Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՈՒղիղ հարյուր տարի առաջ հայոց քնարին արևն էր հենվել՝ պոետ էր ծնվել

ՈՒղիղ հարյուր տարի առաջ հայոց քնարին արևն էր հենվել՝ պոետ էր ծնվել
24.01.2024 | 18:04

Լույսը բացվել է։ Նա մոտենում է պատուհանին։ Առավոտն էնքա՜ն թեթև է, էնքա՜ն անէական, ասես՝ չլինի։ Լրիվ թափանցիկ դարձած ժամանակի միջով ութ հարյուր տարվա խորքից նրա ականջին է հասնում եկեղեցու կամարների տակ հնչող ծանոթ շարականը՝ Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա...

Առավոտ լուսո... Մինչև արևի դուրս գալը նա պիտի հասցնի առավոտվա լույսից աշխարհ ստեղծել, որ արևը ծագի իր արարած աշխարհի մեջ ու ջերմացնի։ Նա պիտի լրիվ դատարկվի հին աշխարհից ու կաթիլ-կաթիլ լցվի նորով՝ առավոտվա նման մաքուր, անբիծ, նորածին աշխարհով, ու հետո իր ստեղծած լուսեղեն աշխարհը պիտի տա մարդկանց, որ դրախտի համն առնեն։

Առավոտ լուսո՜,

Առավոտ մի ջի՜նջ,

Ջի՜նջ, ինչպես... ոչի՛նչ,

Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:

Ու ես անհապաղ

Անջատում եմ ինձ

Աշխարհից ծանոթ

Ու պարպում եմ ինձ,

Դարձնում մի անոթ,

Որ լոկ դատարկ չէ,

Այլ նաև անօդ:

Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝

Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,

Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,

Որպեսզի նախ ե՛ս

Եվ հենց ի՛նձ վրա

Բժշկի նման փորձարկեմ կարգին,

Ու եթե լինի այս անգամ սարքին՝

Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,

Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:

Սա պոետի օրագիրն է։ Կոշկակարն առավոտյան կոշիկ է կարում, քիմիկոսը փորձանոթի մեր նյութեր է խառնում, իսկ պոետը բառերով աշխարհ է ստեղծում՝ Աստծո նման։ Դա պոետի գործն է՝ ամեն առավոտ աշխարհ ստեղծել մարդկանց համար, որովհետև Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, իսկ պոետին իրեն օգնական կարգեց՝ զորություն տվեց, որ դեն նետի օրվա ընթացքում կեղտոտված աշխարհն ու նորն արարի՝ մաքուր, մեղքից զերծ, արեգակի նման արդար աշխարհ։ Մարդիկ ամեն օր դրա կարիքն ունեն, նրանց պետք է լվացվել երեկվա օրից, աչքերը բացել գիշերից։

Ես՝ պատրանազերծ,

Բայց և հուսազեն,

Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում

Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի

Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,

Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,

Կեղծված դրամով կեղծ բան գնելով,

Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն

Մահանալու պես անվերջ քնելով:

Ես՝ զարթնած արդեն,

Բայց դեռ անլվա,

Հեղուկով մի կուց,

Որ պարգևում է ձնհալն անխուսափ,

Նախ զովացնում եմ դեմքն իմ՝ հիվանդի՛,

Իսկ հետո՝ ամե՜ն տեսակ հիվանդի`

Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է:

Զովացնում նրանց ամենքի դեմքը՝

Իմ ամենաբուժ մատների հետքը

Անջինջ թողնելով սրա ու նրա

Դեռ գոց կոպերի,

Դեռ փակ շուրթերի,

Տակավին քնկոտ երեսի վրա:

Աստվածային զորությունը հենց էնպես չի տրվում։ Նա, ում աշխարհ արարելու շնորհք է տրված, պիտի մինչև վերջին մասնիկը նվիրվի իր աշխարհին, պիտի տարրալուծվի դրա մեջ, սիրի բոլորին՝ անմեղ, մեղավոր, բժշկի բոլոր հիվանդներին, սփոփի դժբախտներին, սանձի փոթորիկները։

Ու բոլորի՛դ մեջ,

Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ,

Ինչ-որ սիրելի մի բան եմ գտնում,

Սիրելու ինչ-որ արժանի մի բան,

Որ հավանաբար

Ա՛յն ժամանակ է ստեղծվել արդեն,

Երբ հին չորս ոտքից երկուսը

Անդարձ

Մենք կորցըրեցինք...

Եվ վեհ բարձունքից աններողության

Ես, քարի նման, վար եմ թավալվում՝

Հասնելով փափուկ ա՛յն ստորոտին,

Որից քիչ անդին

Ճահիճն է ապրում

Իր հավերժական ինքնածին կյանքով,

Եվ, քարի լեզվով, ասում եմ. «Այբ, Բեն»,

Այսինքն՝ «Արեգակ»,

Կամ՝ «Եղիցի լույս»...

Որովհետև ո՜վ կընդունի քո Եղիցի լույսը, եթե չես այրվել լույս տալու համար, ո՜վ կհավատա քո կյանք տված տողերին, եթե պատրաստ չես խաչ բարձրանալու նրանց համար։

ՈՒղիղ հարյուր տարի առաջ՝ հազար ինը հարյուր քսանչորս թվին, հայոց գրերն ի՜նչ պտուղ տվին, հայոց քնարին արևն էր հենվել՝ պոետ էր ծնվել…

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3269

Մեկնաբանություններ