38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒ՞մ է խոցելու Լոնգինի գեղարդը

ՈՒ՞մ է խոցելու Լոնգինի գեղարդը
07.07.2018 | 09:01

Չի հանդարտվում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը, անհեթեթության գագաթնակետն է` ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն, վրաններ դնել ու գիշերել այնտեղ: Պատկերացնու՞մ եք «Նոր Իտալիա, նոր պապ» շարժում, որի ակտիվիստները ներխուժում են Վատիկան ու Հռոմի պապից պատասխան պահանջում, թե ինչու՞ են տարիներ առաջ Գրիգոր Լուսավորչի մասունքները հանձնվել Հայաստանին: Եվ` պահանջում են պապի հրաժարականը:

Իհարկե, որևէ ակտիվիստ Վատիկան չէր հասնի` պապի շվեյցարացի գվարդիականները քայլ անել թույլ չէին տա: Բայց հարցը դա չէ: Նույնիսկ նորանշանակ քաղաքապետը չի կարողացել իրավիճակը լիցքաթափել ու տուն ուղարկել իր «բողոքի» մեջ լկտիացած նախաձեռնությանը: Կարեն Պետրոսյանի նոր սադրանքը չանցավ` լրագրողներին ցուցադրվեց Լոնգինի գեղարդը` անխաթար ու բոլոր կնիքներով: Իսկ այսօր գեղարդը Մայր Աթոռում է դրվելու` ի տես անհավատների:


Արդեն այն տպավորությունն է ստեղծվում, որ վաղը Կարեն Պետրոսյանը հայտարարելու է` «Հայաստանում անոմալ շոգեր են: Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը` նա չունի կաթողիկոս լինելու Աստծո թույլտվությունը»: Տարօրինակ է, որ այսքանից հետո կարգալույծ չի արվում Կորյուն աբեղա Առաքելյանը և անգործության է մատնված Էջմիածնի ոստիկանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս չունի։ 2004-ին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է իրեն՝ փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում` ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, լրագրողներին ցուցադրելով Սուրբ Գեղարդը, որ 18-րդ դարից պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Գեղարդի վրա երկու սուրգուչե կնիքներ կան, որոնք դրոշմել են Դավիթ Հինգերորդ և Դանիել Առաջին ամենայն հայոց կաթողիկոսները (19-րդ դար), որ բուն Գեղարդը կարողանանք տարբերակել կրկնօրինակից, որը պատրաստվել է 18-րդ դարում զուտ ապահովության համար: «Սուրբ Գեղարդը հատուկ պահոցից հատուկ կարգով դուրս է բերվում Մյուռոնօրհնության առիթով, և արդեն չորս տարի է Վեհափառ Հայրապետի հատուկ տնօրինությամբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել Հայոց առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղեմիոսի հիշատակի օրը»,- նշեց նա:
Բայց ու՞մ է դա հետաքրքրում: Եվ` ընդհանրապես` ու՞մ է հետաքրքրում Սուրբ Գեղարդը, նրա նշանակությունն ու դերը: Վստահաբար` բոլոր կարենպետրոսյանները երջանիկ կլինեին, որ Սուրբ Գեղարդը մասնատված ու քառատված լիներ, միայն թե իրենք ապացուցեին, որ Մայր Աթոռը թալանված ու կողոպտված է և միայն իրենք են, որ կարող են փրկել Հայ առաքելական եկեղեցին:
Հիմա արդեն հայ հանճարեղ վերլուծաբանները դավադրությունների տեսություններ կզարգացնեն` ու՞մ և ինչի՞ դիմաց են եկեղեցու գանձերը նվիրվել, որ նույնն է` վաճառվել: Ոմանք գուցե նաև ԱԱԾ-ին ուղղորդեն Դիվանատուն, հույս ունենալով այնտեղ ոչ թե գտնել, այլ` չգտնել… միլիարդավոր դոլարներ: Կամ` համարժեք իրեր:
Հանգիստ թողեք Հայ առաքելակայն եկեղեցին, քաղաքականությունը տարածեք քաղաքական դաշտում ու առավելագույնը` ձեր մտապատրանքներում: Չի կարելի վարկաբեկել մի կառույց, որ հայապահպանության հազարամյակների պատմություն ունի ու համաշխարհային աշխարհագրություն: Այդ նպատակով գործում են աղանդավորներից` մասոններ, մուսուլմաններ ու տարանուն հիմնադրամներ: Այլ հարց է, եթե հենց նրանց պատվերն եք կատարում: Այդ դեպքում ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի: Եթե ԱԱԾ-ն էլ չզբաղվի, Սուրբ Գեղարդը, որ բժշկում ու հրաշագործում է, նաև պատժում է:

Դիտվել է՝ 4719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ