Պաղեստինի ժողովուրդը փառավոր հաղթանակ տարավ: 60-ամյա ծանր ու դժվարին պայքարն ավարտվեց ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակով: Խոսքերով դժվար է նկարագրել բոլոր զոհողությունները` երեխաների ապրած վախն ու թափած արցունքները, սևազգեստ մայրերի չամոքվող վիշտն ու հույզերը: Ճիշտ է, Պաղեստինը ՄԱԿ-ում դեռևս հիմնական կարգավիճակ չունի, սակայն հաստատ կարելի է ասել, որ այն սարերի հետևում չէ: Անցած 60 տարիները ցույց են տալիս, որ, չնայած բոլոր տառապանքներին ու զրկանքներին այդ պետությունում ապրողների թվաքանակը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է: Դարեր առաջ հույն հայտնի փիլիսոփայի ասած հայտնի խոսքերը միանգամայն դրականորեն կարելի է վերագրել մաքառող այդ ժողովրդի հովվապետերին, որովհետև նրանք դժվարին պայմաններում ոչ միայն չեն պակասեցրել հոտի քանակը, այլև ավելացրել են: Այսինքն` Պաղեստինի կառավարողները գիշատիչ չեն եղել: Իսկ մե՞ր հովիվները: Չեմ ցանկանում որևէ խոսք ասել: Սակայն, միևնույն է, հովվի վարքագիծը չի կարող բավարար լինել ժողովրդի համար, եթե նա պատրաստ չէ իր երկիրը երկիր դարձնելուն: Պաղեստինի ժողովուրդը վկա: ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի համար կողմ է քվեարկել նաև մեր երկիրը: Կուզեմ ասել, որ հայ ժողովուրդը որևէ խնդիր չունի մահմեդական աշխարհի հետ, որքան էլ Մուհամեդի անունով գործող վայրագ ցեղը մահ ու արյուն է տարածել շրջապատում: Հայի համար կա երկու մահմեդական` բարի ու հավատացյալ սիրիացի արաբը և թուրքը: Հավատացած եմ, որ այդ վայրագ ցեղը երբեք Ղուրանը չի ըմբռնել, այլապես այդքան դժբախտություն չէր պատճառի մարդկությանը:
Եվ դարեր շարունակ այդքան դժբախտություններ տանելուց հետո, ինչո՞ւ չէ, նաև XX դարի վերջում մեր հակառակորդի դեմ փառավոր հաղթանակից հետո, ժողովրդի անտարբեր հայացքի ներքո սկսվեց հարուստ ու հզոր երկրի թալանը: Ինձ համար ընդունելի չէ այն արդարացումը, թե նման թալան առկա է հետխորհրդային ողջ տարածքում: Ճիշտ է, գիշատիչ էությամբ մարդն ազգային պատկանելություն չունի, բայց մենք` հայերս, չպիտի մոռանանք, որ ուրիշ ոչ մի ազգ երկկողմանի թուրք հարևան չունի: Այդ մտածելակերպով մտահանգում եմ, որ հայ գիշատիչը գոնե պիտի փոքր-ինչ այլ լիներ, բայց` ավա՜ղ:
ՈՒնենք բնապահպանության նախարար: Դե, եթե կա այդ բնագավառի նախարար, ուրեմն բնություն էլ ունենք: Հիմա փորձեմ ներկայացնել մեր բնությունը և այդ բնության նկատմամբ այդ նախարարի գիշատչական էությունը: Այս տարի որերորդ դեպքն է, երբ բնապահպանները դաս են տալիս այդ նախարար կոչվածին, նա լռելով նահանջում է (Թռչկանն օրինակ), կամ էլ, բռնվելով որսագողության մեջ (դեպքի ժխտումը` նույնպես որսագողություն է), փորձում է արդարանալ, կուրծք ծեծել իր նազիր-վեզիրների բերանով, և երբ համոզվում է, որ որսագողության դեմ ակցիա կազմակերպողներն ավելի խելոք են, քան ինքը, սուսուփուս նահանջում է: Եվ երբ վաղն այդ նույն բնապահպանները սկսեն գրոհել ընդերքն այդքան անխնա շահագործելու դեմ (իսկ ընդերքի շահագործման թույլտվությունը հենց այնպես չի տրվում, առավել ևս ձկնարդյունաբերության համար ստորգետնյա հորատանցքերի թույլտվությունը), նախարարն ընդհանրապես կհրաժարվի խոսելուց, կամ էլ մի քանի հոդաբաշխ բառերով արտահայտած մտքերով արդարանալու փորձ կանի: Խեղճ նախարարն ի՜նչ անի Լֆիկի դեմ, որ միանգամից մի քանի հորատանցք ունի իրեն պատկանող ձկնաբուծականի տարածքում: Նախկինում էլ խոսվել է Գառնիի ձորի բնության հրաշքի մասին: Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, երբ այս կամ այն հասարակական կազմակերպությունը մի փոքր թուլացնում է ահազանգը, պայքարը, նորից ահագնանում է նախարարի ախորժակը: Մինչև ե՞րբ: Ո՞րն է ելքը: Ոչ թե ամեն անգամ կազմակերպությունները պիտի օթակի դեր տանեն, այլ մեկ երկու անգամ «թույլ տված» սխալի համար այդ նույն կազմակերպությունները, հասարակությունը, ԶԼՄ-ները պիտի պահանջեն պաշտոնյայի հրաժարականը: Միայն դրանից հետո եկող պաշտոնյան կհասկանա, որ պաշտոնը գռփելու համար չէ, այլև ժողովրդին, պետությանը ծառայելու: Եթե օլիգարխը գնել է պետության կողմից որպես արժեք պահպանվող օբյեկտը և այն վերակառուցման անվան տակ փորձում է ձևել ըստ իր թերուս ճաշակի, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և արգելի դրա հետագա շինարարությունը:
Վերջերս խանութից փորձեցի մի շիշ «Талка» օղի գնել, մտածելով, որ այն մաքուր կլինի: Ի զարմանս ինձ, վաճառողը ցուցադրման համար դրված օղին չտվեց, այլ ուրիշ արկղից հանեց մեկ շիշ «Талка» և տալով ինձ ասաց.
-Էն մյուսը, լֆիկացված է:
Ճիշտն ասած, սկզբում չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, մինչև վաճառողուհին հանգամանալից բացատրեց, թե որն է օղու լֆիկացումը: Այժմ հարց` մինչև ե՞րբ Լֆիկ կոչվածը պիտի կեղծի ցանկացած օղի և մնա անպատիժ: Ո՞Ւր է բիզնեսին հավասար մրցակցային դաշտ ապահովելուն կոչված պետական մարմինը: Տվյալ պարագայում պայքարի ելքը մեկն է` հրաժարվել լֆիկացված բոլոր տեսակի օղիների գնումից: Վերջապես Հայաստանում նա չէ միայն օղի արտադրում: Հասարակական կարծիք ստեղծել մրցակցային հավասար դաշտ չապահովող պետական կառույցի ղեկավարի պաշտոնանկության համար:
Միայն ամենօրյա պայքարն այս երկիրը երկիր կդարձնի:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ