ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ

Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ
09.06.2013 | 17:04

Հանրապետության տարածքում վերջին ամիսներին զգալիորեն ակտիվացել են օձերը: Նրանց թիվը օրեցօր մեծանում է: Հանդերից ու լեռնային վայրերից նրանք հասնում են մինչև բնակավայրեր`բակ, այգի, տանիք: Կարելի է կարծել`օձերը փախչում են իրենց բներից և «հանդիպում փնտրում» մարդկանց հետ: Ի՞նչ է սա`կլիմայի փոփոխության հետևա՞նք, բնության չար խա՞ղ, թե՞ մարդկանց պատժելու ի վերուստ ուղարկված միջոց... Անհասկանալի է:
Այսպես, ԱԻՆ-ի լրատվական ծառայության տեղեկացմամբ, այս տարի գրանցվել է օձի խայթոցի հինգ դեպք, որից երկուսը` Շիրակի, երկուսը` Արագածոտնի, մեկը` Լոռու մարզերում: Առողջապահության նախարարության տվյալներով, մինչ օրս գրանցվել է տասը դեպք`յոթի դեպքում ներարկվել է հակաթույն: Նախարարությունը վստահեցնում է, որ հակաթույնով, հատկապես անտիգյուրզինով, ապահովված են մարզային բոլոր հիվանդանոցները:
Մեր հանրապետությունում տարածված են 23 տեսակի օձեր: Առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն, Հայաստանում կա չորս տեսակի թունավոր օձ, որոնցից երեքը իժերի ընտանիքին են պատկանում: Դրանք են` կովկասյան իժ, հայկական իժ, տափաստանային իժ և գյուրզա:
Խայթոցի դեմ ճիշտ բուժում իրականացնելու համար, անհրաժեշտ է ճանաչել օձերի այս չորս տեսակները:
Կովկասյան իժի երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:
Լեռնատափաստանային կամ հայկական տափաստանային իժը մոտ 60-70 սմ երկարություն ունի, գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է: Այս իժը տարածված է հիմնականում Հայաստանի կենտրոնական և հյուսիսային լեռնային շրջաններում և բարձրադիր լեռնային մարգագետիններում, մասնավորապես Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, Ամասիայի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջանում: Սրանք իրենց ձմեռային ապաստարանից դուրս են գալիս ապրիլի կեսերից: Մինչև հուլիս-օգոստոս ամիսները ակտիվ են: Այս օձերը համարվում են քիչ թունավոր և մարդկանց կծելուց հետո մահացու դեպքեր չեն գրանցվել:
Հայկական իժը ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի : Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է: ՀՀ-ում hանդիպում է Հրազդանի, Կոտայքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Կապանի բարձրադիր լեռնային շրջաններում: Ձմեռային ապաստարանից դուրս են գալիս ապրիլի կեսերից:
Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր: Հայկական իժի խայթոցի դեպքում չի կարելի սրսկել «անտիգյուրզին»:
Գյուրզան Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ, բացառիկ դեպքերում մինչև 2 մ երկարությամբ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին`
մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Հայաստանում գյուրզան տարածված է Արաքս գետի հովտում և նրա նախալեռնային շրջաններում, իսկ հյուսիսում Քուռ գետի
հովտում, Թալինի, Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի, Աշտարակի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Հրազդանի, Կոտայքի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Ձմեռային թաքստոցից դուրս ե գալիս մարտի սկզբներին: Խոշոր չափերի պատճառով կծելիս զգալի քանակությամբ թույն է ներարկում, ուստի համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ամենավտանգավոր օձը: Գյուրզայի կծոցի դեպքում մահացությունները շատ են, սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր լինել, քան բուն խայթոցը: Սխալ գործողությունները կարող են նաև դժվարացնել ախտորոշումը և հետագա բուժումը:
Խստիվ արգելվում է՝ ա. կտրվածք անել` խայթոցի տեղում, բ. այրել խայթոցի տեղը, գ. ալկոհոլ և սուրճ օգտագործել:
Կծած մասում թունավոր ատամներից առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։
1. Օձի կծելուց հետո առաջին հինգ րոպեի ընթացքում հարկավոր է սեղմել կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս:
2. Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։
3. Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։
4. Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
5. Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան):
6. Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։
7. Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին:
Հավելենք`ամեն տարի օձի խայթոցից աշխարհում մահանում է 30 հազար մարդ, որից 2/3-ը` Հնդկաստանում, 1/5-րդը` Բիրմայում, նույնքան` Բրազիլիայում: Մոտ հազար մարդ մահանում է Աֆրիկայում, ԱՄՆ-ում`15 մարդ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ