Փաստ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող հանգիստ դուրս գալ մարդկանց մեջ, շփվել նրանց հետ։ Նա իրեն շրջապատում է բազմաթիվ թիկնապահներով, ոստիկանական պատով։ Ավելին, նրա շարասյունն անցնում է ժողովրդի վրա զենք պահելով, իսկ իրեն չբարևող հոգևորականի վրա հրոսակախմբեր է ուղարկում, ամեն ինչ ու ամեն տեղ պղծելով շարունակում է իր խղճուկ գոյությունը։ Երկրում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք գնդապետ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ։
-Փաշինյանը ներխուժեց Եռաբլուր, հետո նույն կերպ փորձեց ներխուժել Սյունիք։ Կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը մեկ ամսից ավելի շարունակում է մնալ իր աթոռին ու այս կերպ ոչնչացնում ու պղծում է ամեն ինչ։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս ամենին։
-Մենք ազգային խայտառակության օրեր ենք ապրում։ Նիկոլը, օգտագործելով վարչական ռեսուրսը, հավաքագրված մարդկանց, երթ արեց, այնտեղ չկային հայրենիքի, պետության զգացողություն ունեցող մարդիկ։ Եթե մի փոքր արժանապատվություն ունենար, կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց անիմիջապես հետո հրաժարական կտար ու կկանգներ արդարադատության առաջ։ Բայց նրա տեսակը մենք շատ վաղուց գիտենք, գիտենք, թե տարիներ շարունակ ինչպես էր մանիպուլացնում հասարակությանը, ինչպես հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»։ Այսօրվա զարգացումները ծրագրի մի մասն են ընդամենը։ 2,5 տարվա ընթացքում այս իշխանությունը հետևողականորեն պատրաստվում էր այս ամենին։ Այսօր խոսում ենք հետևանքներից, բայց ոչ պատճառներից։ Արժանապատվության իսպառ բացակայությունն էր պատճառը, որ հավաքագրված մարդկանց տարավ հայերի համար սրբատեղի դարձած Եռաբլուր։ Ե՛վ ապաշնորհության, և՛ դավաճանության հետևանքով այդ զոհերի արյունը Փաշինյանի խղճին է։ Ընդդիմությունն ամեն կերպ փորձում է խուսափել բախումներից, բայց Նիկոլն ամեն կերպ տանում է դրան։ Հասարակությունը մասնատված է։ Մարդիկ գիտակցում են, որ Նիկոլի մանկուրտներից կազմված իշխանությունը չարիք է, սակայն, ոմանք ուղղակի դիտորդի կարգավիճակում են և կողքից են հետևում իրադարձություններին։ Հասարակությունը պիտի համախմբվի և ազգադավների այս ոհմակը դուրս շպրտի։ Եթե Եռաբլուրում Նիկոլն իր պատկերացմամբ հաջողության հասած լիներ, հիմա ուղիղ եթեր էր մտել, կարևորել ու «արժևորել» էր այն մարդկանց գոյությունը, որ իր կողքին քայլելով հասան Եռաբլուր։ Բայց նա հասկացավ, որ ոչինչ չստացվեց։ Նա հասավ իր նպատակին՝ ոստիկանական ուժերը դարձնելով բութ գործիք, մահակ։ Նույն իրավիճակը ստեղծեց Սյունիքում, որն այսօր ամբողջովին վտանգի տակ է։ Եթե նախկինում ադրբեջանական զորքերը Հայաստանի բնակելի տարածքներից 80-85 կմ հեռավորության վրա էին, հիմա՝ 8-10 կմ։ Ավելին, այնպիսի բարձունքներ են հանձնում, որ և Կապանը, և Գորիսը, և Սիսիանը դարձել են թշնամու թիրախ։
-Փաշինյանը հայտարարեց, թե գնում է սյունեցիների աչքերի մեջ «ուղիղ» նայելու, իսկ ավելի վաղ էլ ասաց, որ «կանխել» է Սյունիքում նոր պատերազմի հավանականությունը։
-Կապիտուլյացիայի ակտը վերաբերում էր միայն Արցախին։ Պուտինն էլ կրկին հիշեցրեց, որ զորքերը մնալու են այն դիրքում, որտեղ եղել են։ Այսինքն, այդ փաստաթղթում Սյունիքի հողերի հանձնման վերաբերյալ հարց չկա։ Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, Փաշինյան-Ալիև կամ Փաշինյան-Էրդողան համագործակցություն կա, և գործողությունները նրանց հետ են համաձայնեցվում, սրա մասին են փաստում նաև բոլոր այն զարգացումները, որոնք այսօր կան։ Ինչ վերաբերում է Սյունիքում պատերազմ սկսվելու հայտարարությանը, 80-85 կմ հեռավորություն ունենալու դեպքում կարող էինք դիմակայել թշնամուն, բայց 8-10 կմ-ի պարագայում՝ հազիվ թե։ Այդ քաղաքներն ու գյուղերը հրետանու ուղիղ հարվածների տակ են լինելու։ Եթե արժանապատվություն ունենար Փաշինյանը, Սյունիք չէր գնա, ի՞նչ աչքերի մեջ նայելու մասին է խոսքը։
-Փաշինյանն արժանապատվություն չունի, չի հեռանում, ի՞նչ է անելու ընդդիմությունը նրան հեռացնելու համար։
-Տարիներ շարունակ Փաշինյանը վարկաբեկում էր նախկին իշխանություններին, ասելով, թե նրանք կառչած են աթոռներին, սակայն պարզվեց, որ իրականում հենց ինքն է այդպիսին։ Նա մինչև վերջ գնալու է, Նիկոլը մարդու արնախում տեսակ է, աչքը չթարթելով 5000 զոհ տվեց ու դեռ նույն կերպ շարունակում է։ Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, հասարակությանը հորդորում եմ կազմակերպվել, համախմբվել ու հետևել ընդդիմության կոչերին։ Նիկոլի մնալով յուրաքանչյուր րոպե մեր երկիրը վտանգի առաջ է կանգնում, կորցնում ենք պետականությունը, հայրենիքը։ Չենք կարող կանգնել ու դիտորդի կարգավիճակով նայել, թե ինչ է կատարվում։ Որևէ մեկի փոխարեն որևէ մեկն ինչ-որ բան չի անելու, ամեն մեկի ներկայությունը պարտադիր է։ Որքան շատ մարդ հավաքվի, այնքան կխուսափենք բախումներից։ Եթե անհնազանդության ակցիաներ իրականացվեն ողջ հանրապետությունով մեկ, ոստիկանությունը չի կարողանա կանգնեցնել այդ ամենը։ Ինչպես ժամանակին Նիկոլն էր աշխատում, նույն կերպ էլ պիտի առաջ գնալ։
-Փաշինյանի մեթոդներո՞վ է հնարավոր նրա դեմ պայքարել։
-Եթե մինչ այս մտածում էինք, թե կա պետության հեղինակություն, բռնի ուժով պետք չէ իշխանություն տապալել, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության հեղինակություն գոյություն չունի։ Կարծում եմ՝ նրան հրաժարական պարտադրելու բոլոր եղանակներն ընդունելի են։ Չգիտեմ՝ ընդդիմությունն ինչպիսի ճանապարհներով կտանի պայքարը, բայց եթե կառավարության շենքը շրջափակելով նրան կպարտադրեն հրաժարական տալ, կլինի լավագույն տարբերակներից մեկը։ Չնայած չեմ կարծում, որ Նիկոլն առանց արյուն թափելու կհեռանա։
-Այս պահին Փաշինյանի միակ հենարանը ուժային կառույցներն են։ Որպես ոստիկանական համակարգում երկար տարիներ աշխատած մարդ, այսօր ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների աշխատանքը։
-Ես և պատվարժան շատ իմ գործընկերներ կոչով հանդես եկանք։ Կարծում էինք, որ ոստիկանության համակարգում կգտնվեն շատ ավելի արժանապատիվ և ինքնասիրություն ունեցող ոստիկաններ, որոնք չեն ծառայի ազգադավ իշխանություններին։ Այսօրվա ոստիկանապետը շատ ապաշնորհ անձնավորություն է, որը սրիկայաբար ծառայում է այս իշխանությանը։ Մեր հորդորները որոշակի արդյունք տվել են, բայց մտածել, թե ոստիկանությունն այսօր հետ կկանգնի ու չի շարունակի իր ծառայությունը, միամտություն է։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը շատ լավ պիտի հասկանա, որ առանց հասարակության վստահության, ոստիկանության հետագա աշխատանքը հավասարվելու է զրոյի։ Առանց վստահության ոստիկանությունը չի կարող արդյունավետ աշխատել։ Ընդդիմության գործողություններն այնքան համակարգված պիտի լինեն, որ ուղղակի փոշիացնեն ոստիկանության դիմադրությունը, իսկ դա նշանակում է ողջ երկրով մեկ անհնազանդության ակցիաներ անել, թույլ չտալ շրջաններից ոստիկաններ տեղափոխել մայրաքաղաք։ Իսկ եթե իրավիճակը բախումների բերի, կարծում եմ, ոստիկանության աշխատակիցները գիտակցություն ու խոհեմություն կցուցաբերեն և հասարակության հանդեպ բռնի ուժ չեն գործադրի։
-Դուք նշեցիք, որ շատ լավ եք ճանաչում Փաշինյանին, տարբեր համակարգերում աշխատող անձինք, նախկին պաշտոնյաներ ևս այդ հանգամանքը հաճախ են ընդգծում։ Այդ պարագայում ինչու՞ ժամանակին որևէ մեկը չկանգնեցրեց այս մարդուն, նրա ձեռքը չբռնեց։
-Ես Փաշինյանին անմիջական շփումներով եմ ճանաչել, երբ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն էի։ Պարբերաբար մենք նրա հետ աշխատել ենք, նման ստախոսի, ամբարտավանի, ստահակի երբևիցե չեմ հանդիպել։ Համակարգից ես 2010-ին եմ դուրս եկել, երբ Նիկոլը կալանավորված էր։ Թե ինչու նրա նկատմամբ այդպիսի մեծահոգություն ցուցաբերվեց, որ 7 տարվա դատապարտվածը 1,5 տարի հետո ազատ արձակվեց, դժվարանում եմ ասել։ Այս հարցը պիտի տալ այն մարդկանց, որոնց ջանադրությամբ և անմիջական մասնակցությամբ ձևավորվեց Նիկոլ Փաշինյան տեսակը։ Պատահական չէր Նիկոլի հայտնությունը մեր հասարակության մեջ։ Նրա վրա աշխատել են, ձևավորել են տեսակը, որ նպատակային օգտագործեն, ինչի հետևանքներն այսօր մենք տեսնում ենք։ Ինչ վերաբերում է նրա ձեռքը բռնելուն, կա մարդկանց շրջանակ, որը նպաստել է Փաշինյանի տեսակի ձևավորմանը։ Ես չեմ նպաստել, նրա հետ ունեցել եմ լուրջ տարաձայնություններ, բախումներ։ Նա ամենավերջին ստորի նման խեղաթյուրում էր փաստերը։ Այն ժամանակից սկսած փորձում էր մարդկանց ուղեղները լվանալ, ինչն ամենաստոր մակարդակով իրականացվեց վերջին երկուսուկես տարվա ընթացքում։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ