Վերջին մեկ ամսում կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ ակնհայտ եղավ, որ սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի հետհաշվարկը, քննարկման առարկա դարձավ այն թեման, թե ինչ քայլերով պետք է կյանքի կոչվի վարչապետին իշխանությունից հեռացնելու գործընթացը։ Հասկանալի է, որ Փաշինյանը ինքնակամ հեռանալու մտադրություն չունի կամ եթե ունի էլ, ապա առայժմ դրա մասին չի խոսում։ Այս պահին առավել արդիական է նրա պաշտոնանկության հարցը։ Սովորաբար այս համատեքստում քննարկվում են ընդդիմության կողմից արվելիք քայլերը։ Այս թեման ամենայն մանրամասնությամբ և հանգամանորեն դիտարկվել է, սակայն շատ քիչ են անդրադառնում իշխանության քայլերին։
Այժմ տեսնենք, թե ստեղծված իրավիճակում ինչ ռեսուրսներ ունի իշխանությունը։
Բազմիցս ասվել է, որ իշխանությունը տեսականորեն ունի երկու ռեսուրս՝ արտաքին քաղաքական և ներքաղաքական։ Արտաքին քաղաքական ռեսուրսը տեսականորեն պայմանավորված էր Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։ Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո ոչ Թուրքիայում, ոչ Ռուսաստանում և ոչ էլ Ադրբեջանում ոչ ոք շահագրգռված չէր, որ մինչև այդ հայտարարության կետերի իրականացումը Փաշինյանը հեռանա։ Այդ երեք երկրներում շատ լավ հասկանում էին, որ Հայաստանում շատ դժվար է գտնել որևէ այլ գործչի, որը կցանկանա այդ փաստաթուղթը կյանքի կոչել այն ջանասիրությամբ, ինչպես գործող վարչապետը։ Մարդ, որին նվաստացրել են, ստիպել են ստորագրել բացարձակ կապիտուլյացիոն փաստաթուղթ, այլևս կամք չունի որևէ բանի դիմադրելու։ Այսպիսով՝ Փաշինյանը ոչ բանակցային ռեսուրս ունի, ոչ դուխ և ոչ էլ՝ նույնիսկ համարձակություն։ Առավել ևս, որ շրջանառվում են լուրեր Փաշինյանի շահագրգռությունների մասին, անգամ խոսվում է տարածքների վաճառքի վերաբերյալ։ Եվ շատերը հենց վերջին հանգամանքով են պայմանավորում այն, որ ՀՀ վարչապետը ոչ մի կերպ չի պատասխանում Ալիևի ու Էրդողանի վիրավորանքներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում մշտական բնույթ են կրում։ Այստեղ նույնիսկ քաղաքական դիսկուրս չկա, այստեղ պարզապես Փաշինյանին անձնապես ոտնատակ են տալիս։ Ալիևն անգամ Փաշինյանի մասին խոսելիս ձեռքի անհույս շարժում է անում՝ ցույց տալով, որ վերջինս դուրս գրված ֆիգուր է։ Երեք օր առաջ էլ ասաց, որ Փաշինյանը անգրագետ մեկն է, որը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, արտաքին հարաբերություններից ու կյանքում նույնիսկ մի փոքր կոլխոզ չի ղեկավարել։
Շատերն այն կարծիքին են, որ Փաշինյանը չի պատասխանում այդ վիրավորանքներին ու ծաղրանքներին, քանի որ ինչ-ինչ գործարքների է մասնակցել, ընդ որում՝ ֆինանսական։ Պարզ է, որ իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի արտաքին ռեսուրսը սպառվել է, և Ռուսաստանն այլևս որևէ շահագրգռություն չունի‚ որ Նիկոլ Փաշինյանը մեկ օր ավելի կամ պակաս կմնա։ Ընդհակառակը՝ Մոսկվային այսօր գուցե ավելի ձեռնտու է ունենալ հուսալի գործընկեր Հայաստանում՝ հետպատերազմյան պայմանավորվածությունների, տարածաշրջանում ֆորպոստն ամրացնելու համար՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի զարգացումները։
Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական ռեսուրսն իր երկրպագուներն են, այսպես կոչված պողոսներն ու նրանց ամենաարմատական խավը՝ զոմբիները (այս տերմինները մտել են քաղաքական բառապաշար), որոնց վարչապետը կարողանում է հեշտությամբ կառավարել։ Եվ կարծես թե այդ զանգվածի կառավարման կոդը Փաշինյանի ձեռքում է։ Զոմբիների զանգվածը, անկախ տրամաբանական որևէ զարգացումից, շարժվում է Փաշինյանի ուղարկած ազդակներով։ Այսօր դժվար է գնահատել, թե այդ խավը ընդհանուր բնակչության քանի տոկոսն է, սակայն կենսաբանական այս զանգվածը երկրում գոյություն ունի։
Փաշինյանը, ի սկզբանե հենվելով այդ երկու ռեսուրսի վրա և ունենալով որոշակի ժամանակ, հայտարարում էր, թե հրաժարական չի տալու, փորձում էր դիմադրողականություն ցուցաբերել ու իր թիմին էլ վստահություն ներշնչել։ Թեև իր թիմն էլ առանձնապես չէր խաբվում նրա արտաքուստ ցուցաբերած ինքնավստահությամբ, քանի որ մոտ տասն օր նրանք ընդհանրապես դուրս չէին գալիս իրենց տներից կամ թաքստոցներից։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ անկախ նրանից՝ դու իշխանական աթոռին նստած ես, թե ոչ, իրական իշխանություն կարող ես լինել միայն մի դեպքում, երբ կառավարում ես երկիրը առնվազն երկու պարամետրով՝ ունես ուժի կիրառման մենաշնորհ երկրում և սահմանները անառիկ պահելու ունակություն։
ՈՒժի կիրառման մենաշնորհի տեսակետից հարցը դիտարկելով՝ տեսնում ենք, որ ընդդիմություն-իշխանություն հակամարտության այս օրերին Փաշինյանին ենթարկվում են միայն իր համերկրացու ղեկավարած կառույցի՝ ոստիկանության որոշակի ստորաբաժանումներ։ Հետագայում պարզվեց, որ այդ ստորաբաժանումները գործողություն ցույց են տալիս միայն տեսախցիկների առջև։ Սակայն տեսախցիկներից անդին ոստիկանները բանակցություններ են վարում ընդդիմության, ակտիվիստների հետ։ Շատ ոստիկաններ ցանկանում են իմանալ, թե ինչքան պետք է տևի այս ամենը, և եթե որոշակի երաշխիքներ ունենան, որ մեկ կամ մեկուկես ամսից իշխանությունը կփոխվի, ապա դուրս կգան համակարգից՝ հետագայում վերականգնվելու հեռանկարով։ Սակայն քանի որ հստակ պարզ չէ, թե որքան այս քաոսը կարող է շարունակվել, ռիսկի չեն դիմում ու չեն հեռանում համակարգից, որ սովի չմատնեն իրենց ընտանիքները։ Սակայն միաժամանակ ցույց են տալիս, որ առանձնակի ֆանատիզմով չեն պայքարում ընդդիմության դեմ։ Այսպիսով՝ կարող ենք նշել, որ ոստիկանությունն իր պարտականությունները շատ ձևական է կատարում։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այս կառույցը նույնպես ձեռքերը ծալած վիճակում է։ Անգամ վերջերս «Ալֆա» ջոկատը ուղարկվել է կառավարական առանձնատուն միայն նրա համար, որ ՀՀ վարչապետը հարբած վիճակում իր հնարավոր ուղիղ եթերով շատ մեծ վնաս չհասցնի պետությանը։ Շատ մեծ վտանգ կար, որ եթե հարբած, հոգեպես անհավասարակշիռ պահին մտներ ուղիղ եթեր, կարող էր այնպիսի հայտարարություններ անել, որ կվնասեին մեր աշխարհաքաղաքական շահերին։ Այսպիսով՝ ԱԱԾ-ն այսօր զբաղված է Նիկոլ Փաշինյանի հնարավոր անկանխատեսելի ու կործանարար քայլերը կանխելով։
Պաշտպանության նախարարությանը անդրադառնալիս նկատենք, որ նշվում էր, որ Փաշինյանը հերթական փսիխոզի մեջ փորձում էր բանակը ներքաշել ներքաղաքական խաղերի մեջ, սակայն գլխավոր շտաբի պետը թույլ չի տվել։ Եվ այս պարագայում վարչապետի ու գլխավոր շտաբի պետի կապերը սահմանափակվում են արարողակարգային հարաբերություններով։
Դատարանների մասին չենք էլ խոսում։ Դատավորները հրապարակայնորեն ցույց են տալիս, որ Փաշինյանն իրենց համար այլևս անցյալ է։ Նույն գործընթացը դատախազների շրջանում է։
Փաստորեն, ակնհայտ է, որ Փաշինյանը չունի ուժի կիրառման մենաշնորհ։
Սահմանների պաշտպանության՝ փաշինյանական պարտավորության մասին խոսք լինել չի կարող, քանի որ մեկ ամսից ավելի է՝ երկիրը բացարձակապես անպաշտպան վիճակում է, որևէ վերահսկողություն, կառավարելիություն գոյություն չունի։ Ամեն ինչ թողնված է ռուս խաղաղապահների ուսերին։
Անկախ նրանից՝ Փաշինյանն իրեն համարում է իշխանություն թե ոչ, դեֆակտո պետական համակարգը բացարձակապես չի գործում, բացարձակապես չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, որովհետև առնվազն անորոշության մեջ է, և պետական համակարգը, որպես շատ զգայուն համակարգ, զգում է, որ փոփոխություններ են լինելու։ Խնդիրը ժամանակն է։ Եվ ոչ ոք չի ցանկանում թաթախվել գործընթացների մեջ։ Այս պարագայում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման ոչ ադեկվատը շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում։ Անկախ նրանից, որ ինքը բազմած է վարչապետի աթոռին, որևէ հարց լուծելու անկարող է, և ցանկացած խնդիր լուծելու համար պետք է դիմի ռուսական կողմին կամ անձամբ Վլադիմիր Պուտինին։ Եվ ժամանակի ընթացքում նրա վիճակն ավելի է բարդանալու, առավել ևս, որ ընդդիմության պահանջներն էլ ավելի ու ավելի արմատական են դառնում։ Եթե ընդդիմությունը սկզբնական փուլում հորդորում էր հրաժարական տալ՝ երաշխիքներ շնորհելով, ապա վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե ընդդիմության, թե հասարակության պահանջները բոլորովին այլ են՝ ամեն ինչ տանելով իրավական հարթություն։ Եվ որքան Փաշինյանը ձգում է իր ինքնակամ հրաժարականը, այնքան ռադիկալացվում են հասարակության ու ընդդիմության պահանջները։
Ստեղծված իրավիճակում Փաշինյանն ունի իր պլան Բ-ն։ Դա «Իմ քայլ»-ում դեմքի փոփոխություն կատարելն է, այսինքն վարչապետին փոխարինելը յուրայիններից մեկով։ Սա, իհարկե, իշխող կուսակցության վերջին քայլն է։ Դա ակնհայտ է դառնում վերջին մի քանի օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տարատեսակ հրապարակային հանդիպումներից։ Արարատ Միրզոյանին բավականին լավ PR են անում՝ ներկայացնելով որպես հավասարակշիռ կերպար, ինչին գումարվեցին նաև ծեծվածի իմիջն ու կարեկցանքը։ Արարատ Միրզոյանը հանդիպումների շարք է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ, այն ուժերի, որոնք հայտնի 17 կուսակցությունների մեջ չեն մտնում։ Պարզ է, որ այդ մարդ կուսակցությունները ոչ մի կշիռ չունեն, նույնիսկ ճանաչելիության առումով։ Քաղաքական կոնսուլտացիաների իմիտացիա է ստեղծվում հնարավոր նոր կառավարության ձևավորման շուրջ՝ նոր վարչապետի գլխավորությամբ, և այստեղ դիտարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Դժվար է ասել՝ Փաշինյանն ինքն է առաջ մղում պլան Բ-ն, թե նրան ներսից են դրան մղում, սակայն ակնհայտ է, որ անգամ գործող վարչապետն է սկսել հասկանալ, որ անիշխանությունը կարող է իր համար քաոսի վերածվել, ինչից կտուժի ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունը։ Ընդդիմությունը որևէ պատասխանատվություն չի կրում երկրի համար։ Անհետ կորած տղաների հարազատները, զոհվածների ծնողները, տնտեսության ճգնաժամից տուժած ժողովուրդը պահանջներ ներկայացնելու են իշխանությանը, ոչ թե ընդդիմադիրներին։ Պլան Բ-ի դեպքում գուցե կարողանան մի փոքր երկարաձգել իշխանությունը, արտահերթ ընտրություններ կատարել և վերարտադրվել։ Իսկ ընտրությունները շատ կարևոր են իշխող կուսակցության համար, քանի որ շատ լավ հասկանում են, որ դա իրենց միակ հնարավորությունն է՝ կեղծելով ընտրությունները մուտք գործել ԱԺ։ Իսկ որ ընտրությունները փաշինյանական թիմը կեղծելու է, ոչ ոք չի կասկածում։ Պատերազմի ու հետպատերազմական շրջանի ընթացքում իշխանությունն այնպիսի ստերի ու կեղծիքների դիմեց, որ ընտրություն կեղծելը փոքր հանցանք է դիտարկվում։ Անցած ամիսները ցույց տվեցին, որ իշխող համակարգում բարոյական զսպանակներից զուրկ են։
Այլ հարց է, թե որքանով կմարսվի Փաշինյանի պլան Բ-ն։ Որպեսզի հասկանանք, որ դա չի մարսվելու, կարող ենք բերել ՀՀԿ-ի 2018 թվականի օրինակը։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականը չօգնեց հանրապետականներին պահելու իշխանությունը՝ նույնիսկ Կարեն Կարապետյանի նման պոպուլյար կերպար ունենալով կառավարության ղեկին։ Համատարած ժխտման ու էյֆորիայի պայմաններում հանրությունը չընդունեց Կարեն Կարապետյանին։ Այսօր կա քաղաքական կոնսենսուս՝ տնտեսությունը տապալած, պատերազմը տանուլ տված, հողերը հանձնած կամ ծախած իշխանությունն իր ամբողջ թիմով պետք է հեռանա ու իր տեղն արևի տակ փորձի հաստատել արտահերթ ընտրությունների միջոցով։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ