Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տարածաշրջանային մետամորֆոզներ եվրաինտեգրացմանճանապարհին

Տարածաշրջանային մետամորֆոզներ եվրաինտեգրացմանճանապարհին
14.11.2008 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
Քիչ են այն հարցերը, որոնց շուրջ ժողովուրդը միաբանվում է: Մեր օրերում դժվար գտնվի մեկը, որը դեմ լինի ցեղասպանության ճանաչմանը: Այս հարցում, կարծես, այլ կարծիքներ չկան: Համամիտ ենք նաև մեկ այլ հարցում` Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցմանը: Առաջին հայացքից իրարամերժ թվացող հարցեր են, բայց նաև` միաբանող:
Նախ կարևոր է պարզել, թե ում է ձեռնտու այդ հարաբերությունների մերձեցումը: Մեր համոզմամբ, առաջին հերթին և հիմնականում` Հայաստանին և Թուրքիային: Պակաս շահագրգռված են դրանում երկու երկրների ռազմավարական դաշնակիցները (ԱՄՆ, Ռուսաստան), քանի որ այդ պարագայում չի բացառվում նաև ռազմավարական նոր դաշնակցություն տարածաշրջանում, որը, բնականաբար, թույլ չի տա նույն արդյունավետությամբ շարունակել ներկա դաշնակիցների հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ նման զարգացումները հրապուրիչ կարող են լինել նաև մյուս հարևանների համար, մասնավորապես՝ Իրանի և Վրաստանի: Ի վերջո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման պարագայում ակնհայտ է Ադրբեջանի խիստ բացասական կեցվածքը: Այդ պատճառով էլ կարելի է համոզմունք հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայաստանին նպաստավոր ցանկացած քայլ առնվազն նույնչափ հեռացնում է նրան այսօրվա Ադրբեջանից: Ինչու ենք ասում՝ այսօրվա Ադրբեջանից, քանի որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում համագործակցային հարաբերությունների ծավալման դեպքում չի կարելի բացառել, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է գիտակցել նաև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը սեփական երկրի զարգացման համար: Իսկ մինչ այդ պաշտոնական Անկարայի նախաձեռնած «Կայունության և համագործակցության պլատֆորմի» ծրագիրը բազմագործոն, ավելի ճիշտ` բազմախոչընդոտ գործընթաց է, որը, հասկանալի է, իրականացման կարճ ժամանակահատված չի կարող ենթադրել և անհրաժեշտաբար պետք է ներառի Իրանի մասնակցությունը՝ իրական կայունության հաստատման և իրական համագործակցության ծավալման նպատակով: Իսկ մինչ այդ օգտակար է հիշել, որ նման տարածաշրջան դժվար կարելի է գտնել աշխարհի մեկ այլ մասում, ուր միևնույն երկրները կարող են անդամակցել միանգամից մի քանի տարածաշրջանային միությունների, որոնք, եթե ոչ բացահայտ, ապա իրականում միմյանցից տարբեր քաղաքական և տնտեսական շահեր են հետապնդում: Խոսքը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, 1992թ. ծնունդ առած միանգամից երկու տարածաշրջանային միությունների` Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Սևծովյան Տնտեսական Համագործակցության (ՍԾՏՀ) մասին է: Ակնհայտ է, որ եթե ԱՊՀ ստեղծման նախաձեռնությունը Ռուսաստանինն է և առաջին հերթին բխում է հենց այս երկրի շահերից` իր ազդեցության ոլորտները պահպանելու նախկին խորհրդային տարածքում և լինելու դրա իրավահաջորդը գոնե տնտեսապես, ապա ՍԾՏՀ-ն նույն պատճառներով Թուրքիայի նախաձեռնությունն է և նպատակ է հետապնդում ոչ միայն չզիջել Ռուսաստանին հատկապես Կովկասում` դառնալով լուրջ մրցակից ազդեցության ոլորտների առումով, այլև օգտագործել ՍԾՏՀ-ն Եվրամիությանն անդամակցելու բարդ ու երկարաժամկետ գործընթացում: Հետաքրքիր է, որ Անդրկովկասի կամ, ինչպես այսօր ընդունված է ասել` Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն էլ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միաժամանակ անդամակցեցին թե՛ ԱՊՀ-ին (2008թ. հոկտեմբերին Վրաստանը պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ-ից), և թե՛ ՍԾՏՀ-ին: Ավելին, այս տարածաշրջանի երեք երկրներից երկուսը միաժամանակ անդամակցում են բացահայտ հակառուսական ուղղվածություն որդեգրած ՎՈՒԱՄ-ին (Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա): Եթե այս ամենին ավելացնենք Ադրբեջանի և Վրաստանի անթաքույց ճիգերը անդամակցելու ՆԱՏՕ-ին, որին վաղուց մաս է կազմում նաև Թուրքիան, ապա պարզ կդառնա, թե ինչ լուրջ խոչընդոտներ են առկա «Կայունության և համագործակցության պլատֆորմի» գաղափարն իրականություն դարձնելու ճանապարհին:
Հաջորդ խնդիրն այն է, թե ինչ իրատեսական հիմքեր կան հայ-թուրքական արդյունավետ երկխոսության ծավալման, իսկ հետագայում նաև` երկու երկրների միջև սահմանի բացման համար: Եթե մինչ օրս առկա լարվածության շրջանը դիտարկենք որպես սառը պատերազմի, իսկ հիմա նաև որոշ առումով տեղեկատվական պատերազմի տարիներ, ապա տեղին է հիշել այն ճշմարտությունը, որ հակառակորդին հաղթելու կարևորագույն գրավականներից մեկը նրան ճանաչելն է: Այս իմաստով տեղին կլիներ պարզել, թե որքանով է հայ հասարակությունը ճանաչում ժամանակակից Թուրքիան: Ի՞նչ գիտենք այդ երկրի տնտեսության, ներքաղաքական զարգացումների և այլ հիմնախնդիրների մասին: Պարզվում է` մեր պատկերացումները սահմանափակվում են հիմնականում լրատվական հաղորդումներով, իսկ քաղաքագետների և թուրքագետների աշխատությունները ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չեն դառնում ողջ հասարակության սեփականությունը: Նշանակում է՝ կարիք կա ավելի հաճախակի և մատչելի վերլուծությունների, որոնք կներկայացնեն այսօրվա Թուրքիան` իր բոլոր ձեռքբերումներով և չլուծված խնդիրներով: ՈՒ մինչ պաշտոնական վիճակագրությունը Թուրքիայի հետ առևտրում շարունակում է գրանցել զրոյական հաշվեկշիռ, մեր մոտավոր հաշվարկներով՝ այդ երկրից ներկրումների ծավալները կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների ոչ պակաս, քան մեկ քառորդը: Դրանք ներառում են շինանյութեր և շինարարական տեխնիկա, սննդամթերքի տարբեր տեսակներ, հագուստ, ոսկերչական իրեր և այլ ապրանքներ, ինչպես նաև զբոսաշրջություն, տրանսպորտային և այլ ծառայություններ: Այս ամենն, իհարկե, միջնորդված է Վրաստանով և հաճախ հայ սպառողին ներկայանում է այլ երկրների ապրանքապիտակներով նաև այն պատճառով, որ Թուրքիայում տեղակայված են բազմաթիվ արտասահմանյան ընկերությունների տարածաշրջանային ներկայացուցչությունները և մասնաճյուղերը: Եթե այս ամենին հավելենք նաև Թուրքիայի ավտոճանապարհային ժամանակակից մայրուղիները, հեռահաղորդակցության արդիական համակարգը և այլ ենթակառույցներ, ինչպես նաև այդ երկրում հաջողությամբ գործող բազմաթիվ ազատ տնտեսական գոտիները, ապա պարզ կդառնա, թե ինչի հաշվին է այն ձգտում ինտեգրացվել Եվրամիությանը (ԵՄ): Ի դեպ, չունենալով ԵՄ պաշտոնական անդամակցություն, Թուրքիան այսօր էլ առաքում է իր ապրանքները ԵՄ բոլոր երկրներ՝ առանց մաքսային արգելքների և ներմուծում ապրանքներ` առանց սահմանափակումների: Ասել է թե` ԵՄ անդամակցության խնդիրը միայն քաղաքական հարթության վրա է չլուծված մնում, իսկ տնտեսականը վաղուց արդեն իրողություն է` համատեղ ստորագրած բազմաթիվ փաստաթղթերով և դրանցից բխող գործողություններով:
Քիչ չեն նաև հակասությունները: Նախ` բաց տնտեսություն հռչակած երկիրն առայժմ փակ է պահում իր հարևանի հետ սահմանը, ինչը հակասում է ոչ միայն ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությանը, այլև Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, որին անդամակցում են և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը: Այս իրավիճակում էլեկտրաէներգիայի հսկայական դեֆիցիտ ունեցող Թուրքիան միայն քաղաքական նկատառումներով է կաշկանդված, որ այն չի ներմուծում իր հարևան Հայաստանից, ուր ռեսուրսների ընդամենը մեկ երրորդի օգտագործմամբ ստացվում է էլեկտրաէներգիայի ավելցուկ և արտահանվում հարևան երկրներ: Երկրորդ, ժամանակ առ ժամանակ (վերջին անգամ 2007թ. հունիսին` 10%-ով) Թուրքիայի իշխանությունները հայտարարում են գների համատարած իջեցումների մասին: Ազատ շուկայական տնտեսության պայմաններում, ինչպես հայտնի է, գները ձևավորվում են ազատ մրցակցության արդյունքում, և դրանց բարձրացումների ու իջեցումների հարցը լուծում է միայն գործարարը, այլ ոչ՝ պետությունը: Ակամայից մտաբերում ես Խորհրդային Միության պատմությունը, մասնավորապես, Ստալինի իշխանության օրոք ամեն տարի հայտարարվող գների իջեցումները, որն, իհարկե, հնարավոր էր ադմինիստրատիվ-պլանային համակարգի պայմաններում: ԵՄ անդամակցությունը հայցող երկրի համար եվրոպական չափորոշիչներին բնավ էլ համահունչ չէ ուսադիրներով մարդկանց իշխանությունը: Ավելին, այն ոչ միայն արտաքին քաղաքական, այլև բազմաթիվ ներքին հիմնախնդիրների հանգուցալուծման էական խոչընդոտ է: Ի վերջո, Հայաստանի համար նախընտրելի է, որ արժեհամակարգի համատեղելիության տեսանկյունից ԵՄ անդամ դառնա եվրոպականացված երկիր, այլ ոչ թե փորձ արվի թուրքացնել ԵՄ-ն կամ դրա որևէ հատվածը: Միայն այդ պարագայում կարելի է հուսալ, որ եվրոպականացված Թուրքիան ավելի կանխատեսելի և կառավարելի կարող է լինել ոչ միայն Եվրամիության, այլև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 9547

Մեկնաբանություններ