38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նոր հնարավորություններ

Նոր հնարավորություններ
15.01.2013 | 11:33

Այսպես, ԲՀԿ առաջնորդը ինչքան էլ ոգևորված լիներ իր վարկանիշի բարձրացմամբ, միևնույնն է` հասկանում էր, որ ընտրական գործընթացում ներգրավվել չի կարող, քանզի գաղափարների, զարգացման հայեցակարգերի և, ընդհանրապես, փոփոխությունների մասին բանավեճում զիջելու էր ոչ միայն նախագահ Սարգսյանին, այլև առաջադրված թեկնածուների զգալի մասին: Կասկածից վեր է, որ ԲՀԿ-ում հասկանում են, որ նախագահի ընտրությունը, նախ և առաջ, անձի ընտրություն է, իսկ Գագիկ Ծառուկյանը ոչ մի հնարավորություն չուներ անձնական պայքարի մեջ մտնելու քաղաքական գործիչների հետ, քանզի Ծառուկյանը գործարար է, այլ ոչ քաղաքական գործիչ: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա ընտրություններին չմասնակցելու իրական պատճառը համապատասխան ռեսուրսների բացակայությունն էր: Տեր-Պետրոսյանը հեղափոխություն իրականացրած գործիչ է և հասկանում էր, որ իշխանության կարող է գալ միայն հեղափոխական ճանապարհով, որի համար չունի ո՛չ գաղափարական, ո՛չ մարդկային և ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսներ: 2008-ը առաջին նախագահի «քաղաքական ռեինկառնացիայի» վերջին փորձն էր, որն անհաջողության մատնվեց:
Ինչ վերաբերում է 2013-ի նախագահի ընտրությանը, ապա գործող նախագահի մրցակիցները լուրջ խնդիրներ ունեն, քանզի նրանցից և ոչ մեկը չունի պետական կառավարման զգալի փորձ: Անշուշտ, կարելի է պնդել, թե Հրանտ Բագրատյանը վարչապետի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` արտաքին գործերի նախարարի պաշտոններ են զբաղեցրել: Սակայն, չպետք է մոռանալ, որ Հրանտ Բագրատյանը հանդիսանում է Հայաստանի ամենատխրահռչակ վարչապետը, ում պաշտոնավարման օրոք վերջնական կոլապսի է ենթարկվել առանց այդ էլ կործանման եզրին հասած տնտեսությունը: Բացի դրանից, բագրատյանական տնտեսական մոդելը վայրի կապիտալիզմի ցցուն օրինակ էր, որի իրականացումը հանգեցրեց նրան, որ հանրային ունեցվածքը «շան մսի գնով» հայտնվեց ժամանակի զոռբաների ձեռքերում: Բագրատյանի ակնհայտ թույլ կողմերից մեկն էլ այն է, որ նա չունի իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու պատրաստակամ քաղաքական թիմ: Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որը նրան առաջադրեց նախագահի թեկնածու, հանդիսանում է հայաստանյան քաղաքական դաշտի մեռած, բայց չթաղված կուսակցություններից մեկը, որը չի կարող սպասարկել նախագահի մրցունակ թեկնածուի քարոզարշավը:
Նման խնդրի առջև է կանգնած նաև Րաֆֆի Հովհաննսիյանը, ով 1990-ականների սկզբներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնանկ արվեց սկանդալային եղանակով, քանզի դեմ էր իրեն նախարար նշանակած Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությանը: Բացի դրանից, Հովհաննիսյանը ակնհայտ խնդիրներ ունի քաղաքական թիմի մասով: Վերջին խորհրդարանական ընտրություններին նրա «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցեց «Ազատ դեմոկրատների» հետ համատեղ, սակայն «քցվեց» վերջինիս կողմից և խորհրդարանում ունեցավ «1,5 պատգամավոր», մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով խորհրդարան էր անցել հինգ պատգամավոր: Միևնույն ժամանակ, «Ժառանգությունից» խորհրդարանում չհայտնվեցին նախկին գումարման պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը, ովքեր բավականին արդյունավետ խորհրդարանական աշխատանքի փորձ ունեին: Ստացվում է, որ միջին տրամաչափի կուսակցության ղեկավարման գործում տապալված Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմող երկրի ղեկավարման հավակնություններ ունի: Ինչ վերաբերում է 2013-ի նախագահի ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած այլ թեկնածուներին, ապա պետք է նշել, որ նրանք լուրջ քաղաքական հավակնություններ չունեցող մարդիկ են և մասնակցում են ընտրությանը զուտ օլիմպիական սկզբունքով:
Ինչևէ, նախագահ Սերժ Սարգսյանը, չունենալով լուրջ մրցակիցներ, վերընտրվելու է առանց լուրջ բարդությունների և ցնցումների: Բայց սա չի նշանակում, որ նախագահի գործը դյուրին է լինելու: Ճիշտ հակառակը. իրական մրցակցությունն ու իշխանության համար պայքարը, ամենայն հավանականությամբ, վերսկսվելու են նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Իշխանության համար պայքարող խմբերը 2013-2018 թթ. ընթացքում կփորձեն ստեղծել առավելագույնս հարմարավետ իրավիճակ 2018-ի նախագահի ընտրության հարցում հաջողելու համար: Այդ խմբերը գործում են ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ճամբարում: Ըստ էության, 2013-2018 թվականները լինելու են ընդդիմության համախմբման տարիներ: Նույն ժամանակահատվածում իշխանության ճամբարում սկսված «տեսակների պայքարը» վճռական փուլ է մտնելու: Կարելի է ասել, որ 2013-2018 թվականները հանդիսանալու են 1990-ականների սկզբներին ձևավորված քաղաքական համակարգի մայրամուտը, քանզի արդեն իսկ նկատելի է նոր սերնդի հաստատուն մուտքը քաղաքական թատերաբեմ: Խնդիրն այն է, թե ի՛նչ արժեհամակարգով է նոր սերունդը ստանձնելու երկրի կառավարման և զարգացման պատասխանատվությունը, ո՛ր տեսակին է պատկանելու այդ նոր սերունդը:
Այս խնդիրն է բարդացնում նախագահ Սարգսյանի գործը` միևնույն ժամանակ նրան ընձեռելով նոր հնարավորություններ: Ո՞ր տեսակն է հանդիսանալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը` ՀՀԿ-ում քանակ, բայց որակ չկազմող «բանդերլոգների՞» խմբավորումը, թե՞ գաղափարների և զարգացման հայեցակարգերի կրող ՀՀԿ-ական փոքրամասնությունը: Թերևս, սա է 2013-2018-ի գլխավոր հարցը, որի պատասխանը, կարելի է ենթադրել, կհնչի 2017-ի խորհրդարանական ընտրություններում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ