ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ռուբեն Մելիքյան - 2010»-ի շատ մտքերի հետ «Ռուբեն Մելիքյան - 2024»-ը հեչ համաձայն չէ

«Ռուբեն Մելիքյան - 2010»-ի շատ մտքերի հետ «Ռուբեն Մելիքյան - 2024»-ը հեչ համաձայն չէ
01.02.2024 | 17:15

ՔՊ-ական ոչնչությունները ցանկանում են վերացնել մեր ինքնության հենասյուներից մեկը՝ Արարատ լեռան հայկականության գաղափարը։

Չգիտեմ՝ կհաջողվի՞ նրանց կյանքի կոչել հայերի «ապահայացման» թշնամական ծրագիրը, բայց վստահ եմ՝ Արարատ լեռան հայկականության գաղափարը մեր մեջ շատ խորն է նստած։

Ամեն դեպքում, հիշեցի դեռ 2010 թվին գրած պատվածքս՝ «Արարատ սար» բապտիստական եկեղեցի» վերնագրով։

Կարդացե՛ք։ Գուցե հավանեք։

[Միանգամից ասեմ՝ «Ռուբեն Մելիքյան - 2010»-ի շատ մտքերի հետ «Ռուբեն Մելիքյան - 2024»-ը հեչ համաձայն չէ]

«ԱՐԱՐԱՏ ՍԱՐ» ԲԱՊՏԻՍՏԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Պատկերացրեք զարմանքս, երբ Վիրջինիա նահանգի Վիլիամսբուրգ փոքրիկ քաղաքի քարտեզը զննելիս բացահայտեցի մանր տառաչափով Mount Ararat Baptist Church բառերը։

Վիլիամսբուրգը թեպետ փոքր քաղաք է, բայց հարուստ պատմություն ու յուրատիպ դիմագիծ ունի։ Հյուրընկալում է Ամերիկայի երկրորդ հնագույն համալսարանը՝ Վիլիամ-Մերի քոլեջը, իսկ քաղաքի կենտրոնում՝ Կոլոնիալ Վիլիամսբուրգում, ամբողջովին վերականգնված է վաղ 18-րդ դարի ճարտարապետությունն ու մթնոլորտը։ Այդ շրջանի բոլոր բնակիչները, մի մարդու նման, հագնվում են հնադարյա հագուստ ու տարբեր ներկայացումներ բեմադրում՝ է՛լ գիշերները լապտերով ուրվականներ են որոնում, է՛լ ցերեկները հավաքվում են կենտրոնական հրապարակում ու ոգևորված գոչում են «Կորչի՛ Միապետը», է՛լ կառքերով են շրջում, է՛լ ինչ ասես չեն անում։

Իսկական թանգարան բաց երկնքի տակ։

Վիլիամսբուրգում երեքով էինք։ Վիլիամ-Մերիում կարճատև վերապատրաստում էինք անցնում։

Եթե հանկարծ ինչ-որ հայ հանդիպեինք քաղաքում, հաստատ կուրախանայինք – ու ահավասիկ՝ մի ամբողջ եկեղեցի։ Կարծես, փողոցում 100-դոլարանոց գտած լինեինք։

Անմիջապես որոշեցինք այցելել այդ բապտիստական եկեղեցին – ի՞նչ կա որ, բապտիստ հայն էլ է հայ։ ՈՒ երևում է՝ լավ էլ հայրենասեր էին – Արարատի անունով էին անվանակոչել իրենց եկեղեցին։

Պարզվեց եկեղեցին ամենևին էլ հայկական չէ։ Սևական է։ Անվանումն էլ Հայաստանի հետ որևէ առնչություն չունի – Աստվածաշնչից էին վերցրել։ Ավելին, անգամ չգիտեին, որ կա Արմենիա անունով երկիր։ Է՛լ ավելին, եկեղեցու պետ, դեկան Վաշինգտոնի անգլերենը այնքան էլ լավ չէինք հասկանում, բայց մեզ թվաց՝ անգամ չգիտեր, որ Արարատ լեռն իրական է։

Մեր գտած 100-դոլարանոցը պարզ զննումից կեղծ էր դուրս եկել…

Դեկան Վաշինգտոնը, լսելով Հայաստանի մասին հակիրճ պատմական ակնարկը, հետաքրքրության և ուրախության նշաններ ցույց տվեց։ Ինչ-որ անհասկանալի բաներ էր հարցնում՝ «գյուղատնտեսություն», «ջրեր», «մարդկություն» բառերի օգտագործմամբ։ Հետո էլ գլուխ էր գովում, թե իրենց եկեղեցում ինքը՝ Մարթին Լյութեր Քինգ Կրտսերն է քարոզել – ինչ խոսք, գլուխ գովելու առիթ է։ Համ էլ - շարունակում էր գլուխ գովելը - ինքը Ջորջ Վաշինգտոնի ստրուկների շառավիղ է։ Զրույցի վերջում էլ պատվելի Վաշինգտոնը մեզ հինգշաբթի երեկոյան հրավիրեց եկեղեցի՝ համայնքին մեր երկրի մասին պատմելու համար։ ՈՒ էլի ինչ-որ անհասկանալի բաներ ավելացրեց։ Շնորհակալություն հայտնեցինք հրավերի համար, բայց նշեցինք, որ գալու ժամանակ հազիվ թե ունենանք։

Վերադարձի ճանապարհին յուրաքանչյուրիս հասկացածը համադրելու շնորհիվ առաջ քաշեցինք աշխատանքային վարկած – Վաշինգտոնը հարցնում էր, թե երբ ջրերը հեռացան, երբ կյանքը վերականգնվեց, Նոյին ինչպե՞ս հաջողվեց վերսկսել գյուղատնտեսական բարիքների մշակումը։ Իսկ մենք անընդհատ կրկնում էինք՝ գյուղատնտեսություն էլ ունենք, արդյունաբերություն էլ, իսկ ահա ջրերով հարուստ չենք – բաց ծով մուտք չունենք, բայց փոխարենը մի մեծ քաղցրահամ լեռնային լիճ ունենք։

Հինգշաբթի օրն այնուհանդերձ որոշեցինք գնալ։ Մի քիչ ուշացել էինք։ Երբ դուռը բացեցինք, մի հարյուր սևական հավատացյալ միանգամից գլուխները շրջեց մեր ուղղությամբ։ Հայացքները բարեհաճ չէին։ Դեկան Վաշինգտոնն էլ, հակառակի պես, չկար։ Ավելի ուշ եզրակացրինք, որ հրավիրելիս մեզ հավանաբար տեղեկացնում էր անձամբ ներկա չլինելու մասին։

Եկեղեցում ոչ ոք մեզ բանի տեղ չէր դնում։ Նստեցինք ելքի դռան մոտ ու սկսեցինք ուսումնասիրել նստարաններին դրված կիսամաշ Ավետարանները։ Հիշում եմ՝ հետաքրքիր բաներ հայտնաբերեցի Ղուկասի ավետարանում։

Քարոզը կարդում էր մի հիսուն տարեկան, ակնոցներով ու կոկիկ հագուստով մեկը։ Հետևի հարվածային գործիքների ֆոնին նրա կոստյում-փողկապը այնքան էլ համարժեք չէին թվում։ Ամեն դեպքում, մեր մասին կարծես մոռացել էին ու իրենց ավետարանական վերլուծություններն էին անում։

Մեկ էլ հանկարծ ձայնի տոնայնությունը փոխեց ու ասաց՝ «Բարեկամներ, այսօր մենք հյուրեր ունենք մի հեռավոր երկրից (հեռավոր (far away) բառը մի լա՜ավ երկարացրեց) … Ջենթլմեններ, կասե՞ք ձեր երկրի անունը»։ «Արմենիա»։ «Այո, իսկապես, մենք հրավիրել ենք մեր բարեկամներին հեռավոր Ալբերիայից։ Եվ այդ երկիրը – դուք հիմա կզարմանաք – մեզ համար շատ հարազատ է։ Թե ինչու – կխնդրենք բացատրել մեր եղբայրներին»։

Եղբայրները հանկարծակիի էին եկել։ Կարծում էինք, որ դեկանի բացակայության պայմաններում մեր պայմանավործությունն արդեն ուժի մեջ չէ։

Ընկերս ոտքի կանգնեց։ «Մշակութապես և պատմականապես Արարատ լեռը գտնվում է Հայաստանի տարածքում»։ Դեպի մեզ շրջված հավատացյալները առանձնապես չարձագանքեցին։ Շատերը «Մշակութապես» և «Պատմականապես» բառերը հաստատ առաջին անգամ էին լսում։

Այդ պահին զգացի, որ եկավ։ Խոսքը։ Ընկերոջս ազատեցի երկրորդ նախադասության վրա տքնելու բեռից, ոտքի կանգնեցի և տոնականորեն հայտարարեցի. «Հարգելի ընկերներ, ամեն օր երբ բացում եմ պատուհանս, տեսնում եմ Արարատ լեռը»: Հետադարձ կապը հաստատված էր։ Մարդիկ հետաքրքրվեցին։ Ակնհայտ էր, որ նրանց գրագիտության մակարդակը չէր հասնում Արարատ լեռան բարձունքին, ուստի մուտքի այդ պարզ, պատկերավոր միտքը նրանց դուր եկավ։ Ակնոցավոր քարոզիչն ինձ հրավիրեց կենտրոն՝ ամբիոնի մոտ։ Քանի դեռ անցնում էի դեպի ամբիոն, հասցրեցի խոսքս մշակել։ Ճիշտ է, վատ անգլերենով, բայց այնուհանդերձ հասցրեցի 4-5 նախադասության մեջ ամփոփել է՛լ մեր 1700-ամյա քրիստոնեությունը, է՛լ Թադևոս ու Բարդուղումեոս առաքյալներին, է՛լ մեր եկեղեցիները, է՛լ ցեղասպանությունը։ Վերջում էլ – ոչ առանց նուրբ սարկազմի, եզրափակեցի՝ «բայց ցեղասպանության հետևանքով մենք, փառք Աստծո, չվերացանք։ Հիմա վերագտել ենք մեր Անկախությունը և կառուցում ենք մեր նոր երկիրը։ Իսկ այստեղ ենք գտնվում, որպեսզի ձեզնից – աշխարհի ամենադեմոկրատական երկրից - սովորենք է՛լ ավելի լավը դարձնել մեր երկիրը»։

Վստահ եմ, որ եթե եկեղեցական խորհրդի ընտրություններն այդ կիրակի լինեին, ապա ես հաստատապես լավ մրցակից կլինեի թե՛ ակնոցավորին և թե՛ նույնիսկ դեկանին։ Ընդունելությունը հրաշալի էր։ Հիմնականում բանվոր դասակարգից կազմված լսարանին հատկապես դուր էր եկել այն միտքը, որ ԻՐԵՆՑԻՑ մարդիկ սովորելու բան ունեն։

Պարտավորությունը բարեհաջող կատարածի զգացողությամբ ցանկանում էինք հեռանալ եկեղեցուց, երբ իրենց տեղերից վերկացած հավատավորները ձեռք-ձեռքի տված կիսաշրջան կազմեցին՝ շղթայելով նաև մեզ։

Արարողությունը սահուն թևակոխեց մեղքերի խոստովանության փուլ։

Չգիտեմ՝ դեկանը իր անհասկանալի անգլերենով զգուշացրել էր մեզ այդ մասին, թե ոչ, բայց մենք պատրաստ չէինք իրադարձությունների այդպիսի զարգացման։ Առաջին հավատավորը արդեն սկսել էր խոստովանությունը, իսկ մենք խուճապի մեջ էինք – չգիտեինք՝ ինչ խոստովանել։ Ակնոցավորի ուղղորդմամբ խոստովանությունն ուղեկցվում էր այս ու այն կողմից հնչող «Ջի՛զըս» և «Էյմե՛ն» ցածրաձայն ձայնարկություններով։

Երկրորդը, երրորդն արդեն հաջողությամբ թևթևացրել էին հոգիները, իսկ ես դեռ պատրաստ չէի խոստովանության։ Բայց առաջընթաց ունեի – արդեն հիշել էի վերջերս կատարած մի քանի մեղք, հիմա էլ փորձում էի դրանք դասդասել ու թարգմանել։

Հուրախություն մեզ՝ պարզվեց, որ խոստովանությունը կամավոր է. հինգերորդ հավատավորը ոչինչ չխոսեց, և խոսքը փոխանցվեց վեցերորդին՝ «Ջի՛զըս, Ջի՛զըս» ու «Էյմե՛ն, Էյմե՛ն» ֆոնային ձայնարկությունների ներքո։

Յոթերորդը միջին տարիքի կին էր՝ տնային տնտեսուհու տիպական արտաքինով։ ՈՒ սկսեց խոսել։

Միանգամից ամեն ինչ փոխվեց, երբ սկսեց խոսել։

Կարծես՝ անսպասելի եկավ Ահեղ դատաստանը, երբ սկսեց խոսել։

Երբ սկսեց խոսել, ամբողջ մարմնով փշաքաղվեցի՝ լռության զինաթափող հարվածից։

Խոսում էր լացակումած ու լարված։ Եթե սևականները հայտնի լինեին բազմալեզվության հակմամբ, ապա գրազ կգայի, որ կինը անգլերեն չի խոսում։ Բացարձակ ոչինչ չէինք հասկանում։ Սակայն մեր բապտիստ բարեկամներն ակնհայտորեն հասկանում էին ու ակնհայտորեն ապշած էին։ Ֆոնային ձայնարկությունները իսպառ վերացել էին, իսկ ակնոցավորն անգամ հանել էր ակնոցները՝ աչքերն ավելի արտահայտիչ չռելու համար։

Լարված լռության մեջ կինը մրմնջաց երկու-երեք րոպե։ Ավարտելուց հետո լռությունը դարձավ կատարյալ։ Եվս մեկ րոպե. ահեղ դատաստանի ամենաահեղ հատվածն է կատարյալ լռությունը։

ՈՒ հանկարծ մուրճի հարվածի պես - «ՋԻ՛ԶԸՍ» - լսեցի ակնոցավորի բղավոցը։ Ահեղ դատաստանն ավարտված էր։

ՈՒ խոստովանությունն էլ ավարտված էր։

Ի՞նչ էր արել այդ խեղճ կինը։ Ի՞նչ էր նրան եղել։ Ամաչեցինք հարցնել։

Մթնած Վիլիամսբուրգի թատերական փողոցներով վերադառնալիս այդ հարցը մեզ հանգիստ չէր տալիս։

Մտածում եմ՝ մեռնելուցս հետո, երբ Պետրոս Առաքյալը կամ Գաբրիել Հրեշտակը խոստանան պարզաբանել երկրային ունայն կյանքի՝ ինձ հետաքրքրող որևէ դիպված, ապա չեմ հարցնի ո՛չ Քենեդիի սպանության և ո՛չ էլ Ավարայրի ճակատամարտի մասին։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում– ինչ էր խոստովանում այդ խեղճ կինը։

Մատիս խաչ արեցի, որ չմոռանամ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ