ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
16.03.2023 | 00:17

Երեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։

Դրան, ըստ խմբագրի, նախորդել էր «Առավոտի» հրապարակած հետևյալ անոնսը՝

«Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները

Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:

Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:

Դիտեք վաղը` 21:00-ին»:

Աննա Իսրայելյանն ավելի ուշ հավելեց, որ հարձակում գործողներն «Առավոտի» յութուբյան ալիքի անունը փոխել են ու ջնջում են տեսանյութերը, և թեպետ սկզբում ՔՊ-ին վերաբերող տեսանյութերը պահպանվել են, սակայն ավելի ուշ դրանք ևս ջնջվել են:

Լրատվամիջոցը թեև իրավապահներին չի դիմել, բայց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով՝ ցանկության դեպքում կարող էին իրենց հայտարարությունները որպես հաղորդում ընդունել ու զբաղվել դրանով:

Մինչ այս պահը իրավապահ մարմինները, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման գործառույթ ունեցող պետական կառույցները որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին, չի հնչել կատարվածը հետաքննելու, մեղավորներին պատժելու որևէ պաշտոնական հայտարարություն։ Փոխարենը, իշխանությունը ներկայացնող պատգամավորի կողմից հնչել է տեղի ունեցածը հեգնելու ամբարտավան հայտարարություն, որն էլ ավելի է խորացրել առավել քան ողջամիտ կասկածն առ այն, որ տեղի ունեցածն ուղղակի կամ անուղղակի կապ ունի իշխանությունների հետ։

Հաշվի առնելով գործող իշխանության նախանձախնդրությունը համացանցում ու սոցիալական ցանցերում սեփական քարոզչության տարածման և իր դեմ ուղղված բովանդակության հանրայնացումն ամեն կերպ խոչընդոտելու հարցում, դժվար է հավատալ, որ այդ ոլորտում պետական բյուջեից և այլ աղբյուրներից հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ծախսող իշխանությունը կարող է կապ չունենալ պաշտոնյաների կոռումպացվածությունը բացահայտել խոստացող լրատվամիջոցի յութուբյան ալիքի դեմ հարձակման հետ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Առավոտ» օրաթերթի դեմ կատարված այս կիբերհարձակումը, իշխանությունից, պետական բոլոր մարմիններից պահանջում է ամենասեղմ ժամկետում բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին, արժանացնել քրեաիրավական գնահատականի։ Հակառակ պարագայում կհաստատվեն կասկածները, որ «Առավոտի» դեմ հարձակումը կատարվել է իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն, որը վկայում է 2018 թվականից հետո անկախ, չվերահսկվող մամուլի դեմ իշխանությունների ծավալած հետևողական արշավի մասին։ Անցած շուրջ հինգ տարիներին իշխանությունը խտրություն չի դրել մամուլի դեմ պայքարի միջոցներում՝ սկսած լրատվամիջոցների նկատմամբ ֆեյքային հարձակումներից, մինչև փաստերի ստուգման ամենատարբեր կազմակերպությունների միջոցով ԶԼՄ-ների սոցցանցային էջերի արգելափակում կամ հասանելիության սահմանափակում։ Իշխանությունների, նրանց կողմից կառավարվող կեղծ օգտատերերի կողմից բացահայտ և քողարկված կերպով թիրախավորվում և տոտալ հարձակումների էին ենթարկվում ոչ իշխանական լրատվամիջոցների սոցիալական հարթակները, կայքէջերը, յութուբյան էջերը, խմբագիրների, լրագրողների, հանրային գործիչների ֆեյսբուքյան աշխատանքային և անձնական էջերը... Նպատակն ակնհայտ է՝ լռեցնել ազատ խոսքը, հեղինակազրկել մամուլը և լրագրողի աշխատանքը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը «Առավոտ» օրաթերթի դեմ ոտնձգությունը գնահատում է հենց այդ հարթությունում, որպես մամուլի, խոսքի ազատության դեմ իշխանության սանձազերծած արշավի մի մաս՝ կոչ անելով բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին՝ անկախ իրենց քաղաքական նախապատվություններից ու հակասություններից, ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և միասնաբար աջակցել հայկական մամուլի ամենաերկարակյաց և ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկին՝ «Առավոտին»՝ այդ միասնական հետևողականությամբ ու պահանջատիրությամբ նպաստելով հանցագործության բացահայտմանը։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Դիտվել է՝ 5235

Մեկնաբանություններ