Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան, ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթներից ու հարցազրույցներից.
«Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է: Ես պատասխանատվությունից չեմ վախենում ու համոզված եմ, որ ելք կա: Մենք Վճռական Մենակի Ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992թթ.: Պետականորեն մենք արդեն շատ անակնկալներ ենք մարսել: Ավելի մեծ փորձություններ դժվար թե մեզ հրամցնեն, եթե ինքներս մեզ չհրամցնենք: Համոզված եմ, որ 20-րդ դարը հայերիս համար հաղթանակի դար է: 20-րդ դարը մենք սկսեցինք պետականության իսպառ բացակայությամբ` եղեռնով, պետություն ստեղծելու անհաջող փորձերով, համաշխարհային առաջին պատերազմում ոտնատակ ընկնելով: Բայց, եկեք մտածենք` այդ ո՞ր մի դարում ենք ծլել-ծաղկել-զորացել: Տիգրան Մեծին հանգիստ թողնենք, մեր հազարամյա մշակույթն էլ փրկության դրոշի պես չպարզենք: Մի՞թե մեր պատմությունը շարունակական նվաստացումների, տեւական հյուծիչ եղեռնի եւ համակերպության պատմություն չի եղել: Մեր հպատակ թագավորների (թագավորի հպատակս ո՞րն է) աղերսագիրը կարդալով` մենք պետականության պատրանքներ ենք փայփայել: Եվ ո՞վ է ասում, որ մեր մշակույթը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան` հիմա: Կամ` այդ ե՞րբ ենք կանոնակարգված-համակարգված մշակույթ ունեցել, որ արդեն չունենք: Հատուկենտ հանճարների փայլատակումները միմիայն պատմությունն են սնել, ժողովրդի արյան մեջ չեն մտել: Մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականություն է, որն ընթացք, հաջորդականություն եւ զարգացում ունի, եւ, ներծծվելով ազգի հավաքական գիտակցության մեջ, ձևավորում է մթնոլորտ»:
***
«Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել: Ռուսները, երբ զգացին, որ բանակների պատերազմում տանուլ են տալիս Նապոլեոնին, հնարեցին Հայրենական պատերազմը: Եվ դա ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ հնարել է որեւէ ժողովուրդ: Ասելս այն է, որ մեր պատմության շառավիղներում մենք չցուցաբերեցինք համապատասխան կամք, հավաքականություն, չունեցանք մեր 50-հազարանոց բանակը, չունեցանք Հայրենական պատերազմ հնարելու ռուսական հրաշագործ միտքը, այլապես այսօր ֆրանսիացու պես կճամփորդեինք, կսիրեինք, դեմոկրատիա կխաղայինք, մարդու իրավունքներից կխոսեինք, կենդանիների բնության պահպանության շարժումներ կծավալեինք, կովկասյան տուն կառուցելու գաղափար կմոգոնեինք»:
Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել, և անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արեւի տակ:
***
Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաև բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարևանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող: Էլ չեմ ասում տարածաշրջանային մենթալիտետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարեւաններից յուրաքանչյուրը Մեծ Աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որեւէ ծանրակշիռ խաղաքարտ ունի` ծավալային, քանակային, ռեսուրսային, ապա մեզ մնում է մյուսներից ուղղակի մեկ գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջապես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը` հաճախ ավելի ուժեղ եւ հզոր է, քան վատ հավաքված մեծն ու շատը` լինի դա պետություն, բանակ թե ընտանիք:
***
Սիրում ենք դարերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչեւ պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում… Եկել է կանգ առնելու եւ մի պահ հայացք նետելու ժամանակը: Ու՞ր ենք գնում: Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Ումի՞ց ենք թաքցնում: Ումի՞ց ենք գողանում: Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից:
***
Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:
Ինչի՞ն սպասել` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…
***
Հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով…
***
Ոչ մի ծրագիր, որքան էլ փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:
***
Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ավելի շատ լուրջ ժողովրդավարական հիմքեր-սկզբունքներ մենք ունենք, դա մեր հաղթական խաղաքարերից մեկն է, և եթե մենք կարողանանք ճիշտ աշխատանքներ տանել ու դառնալ իսկապես ժողովրդավարական պետություն, այդպես ավելի հեշտ կկարողանանք հաղթել մեր հակառակորդներին ու մրցակիցներին:
***
Ես երջանիկ մարդ եմ: Որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
***
Ես դեռ համոզված չեմ, թե վերջն ի՞նչ է լինելու, ես ՀՀԿ համագումարում էլ ասացի` հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ բոլորիս վրա շատ մեծ պատասխանատվություն թողեց` մենք դեռ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք էինք, ոչ թե ինքը, եւ դափնիների հարցը դեռ վերջնականապես լուծված չէ:
***
Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը: