Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտ է: Բայց միայն հաղթանակից հետո: Մեր հաղթանակից հետո:
Սակայն հաթանակն էլ ինքնանպատակ չէ:
Գիտե՞ք, ինչու ենք մենք անընդհատ ձախողում: Քանի որ չունենք մեգածրագիր: Երկարաժամկետ ռազմավարություն: Պարզ ասած՝ չգիտենք, ինչ ենք ուզում: Դրեյֆող նավ ենք: Պետությունն էլ վերածվել է բարոյալքված կնոջ, որի նկատմամբ յուրաքանչյուր սրիկա ուզում է բռնություն գործել:
Իսկ այդ պարագայում նույնիսկ մեր հաղթանակից մենք չենք կարող որևէ օգուտ քաղել: Կարող ես հաղթել պատերազմում, բայց պարտվել խաղաղության ժամանակ: Ու դա ամենավտանգավորն է:
Այլևս պարզ է, որ մենք, որպես պետություն, երբեք չենք ունենա այն կարգավիճակը, որն ունեինք դեռ մի քանի տարի առաջ: Ուստի, մեզ իրապես անհրաժեշտ է ձևակերպել ՛՛նոր Հայաստանի՛՛ կոնցեպտը (չշփոթել նիկոլա-քպ-ական բարբաջանքի հետ): Մեզ պետք է հայկական լուսավոր Նախագիծ:
Եվ այդ Նախագծի հիմքում պետ է նախևառաջ ընկած լինի յուրաքանչյուրիս անձնական ռազմավարության խորքային վերանայումը:
Մենք պետք է սովորենք լինել գերարդյունավետ ու գերպրագմատիկ ամենաբարդ ճգնաժամերի պայմաններում:
Պետք է սովորենք արագ մտածել ու արագ գործել:
Պետք է սովորենք ճիշտ դասավորել մեր անձնական առաջնահերթությունները:
Պետք է հասկանանք, որ հնարավոր չէ հաջողակ լինել ձախողված երկրում:
Պետք է սովորենք պատասխանատվություն կրել: Գոնե մեր երեխաների վաղվա օրվա համար: Իրականում, այլ ոչ թե սեղանի շուրջ բաժակ բարձրացնելով:
Պետք է հասկանանք մի պարզ բանաձև՝
Պետությունը սկսվում է քեզնից:
Վահե ԴԱՎԹՅԱՆ