Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին

Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին
27.06.2024 | 13:46

Մեր քաղաքակրթական ամոթն է, որ, այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով, որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։

Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տարի, բայց ամեն մեծ միտինգից հետո ուզում ենք արագ փոփոխություն։ Ինչևէ։

Արդեն 2019-ին իշխանության եկած թիմը (տեսականորեն) կարող էր իր ներսում հասկանալ, որ իրենց լիդերը «այն չէ» ու որևէ կապ չունի իրենց հեղափոխության հռչակած արժեքների հետ։ Անեին դա՝ չէր լինի պատերազմ։ Դա կլիներ լուրջ թիմի լուրջ պահվածք։

Պատերազմի ընթացքում բանակի վերնախավը պարտավոր էր իր վրա վերցնել պատասխանատվություն և կասեցնել ամբողջական պարտության սցենարը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում և ինչով է ավարտվելու։ Իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու՝ Մեկ հոգու որոշումից հետո գեներալները դա ուղղակի պարտավոր էին։ Եվ աշխարհը դա կհասկանար, կընդուներ։

Նոյեմբերի 9-ից կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ զանգվածային պոռթկում, որովհետև «հաղթելու ենք» քարոզով տարան պարտության, անվերջ զոհերի և Արցախի կարևորագույն հատվածների կորստի։ Ինքնաբուխ պոռթկումը կլիներ բնական, և աշխարհը դա կընդուներ։

Հաջորդ շաբաթներին նախկին նախագահների ձևաչափը կարող էր դառնալ կոնսոլիդացնող լուրջ գործոն և կասեցնել մեր պատմության աղբերգության անիվը։ Դա կլիներ լուրջ պետության նախկին նախագահների պատմական քայլը։ Չստացվեց։

Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր էր ճիշտ կոնսոլիդացնող դաշինքների և ճիշտ բովանդակության միջոցով փոխել իշխանությունը։ Չարվեց։

Հետագա շարժումների ընթացքում աշխատում էր երկու բանաձև. փողոցից փոխել իշխանությունը՝ չստացվեց, և ՔՊ-ն իր ներսից ձևավորի նոր կառավարություն՝ չարվեց։

5-6 տարի է՝ մենք այս ընթացքի մեջ ենք, որի՝ ցանկացած պահին ունեցած հաջողությունը կարող էր կանգնեցնել աղետի ընթացքը։ Չենք արել։ Այդ ընթացքում արձանագրվեց քաղաքական ուժերի համատարած դեֆոլտ և հին ու նոր առաջնորդների միֆազերծում։

Հասանք Տավուշ

Պատմական կորուստների հերթական փուլից առաջ, երբ քաղաքական դաշտը, կուսակցությունները, բոլոր ձևաչափերը արձանագրված անգործունակության մեջ են և կենդանի են մնում բացառապես արհեստական շնչառությամբ, պարզվեց՝ չկա մի քաղաքական ուժ, մի քաղաքական լիդեր, հարյուրավոր ահասարսուռ անուններով կուսակցություններից մեկը, մի աշխարհիկ ձևաչափ, որը հասարակությանը կփորձի արթնացնել և այլ ուղով տանել պատմությունը։ Հիշեք Արցախի շրջափակման 9 ամիսները, երբ ՀՀ քաղաքական դաշտը ձայն չհանեց, Երևանում ընդվզման որևէ փորձ չարվեց (աննշան բացառություններով)։

Այս պայմաններում հայտնվեց մի հոգևորական, ով իր վրա վերցրեց պատմական առաքելություն և հետևաբար՝ վերցրեց նաև ռիսկերը, իշխանության բռնաճնշումները, վայրահաչոցների և կեղծիքի հարվածները, ու նաև «բարեկամների» խանդը։

Ու նա լուրջ հաջողության հասավ։ Չտեսնել սա հնարավոր չէ։ Եվ իհարկե նա մի քանի շաբաթում չէր կարող փոխել իշխանությունը։ Սակայն կարող էր և դրեց նոր պրոցեսի սկիզբը։

Ինչու հոգևորական

Ուրախանալու ոչինչ չկա իհարկե, որ աշխարհիկ քաղաքական հանրային միավորներն այնքան անօգնական ու անհեղինակություն վիճակում են, որ նոր սոլիդ իշխանության ձևավորման գործը կազմակերպում է հոգևորականը։ Սա շատ մտահոգիչ է պետության ներկայի ու հեռանկարի համար։ Մյուս կողմից՝ տարօրինակ ու նաև անազնիվ է «մեղադրել» հոգևորականին, թե ինչո՞ւ ես քաղաքական համակարգերի անճարականության պայմաններում հենց դու փորձում փրկել պետությունը։

Կա հարցի նաև այլ հարթություն. մենք, որպես հասարակություն, այնքան ենք դեֆորմացվել, ստի, փողի, խաբեության ու երեսպաշտության կոնգլոմերատ դարձել, որ, այո, հենց հոգևոր խոսքով ու միտինգի հարթակից զանգվածային քարոզի ժանրով է առողջացման ճանապարհը։ Միլիոնավոր մարդիկ դիտում են հոգևորականի (հոգևորականների) ելույթները, և եթե ինքնամաքրման, անտարբերության թոթափման մասին մարդկային խոսքը մտնում է անտարբերների, մոլորվածների, նյութապաշտների տներ-սրտեր, ուրեմն հենց դա է առողջացման շարժումը, այլ կերպ ինչպե՞ս պիտի լիներ։

Հակաքարոզչությունը

Իշխանությունը սկսեց հակաքարոզչության մի թեզ, որը, տեխնոլոգիական հմուտ տարածման շնորհիվ, մտավ հասարակության տարբեր խավերի խոսույթ. թե բա՝ հոգևորականը ո՞նց կարող է քաղաքականությամբ զբաղվել, կառավարություն ձևավորել, բանակցել Ալիևի ու այլ նախագահների հետ։

Սա պարզունակ թեզ է, որովհետև Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։ Դա ակնհայտ է անգամ իշխանական քարոզիչների համար։ Նա փորձում է կարգի հրավիրել երկիրը՝ իր վրա վերցնելով քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների գործառույթը, որոնք չեն կարողանում դա անել արդեն վեց տարի։ Հարցը, սակայն, ունի նաև այլ, ավելի առարկայական կողմ. Բագրատ Սրբազանը, այո, բարձրաստիճան հոգևորական է, և որպես հոգևորական՝ մեծ հեղինակություն է վայելում։ Պիտի հիշենք, սակայն, որ հոգևորական լինելուց բացի, նա լուրջ կրթություն ստացած, մեծ հաշվով գիտության ոլորտի մարդ է։ Եվ իրականում նա հանրային կյանք (եթե կուզեք՝ քաղաքական) մտնում է գիտությունից։ Մեր պետականության սկզբում երկու առանցքային դեմքերը, ի դեպ, նույնպես գիտական համայնքից էին՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան։ Գուցե հենց այսօր, պատմական աղետներից հետո, հետպատերազմյան վերականգնման ակունքում պիտի կանգնած լինի գիտնականը, գիտական մտածողության կրողը, մտքի կրողը։ Մարդիկ պարզապես պիտի տեղյակ լինեն, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն հարգված և մեծ վաստակ ունեցող հոգևորական է, այլև՝ գիտական համայնքի ներկայացուցիչ է, լուրջ գրքերի, աշխատությունների հեղինակ։

Հոգևոր-գիտնական, բա քաղաքակա՞նը

Հասկանալի է սրտացավ մարդկանց այն տեսակետը, որ այս շարժումը գուցե բարոյականության, արժանապատվության, մարդ լինելու խնդիրներ է դնում, սակայն թույլ է քաղաքական կոմպոնենտը։ Այս պահին դա այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է լուծել ու լուծել նաև բոլոր այն մարդկանց ջանքերով, ում համար իրականում կարևոր է շարժման հաջողությունը։ Ոմանց անհանգստացնում է որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության, մասնակցելիության, բովանդակության սոցիական ուղղությունների սակավության խնդիրը և այլն։ Բայց սրանք ընդամենը խնդիրներ են՝ նոր սկսված շարժման ներսում, որոնք հեշտությամբ կարելի է և պետք է հաղթահարել։ Շարժման վերափոխումը հենց այս խնդիրների լուծման համար է։ Եվ սա էապես կուժեղացնի շարժումը ներսից ու կհեշտացնի արտաքին աշխարհում դաշնակիցներ ստանալու պրոցեսը։ Աշխարհը սրան չի նայում որպես առողջացման շարժում, դա աշխարհին հետաքրքիր չէ, դա մեր ներքին գործն է։ Աշխարհի համար սա մաքուր քաղաքական պրոցես է։ Պետք է ընդունենք նաև, որ սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ