Այստեղ մենք պարտադրված ենք միջամտելու։ Կամ վերլուծաբանը չի տիրապետում հարցի էությանը, կամ միտումնավոր ստում է։ Դեռ Տավուշի հուլիսյան դեպքերից հետո Մոսկվան ԱԳՆ-ի մակարդակով հասկացրեց թուրքերին, որ Անկարայի համար տեղ չկա Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, արդեն ներկայիս պատերազմի սանձազերծումից հետո, հրապարակավ խոստովանել է, որ Արցախի համար Անկարան պահանջել է «սիրիական տարբերակը», որին ռուսները կտրուկ մերժումով են պատասխանել։ Չավուշօղլուի ասածից բառացիորեն բխում էր՝ մենք հենց այդ ժամանակ օգնեցինք Իլհամ Ալիևին։ Չնայած ավելի ճիշտ կլիներ ասել, որ թուրքերն են Ալիևին ստիպել, որ «օգնի» Անկարային, որովհետև Մոսկվան երկար ժամանակ թքակոծ էր անում անձամբ Չավուշօղլուին։ Ե՛վ Սիրիայում, և՛ Լիբիայում, և, առավել ևս, Արցախում։
Վերադառնանք ՈՒրումովի գաղափարներին. «Այստեղ, հավանաբար, Էրդողանի գլխավոր վրիպումն է։ Ե՛վ բլիցկրիգը չհաջողվեց, և՛ ղարաբաղյան կարգավորման սեղանի շուրջը Թուրքիան տեղ չի ստանա։ ՈՒղղակիորեն ասենք, որ հօգուտ առկա ձևաչափի պահպանման առաջին հերթին հանդես կգա Ռուսաստանը։ Եվ այն պատճառով, որ Թուրքիան թշնամի է հակամարտության կողմերից մեկին, անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի նրա հետ, այսինքն, ըստ սահմանման, չի կարող միջնորդ լինել։ Հաշվի առնելով վերևում ասվածը՝ իրադրության հերթական սրման դեպքում ԱՄՆ-ը կարող է մի կողմ քաշվել ու թողնել, որ «վատ տղաները» դեմառդեմ պարզեն իրենց հարաբերությունները, իսկ Ֆրանսիան բարձրագոչ հայտարարություններ է անելու, որոնք հաճո կլինեն տեղի հայկական լոբբիին, բայց բացարձակապես անիմաստ կլինեն գործնական տեսակետից։ Եվ այդ ընթացքում կկորցնեն միջնորդի կարգավիճակի իրավունքը, ինչն էլ իրականում տեղի է ունենում նաև հիմա։ Դատելով առողջ ցինիզմի շրջանակում՝ դեռ մի քանի տարի առաջ կարելի էր հնարավոր համարել, որ Ռուսաստանն ու Թուրքիան լիովին ընդունակ են պայմանավորվելու։ Ոչ թե ղարաբաղյան հակամարտության գործում, այլ աշխարհաքաղաքական, գրոսմայստեր Միխայիլ Տալի ոճով փոխանակումներով կոմբինացիաներ անելով ամբողջ տախտակով մեկ։ Բայց այդպես չարվեց. քաղգործիչներին խորթ է մտքի սլացքը, նրանք պատասխանատու և օգտապաշտ մարդիկ են, ուզում են ստանալ ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չտալով։ Էլ ի՞նչ կոմբինացիաների մասին է խոսքը։
Երևում է՝ թուրք առաջնորդից Կրեմլում էլ են սկսել հոգնել։ Էրդողանը ճամարտակություններ է տեղում Թուրքիայի ինչ-որ պատմական ու ռազմավարական շահերի մասին Ղրիմում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և նույնիսկ Թաթարստանում՝ ռուսական այդ տարածաշրջանի ղեկավարին օսմանյան բարի սովորությամբ «եղբայր» անվանելով։ Բայց դա արդեն վերաբերում է ոչ թե միջանձնային «քիմիային», ինչպես ասում են ամերիկացիները, այլ «միջպետական» կապերին։ Այդպիսի հարաբերությունները պետք է պատժվեն։ Բացի դրանից, ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա կուսակցության ժողովրդականությունն է անշեղորեն նվազում։ Նախկին վեհությամբ հեշտ է «գործի գցել» հետկայսերական համախտանիշով տառապող ժողովրդին, բայց ոչ 100 տարի անց։ Թուրքերի մեջ զարմանալիորեն զուգակցվում են նիրհած ազգայնականությունը և գործարար ճարպկությունը, նրանց մեծամասնության համար «Ոսկեդարը» Սուլեյման I-ի (1520-66 թթ.) Օսմանյան կայսրությունը չէ (Էրդողանը միանգամայն լրջորեն առաջարկում է վերացնել նույնիսկ երկրին շահավետ 1923 թ. Լոզանի պայմանագիրը)։ Նրանց համար «ոսկեդարը» իրենց երիտասարդության տարիներն էին, երբ ոչխարի հոտերը քշում էին Անթալիայի կենտրոնական փողոցով, էլ չենք խոսում Ալանիայի, Բոդրումի, Կեմերի կամ Մարմարիսի մասին։ Բայց եվրոպացի զբոսաշրջիկներն արդեն փորձել են «թուրքական Ռիվիերան», իսկ Ներքին Անատոլիայից սերած գեղջուկ տղան կարող է ցանկացած գործ սկսել ու դուրս գալ չքավորությունից։ Այսօր Թուրքիան կանգնած է էմբարգոյի շեմին, որը կվերաբերի ոչ միայն «Բայրակթար» անօդաչուների սենսորներին։ Եվ սրա նախաձեռնողը եղել է Սաուդյան Արաբիան, որը փակել է Թուրքիա ներդրումներն ու զբոսաշրջությունը, արգելել է թուրքական տեքստիլի և տխրահռչակ լոլիկների ներմուծումը։ Այդպիսին է Էրդողանի այն ասածի պատասխանը, թե տարածաշրջանի արաբական պետությունները «դեռ երեկ գոյություն չունեին և հավանաբար գոյություն չեն ունենա վաղը»։ Էլի մի քանի այդպիսի սխալ, և Ակ-սարայի տիրոջը կարող են պալատից դուրս անել մեկ օրում։ Իսկ ահա ստատուս քվոն որևէ տեղ, ասենք նույն Ղարաբաղում, եթե թույլ տան, որ Էրդողանն այնտեղ մտնի որպես «միջնորդ», արդեն չի հաջողվի վերականգնել. նրան արված զիջումները կփոխանցվեն հետնորդներին։ Ի վերջո, նա Հյուսիսային Կիպրոսը տնօրինող յոթերորդ թուրք նախագահն է։ Ի դեպ, բացառված չէ նաև Բրյուսելի հետ նրա հաշտվելու տարբերակը, ասենք, պանթուրքիզմը (նաև նեոօսմանիզմը) Կովկասի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի «ժողովրդավարացման» և ՆԱՏՕ-ի հարավային թևը Չինաստանի սահմաններին հասցնելու համար որպես գործիքներ «վերաիմաստավորելու» միջոցով։ Հրապուրիչ հեռանկարներ են, հանուն որոնց կարելի է ներել ամեն ինչ»,- կարծում է Հակոբյան-ՈՒրումով փորձագետը։
Այստեղ ճիշտ է նկատառումը, որ արաբական աշխարհն ատում է թուրքերին, և Բաշար Ասադի վերոնշյալ հայտարարություններն են դրա ճակատագրական (Թուրքիայի համար) հաստատումը, ոչ թե Սաուդյան Արաբիայի վահաբական թագավորության դիվանագիտական ելույթը։ Բայց, հավանորեն, նույնիսկ Ռուսաստանում «ոմանք» (որոնց հայացքներն էլ արտացոլում է ՈՒրումովի ուսումնասիրությունը) հակված չեն Սիրիան համարելու արաբական աշխարհի հակաթուրքական պայքարի դրոշակակիր, չնայած Մերձավոր Արևելքի բոլոր իրադարձությունները, սկսած 2012-ից, վկայում են Արաբստանի նոր առաջատար երկրի՝ Սիրիայի մասին։ Մի՞թե 2012-16 թթ., Թուրքիան ու Սաուդյան Արաբիան բարիկադների նույն կողմում չէին հենց Իրաքի և Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի ժամանակ։ Թերթեք այդ թվականների համացանցային էջերը և կհամոզվեք, որ սաուդցիներն ու թուրքերը Բաշար Ասադի, Իրանի, շիաների ամենաակտիվ թշնամիներն էին։ Այնպես որ, եթե նույնիսկ ինչ-որ մեկը որոշի «պատժել» Էրդողանին, ինչպես վերջերս նախազգուշացնում էր ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, ապա «պատժի» մեկնարկը կլինեն ամենևին էլ ոչ Սաուդյան Արաբիայի հակաթուրքական ելույթները։
Այնուամենայնիվ, մեզ օգտակար է մինչև վերջ իմանալ Հակոբյան-ՈՒրումովի և ՌԴ այն շրջանակների տեսակետը, որոնց նա այս կամ այն ձևով ներկայացնում է։ Չէ՞ որ պետք է իմանալ, թե այսօր աշխարհի առաջ ինչպիսի Ռուսաստան է կանգնած։ «Էրդողանի ճակատագրական սխալը կարող է դառնալ նաև Ղարաբաղը, եթե նաև նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության սահմանները (որոնք այլ կերպ էին անցնում և ոչ հօգուտ Թուրքիայի) նրա համար «աշխարհագրական նորություն» են։ Ընդ որում, խոսքը ռուս-թուրքական նոր պատերազմի մասին չէ։ ՈՒժեղների հետ պատերազմելն անբանական է։ Կան ռազմավարության՝ արյունով գրված երեքհազարամյա կանոններ, որոնց մեջ ամենակարևորներից մեկը հետևյալն է. հարվածել հակառակորդի թույլ օղակին, թույլ, մեկուսացված ստորաբաժանմանը։ Եթե բանը հասնի Թուրքիայի հետ պատերազմին, այն կլինի միջնորդավորված։ Այստեղ չի բերել Ադրբեջանի բախտը։ Նրա թիկունքում Ռուսաստանն է։ Այո, Թուրքիան Հայաստանի թիկունքում է։ Բայց Հայաստանում ռուսական բազա կա։ Իսկ պետության զինված ուժերի վրա հարձակումը ագրեսիայի գործողություն է ըստ ՄԱԿ ԳԱ-ի 1974 թ. «Ագրեսիայի սահմանման» 3-րդ հոդվածի դ) կետի։ ՌԴ-ի առաջնորդի հոկտեմբերի 7-ի հայտարարության մեջ յուրաքանչյուրը լսեց այն, ինչ ուզում էր։ Ոմանք՝ այն, որ ԼՂ-ն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ չէ, մյուսները՝ որ Հայաստանի դեմ հարձակումը կոշտ պատասխան կստանա։ Դուք չե՞ք փորձել ռինգում կամ գորգի վրա մենամարտել մոտավորապես հավասարազոր հակառակորդի հետ այնպիսի պայմաններով, երբ ձեզ (բայց ոչ նրան) արգելված է այս կամ այն հարվածը կամ հնարքը։ Ղարաբաղյան ճակատը վստահորեն մսաղացի է վերածվում։ Կորուստների հարաբերակցությունը ոչ միայն չի պահպանվելու, այլև հարձակման փորձերի շարունակմանը զուգընթաց ավելի շատ է փոխվելու ոչ հօգուտ Ադրբեջանի ԶՈՒ-ի։ Իսկ եթե այն կանգ առնի, ապա դա կդառնա նահանջի սկիզբը։ Արդեն այնքան էլ ֆանտաստիկ չի թվում կողմերի շփման նոր գծի քարտեզը, որում այդ գիծը դուրս կգա դեպի Կուրը՝ Եվլախից քիչ ներքև ու ելք կունենա դեպի Կասպից ծովը՝ Կուրի գետաբերանի և Արաքսի հին կասպիական գետաբերանի միջև։ Թալիշստանը Իրանին կանցնի անհանգստության համար։ Ադրբեջանը խախտել է զինադադարի անժամկետ համաձայնագիրը։ Այսինքն՝ պատերազմ է սկսել։ Նա կարող էր համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարել 2-3 ամիս առաջ, թեկուզ 2016 թ. ապրիլին։ Ոչինչ չշահելով «հակահարձակման» հանկարծակիությունից (այն առանց այդ էլ հանկարծակի չդարձավ), Ադրբեջանը փչացրեց իր դիրքերն աշխարհում։ Հաղթանակի դեպքում Ադրբեջանը կարող է անուշադրության մատնել դա։ Պարտության կամ «ոչ-ոքի» (հաշվի առնելով հազարավոր զոհերը) արդյունքի դեպքում Ադրբեջանի ղեկավարությանը դա կհիշեցնեն։ Մինսկի խմբի համանախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հայտարարության մեջ կա գրեթե այն ամենը, ինչը եղել է անցյալ հայտարարություններում, բանաձևերում։ Բացի մեկից. անհետացել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նշումը»։
Ահա և մոտեցանք ընթացիկ պահի բարձրակետին, և այդ մասին դեռ երկար ենք խոսելու։ Իսկ առայժմ մինչև վերջ հետևենք ՈՒրումովի հետաքրքիր, բայց ոչ միանշանակ դատողություններին. «Հետո Ադրբեջանն իր ձեռքով ոչնչացրեց հարձակումն արդարացնող իր գլխավոր փաստարկը։ Հայկական կողմը 25 տարի պահանջում էր Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության ճանաչումը՝ որպես հենց ադրբեջանական շրջակա շրջանների ազատման նախնական պայման։ Այլապես ոչինչ չի խանգարի Ադրբեջանին, որ «միջանկյալ կարգավիճակը» մեկնաբանի իր ուզած ձևով. ոչ թե՝ «արդեն Ադրբեջան չէ», այլ՝ «դեռ Հայաստան չէ»։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումն այնքան էլ «արդարացի» չէր։ Օրինակ, ի՞նչ կարիք կար անվանափոխելու ադրբեջանական բնակավայրերը, առնվազն 5 շրջանները։ Դա բացահայտ ցույց է տալիս, որ մտադիր չեն դրանք վերադարձնելու։ ՈՒժեղացնու՞մ էին բանակցային դիրքերը։ ՈՒժեղացրի՞ն։ Այնուամենայնիվ, միջնորդների բոլոր առաջարկները՝ և՛ Մադրիդյան սկզբունքները, և՛ Կազանի բանաձևը, հիմնվում էին ԼՂ բանակի նախնական նահանջին զուգընթաց հաջորդականության վրա։ Իսկ դա իր հերթին Բաքվին իրավունք էր տալիս ասելու, որ կարգավորումը շրջափակում է հակառակորդ կողմը։ Սեպտեմբերի 27-ը ցույց տվեց, որ հայերն իրավացի էին իրենց կասկածներում։ Մինսկյան հաջորդականությունն առաջարկելն այսուհետ անհնար կլինի։ Եվ Ադրբեջանի ամենակոպիտ սխալն էր սիրիացի ահաբեկիչների և այլ իսլամականների ներգրավումը։ Նրանց ոչնչացնելու համար պետք չի լինի անգամ ձևական պատրվակը. բավարար է ազգային անվտանգության գոյություն ունեցող հայեցակարգի այն մասը, որը վերաբերում է սահմանակից տարածքներում ահաբեկիչների առկայությանը։ Իսկ ահաբեկիչների վտարումը կամ «չեզոքացումը հրավիրող կողմի ուժերով» բացասաբար կանդրադառնա ադրբեջանական բանակի բարոյական ոգու և մարտունակության վրա։ Իսկ դա, որ կողմից էլ նայես, կլինի հանձնվել և դավաճանել դաշնակցին։ Նման բանը երբևէ չի ամրապնդել ոչ բանակը, ոչ էլ իշխանությունը»։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ