38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ասորիների կոտորածներն Օսմանեան կայսրութիւնում Առաջին Աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.)

Ասորիների կոտորածներն Օսմանեան կայսրութիւնում Առաջին Աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.)
26.04.2024 | 09:11

Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ հետազօտութիւններում եւ գրքերում, ինչպէս նաեւ ցեղասպանագէտների եւ այս ոլորտի գիտնականների կողմից արւած մի շարք պաշտօնական յայտարարութիւններում «Հայոց Ցեղասպանութիւնը» դիտարկւում է որպէս միակ ամենամեծ զանգւածային կոտորածը, որը տեղի է ունեցել Օսմանեան կայսրութիւնում XX դարի սկզբին:

Տւեալ յօդւածի շրջանակներում կը ցանկանայինք անդրադառնալ միջազգայնօրէն «մոռացւած» եւ որպէս ցեղասպանութիւն չճանաչւած ասորի ժողովրդի զանգւածային կոտորածներին, որն Օսմանեան կայսրութեան պարագլուխների կողմից իրականացւել է նոյն հանգամանքներում, ինչ՝ Հայոց Ցեղասպանութիւնը:

XX դարի սկիզբը եւ, մասնաւորապէս, Առաջին Համաշխարհային պատերազմը ասորիների պատմութեան ամենամութ էջերից է, որը հիմնաւորապէս փոխեց այդ ժողովրդի հետագայ ճակատագիրը: Ասորիները դարձան երիտթուրքերի յարձակումների, դաժանութիւնների եւ բռնութիւնների զոհ: Օսմանեան զինւորները եւ քրդերը օգնութեամբ, հարիւր հազարաւոր ասորիների միտումնաւոր կերպով պարբերաբար ենթարկում էին դաժան կոտորածների, խոշտանգումների, առեւանգման, արտաքսման, մշակութային եւ էթնիկ հալածանքների: Մեր խորին համոզմամբ, Առաջին Աշխարհամարտի տարիներին ասորիների հանդէպ կիրառւած այդ լայնատարած բռնութիւնները միանշանակ կարելի է որակել որպէս ցեղասպանութիւն, ինչը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիայի համաձայն՝ ժամանակակից տերմին է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրօնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացւող սպանութեան որակման համար: Զանգւածային «էթնիկ մաքրման» այդ յանցագործութեան մեղքն ամբողջովին եւ արդարացիօրէն ընկնում է երիտթուրքերի կառավարութեան վրայ:

Բազմաթիւ ապացոյցներ՝ բացայայտւած ինչպէս օսմանեան բարձրաստիճան սպաների խոստովանութիւնների միջոցով, այնպէս էլ մեծ տէրութիւնների դիւանագէտների, օտարազգի միսիոներների, տւեալ ժամանակի մամուլի, արխիւային փաստաթղթերի, եւ վերջապէս, ականատեսների վկայութիւնները հաստատում են, որ ասորիների ցեղասպանութիւնը նախօրօք ծրագրաւորած, կազմակերպած եւ նպատակային ոճրագործութիւն էր*:

Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուն նկարագրելով հայերի հալածանքները՝ նշում է, որ «մի փոքր փոփոխւած ձեւով՝ նոյնը կարելի է ասել նաեւ յոյների եւ ասորիների մասին»: Նա պնդում է, որ «աքսորի եւ զանգւածային կոտորածների ճիշտ նոյն մեթոդները աւելի մեծ ծաւալով իրագործւել են ոչ միայն յոյների, այլեւ հայերի, ասորիների, նեստորականների հանդէպ»: Ըստ դիւանագէտի, զոհերի թիւն ընդգրկում էր ոչ միայն 1,5 միլիոն հայեր, այլ՝ երկու միլիոն քրիստոնեայ բնակչութիւն, որոնք «յոյներ, ասորիներ եւ հայեր» են:

Այնուամենայնիւ, ասորիների կոտորածները միջազգայնօրէն մոռացւել են եւ չեն որակւում որպէս ցեղասպանութիւն, ինչն էլ արդարացիօրէն յարուցում է զոհերի հետնորդների զայրոյթը: Այս հնագոյն քաղաքակիրթ ժողովուրդը ստիպւած էր դիմակայել երիտթուրքերի պանթուրքիստական ցնորական ծրագրերն ի կատար ածելու նպատակով իրականացւող զանգւածային ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներին: Երիտթուրքերի արիւնահեղ արշաւանքները նպատակ ունէին իրագործել ոչ միայն հայերի, այլեւ այլ քրիստոնեայ ազգերի, տւեալ դէպքում՝ ասորիների ցեղասպանութիւն: Այն պատմաբանները, ովքեր գիտակցում են, որ քրիստոնեայ խաղաղ բնակչութեան դէմ երիտթուրքերի բնաջնջման քաղաքականութիւնը պէտք է վերլուծել միասին եւ ներկայացնել ոչ թէ առանձին-առանձին, որպէս հայերի, ասորիների կամ յոյների ցեղասպանութիւն, այլ մէկ ամբողջութիւն, այն բնութագրում են որպէս Օսմանեան կայսրութեան «քրիստոնեաների ցեղասպանութիւն»:

Հայ եւ ասորի խաղաղ բնակչութեան ոչնչացումը երիտթուրքերի խելայեղ ծրագրի՝ քրիստոնեաների բնաջնջման գործընթացի մի մասն էր, որովհետեւ ասորի ժողովրդի կոտորածները տեղի են ունեցել նոյն հանգամանքներում, նոյն միջավայրում եւ նոյն ժամանակահատւածում, ինչ՝ Հայոց Ցեղասպանութիւնը: Թուրքերը ասորիների՝ քրիստոնեայ ինքնութիւնը պահպանելու կամքը եւ մշակութային տոկունութիւնը ընդունում էին որպէս պանթուրքական ազգութեան ստեղծման խոչընդոտ: Հայերի հետ մէկտեղ՝ ասորիները հետապնդւել են որպէս ոչ թուրք քրիստոնեաների մի խումբ, իսկ թէ ինչի համար՝ կարող է բացատրւել միայն «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան էթնիկ եւ կրօնական բացառիկութեան մասին վճռական գաղափարախօսութեամբ:

Ըստ Լոս Անջելէսի կալիֆորնեան համալսարանի «Փրոմիս» հայկական ինստիտուտի Հայոց Ցեղասպանութեան հետազօտութեան ծրագրի տնօրէն թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կոմիտէն Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ «Օսմանեան կայսրութիւնում ձեւաւորել էր քրիստոնեայ ազգերի դէմ ուղղւած քաղաքականութիւն, որն սկսեց իրագործւել յոյների դէմ եւ պատերազմական տարիների ընթացքում ընդարձակւեց՝ ընդգրկելով ասորիներին, եւ մասնաւորապէս՝ հայերին: Դա մի քաղաքականութիւն էր, որն ի վերջոյ վերածւեց ցեղասպանութեան»:

Համաձայն Թ. Աքչամի՝ գոյութիւն ունեն քրիստոնեայ բնակչութեան արտաքսումը նկարագրող թուրքալեզու մանրամասն զեկոյցներ եւ փաստաթղթեր:

Եթէ չլինէր Օսմանեան կայսրութեան մէջ բնակւող քրիստոնեաներին ոչնչացնելու երիտթուրքերի կառավարութեան բուռն հակւածութիւնը, ապա Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթէ անհնարին կը լինէր իրագործել կայսրութեան մէջ բնակւող քրիստոնեաների նման լայնածաւալ կոտորածները, առեւանգումները, բռնահանումներն ու իրաւազրկումը: Առանց երիտթուրքերի կառավարութեան կազմակերպման ու ուղղորդման, հնարաւոր չէր լինի քրիստոնեայ բնակչութեանը կոտորելու, կանանց ոչնչացնելու կամ հարեմներ քշելու, երեխաներին որբացնելու, ժողովրդի ունեցւածքը կողոպտելու այդչափ դաժան եւ հրէշաւոր ծրագրերի նման կարգաւորւած ձեւով իրագործումը:

1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից յետոյ, Յունաստանում Գերմանիայի դեսպանը յայտարարեց, որ «թուրքերը որոշել են բնաջնջման պատերազմ սկսել իրենց քրիստոնեայ ազգերի դէմ»: Համաձայն ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուի գրառումների՝ երիտթուրքերը որոշել էին «ստեղծել մի պետութիւն՝ բացառապէս միայն թուրքերի համար», եւ այդպիսով նրանց «ազգը թուրքացնելու բուռն ցանկութիւնը տրամաբանօրէն պահանջում էր քրիստոնեաների բնաջնջում»: 1910 թ. «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան պարագլուխները հրաւիրեցին համագումար, որի ընթացքում նրանք քննարկեցին, թէ որքան «արդիւնաւէտ կը լինի բոլոր թուրք ազգերի լիակատար օսմանացումը, բայց պարզ է, որ այդ ցանկութիւնը հնարաւոր չէ իրագործել համոզելու միջոցով եւ պէտք է դիմել բանակի ուժի օգնութեանը»: 1911 թ. մի յայտնի երիտթուրք յայտարարեց, որ «ազգերը, որոնք մնացել են իրենց կայսրութիւնում հնագոյն ժամանակներից, պատկանում են օտար եւ վտանգաւոր մոլախոտերի դասին, որոնց պէտք է արմատախիլ անել»:

«Մաքրագործելու» քաղաքականութիւնը, որի նպատակն էր ձերբազատւել «օտար ժողովուրդներից», ի կատար էր ածւում տեղական սպաների եւ կենտրոնական կառավարութեան սերտ կապի միջոցով: Ստեղծւեց «Յատուկ կազմակերպութիւն»-ը (Teşkilat-ı Mahsusa), որն աւելի քան 30.000 զինեալներից կազմւած ուժ էր, իր մէջ ընդգրկում էր սպաներ եւ յանցագործ խմբաւորումներ, որոնք ենթարկւում էին Օսմանեան բանակի բարձրաստիճան սպաներին եւ երիտթուրքական կուսակցութեան քաղաքական առաջնորդներին: Յատուկ կազմակերպութիւնը դարձաւ քրիստոնեայ ազգերի միջեւ «խտրականութիւն չդնող զանգւածային սպանութեան գործիք»:

Վանի նահանգապետ Ջեւդեթ Բէյը ստեղծել էր 8 հազար զինեալներից բաղկացած «մսագործների գունդ», որոնք կազմակերպում էին այնպիսի ջարդեր, որոնք նախադէպը չէին ունեցել: Ասորիների կոտորածները, որոնք ունէին ցեղասպանական բնոյթ, շարունակւում էին Օսմանեան կայսրութեան գրեթէ բոլոր ասորաբնակ շրջաններում. զանգւածային արիւնահեղութիւնները հասնում էին աննախադէպ մակարդակի: Ասորական գիւղերն ու քաղաքները թալանւեցին կազմակերպւած ամբոխի կամ քրդական յանցախմբերի կողմից: Հարիւր հազարաւոր մարդիկ տարհանւեցին իրենց բնօրրանից, նրանց ունեցւածքը կողոպտւեց, հազարաւոր ասորի կանայք եւ աղջիկներ բռնութեամբ քշւեցին թուրքական եւ քրդական հարեմներ: Արիւնահեղութիւնը կատարւում էր այնքան բարբարոսաբար, որքան հնարաւոր էր՝առանց հաշւի առնելու սեռ կամ տարիք:

Այսպիսով, երիտթուրքերի դաժանութիւնը վերածւեց քաղաքականութեան: Այն ծրագրաւորւած, համակարգւած ցեղասպան քաղաքականութիւն էր, որն «ի պատիւ երիտթուքերի» շատ «մեծ յաջողութեամբ» իրագործւեց ընդդէմ ասորիների: Առաջին Աշխարհամարտը կատարեալ հնարաւորութիւն էր, որով Օսմանեան Թուրքիան կարող էր հասնել իր նպատակին: Պատերազմը ոչ միայն կլանել էր աշխարհի գլխաւոր ուժերի ռեսուրսները եւ ուշադրութիւնը, այլեւ ստեղծել էր բարոյապէս անորոշ մի մթնոլորտ, որտեղ զանգւածային դաժանութիւններն ու սպանութիւնները կարող էին արդարացւել կամ անգամ չնկատւել:

Երիտթուրքերի կողմից ցեղասպանութիւն իրագործելու յատուկ մտադրութիւնը վկայակոչւում է ականատեսների վկայութիւնների եւ իրեղէն ապացոյցների միջոցով, եւ այս դէպքում խոստովանութիւնը եւ ցեղասպանութեան դիտաւորութեան ընդունումը նոյնիսկ դառնում են ոչ անհրաժեշտ, որովհետեւ այն արդէն ակնյայտ է: Յանցաւոր գործողութիւնները, որոնք կատարւում էին պարբերաբար նոյն էթնիկ խմբի հանդէպ, բաւարար են որպէս դիտաւորութեան ապացոյց: Ասորի կանանց եւ երեխաների զանգւածային բռնաբարումները, նորածինների կոտորածը եւ խմբի վերարտադրողական գոյատեւման վտանգումը պարզորոշ կերպով ցոյց են տալիս ցեղասպանութեան դիտաւորութիւնը: Բնակավայրերի եւ գիւղատնտեսական հողատարածքների բռնագրաւումը նպատակ ունէին զրկելու ասորիներին գոյատեւման համար անհրաժեշտ պայմաններից, քաղաքակիրթ եւ արժանապատիւ կեանքից, եւ, հետեւաբար, ոչնչացնել ասորի ժողովրդին: Նրանց աքսորը, ապրուստի միջոցներից, ապաստարանից եւ արժանապատիւ կեանքից զրկելը՝ դա ցեղասպանութեան բնորոշ քաղաքականութիւն էր:

Ամփոփելով նշենք, որ ասորիների հանդէպ անմարդկային վերաբերմունքը, տանջանքը, սպանութիւնները, լուրջ մարմնական կամ հոգեբանական վնասները, երեխաների բռնութիւնները, կանանց բռնաբարութիւնները, զանգւածային աքսորը, ինչպէս նաեւ նրանց տների եւ սրբավայրերի դիտաւորեալ աւերումները, ապացուցում են երիտթուրքական կառավարութեան նպատակային մտադրութիւնը՝ բնաջնջել կամ ոչնչացնել ասորի ժողովրդին:

Այսպիսով, Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում երիտթուրքերի հանցագործ քաղաքականութիւնն ընդդէմ ասորի ժողովրդի թոյլ է տալիս եզրակացնելու, որ կատարւածը միջազգային օրէնքի չափանիշներով միանշանակ ցեղասպանութիւն էր: Իրենց ազգը զտելու համար երիտթուրքերի կատարած գործողութիւնների հետեւանքով այսօր ասորիները ստիպւած են բնակւել Սփիւռքում՝ պետականութիւն չունեցող ժողովրդի կարգավիճակով: Նրանք յուսով են, որ իրենց անցեալին խարսխւած մի պետութիւն, ինչպիսին Թուրքիան է, հարկադրւած կը լինի օբիեկտիւօրէն առերեսւել իր անցեալին՝ դրանով իսկ կանխելով ապագայում նման չարիքների կրկնութիւնը: Միջազգային հանրութեան բարոյական պարտքն է բարձրաձայնել եւ ճանաչել այս պատմական անարդարութիւնը:

ԱՆԱՀԻՏ ԽՈՍՐՈԵՒԱ

Պատմաբան, պատմական գիտութիւնների թեկնածու

Աղբյուրը՝ ԱԼԻՔ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ