«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ո՞Ւմ «թանին են թթու ասել»

Ո՞Ւմ «թանին են թթու ասել»
26.08.2008 | 00:00

Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին երեկ կրկին տհաճ անակնկալ էր սպասում։ Առավոտյան՝ 10.30-11.00-ի սահմաններում պողոտա են ներխուժել ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով շուրջ հարյուր մարդ և, ըստ ականատեսների, կայծակնային արագությամբ պատռել են բոլոր քաղբանտարկյալների լուսանկարները, պաստառները, ինչպես նաև իրենց հետ տարել ՀԱԿ-ին անդամակցած քաղաքացիների բլանկներն ու Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան ուղարկելու նախաձեռնության ստորագրությունները։ «Մարտի 1-ի ջարդի նման մի քանի րոպեում իրականացրին գործողություններ ու թողեցին փախան։ Բացահայտ սրում էին իրավիճակը՝ հայհոյելով ու սպառնալով նստացույցի մասնակիցներին»,- նշեց նստացույցի մասնակիցներից մեկը։ Երբ արդեն այնտեղ էինք, պաստառներից «ընկնավորվող» խումբը հեռացել էր, և պողոտայում մնացել էր միայն մի քանի ոստիկան, ովքեր թեժ վիճաբանում էին նստացույցի մասնակիցների հետ։ Հյուսիսային պողոտայում էին նաև «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ովքեր փորձում էին ոստիկաններից պարզել, թե ինչ որոշման արդյունքում են ձեռնարկել այս գործողությունները։ Սակայն՝ ապարդյուն։ Այս ամենից հանկարծակիի եկած նստացույցի մասնակիցների խոսքերի մեջ պարբերաբար հիշատակվում էին Ռոբերտ Քոչարյանի և Աղվան Հովսեփյանի անունները։ «Վիժվածք»,- ահա այսպես տարիքով մի կնոջ անվանեց «օրինապաշտ» ոստիկաններից մեկը՝ իր գործընկերոջը պատվիրելով. «Ով որ քեզ անձնական մի վիրավորանք կտա, անմիջապես կկապնվես կենտրոնի հետ»։ Չնայած ոստիկանները «կայծակ-օպերացիան» արդարացնում էին այն հանգամանքով, որ տեղի բնակիչներից բողոք են ստացել, թե նստացույցի մասնակիցները խանգարում են իրենց հանգիստը, վերջիններիցս մեկը, այլևս չհանդուրժելով այս փաստարկը, միանգամից հակադարձեց. «Մինչև հիմա ոչ մեկի հանգիստը չէինք խանգարում, հիմա սկսեցինք խանգարե՞լ, թե՞ Խոսրով Հարությունյանի հանգիստն է խանգարվել»։ «Օպերատիվ» այս գործողությունը, նստացույցի մասնակիցների պնդմամբ, գլուխ են բերել ՀՀ Կենտրոնի ոստիկանության ծառայության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալ Վալերի Օսիպյանը և ուրիշներ։ «Հաստավիզ, երկու իմ չափի, վիշապներ, 150 կիլոգրամանոց մարդկանց հատուկ ջոկատներ են պահում, որ ամեն անգամ այսպիսի կոտորած սարքեն։ Սա պլանավորված, ծրագրված գործողություն էր»,- փոխանցեց մեկ այլ քաղաքացի։
Չդիմանալով քաղաքացիների հարցադրումների տարափին՝ ի վերջո, ոստիկանները հեռացան՝ մի փոքր խումբ թողնելով պողոտայում, որը փորձում էր ամեն կերպ հեռու մնալ վրդովված մարդկանց տեսահորիզոնից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4549

Մեկնաբանություններ

յքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am