Դու արդեն ինքդ քեզ հասցրիր այն մարդու որակին, որին ասում են՝ ճղճիմ, բայց, եթե հրաժարական տաս, կփրկես գոնե մի գրամ լավ բան քո մասին: Ինչքան ուշացնես՝ մի միլիգրամ լավ, ինչ-որ հիշատակի գեթ մի ցենտ քեզնից չի մնալու, մի՞թե չես հասկանում:
Քո նախկինը հանձնեց աթոռը, հիմա դու՛ հանձնիր: Այսօրվա պարտադրական քո դասը սա է, բայց դու այնքան ես խճճվել, որ Ներոնի պես վերջը քո ծառաների ձեռքով, բայց քո՛ ձեռքով դաշույնը կոկորդիդ ես դեմ տալու: Հրաժարական տուր, լսիր, մի հինգ գավաթ օղի խմիր և հրաժարական տուր, մի վախեցիր: Դու արդեն թակարդի սեղմակի տակի խփված մկնիկ ես, քեզ որ այդտեղից հանեն էլ՝ արդեն հանելու են կատվի համար: Հրաժարական տուր հենց հիմա, դա է հիմա քո ողջ կյանքի միակ վերջին ճիշտ քայլը, և գուցե Աստված քեզ ողորմի: Սա իմ հորդորանքն է քեզ, որովհետև խղճում եմ քեզ, ով մոլորյալ մարդ:
Աստվածաշնչի Սեդեկիա թագավորը չլսեց Երեմիա մարգարեի բերանով ասված Տիեզերքի Աստծու խորհուրդը, և իր վերջը սոսկալի եղավ: Նրա բոլոր երեխաներին իր հայացքի դիմաց մորթեցին, հետո իր աչքերը հանեցին ու ժնջիլներով կապած գցեցին շան վանդակը, որ շարունակի ապրել արնոտ աչքերով և մտածի, թե ինչ է լինում չարության, խաբեության և հատկապես ինքնախաբեության հետևանքը:
Սա կարող ես կարդալ Արարատ Աստվածաշնչի Դ.Թագավորաց 25 գլխի 6 համարում: Խղճա քեզ և հրաժարականը տուր, հիշիր՝ Սեդեկիան վերջին պահին գիշերով փախավ, բայց ճանապարհի կեսին կալցրին և հետ բերին ու աչքերը հանեցին իր կանանց առաջ...
Հրաժարական տուր, դա քո կոստյումի վերջին գրպանի վերջին գտնվելիք ցենտն է, որ կարող է արժեք ունենալ:
Վարդան Խարազյան