Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ամանորյա խայտառակ պատմություն

Ամանորյա խայտառակ պատմություն
24.12.2023 | 18:44

ՈՒրեմն, Ամանորի նախօրեին անհամաչափ ակտիվացել է ՊԵԿ-ը: Վերջինիս աշխատակիցներին հանձնարարվել է ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգում իրականացնել և, ըստ այդմ, հսկիչ գնումներ կատարել առևտրի կենտրոնների տնտեսվարողներից: Դե, ՊԵԿ-ի տեսուչներն էլ դռնեդուռ ընկած հսկիչ գնումներ են կատարում:

Հակառակ ՊԵԿ-ի ղեկավարության ցանկության, առևտրի կենտրոններում յուրաքանչյուր գնման դիմաց ՀԴՄ կտրոն է տրամադրվում: Այս իրավիճակում ՊԵԿ-ի աշխատակիցներին այլ բան չի մնում, քան հետ վերադարձնել հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքը: Այդ գործընթացը լրացուցիչ դժվարությություններ է պատճառում տնտեսվարողներին: Խնդիրն այն է, որ վերջիններս հիմնականում չեն կարողանում ստանալ հետ վերադարձված ապրանքի համար վճարված հարկի գումարը: Արդյունքում, տնտեսվարողները ՊԵԿ-ի տեսուչներին հետ են վերադարձնում «հսկիչ գնման» արդյունքում ձեռք բերված ապրանքի լրիվ գումարը, սակայն հիմնականում չեն կարողանում ստանալ այդ գործարքից վճարված շուրջ 3 % հարկի գումարը:

Օրինակ, ՊԵԿ-ի տեսուչը գնում է 300 000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք: Տնտեսվարողն այդ գործարքից 3 %` 9000 ՀՀ դրամ, հարկ է վճարում: ՊԵԿ-ի տեսուչն ապրանքը հետ է վերադարձնում: Տնտեսվարողն, իր հերթին, վերջինիս հետ է վերադարձնում 300 000 ՀՀ դրամ: Շատերը 9000 ՀՀ դրամի հետևից չեն ընկնում: Սա է ՊԵԿ-ի նորամուծությունը:

Անշուշտ սա խայտառակ պատմություն է: Իսկ պարադոքսն այն է, որ այս պատմության, առանց բացառության, բոլոր հերոսները խայտառակ կերպարներ են` ՊԵԿ-ը, տեսուչները, տնտեսվարողները:

Կհարցնեք` ինչու՞ տնտեսվարողները:

Կպատասխանեմ` որովհետև առևտրի կենտրոնների տասնյակ տնտեսվարողներից եմ լսել այս պատմությունը, սակայն վերջիններից գեթ մեկը չցանկացավ ընդվզել, բողոքել, գոնե` անունը բացահայտել: Բոլորն, առանց բացառության, նախընտրում են լռել, անանուն բողոքել, սուսուփուս վճարել:

Եվ, ուրեմն, ամեն ինչ ճիշտ է: Այս խայտառակ պատմության մեջ բոլորն իրար արժանի են: Ինչ անում են, լավ են անում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6134

Մեկնաբանություններ