրը:
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985-ին դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90-ին աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է ՀԿՄ մրցանակին։
Այսօր Վազգեն Սարգսյանը կլիներ 60 տարեկան: